Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

պայմանագրեր 1812, 1913, 1918), համաձայն որի Թուրքիան ճանաչեց Բեսարաբիայի անցումը Ռուսաստանին։

1828–29-ի ռուս–թուրքական պատերազմը առաջացել է ներքին սուր ճգնաժամ (որն ուժեղացել էր Հունական ազգային–ազատագրական հեղափոխության 1821–29 կապակցությամբ) ապրող Օսմանյան կայսրության տիրույթները բաժանելու համար՝ եվրոպ, տերությունների պայքարի հետևանքով։ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունները, անհանգստացած Բալկաններում Ռուսաստանի (որին հույները դիմել էին օգնության խնդրանքով) ազդեցության ուժեղացումից, համատեղ հանդես եկան ապստամբ հույների պաշտպանությամբ։ 1827-ին Նավարինի ծովամարտում դաշնակիցները ջախջախեցին թուրք. նավատորմը, բայց հաղթանակից հետո դաշնակիցների միջև հակասություններն ուժեղացան։ 1827-ի հոկտ․ 8(20)-ին սուլթան Մահմուդ II չեղյալ հայտարարեց մինչ այդ կնքված ռուս–թուրք․ պայմանագրերը և «սրբազան պատերազմի» կոչ արեց Ռուսաստանի դեմ։ 1828-ի ապրիլի 14(26)-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Թուրքիային։ Պատերազմն ընթացավ Բալկաններում և Կովկասում։ Դանուբյան ճակատ ուղարկվեց ֆելդմարշալ Պ․ Ի»․ Վիտգենշտեյնի 95 հզ–անոց բանակը (ընդդեմ Հուսեյին փաշայի 150 հզ–անոց թուրք. բանակի), որի խնդիրն էր գրավել Մոլդովան, Վալախիան, Դոբրուջան և տիրել Շումլա ու Վառնա ամրոցներին։ Կովկասյան ճակատում Ի․ Ֆ․ Պասկևիչի 25 հզ–անոց բանակի (ընդդեմ 50 հզ–անոց թուրք, բանակի) խնդիրն էր գրավել Կարսի և Ախալցխայի փաշայությունները։ Ապրիլ–մայիսին ռուս. զորքերը գրավեցին Մոլդովան և Վալախիան, մայիսի 27 (հունիսի 8)-ին անցան Դանուբը Իսաքչայի մոտ։ Ռուս․ գլխ․ ուժերը ապարդյուն շրջափակեցին Շումլան, իսկ այնուհետև ուժերը փոխադրեցին Վառնա, որը գրավեցին սեպտ․ 29 (հոկտ․ 11)-ին (մեծ կորուստների գնով)։ Կովկասում գրավեցին Անապան, Աուխումը և Փոթին։ Հունիսի 14 (26)-ին Պասկևիչի կորպուսը, անցնելով Ախուրյանը, գրոհեց Կարսի ամրոցը և հունիսի 23 (հուլիսի 5)-ին գրավեց այն։ Այնուհետև գրավվեցին Ախալքալաքը, Ախալցխան, (որի գրավման ժամանակ աչքի ընկան գեն․ Բ․ Բեհբութովը և գեն․-մայոր Ի․ Բուրցովը) Բայազետը, Ալաշկերտը։

