Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և բնակություն հաստատել Սև ծովի ափամեբձ քաղաքներում։ Ա․ թուրքերը վերանվանել են Ադակալե։

Գրկ․ Կոստանդին Ծիրանածին, Ե․է 1970 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 6․ Բյուգանդական աղբյուրներ, 2)։ Ս ա ր ա և տ, ճորոխի ավազանը, Վնն․, 1929։ Mapp Н․, Крещение армян, грузин, абха– зов и аланов святым Григорием (Арабская версия), СПБ, 1905, с․ 115․ Վ․ Վարդանյան։

ԱՐՏԱՇԱՎԱՆ (ն․ Ի լան չ ա լան), գյուղ Հայկական ՍՍՀ Աշտարակի շրջանում, Քասաղ գետի ափին, Ապարան տանող խճուղու վրա, շրջկենտրոնից 8 կմ հյուսիս։ Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժկայան։ Գյուղից մոտ 500 մ հս–արլ․ կիստվեր վիճակում պահպանվել է Ամենափրկիչ (VII դ․) խաչաձև գմբեթավոր եկեղեցին։

ԱՐՏԱՇԱՏ (<հուն․ Apxa£axa – Արտաշեսի ուրախություն), հին Հայաստանի մայրաքաղաքը մ․ թ․ ա․ II – մ․ թ․ V դարերում։ Գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում, Երասխ և Մեծամոր գետերի հին հուների միախառնման տեղում, որ Խոր վիրապի բլուրների վրա և շրջակայքում (այժմյան շրջկենտրոն Արտաշատից 10 կմ հվ–արմ․, Արարատի շրջանում)։ Մովսես Խորենացին գրում է․«Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են, և այնտեղ բլուրը հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ» (Մովսես Խյորենացի, Պատմություն Հայոց, 1968)։ Հին քաղաքը երեք կողմից շրջապատված էր գետի ջրերով, իսկ չորրորդ կողմից՝ ջրով լցվող արհեստական խրամով։ Այս տարածքի վրա այժմ երևում են հին քաղաքի պարիսպները և շենքերի հետքեր։ Ըստ նորագույն հնագիտական տվյալների, քաղաքը հիմնադրված է եղել ուրարտական բնակավայրի տեղում։ Ա․ կառուցվել է Արտաշես Ա–ի օրոք, մ․ թ․ ա․ 180-ական թթ․, երբ վերելք էր ապրում քաղաքային կյանքը։ Ըստ հույն պատմագիրների, Ա․ շինվել է կարթագենցի զորավար Հաննիբալի խորհրդով և ցուցումով։ Սակայն ուսումնասիրողներից շատերն այդ վկայությունները կասկածելի են համարում։ Հայ և օտար պատմիչները միաբերան ընդգծում են Ա–ի մեծությունը և գեղեցկությունը։ Արշակունիների օրոք Ա․ քանիցս ենթարկվել է հռոմեացիների և պարսիկների ավերածություններին։ Հռոմեացիները Կորբուլոն զորավարի գլխավորությամբ մ․ թ․ 58-ին գրավել, իսկ 59-ին հրկիզել և ավերել են Ա․՝ «Հայոց Կարթագենը»։ Մ․ թ․ 66-ին, Տրդատ Ա–ի օրոք, Ներոն կայսեր տրամադրած միջոցներով, սկսվել են քաղաքի վերակառուցման աշխատանքները։ Այդ առթիվ մ․ թ․ 67-ին քաղաքը անվանվել է Ներոնիա, սակայն շուտով այդ անունը մոռացվել է։ Դիոն Կասսիոս պատմիչը Ա․ անվանում է «Նոր քաղաք»։Ոչ աղետները, ոչ էլ Ա–ի գոյության ընթացքում նոր մայրաքաղաքների առաջացումը չնսեմացրին Ա–ի դերը Հայաստանի քաղ․, տնտ․ և մշակութային կյանքում։ Ա․ ուներ առևտրի, արհեստների և երկրագործության համար նպաստավոր պայմաններ։ Քաղաքը շրջապատված էր արգավանդ ու ոռոգելի հողերով, ուր կային ավաններ ու գյուղեր։ Ա–ում զարգացած էին արհեստները։ Ա․ հին աշխարհի միջազգային առևտրի գլխավոր կենտրոններից էր։ Քաղաքով էր անցնում Հեռավոր Արևելքից դեպի Միջերկրականի ափերը ձգվող տարանցիկ առևտրական ճանապարհը, որով փոխադրվում էին չինական մետաքս և այլ ապրանքներ։ Պևտինգերյան ուղեցույց–քարտեզից (մ․ թ․ IV դ․) երևում է, որ Ա–ում էին հանգուցավորվում Սատաղից (Փոքր Հայք), Տիգրանակերտից (Հա– յաստանի հվ–արմ․), Սեբաստուպոլսից (Կողքիս), Համադանից (Իրան) և Արմազիից (Վրաստան) եկող առևտրական ուղիները։

