Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(Կաղզվանի մոտ), որն ուներ մոտ 300 միաբան ու սան։ Նշանավոր էին գիտնական-վարդապետն էր Սամուել Կամրջաձորեցին և Գևորգ Թառիճեցին (Ուռճեցին), որոնք հռչակված էին որպես աստվածաբաններ և երաժիշտներ։ XI դ․ զարգացում են ապրել Մայրաձորի կամ Կանչնուտի և Սանդղկավանքի գրչության դպրոցները։ Ա․ դ–ից մեզ են հասել «Մողնու», «Աանդղկավանքի» և «Բեկյունց» ավետարանները, որոնց նկարազարդումները (ծաղկող Հովհաննես Սանդղկավանեցի) հայ մանրանկարչության արժեքավոր գործերից են։ XIV դ․ հայտնի էին Հանկյունաց վանքի, Կաղզվանի և գրչության այլ դպրոցներ։

Գրկ. Ալիշան Ղ․, Այրարաւո, Վնտ․, 1890, էշ 49-59։ Մովսիսյան Ա․ Խ․, Ուրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության պատմության (X-XV դդ․), Ե․, 1958։

Ա. Մաթևոսյան

«ԱՐՇԱՐՈՒՆՅԱՑ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ», գրական-հրատարակչական կազմակերպություն Կ․ Պոլսում։ Հիմնվել է 1812-ին, Ղ․ Ինճիճյանի գլխավորությամբ, Տյուզյանների դրամական օժանդակությամբ։ Հրատարակել է «Դիտակ Բյուզանդյան» շաբաթաթերթը (1812-16), շարունակել է «Եղանակ Բյուզանդյան» տարեգրքի հրատարակումը (1812-20), տպագրել է Ղ․ Ինճիճյանի «Ազգասեր» (1815) գիրքը ևն։ Ընկերության գոյությունը դադարեց 1820-ին։ «Ա․ ը․» իր լուսավորական-առաջադիմական գործունեությամբ նպաստեց XIX դ․ հայ մշակույթի զարգացմանը։

Ս․ Շտիկյան

ԱՐՇԵՆ, Առշեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառում։ XX դ․ սկզբին ուներ շուրջ 230 տուն բնակիչ, 30-ը՝ հայեր։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ։ Հայերն ունեին եկեղեցի և նախակրթական վարժարան։ Գյուղի հս․ կողմում կային ավերակ վանքի մնացորդներ։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, հայերը տեղահանվել են։

ԱՐՇԻՆ, երկարության հնացած միավոր, գործածության մեջ է եղել մինչև մետրական համակարգի ընդունումը (Իրան, Աֆղանստան, Բուլղարիա, Թուրքիա, Հարավսլավիա, Ռուսաստան)։ Տարբեր երկրներում Ա–ի չափը տարբեր է եղել՝ տատանվելով 65,2 - 112 սմ սահմաններում (օրինակ՝ Ռուսաստանում 1 Ա․ = 28 դյույմ = 71,12 սմ

ԱՐՇԻՊԵԼԱԳ (<իտալ․ Arcipelago, անվանում, որ վենետիկցիները առաջարկել են Էգեյան ծովի համար), իրար մոտ գտնվող կղզիների խումբ, որը դիտվում է որպես մի ամբողջություն։ Ա-ի կղզիներն ունեն նույն ծագումը և երկրաբանական կառուցվածքը։ Տարբերում են մայրցամաքային, հրաբխային և կորալային ծագման Ա-ներ։ Առավել մեծ Ա-ներ են՝ Մալայանը (մոտ 1,7 մլն․ կմ²) և Կանադական Արկտիկականը (մոտ 1,5 մլն․ կմ²

ԱՐՇՏԱ (ռշտա, էրիշտա, դդմաճ), ուտեստ։ Պատրաստում են անալի, պինդ խմորից։ Խմորը բարակացնում են ինչպես լավաշը և, մի քանի տակ ծալելով, դանակով երիզաձև կտրատում, ապա արևի տակ չորացնում, թոնրի կամ փռի մեջ բովում։ Համարվում է ձմեռվա համար պահածո սննդամթերք։ Օգտագործվում է զանազան կերակուրներ՝ փլավ, ապուր ևն պատրաստելիս։ Հայերից բացի Ա․ պատրաստում են նաև Արևելքի որոշ ժողովուրդներ։

Լ․ Պետրոսյան

ԱՐՈԶԻԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդ քաղաքից 30-31 կմ հեռավորության վրա։ XX դ․ սկզբին ուներ 50 տուն բնակիչ, որից 40 տունը՝ հայեր (330 մարդ)։ Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Տեղական ճանապարհով կապված էր Արածանիի առափնյա շրջանի և Տարբերդ քաղաքի հետ։ Ուներ եկեղեցի (Ս․ Գևորգ)։ Ա․ ավերվել է երկու անգամ՝ 1895-ին և 1915-ին։ Նրա հայ բնակիչների մի մասը զոհվել է, մյուսը տարագրվել։

Ս. Մելիք–Բախշյան

ԱՐՈՄԱՏԱՑՈՒՄ (<հուն․ άρωμα – անուշաբուրություն), այլ միացություններից արոմատիկ միացությունների ստացման ռեակցիա։ Ա-ման ենթարկվում են ածխաջրածինները, ցիկլոպարաֆինները ևն։ Ա․ կատարում են կատալիզատորների առկայությամբ, որոնց ընտրությունը կախված է ելանյութային ածխաջրածնի բնույթից։ Վեց և ավելի ածխածնի ատոմներից կազմված հագեցած ածխաջրածիններից արոմատիկ ածխաջրածիններ ստացվում են դեհիդրոցիկլացման կատալիտիկ ռեակցիայով։ Որպես կատալիզատորներ օգտագործվում են պլատինած ածուխ (300°C), վանադիումի, թորիումի և այլ մետաղների օքսիդները (500-550°C), օր․ այդ եղանակով հեքսանից ստացվում է բենզոլ:

Օլեֆինները արոմատացվում են միայն մետաղների օքսիդների առկայությամբ, ավելի ցածր ջերմաստիճանում։ Ացետիլենային միացությունների Ա․ տեղի է ունենում նրանց 3 մոլեկուլների միացման շնորհիվ, օր․ ացետիլենից ստացվում է բենզոլ։ Ցիկլոպարաֆինների, հատկապես ցիկլոհեքսանի և նրա հոմոլոգների Ա․ կատարվում է պլատինի, պալադիումի, քրոմի օքսիդի և այլ կատալիզատորների առկայությամբ (դեհիդրոգենացում)։ Արոմատիկ ածխաջրածիններ կամ նրանցով հարուստ ածխաջրածնային խառնուրդներ ստանալու համար արտադրական կարևոր նշանակություն ունի նավթի կամ նրա առանձին ֆրակցիաների Ա․։ Դրա համար նավթը կամ նրա առանձին ֆրակցիաները տաքացնում են առանց կատալիզատորի՝ պիրոլիզ, կամ նրա առկայությամբ՝ կատալիտիկ կրեկինգ։ Տարածված է կատալիզատորների առկայությամբ նավթամթերքների Ա․, որի շնորհիվ ստացվում են բարձր օկտանային թիվ ունեցող վառելանյութեր և արոմատիկ ածխաջրածիններ (բենզոլ, տոլուոլ, քսիլոլներ ևն)։ Այս դեպքում հումք են ծառայում 95-215°C եռման ջերմաստիճան ունեցող նավթային ֆրակցիաները։

Ա-ման ռեակցիաները բազմազան են, դրանք մասնակցում են նաև կենսաքիմիական պրոցեսներին։

Հ․ Եսայան

ԱՐՈՄԱՏԻԿ ԱԾԽԱՋՐԱԾԻՆՆԵՐ, օրգանական միացություններ, որոնց մոլեկուլները պարունակում են բենզոլի մեկ կամ մի քանի օղակներ։ Պարզագույն արոմատիկ ածխաջրածինը բենզոլն է՝ С6H6։ Նրա մոլեկուլում ջրածնի ատոմները կարող են տեղակալվել ածխաջրածնային ռադիկալներով։ Բենզոլի միատեղակալված հոմոլոգներից են տոլուոլը, կումոլը, ստիրոլը ևն։ 2, 3 և 4 միատեսակ տեղակալիչների դեպքում հոմոլոգները ունեն 3-ական իզոմեր (օրինակ, օրթո, մետա և պարաքսիլոլները)։ 1, 5 և 6 միատեսակ տեղակալիչներ ունեցող բենզոլի հոմոլոգները իզոմերներ չունեն, իսկ տարբեր տեղակալիչների դեպքում իզոմերները բազմաթիվ են։ Երկու և ավելի բենզոլային օղակները կարող են միմյանց հետ միանալ պարզ կապերով (օրինակ, դիֆենիլ, դիֆենիլմեթան ևն) կամ լինել կոնդենսված՝ ունենալ ածխածնի ընդհանուր ատոմներ (օրինակ, նավթալին, անտրացեն, ֆենանտրեն ևն)։

Ա․ ա․ հեղուկ կամ բյուրեղային նյութեր են, լուծելի՝ օրգ․ լուծիչներում, անլուծելի՝ ջրում։ Ա․ ա․ կարող են հիդրվել, նիտրացվել, սուլֆացվել և առաջացնել համապատասխանաբար ցիկլոպարաֆիններ, նիտրոմիացություններ, սուլֆաթթուներ ևն։ Հալոգենները, կախված պայմաններից, կարող են տեղակալել բենզոլային օղակի կամ ածխաջրածնային ռադիկալի ջրածնի ատոմները կամ միանալ օղակին, օր․, լույսի կամ կատալիզատորի ազդեցությամբ քլորը միանում է բենզոլին և առաջացնում հեքասքլորանը։ Ա․ ա–ից ստացված բազմաթիվ միացություններ կիրառվում են ներկանյութերի, թունանյութերի, դեղանյութերի, պայթուցիկ նյութերի և այլ արտադրություններում։ Ա․ ա–ի ստացման հիմնական աղբյուրները քարածխային խեժը և նավթն են։ 1 տ քարածխային խեժից կարելի է անջատել 3,5 կգ բենզոլ, 1,5 կգ տոլուոլ, 0,7 կգ քսիլոլներ, 2 կգ նավթալին, 0,15 կգ անտրացեն ևն։ Կարևոր է Ա․ ա–ի ստացումը նավթից՝ կրեկինգի, պիրոլիզի, կատալիտիկ դեհիդրման կամ դեհիդրացիկլացման միջոցով (տես Արոմատացում)։ Գոյություն ունեն Ա․ ա–ի ստացման նաև սինթետիկ եղանակներ, օրինակ, AlCl3-ի առկայությամբ բենզոլի և օլեֆինների կամ ալկիլհալոգենիդների փոխազդմամբ ստացվում են Ա․ ա․։

Հ․ Եսայան


ԱՐՈՍ, գյուղ Արևմտյան Հայաստանի, էրզրումի վիլայեթի Խնուս գավառում, Խնուս գետի աջ ափին։ XVIII-XIX դդ․ ունեցել է մոտ 250, իսկ XX դ․ սկզբին՝ 95 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, առևտրով և արհեստներով