1829-ին Դանուբյան ճակատում Վիտգենշտեյնին փոխարինած գեն․ Ի․ Ի․ Դիբիչ–Զաբալկանսկին մայիսի սկզբին պաշարեց Սիլիստրան, որից հետո, պաշարումը հանձնարարելով գեն․ Ա․ Ի․ Կրասովսկու 17 հզ–անոց բանակին, շարժվեց հակառակորդի թիկունքը և մայիսի 30-ին (հունիսի 11) Կուլենչայի մոտ, ջախջախեց Ռեշիդ փաշայի 40 հզ–անոց բանակը։ Հունիսի սկզբին Սիլիստրան անձնատուր եղավ և հուլիսի սկզբին 35 հզ–անոց ռուս. բանակը շարժվեց Բալկաններից այն կողմ։ Կովկասյան ճակատում ռուս. զորքերը, ետ մղելով թուրքերի հակահարձակումները Ախալցխայի, Կարսի, Բայազետի ուղղություններով, Սողանլուղի ճակատամարտում ջախջախեցին թուրքերին, հունիսի 27-ին (հուլիսի 9) գրավեցին էրզրումը, հուլիս–օգոստոսին՝ Օլթին, Քղին, իյնուսը, Մուշը, Դերջանը, Բաբերդը, Դյումուշխանեն, և մոտեցան Տրապիզոնին։ Ռուս. զորքերի հայտնվելը Կ․ Պոլսի մատույցներում հարկադրեց թուրք. կառավարությանը հաշտություն կնքել։ 1829-ի սեպտ․ 2(14)-ին ստորագրվեց Ադրիանուպոլսի պայմանագիրը (տես Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիր 1829), որով Ռուսաստանին անցան Սև ծովի Կովկասյան ափը (մինչև Բաթումից հս․ ընկած շրջանը), Ախալցխայի փաշայու– թյան մի մասը՝ Ախալցխա և Ախալքալաք քաղաքներով։ Հունաստանը հռչակվեց անկախ, Սերբիան, Մոլդովան և Վալախիան ստացան ինքնավարություն։ Արևմտյան Հայաստանի մեծ մասը, որը ազատագրվել էր ռուս. զենքի ուժով, ամբողջությամբ ետ վերադարձվեց Օսմանյան կայսրությանը, մեծ հուսախաբություն պատճառելով հայերին։

XIX դ․ ռուս–թուրք․ պատերազմներին (ինչպես և Ռուս–պարսկական պատերազմներին 1804–13, 1826–28) գործունորեն մասնակցել են հայերը, որոնք հույս ունեին ռուս. զենքի հաղթանակի շնորհիվ ազատագրվել թուրք. լծից։ 1828–29-ի պատերազմին մասնակցեց արևելահայերից հավաքագրված 2 հզ–անոց հետևակ և 800-անոց հեծյալ զորաջոկատը, Կարսի հայերի կազմած երկու դրուժինան (հեծյալ և հետևակ), որոնք գործում էին ռուս. բանակի կազմում։ Բայազետում գործում էր Մելիք–Մարտիրոսի 500 կամավորներից կազմված հեծյալ ջոկատը, էրզրումում՝ Մկրտիչ աղայի հեծյալ հարյուրակը։ Աշխարհազորային ջոկատներ էին ստեղծել նաև Ալաշկերտի, Բասենի, Մուշի, Արդահանի, Սեբաստիայի և այլ գավառների հայերը։

ՌՈՒՍԻԼՅՈՆ (Roussillon), պատմական մարզ Ֆրանսիայի հվ–ում, Միջերկրական ծովի ափին, Իսպանիայի սահմանի մոտ։ Ռ–ի տարածքում է Արևելյան Պիրենեյներ դեպարտամենտի մի մասը։ Տարածությունը 4,1 հզ․ կմ2 է, բն․ 300 հզ․ (1975)։ Գլխավոր քաղաքը Պերպինյանն է։ VIII– IX դդ․ սահմանագծին Ռ․ իբրև կոմսություն մտել է Կարլոս Մեծի պետության կազմի մեջ։ 1172-ին կտակով անցել է Արագոնի թագավորին (մնալով սակայն Ֆրանսիայի սուվերենության տակ մինչև 1258-ը, երբ Լյուդովիկոս IX հրաժարվել է Ռ–ի սուվերենությունից՝ հօգուտ Արագոնի թագավորների)։ 1276–1344-ին Ռ․ մտել է Մայորկա թագավորության կազմի մեջ։ XII–XV դդ․ Ռ–ում զարգացել են արհեստները, առևտուրը, քաղաքները։ 1463-ին Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XI անեքսիայի է ենթարկել Ռ–ի տարածքը։ 1493-ին, Բարսելոնի պայմանագրով, Ռ․ վերադարձվել է Իսպանիային, սակայն 1659-ին, Պիրենեյի պայմանագրով անցել Ֆրանսիային՝ իբրև պրովինցիա։ Ֆրանս, բուրժ․ մեծ հեղափոխության ժամանակ վարչական նոր բաժանմամբ Ռ–ի պրովինցիան վերացվել է։ Աակայն այդ տարածքում պահպանվել են տեղական բնակչության՝ կատալոնացիների լեզուն՝ կատալաներենը և յուրահատուկ մշակույթը։

