Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մ․ թ․ա․ IV դ․ կեսից Ց․ պայքարել է մյուս թագավորությունների դեմ և մինչև մ․ թ․ ա․ 221-ը նվաճել դրանք, ստեղծվել է կենտրոնացված Ցին կայսրությունը։

ՑԻՆ, կայսերական դինաստիա Չինաստանում մ․ թ․ ա․ 221–207-ին։ հիմնադիրը Ցին Շի Հուանդին էր։ Մայրաքաղաքն էր Սյանյանը։ Ց–երի կառավարման ժամանակաշրջանում ստեղծվել է Չինաստանի պատմության մեջ առաջին կենտրոնացված պետությունը։ Երկիրը բաժանվել է 36 շրշանի, որոնք կառավարել են կայսեր նշանակած աստիճանավորները։ Պետ․ գաղափարախոսությունը լեգիզմն էր (ֆացզյա)։ Երկրի հս–ում անընդհատ պատերազմները, Չինական մեծ պարսպի և բազմաթիվ պալատների կառուցումը ուժեղացրել են հարկային ճնշումը։ Մ․ թ․ ա․ 209-ի վերջին -208-ի սկզբին երկրում բռնկել են ժող․ ապստամբություններ։ Մ․ թ․ ա․ 207-ին ապստամբները զավթել են Սյանյանը, Ց․ դինաստիան դադարել է գոյություն ունենալուց։

ՑԻՆ (բառացի` մաքուր), մանջուրական կայսերական դինաստիա Չինաստանում 1644–1911-ին։ Ց․ դինաստիայի կառավարումը կարելի է բաժանել չորս խոշոր շրշանի․ 1․ մանջուրների Չինաստան ներխուժելու պահից մինչև Ց–երի վարչակարգի հաստատումը Մին դինաստիայի ժամանակաշրջանի Չինաստանի տարածքում (1644–83), 2․ XVII դ․ 80-ական թթ․ մինչև XVIII դ․ 70-ական թթ․՝ Չինաստանում Ց–երի վարչակարգի հարաբերական ներքին կայունացման և մոնղ․ Խալխի իշխանությունների, Ամուրի ռուս. բնակավայրերի, Ջունգարյան խանության, Տիբեթի, Արլ․ Թուրքեստանի, Վիետնամի, Բիրմայի, Նեպալի և ուր․ դեմ նվաճողական արշավանքների շրջանը, 3․ XVIII դ․70-ական թթ․ մինչև XIX դ․ վերջը, երբ սկսվեց Ց–երի միապետության ներքին քայքայումը, որն ուժեղացավ XIX դ․ կեսին կապիտալիստ. տերությունների ագրեսիայի հետևանքով, 4․ ճապոնա–չինական պատերազմ 1894–95-ից մինչև Ց–երի տապալումը, երբ ավարտվեց Ց–երի կայսրության՝ իմպեր․ տերությունների գաղութի վերածվելու պրոցեսը։ Ց․ դինաստիայի իշխանությունը տապալվեց 1911 –13-ի հեղափոխության հետևանքով (մանջուրական վերջին՝ Պու Ի կայսրը պաշտոնապես գահից հրաժարվեց 1912-ի փետր․ 12-ին)։

ՑԻՆ ՇԻ ՀՈՒԱՆԴԻ, Ի ն Չ Ժ ե ն (մ․ թ․ ա․ 259–210), չին Ցին թագավորության տիրակալ մ․ թ․ ա․ 246–221-ին, Չինաստանի կայսր 221-ից։ Սերում էր Ցին թագավորության կառավարող տնից։ Նրա աշխարհայացքը ձևավորվել է լեգիզմի (ֆացզյա) ազդեցության տակ։ Գրավել է չին․ 6 թագավորություն և մ․ թ․ ա․ 221-ին ստեղծել միասնական կենտրոնացված Ցին կայսրությունը։ Նրա օրոք, մ․ թ․ ա․ 215-ին, սկսվել է Չինական մեծ պարսպի կառուցումը։ Նրա օրոք ուժեղացել է ժող․ զանգվածների շահագործումը, ինչը, նրա մահից հետո, հանգեցրել է ժող․ ապստամբությունների և դրանց հետևանքով Ցին կայսրության անկմանը։

