Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարզական հրապարակներով։ Բուժիչ հիմնական գործոններն են կլիմայաբուժությունը, ծովային լոգանքները, ֆիզկուլտուրան, զբոսանքը։ Հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ (1945) Ա․ պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Արտեմիս, հին հունական աստվածուհի, Զևսի և Լետոյի դուստրը, Ապոլլոնի քույրը։ Նախապես համարվել է պտղաբերության ու լուսնի աստվածուհի, ապա՝ կենդանիների և որսի, կանանց կուսության ու ծննդաբերության հովանավորուհի։ Ա–ին էին նվիրված մի շարք մեհյաններ, այդ թվում աշխարհի 7 հրաշալիքներից մեկը՝ Եփեսոսի հռչակավոր մեհյանը։ Ա․ պատկերվել է նետ ու աղեղով՝ գեղեցիկ որսորդուհու տեսքով, իսկ որպես լուսնի աստվածուհի՝ երկար հագուստով, գլխին կիսալուսին և ձեռքերին ջահ։

Կ․ Մեչիք–Փաշայան

«Արտեմիս», ընտանեկան և գրական հանդես։ Լույս է տեսել «Օրգան քսաներորդ դարու հայ կանանց» վերտառությամբ, 1902–03-ին, Կահիրեում, ապա՝ Ալեքսանդրիայում։ Հիմնադիր և տնօրեն-խմբագիր՝ Մառի Պեյլերյան։ Եղել է հայ կանանց հասարակական ձգտումների արտահայտիչն ու շահերի պաշտպանը, նպաստել իգական սեռի մտավոր, ֆիզիկական զարգացմանը, արծարծել կանանց ազատագրության, իրավահավասարության հարցեր, անդրադարձել գավառի հայ կնոջ անիրավված վիճակին, բնաշխարհից կտրված գաղթական կանանց բարոյական նկարագրին, ձաղկել գավառական բարքերի հոռի կողմերը։

Գրական գործերով «Ա․»-ին աշխատակցել են Վ․ Թեքեյանը, Ե․ Տեմիրճիպաշյանը (Եչ–Տյուն), Զ․ Գալեմքյարյանը, Ալիս Սթոն Բլեքուելը, Մ․ Պեյլերյանը (Սոնե)։ Թարգմանաբար հրատարակվել են ռուս և արևմտաեվրոպացի դասական գրողների՝ Լ․ Տոլստոյի, Վ․ Դյոթեի, Պ․ Շելլիի, Վ․ Սքոթի, Քր․Ռոզետտիի, գլխավորապես կնոջ ներաշխարհը պատկերող գործերի։ «Ա․»-ում տպագրվել է Ռ․ Փ․ Դեունզի «Կինը, իր հրապույրը և ուժը» ծավալուն աշխատությունը։ Մատենախոսական բաժնում գրախոսվել են գրական հրատարակությունները, արձագանքվել՝ մշակութային իրադարձությունները։

Գ․ Գույումջյահ

Արտենի, լեռ, հանգած հրաբուխ Արագածի հարավ–արևմտյան ստորոտին։ Բարձրությունը 2047 մ է, հիմքի տրամագիծը՝ մոտ 10 կմ։ Առաջացել է վերին նեոգենում, կազմված է լիպարիտային լավաներից և՛ նրանց տարատեսակներից։ Ա–ից սկիզբ են առնում լավային հոսքեր, որոնցից գլխավորը Արագածի հոսքն է՝ ներկայացված օբսիդիանով և պեռլիտային ագլոմերատով։ Հոսքի երկարությունը 7–8 կմ է, միջին հզորությունը՝ 50 Վ։ Տես նաև Արագածի պեռլիտի հանքավայր։ Լեռան վրա հայտնաբերվել են ՍՍՀՄ–ում ամենահին քարեդարյան կայանների մնացորդներ (գլխավորապես Սատանի-դար, Արեգունի և Հարավային բլուրներում)։ Գտնվել են վաղ քարեդարյան գործիքների հարուստ կուտակումներ։ Սատանիդար կայանում գտնված ամենավաղ շրջանի գործիքներն են՝ ձեռքի հատիչներ, քերիչներ, շեղբեր ևն, որոնք իրենց ձևով և պատրաստման տեխնիկայով բնորոշ են մինչշելյան, շելյան և աշելյան ժամանակների համար։ Հայտնաբերվել են նաև վաղ նեոլիթի և մեզոլիթի գործիքներ։ Բնիկները զբաղվել են որսորդությամբ, հավաքչությամբ, ավելի ուշ շրջանում՝ երկրագործությամբ։

