Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏՐԱՊԻԶՈՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1918, անջատ հաշտության բանակցություններ, մի կողմից՝ Անդրկովկասյան սեյմի պատվիրակության (նախ․՝ Ա․ Չխենկելի, անդամներ՝ Հ․ Քաջազնունի, Ա․ Խատիսյան, Աբաշիձե, Գվաչավա, Հաջինսկի, Հայդարով և ուրիշներ), մյուս կողմից՝ Թուրքիայի պատվիրակության (նախ․՝ Ռեուֆ բեյ) միջև։ Տեղի են ունեցել մարտի 14 – ապրիլի 14-ին, Անդրկովկասում գերմանա–թուրք․ ինտերվենցիայի (տես Օտարերկրյա ռազմական ինտերվենցիա և քաղաքացիական կռիվներ Անդրկովկասում 1918–1921 հոդվածում) պայմաններում։ Պատրվակ բռնելով ռուս. զորքերի (իսկ 1918-ի սկզբից նաև նրանց փոխարինած հայկ․ և վրաց․ զորամասերի) զբաղեցրած տարածքում իբրև թե մահմեդականների հալածանքները, թուրք, հրամանատարությունը, խախտելով Երզնկայի 1917-ի դեկտ․ 31-ի զինադադարը, 1918-ի փետր․ 12-ին թուրք, զորքերը (մոտ 25 հզ․ մարդ) շարժեց էրզրումի, Վանի և մերձսեծովյան ուղղությամբ։ Նրանց դեմ կանգնած էին հայկ․ (մոտ 17 հզ․ մարդ) և վրաց․ (12 հզ․ մարդ) կորպուսները։ Վրաց․ զորքերը նահանջում էին գրեթե առանց դիմադրության, և ամբողջ ծանրությունը կրում էին հայկ․ զորամասերը, որոնց համար միայնակ դժվար էր կասեցնել թուրք. գերակշիռ ուժերի հարձակումը։ ԱյնուհետԱ թուրքերը մինչև մարտի կեսերը գրավեցին Երզնկան, Բայբուրդը, Տրապիզոնը, Մամախաթունը և էրզրումը։ Սպառնալիք ստեղծվեց Կարսի և Բաթումի համար։

Այդ պայմաններում Անդրկովկասյան կոմիսարիատը, մերժելով մասնակցել Բրեստ–Լիտովսկի հաշտության բանակցություններին (տես Բրեստի հաշտություն 1918), իսկ այնուհետև չընդունելով Անդրկովկասի վերաբերյալ այդ պայմանագրի կետերը, որոշեց անշատ բանակցություններ սկսել Թուրքիայի հետ Տրապիզոնում։ Տ․ բ–ում վճռական նշանակություն ունեցավ ուժերի իրական հարաբերակցությունը․ հաղթող թուրքերը անդրկովկասյան պատվիրակությունից պահանջեցին ընդունել Բրեստի հաշտության պայմանները, որոնք նախատեսում Էին ռուս. զորքերի դուրսբերումը Կարսի, Արդահանի և Բաթումի օկրուգներից, տեղական բնակչությունը ինքը պետք է որոշեր օկրուգների ապագա իրավակարգը՝ այն համաձայնեցնելով հարևան պետությունների հետ։ Մերժելով Բրեստի պայմանագիրը, անդրկովկասյան հակասովետական խմբավորումը հույս ուներ ավելի նպաստավոր պայմաններով կնքել անջատ հաշտությունը Թուրքիայի հետ՝ պահանջելով մինչև 1914-ը եղած պետ․ սահմանները Ռուսաստանի (իսկ այժմ՝ Անդրկովկասի) և Թուրքիայի միջև, ինչպես նաև ինքնորոշում Արլ․ Անատոլիայի, մասնավորապես ինքնավարություն Արմ․ Հայաստանի համար՝ թուրք. պետականության շրջանակներում։