ՑԻՆԴԱՈ, քաղաք Արևելյան Չինաստանում, Շանդուն նահանգում։ Մոտ 1,180 մլն բն․ (1982)։ Տրանսպորտային հանգույց է, խոշոր ծովային նավահանգիստ Դեղին ծովի Ցզյաոչժոուվան ծոցի ափին։ Զարգացած է տեքստիլ արդյունաբերությունը։ Կան լոկոմոտիվա-վագոնաշինություն, շոգետուրբինների, ռադիոսարքավորումների, հեծանիվների, ծանր բեռնատարների արտադրություն, նավանորոգում և նավաշինություն, քիմ․ արդյունաբերություն, պողպատաձուլական և ալյումինի գործարաններ, սննդի, ծխախոտի, կաշվի, ցեմենտի, լուցկու արդյունաբերություն։ Ձկնորսության, ծովային և աղարդյունահանության կենտրոն է, ծովային առողջարան։ Ց–ում գործում է օվկիանոսագրական ԳՀԻ, ծովային թանգարան։ 1897-ին Ց․ զավթել է Գերմանիան և դարձրել ռազմածովային բազա, առաջին համաշխարհային պատերազմի (1914 – 18) ժամանակ Ց․ զավթել են ճապոնա–անգլ․ զորքերը։ 1921–22-ին Վաշինգտոնի կոնֆերանսի որոշմամբ Ց․ վերադարձվել է Չինաստանին։

ՑԻՆԵՐ (Milvus), ու ր ու ր ն ե ր, ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչունների սեռ։ Թևերը երկար են և լայն, պոչը երկար է, եռանկյունաձև կտրվածքով։ Մարմնի երկարությունը մինչև 70 սմ է։ Հայտնի է Ց–ի 2 տեսակ։ Ս և ց ի ն ը (M․ korschun) տարածված է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Ավստրալիայում, ՍՍՀՄ–ում՝ ամենուրեք։ Փետրավորումը շագանակագույն է։ Ապրում է անտառներում, տափաստաններում, կիսաանապատներում, լեռներում, ջրամբարներին մոտ, բնադրում է ծառերի վրա կամ ժայռերում։ Դնում է 2–4 սպիտակ, գորշ կամ մանուշակագույն բծերով ձու։ Թխսում են և՝ էգը, և՝ արուն։ Սնվում է մանր կրծողներով, սողուններով, լեշով, կերերի մնացորդներով, երբեմն՝ ձկներով ու թռչուններով։ ՀՍՍՀ–ում նստակյաց թռչուն է, հանդիպում է ամենուր։ Բնադրում է փոքր խմբերով կամ առանձին զույգերով։ Կ ա ր մ ի ր ց ի ն ը (M․ milvus) տարածված է Արմ․ Եվրոպայում, Հս․ Աֆրիկայում և Առաջավոր Ասիայում, ՍՍՀՄ–ում՝ Ծայր հվ–արմ–ում, Անդրկովկասում։ Զգալիորեն խոշոր է նախորդ տեսակից։ Փետրավորումը կարմրագորշավուն է։ Բնադրում է առավելապես լեռնային շրջաններում։ Կենսակերպով նման է սև Ց–ին։ ՀԱՍՀ–ում հազվագյուտ է։ Ց․ օգտակար թռչուններ են։ Գրանցված են ՀՍՍՀ Կարմիր գրքում։ Մ․ Ադամյան

ՑԻՆԻԿՈՒԹՅՈՒՆ (լատ․ cynismus, < հուն. κυνισμός– կինիկների ուսմունքը), արհամարհական, նիհիլիստական վերաբերմունք մշակութային, հոգևոր, հատկապես բարոյական, ճանաչված սկզբունքների, մարդու արժանապատվության գաղափարի, ինչպես և պաշտոն, գաղափարախոսության նկատմամբ, արտահայտվում է հանդուգն ծաղրանքի, գռեհիկ շիտակության, անպատկառության ձևով։ Ց․ բնորոշ է այն մարդկանց, որոնք բոլոր հնարավոր, այդ թվում՝ անբարոյական միջոցներով ձգտում են շահի, որոնք հիսաթափվել են իրենց իդեալներից, բարոյալքվել են և գաղափարազրկվել։ Ց․ անհարիր է կոմունիստական բարոյականությանը։