Ա․ հռչակված էր նաև որպես տարանցիկ ապրանքների պահեստավայր, մթերանոց և առևտրական փոխանակությունների կենտրոն։ Ա–ի միջազգային նշանակությունը ճանաչվել է նաև հետագայում՝ Հուստինիանոս I-ի կայսերական հրովարտակով։ Քաղաքը հայտնի է եղել իր կառույցներով և ճարտարապետական կոթողներով։ Այն ունեցել է պարիսպներից և պատվարից բաղկացած պաշտպանական ընդարձակ համալիր և միջնաբերդ՝ արքունական պալատով։ Ա–ում կային փողերանոց, գանձատուն և մաքսատուն, մի քանի կամուրջ, որոնցից ամենահինն ու հռչակավորը «Տափերականը» կամ «Արտաշատի կամուրջն» էր Երասխի վրա։ Պեղումներով բացվել են միջնաբերդի ամրոցներից մեկը, զինվորական բազմաթիվ կացարաններ, դարբին–զինագործի արհեստանոցներ՝ զենքերի տարբեր տեսակներով, հայտնաբերվել են Տիգրան Բ-ի արծաթյա, սելևկյան, պարսկ․, կապադովկիական, պոնտական և հռոմեական դրամներ։ Ա–ում գտնվել է կնոջ մարմարե արձան (մ․ թ․ ա․ I – մ․ թ․ II դդ․)։ Հայտնաբերվել են նաև մեծ քանակությամբ խեցեղեն, ապակեղեն և մետաղյա իրեր, որոնք վկայում են Ա–ի երբեմնի տնտ․ ու մշակութային բուռն կյանքը։ Ա․ հայկ․ հելլենիստական մշակույթի կենտրոն էր։ Ըստ Մովսես Խորենացու, Արտաշես Ա–ի օրոք Ա–ում եղել են Անահիտ–Արտեմիսի ու Տիր–Ապոլլոնի տաճարները, նրանց պղնձաձույլ ոսկեզօծ արձանները։ Մ․ թ․ ա․ 53-ին, Արտավազդ Բ-ի օրոք, Ա–ում հունարեն ներկայացվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը։ Մ․ թ․ II դ․ Ա–ում էր ապրում և ստեղծագործում ծագումով ասորի Ցամբլիքոսը՝ «Բաբելոնականք» վեպի հեղինակը։ V դ․ 2-րդ կեսից Ա․ արդեն գյուղաքաղաք էր, իսկ հաջորդ դարում հիշվում է որպես դաստակերտ։ Քաղաքի անկման հիմնական պատճառը կապված է Մեծամորի հունի փոփոխման հետ։ Հայոց Խոսրով Բ արքայի օրոք (թագ․ 252 – մոտ 260) արքունիքը տեղափոխվեց Դվին։ Պարսից Շապուհ II-ի արշավանքները (364–369) և ֆեոդալիզմի զարգացման վաղ փուլում Հայաստանի սոցիալ–տնտ․ կյանքում տեղի ունեցած փոփոխությունները ևս որոշակի դեր կատարեցին Ա–ի անկման գործում։

Գրկ․ Փավստոս Բուզանդ, Պատմություն "Հայոց, Ե․, 1968։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Շահնազարյան Ա․, Արտաշատ (Պատմաաշխարհագրական տեսություն), «Աշխատություններ "Հայաստանի պետական պատմական թանգարանի», 1952, հ․ 4։ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 1, Ե․, 1971։ Կ ր կ յ ա– 1․ Խորվիրապի բլուրները, որոնց վրա եղել են Արտաշատի միջնաբերդը և մի քանի պարսպապատ թաղամասեր, 2․ սյուների կրաքարե խարիսխներ (մ․ թ․ ա․ II –I դդ․)․ 3․ այծի արծաթյա արձանիկ (մ․ թ ա․ II–I դդ․)։