Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկզբներին ուներ մոտ 4000 բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, ածխագործությամբ, շերամապահությամբ, ծխախոտի մշակությամբ։ Գյուղում գործում էին Ս․ Աստվածածին եկեղեցին U Մամիկոնյան վարժարանը՝ 200 աշակերտով։ 1886-ին հրդեհից այրվեց 435 տուն, ինչպես նաև եկեղեցին։ Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հանգանակած միջոցներով գյուղը կառուցվեց նոր վայրում։ Ուներ ասվեգործարան և մետաքսի մանարան, ուր աշխատում էին հարյուրավոր արսլանբեկցիներ։ Ա-ի մոտակայքում էր Ս․ Թովմա Առաքյալի ուխտատեղին։ Ա-ի բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, նրանց մի մասը զոհվել է։

ԱՐՍԼԱՆՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, երկսեռ միջնակարգ դպրոց, հիմնվել է 1932-ին, Բուենոս Այրեսում (Արգենտինա), ըստ ճարտարապետ Իսրայել Արսլանյանի կտակի։ Արգենտինահայ կրթական գործի հիմնական կենտրոնն Է։ Բնական գիտությունների հետ ավանդվում է նաև հայոց լեզու, հայոց պատմություն, կրոն, գեղագիտություն, երգ, Հայաստանի աշխարհագրություն, անգլերեն։ Բնագիտական առարկաներն ավանդվում են իսպաներենով։ Ուսումը վճարովի Է։ 1972-ին սովորում էր ավելի քան 400 աշակերտ։ Տնօրեններ՝ Հրանդ Գլըճյան, Վարդան Գևորգյան, Հարություն Մուշյան։ Օգտագործում է սփյուռքահայ դպրոցների համար Հայաստանում լույս տեսած դասագրքերը և ձեռնարկները։

Գ․ Բեքմեզյան

ԱՐՍԼԱՆՆԵՐ, հայազգի բժիշկներ Իտալիայում։ 1 Արսլան Երվանդ (23․ 5․ 1865, Խարբերդ - 21․ 5․ 1948, Պաղուա), 1884-ին ավարտել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանը, իսկ 1889-ին՝ Պադուայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, մասնագիտացել ականջի, քթի, կոկորդի հիվանդությունների բնագավառում։ Հեղինակ է 74 գիտական աշխատությունների։ 2․ Արսլան Միքայել (Մայքլ) Երվանդի (ծն․ 23․1․1904, Պադուա), պրոֆեսոր։ Ե․ Արսլանի որդին։ 1927-ին ավարտել է Բեռլինի համալսարանը։ Աշխատում է Պադուայի համալսարանի ականջի, քթի, կոկորդի հիվանդությունների կլինիկայում։ Աշխատությունները վերաբերում են ականջի, քթի Ա կոկորդի հիվանդությունների բուժման (հիմնականում վիրահատման եղանակով) և կանխարգելման հարցերին։ Պարգևատրվել է ֆրանս․ «Պատվո լեգեոն» շքանշանով, իտալ․ հանրապետության առաջին կարգի ոսկե մեդալով։ Մ․ Արսլանը բրիտ․ թագավորական բժշկական ընկերության իսկական անդամ Է։

Ս․ Հարությունյան

ԱՐՍՎԱՂԵՆ, Արսվաղե, Եսվաղեն (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Մազքթաց (Բուն Աղվանքի) Արշակունի թագավոր։ Գահակալել է V դ․ առաջին քառորդում։ 422-423-ին Աղվանքում օժանդակել է Մեսրոպ Մաշտոցին՝ Բենիամինի հետ ստեղծելու աղվանական այբուբենը։ Ա․ արքունի ծախսերով հոգացել է երկրի նորաբաց դպրոցների կարիքները։ Աղբյուրները նշում են նաև Ա-ի գործուն աջակցությունը Մաշտոցին՝ Աղվանից երկրում քրիստոնեությունը հաստատելու գործում։

Գրկ․ Կորյուն, Վարք Մաշաոցի, Ե․, 1941։ Մովսես Իորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։

ԱՐՎԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ, պեդերաստիա, սեռական այլանդակություն (համասեռամոլություն), տղամարդու սեռական հարաբերությունը տղամարդու հետ։ Ակտիվ դեր կատարողը կոչվում է պեդիկատոր, պասիվը՝ կինեդե։ Ա․ հանրորեն վտանգավոր և քրեորեն պատժելի արարք Է։ Հավասարապես պատժի են ենթարկվում ակտիվ և պասսիվ արվամոլները։ Պատիժը ավելի է խստացվում, երբ Ա․ տեղի է ունենում ծանրացուցիչ հանգամանքներում՝ անչափահասների հետ, ֆիզիկական բռնություն, սպառնալիք գործադրելով, տուժողի կախյալ վիճակն օգտագործելով։ Նման դեպքերում տուժողն ազատվում է պատասխանատվությունից։

ԱՐՎԱՆՈՎ Զարմայր Մամիկոնի (ծն․ 15․ 4․ 1915, Թիֆլիս), սովետական բանակի ռազմածովային նավատորմի դերծովակալ (կոնտր-ադմիրալ) 1960-ից։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ավարտել է Լենինգրադի Մ․ Ֆրունզեի անվ․ ռազմածովային բարձրագույն ուսումնարանը (1938)։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է Հյուսիսային նավատորմի կազմում, եղել է սուզանավի հրամանատար։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի 2, Հայրենական պատերազմի 1-ին և Նախիմովի 2-րդ աստիճանի շքանշաններով։