ՑԻՆ ԼԻՆ, լեռնաշղթա Չինաստանում։ Արլ–ից հարում է Կունլունին։ Երկարությունը մոտ 1000 կմ է, բարձրությունը՝ մինչև 4107 մ։ Կազմված է կրաքարերից և մետամորֆային թերթաքարերից։ Արմ–ում կտրտված է խորը կիրճերով, արլ–ում առաջացնում է 4 լեռնաճյուղ։ Հս․ լանջերին տարածված են բարեխառն գոտու չոր տափաստանները և տերևաթափ անտառները, հվ․ լանջերին՝ մշտականաչ արևադարձային անտառները։ Կա մոլիբդենի հանքավայր։

ՑԻՆԻՈՖԵՆ, ա տ n ֆ ա ն, դեղամիջոց, որը նպաստում է միզաթթվի անցմանը հյուսվածքներից արյան մեջ և երիկամներով հեռացմանը։ Խթանում է նաև լեղու և ստամոքսահյութի արտազատումը։ Ունի ցավազրկող հատկություն։ Օգտագործվում է պոդագրայի բուժման նպատակով։ Հակացուցված է լյարդի, երիկամների, ալերգիական հիվանդությունների, ստամոքսի խոցի դեպքում։ ՑԻՆԿ (Zincum), Zn, տարրերի պարբերական համակարգի պարբերության, II խմբի տարր։ Կարգահամարը՝ 30, ատոմական զանգվածը՝ 65,38։ d տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 3 d10 4s2։ K, Լ, M թաղանթները լրացված են։ Բնական Ց․ բաղկացած է 64Zn(48,89% ), 66Zn (27,86%), 67Zn (4,11%), 68Zn (18,57%) և 70Zn (0,62%) կայուն իզոտոպներից։ Ստացվել են 57, 60–77 և 79 զանգվածի թվերով 15 ռադիոակտիվ իզոտոպները, որոնցից ամենաերկարակյացը 65Zո–ն է (T1/2=249,7 օր)։

Ց․մարդու օգտագործած ամենահին տարրերից է։ Արույրը, որը պղնձի և Ց–ի համաձուլվածքն է, հայտնի էր դեռևս մ․ թ․ ա․ (Եգիպտոս, Բյուզանդիա, Հայաստան, Հնդկաստան, Չինաստան)։ Մաքուր մետաղը հայտնի է դարձել, հավանորեն, ավելի ուշ, քանի որ օդում հանքանյութից այն անջատելը դժվար էր․ Ց-ի օքսիդն ածխածնով վերականգնելիս (1000–1100°C) ստացվում են Ց–ի օդում այրվող գոլորշիներ։ Մետաղական Ց–ի ստացման տեղը և ժամանակը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն ստացվել է Հնդկաստանում (ապա Չինաստանում), որտեղից էլ մինչև XVII դ․ բերվել է Եվրոպա։ 1746-ին գերմանացի քիմիկոս Ա․ Ս․ Մարգգրաֆը (1709 –1782)առաջարկեց Ց–ի ստացման արտադր․ եղանակ։ Ց–ի միացությունները (կարբոնատը, սուլֆիդը են) հայտնի են ավելի վաղուց։ Հայտնի է, որ Ց–ի օքսիդը և սուլֆատն օգտագործվել են բժշկության մեջ X–XII դարերից։ Ց․ տերմինի ծագումն անհայտ է։ Աոաջին անգամ հիշատակված է Թ․ Պարացելսի աշխատություններում (1530)։ Ուշագրավ է, որ Ց–ի օքսիդը տաքացնելիս դեղնում է, նմանվելով ոսկեծաղկին, որը հնում անվանվել է ցինգ (Աստվածաշունչ) կամ ցինկ (Մխիթար Գոշ)։