ՌՈՒՍԻՆՅԱՆ Նահապետ Պայազատի (28․9․1819, գ․ էվքերե, Կեսարիայի գավառ –29․11․1876, Կ․ Պոլիս), հայ մտածող, հասարակական գործիչ։ Հաճախել է Կեսարիայի նախակրթարանը, իսկ 1829-ից՝ Սկյուտարի Ս․ Կարապետ եկեղեցու վարժարանը։ 1844-ին ընդունվել է Սորբոնի համալսարանի բժշկագիտության ֆակ–ը։ Ուսումնառության տարիներն անցել են 1848-ի ֆրանս․ հեղափոխության նախապատրաստման ու իրագործման շիկացած մթնոլորտում։ 1849-ին Փարիզում, Ծերենցի գործակցությամբ, ստեղծել է ուսանողական «Արարատյան ընկերությունը», որի խնդիրն էր «սատարել Հայաստանի առաջադիմությանը»՝ հայ ժողովրդին լուսավորելու, համախմբելու և ազգ․ ու սոցիալական ազատությունների համար պայքարի ոգեշնչելու ճանապարհով։ 1851-ին բժշկագիտության դոկտոր դարձած Ռ․ վերադարձել է Կ․ Պոլիս։

Եվրոպ․ քաղաքակրթությանը ժողովրդին հաղորդակից դարձնելու նրա ձգտումը համահնչուն էր հայ․ երիտասարդ բուրժուազիայի իդեալներին։ Իր համախոհներ Դ․ Օտյանի, Ն․ Պալյանի, Ա․ Վիչենյանի և այլոց հետ ձեռնամուխ է եղել արևմտահայ ազգ․ կյանքը նորովի կազմակերպելու իր ծրագրի մշակմանն ու իրականացմանը։ Ռ–ի նախաձեռնությամբ ստեղծված գրական ակումբում, իսկ այնուհետև «Ուսումնական խորհրդում» (1853, եղել է նախագահը) ի թիվս մամուլն ընդարձակելու, նոր դպրոցներ բացելու և երկսեռ դաստիարակություն իրագործելու, տնտ․ կյանքի զարգացման համար մասնագետներ պատրաստելու, ուսումնական նոր ծրագրեր ու դասագրքեր հրատարակելու և այլ հարցերի՝ ամենակարևորն ու առաջնահերթն է համարել աշխարհաբարի մշակումը։ «Ուղղախոսութիւն արդի հայոց լեզուին» (1853) աշխատությամբ պաշտպանել է աշխարհաբարը և փորձել (թեև ոչ բավարար լեզվագիտական մակարդակով) մշակել նրա քերականությունը։ Դրանով սկիզբ է դրվել արևմտահայության մտավոր զարթոնքն ազդարարող գրապայքարին։ 1854-ին Կ․ Պոլսի պատրիարքարանը գիրքն արգելել է, բոլոր օրինակներն այրել։ Նույն բախտին է արժանացել նաև Ռ–ի «Տարեցույցը» (1854), որով նա առաջարկել է ընդունել ֆրանս․ բուրժ․ հեղափոխության տոմարը, հաղորդել պատմ․, տնտեսագիտ․, երկրագործ․, առողջապահ, և այլ բնույթի հանրամատչելի գիտելիքներ, շոշափել հայ ազգ․ կյանքը դեմոկրատական սկզբունքով վերափոխելու խնդիրներ։ Ավելի ուշ նա այդ հարցերին անդրադարձել է հարստացված «Բնական տարեցույց» երկհատորյակում (1871-72)։