ԱՐՎԱՆՏԱԿ, շնատամ (Cynodon dactylon), հացազգիների ընտանիքի աղադիմացկուն, բազմամյա մոլախոտ։ Մեծ վնաս է հասցնում բերքատվությանը։ Տերևները մանր են, կոշտ, ծաղկաբույլը՝ թաթաձև, հավաքված ցողունի գագաթին։ Ունի զարգացած և ճյուղավորված ստորգետնյա կոճղարմատներ։ Հայտնի է 10 տեսակ։ Տարածված է Հարավային Աֆրիկայի և Ավստրալիայի արևադարձային շրջաններում։ ՀՍՍՀ–ում Ա․ հանդիպում է Արարատյան դաշտավայրի ցորենի ու գյուղատնտեսական այլ կուլտուրաների ցանքատարածություններում։

ԱՐՎԱՍՏԱՆ, Արուաստան, Միգդոնիա, գավառ Հայոց Միջագետքում։ Գրավում էր Հայոց Միջագետքի ընդարձակ տարածքի հվ-արլ․ մասը։ Կենտրոնն էր Մծբինը։ Ա․ եղել է Սելևկյան, ապա՝ Պարթևական պետությունների կազմում։ Մ․ թ․ ա․ 88-ին Տիգրան Մեծը Ա․ վերամիավորել է Մեծ Հայքին, որը պաշտոնապես ճանաչվեց մ․ թ․ ա․ 66-ի Արտաշատի հայ-հռոմեական դաշնագրով։ Մ․ թ․ 37-ի պարթև-հռոմեական համաձայնագրով Ա․ անջատվեց Մեծ Հայքից և միացվեց Պարթևաստանի վասալ Ադիաբենեի թագավորությանը։ Ա․ Մծբին կենտրոնով բնակեցված է եղել հայերով։ Հայկ․ տարրը այստեղ գերիշխող է եղել նաև միջին դարերում։

Գրկ․ Markwart J․, Eransahr nach der Geographie des ps․ Moses Xorenaci, B․f 1901․

ԱՐՎԵԼԱՁԵ Պյոտր Յակովլևիչ [16(28)․1․ 1888, գ․ ճագանի (Քութայիսի գավառ)- 19․3․1919], Անդրկովկասում հեղափոխական շարժման գործիչ։ ՌՄԴԲԿ անդամ 1906-ից։ Քութայիսում և Թիֆլիսում ակտիվորեն մասնակցել է 1905-07-ի հեղափոխական շարժումներին։ 1910-12-ին հեղափոխական աշխատանք է տարել Խարկովում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, որպես շարքային զինվոր, ծառայել է կովկասյան ռազմաճակատում։ 1916-ին վիրավորվել է և տեղափոխվել Ալեքսանդրապոլի թիկունքային զորամասերը, կապվել տեղի բոլշևիկների հետ։ Ա․ 1917-ին ակտիվորեն մասնակցել է Ալեքսանդրապոլի բանվորների, զինվորների և գյուղացիների պատգամավորների Սովետի կազմակերպմանը, դարձել նրա բոլշևիկյան ֆրակցիայի ղեկավարը և սովետի տպագիր օրգան «Ռաբոչի ի սոլդատ» («Рабочий и солдат») թերթի խմբագիր–հրատարակիչը։ 1917-ի հուլիսի 29-ին, Ալեքսանդրապոլի բոլշևիկների համաքաղաքային ժողովում ընտրվել է կուսակցության բյուրոյի անդամ, ապա՝ նախագահ։ Բ․ Ղարիբջանյանի հետ խմբագրել է «Պրավդա ժիզնի» («Правда жизни») բոլշևիկյան թերթը։ 1917-ին մասնակցել է Կովկասյան բոլշևիկյան կազմակերպությունների երկրային առաջին համագումարին, որտեղ նրա թեկնածությունը առաջադրվել է Սահմանադիր ժողովի կազմում։ Դեկտեմբերին ընտրվել է Ալեքսանդրապոլի սովետի զինվորական սեկցիայի նախագահ։ Այնուհետև աշխատել է որպես Բաքվի ժողկոմսովետի նախագահի քարտուղար, ապա անցել Աստրախան, մասնակցել քաղաքի հերոսական պաշտպանությանը։ Հյուսիսային Կովկասում եղել է 11-րդ բանակի լենինյան գնդի կոմիսար։ Զոհվել է մարտում։

Գ․ Ղարիբջանյան

ԱՐՎԵՍՏ, հասարակական գիտակցության ձև, մարդու ստեղծագործ աշխատանքի և հոգևոր մշակույթի տեսակ, իրականության ճանաչման յուրահատուկ եղանակ։ Ա․ իրականությունն արտացոլում է գեղագիտորեն, գեղարվեստական կերպարների միջոցով։ Ա-ի արտացոլման առարկան իրականության գեղագիտական երևույթներն են՝ կյանքի ողբերգական կամ հերոսական, վեհ կամ նսեմ և հատկապես գեղեցիկ կողմերը։ Իրականության գեղագիտական ճանաչումը, մարդու գեղարվեստական ստեղծագործությունը իրացվում է Ա-ի տարբեր տեսակների միջոցով։ Գեղագիտական երևույթները ընկալվում են տեսողությամբ, լսողությամբ, ինչպես նաև սինթեզված (միաժամանակ և՛ լսողությամբ, և՛ տեսողությամբ)։ Դրան համապատասխան Ա․ բաժանվում է