Հաղթած թուրքերը լսել անգամ չէին ուզում այդ մասին, և առանց Բրեստի հաշտության պայմանագրի ընդունման՝ հրաժարվեցին շարունակել բանակցություն ները։ Բրեստի պայմանագրի քննարկումը հատկապես պարզորոշ դրսևորեց Անդրկովկասի ազգայնական կուսակցությունների միջև եղած խոր հակասություն ները։ Վրաց․ մենշևիկները՝ Ա․ Չխենկելու գլխավորությամբ, պատրաստ էին զիջել Կարսի, Կաղզվանի և Օլթիի օկրուգները։ Դաշնակցականները գտնում էին, որ առաջին հերթին Թուրքիային պետք է անցնեն այն հողերը, որոնց բնակչության համար «իրենց կազմով ու քաղաքական կողմնորոշմամբ» ավելի հեշտ ու անցավագին կլիներ անջատվել Անդրկովկասից, այսինքն՝ Արդվինի ու Արդահանի օկրուգները։ Ապրիլի 5-ին, հաշվի առնելով թուրքերի շարունակվող հարձակումը և ռազմաճակատի ծանր վիճակը, Սեյմից «արտակարգ լիազորություններով» օժտված Չխենկելին պատրաստակամություն հայտնեց Թուրքիային զիջելու Օլթիի օկրուգը, Արդահանի օկրուգի հվ․, Կարսի օկրուգի հվ–արմ․ և Կաղզվանի օկրուգի արմ․ մասերը, ինչպես նաև առաջ քաշելու Հայկական հարցի այնպիսի լուծում, որպիսին հարմար կնկատեր թուրք, կողմը, և որը միաժամանակ հնարավորություն կտար թուրքահպատակ հայերին ու այլ ժողովուրդների փախստականներին՝ վերադառնալու իրենց տեղերը և ստանալու ապահովության որոշ երաշխիքներ։ Այսպիսով, Արմ․ Հայաստանի ինքնավարության հարցը օրակարգից դուրս էր գալիս և դառնում զուտ գաղթականական հարց՝ զուրկ որևէ գործնական արժեքից։

Այնուհանդերձ, թուրք, պատվիրակությունը մերժեց բոլոր այդ առաջարկները և 48-ժամյա վերջնագիր ներկայացրեց Բրեստ–Լիտովսկի դաշնագիրը ընդունելու և Անդրկովկասը «անկախ» հայտարարելու պահանջով։ Անդրկովկասյան պատվիրակությունն այդ մասին տեղյակ պահեց իր կառավարությանը, որը սակայն համաձայնություն տվեց զիջելու միայն Կարսի մարզը և Արդվինի օկրուգը, մերժելով զիջել Բաթումը։ Հետևեց Թուրքիայի նոր վերջնագիրը՝ նույն պայմաններով, և քանի որ պատասխանը Թիֆլիսից ուշացավ, Չխենկելին, պատվիրակության անդամների ընդհանուր համաձայնությամբ, ամբողջությամբ ընդունեց Բրեստի հաշտության պայմանագիրը։ Բայց դա արդեն չէր բավարարում թուրքերին, որոնք մտադիր էին խախտել նաև 1877–78-ի ռուս–թուրք․ սահմանը և ռազմ. գործողությունները փոխադրել Անդրկովկասի խորքերը։ Սեյմն ընդհատեց բանակցությունները և պատվիրակությանը ետ կանչեց Տրապիզոնից, պաշտոնապես պատերազմի մեջ մտնելով Թուրքիայի հետ, որը շուտով ավարտվելու էր Անդրկովկասյան Ֆեդերատիվ Հանրապետության (հռչակվել էր 1918-ի ապրիլի 22-ին) զորքերի պարտությամբ և ավելի ծանր հաշտության (տես Բաթումի պայմանագիր 1918) ստորագրմամբ։

Գրկ․ Շահումյան Ս․, Սեյմի քաղաքականության և Անդրկովկասի դրության մասին, Երկ․ լիակա․ ժող․, հ․ 5, Ե․, 1978։ Արզումանյան Մ․ Վ․, Արհավիրքից վերածնունդ, Ե․, 1973։ Борьян Б․ А․, Армения, международная дипломатия и СССР, ч․ 2, М․–Л-, 1929; Завриев Д․ С․, К новейшей истории северо-восточных вилайетов Турции, Тб․, 1947; Hovannisian R․ G․, Armenia on the Road to Independence 1918, Los Angeles – L․, 1974, p․ 138–156․ Ջ․ Թորոսյան

ՏՐԱՊԻԶՈՆԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «կը> ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արմ․ խմբակցության Փոքր Ասիայի կամ արմ․ բարբառախմբի Պոլսի միջբարբառի խոսվածքներից է։ Խոսվել է Տրապիզոն, Կյումուշխանե և Կիրասոն քաղաքներում։ Տրապիզոնի գաղթականներից շատերը վերաբնակվել են Կովկասի սևծովեզրյա բնակավայրերում։ Տ․ բ–ի ձայնավոր հնչյուններն են ա, է, ը, ի, օ, ու, փոխառյալ բառերում՝ նաև օ, ու։ Երկբարբառներ չկան։ Գրաբարի երկբարբառներին համապատասխանում են մենաբարբառներ՝ այ>ա, ոյ >ու․ իւ>ու, է։ Շեշտը վերջնահար է։ Ոչ շեշտակիր վանկերում դիտվում են ձայնավորների լիահնչունության դեպքեր (շինօրագալ, ջուրէր)։ Բաղաձայնական համակարգը երկանդամ խլազուրկ է (բ, փ)։ Գրաբարի ձայնեղ և խուլ պայթականների ու կիսաշփականների դիմաց բառասկզբում (խուլերի համար բոլոր դիրքերում) առկա են ձայնեղներ (բարի>բարի, տուն>դուն, շիտակ>շի– դագ)։ Փոխառյալ բառերում հանդիպում է կղ (qaf) հնչյունը։

Գոյականի հոգնակիի վերջավորություններն են՝ էր, ներ, վընէր, վըդիք, նի (-ս, –դ, –ն), էրնի (-ս, -դ, –ն) ևն։ Ունի 4 հոլովաձև՝ ուղղական–հայցական, սեռական–տրական (եզակիում՝ ի, ու, հոգ– նակիում՝ ու․ դօնին, գուլխուն, օրէրուն), բացառական, գործիական։ Անձի և իրի հոլովական տարբերակում չկա (յէս Օննիգը սիրիմ գու)։ Բայն ունի ա, է, ի խոնարհումները, ըղձական, սահմանական, հրամայական եղանակաձևեր։ Սահմանականի ներկան և անկատարն ունեն ընդհանրական, շարունակական տարբերակներ։ Ընդհանրականը (որ նաև պայմանական է) կազմվում է ձայնավորասկիզբ բայերի համար՝ նախադաս գ, բաղաձայնասկիզբ բայերի համար՝ ետադաս գու (գուզիմ, սիրիմ գու), շարունակական ներկան՝ էր, անկատարը՝ ունի մասնիկներով (գառնիմ էր, գէրթայի ունի)։ Ներկայի ձևերում (ինչպես նաև ըղձականում) է և ի խոնարհման բայերի վերջավորությունները փակ վանկում նույնացած են․ նըրանք տարբերակվում են միայն բաց վանկում (եզակի III դեմք)։ Ներկայի ժխտականը կազմվում է դրական ձևերի և օժանդակ բայի ժխտականի հարադրությամբ (չիմ ուզիմ, չինք բանեցունինք)։ Վաղակատարի ժխտական ձևերում օժանդակ բայն ունի նախադաս կամ ետադաս կիրառություն (չիս գըրիր||գըրիր չիս)․ դիտվում է նաև օժանդակ բայի ետադաս կրկնություն (չինք իմացիր ինք)։

Գրկ․ Աճառյան Հ․, Հայ բարբառագիտություն, Մ․–Նոր Նախիջևան, 1911։ Ջահուկյան Գ․ Բ․, Տայ բարբառագիտության ներածություն, Ե․, 1972։ Ա․Հանեյան

ՏՐԱՊԻԶՈՆԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ, պետություն Փոքր Ասիայի հս–արլ–ում, Սև ծովի հվ․ ափին (1204–1461-ին)։ Սելջուկների Փոքր Ասիա ներթափանցելուց հետո Բյուզանդիայի հս–արլ․ շրջանները կորցրել