Արտենի (մինչև 1950-ը՝ Բողութլու), ավան Հայկական ՍՍՀ Թալինի շրջանում, շրջկենտրոնից 25 կմ հարավ–արևմուտք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ և պտղաբուծությամբ։ Կա գինու գործարան (արտադրում է «Անուշ», «Աշնակ», «Արտենի» մակնիշի գինիներ)։ Ա–ում գտնվում է խաղողագործության, պտղաբուծության և գինեգործության ԴՀԻ փորձակայանը։ Ունի միջնակարգ և ութամյա դպրոցներ, կապի բաժանմունք, ակումբ, գրադարան, հիվանդանոց, կինո, խաղողի պահեստավորման սառնարան։

Արտեր, Առտեր, Արտի, կղզի Վանա լճի հարավում, Աղթամար կղզուց հյուսիս–արևելք, լճափից 2 կմ է հեռավորության վրա։ 1915-ին ուներ նավակայան։ Միջին դարերում Ա–ում կառուցված մենաստանը և Ա․ Աստվածածին եկեղեցին այժմ ավերված են։

Արտերկրայնություն, միջազգային իրավունքում արտոնությունների և առավելությունների համակարգ, որը պետությունները փոխադարձաբար տրամադրում են պետությունների, կառավարությունների ղեկավարներին, դիվանագիտական ներկայացուցիչներին և այլ պաշտոնատար անձանց, նրանց կանանց ու անչափահաս երեխաներին (ներառում է Դիվանագիտական անձեռնմխելիություն)։ Ա–ից օգտվում են միջազգային դիվանագիտական կոնֆերանսների պատվիրակները և համաձայնագրի հիման վրա՝ միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, իսկ պատերազմի և այլ առանձին դեպքերում՝ նաև զինվորական միավորումները, ռազմական ինքնաթիռներն ու նավերը։ Օգտագործվում է նաև «օրենքների գործողության» Ա․, ըստ որի պետության օրենքները որոշ դեպքերում գործում են նրա սահմաններից դուրս, մասնավորապես տվյալ երկրի քաղաքացիների նկատմամբ։

Ա․ Եսայան

Արտիգաս (Artigas) Խոսե Խերվասիո (19․6․ 1764, Մոնտեվիդեո – 23․9․1850, Ասունսիոն, Պարագվայ), ուրուգվայական զինվորական և քաղաքական գործիչ։ 1811-ին ղեկավարել է իսպ․ գաղութարարների դեմ Արևելյան ափի (այժմյան Ուրուգվայ) ժողովրդական ապստամբությունը և հաղթանակ տարել Լաս–Պիեդռասի մոտ։ 1815-ի սկզբին նրա գլխավորած ուրուգվ․ հայրենասերների բանակը ջախջախեց Բուենոս Այրեսի կառավարական զորքը, որը ձգտում էր իր իշխանությանը ենթարկել Արևելյան ափը։ 1816–20-ին Ա․ ղեկավարել է Բրազիլիայից ներխուժած պորտուգ․ և բրազ․ զորքերի դեմ պայքարը, բայց պարտություն է կրել։ 1820-ին անցել է Պարագվայ և մնացել այնտեղ մինչև կյանքի վերջը։ Ուրուգվայական ժողովուրդը Ա–ին մեծարում է որպես ազգային հերոսի։

Արտիստ(ֆրանս․ artiste, <լատ․ ars – արվեստ), դրամատիկական, օպերային, բալետային ներկայացումներում դերեր (տես Դերասան), դերերգեր, դերապարեր կատարող, էստրադային համերգի, կրկեսային ներկայացման մասնակից։ Լայն առումով՝ արվեստի որևէ ասպարեզում (թատրոն, երաժշտություն, կերպարվեստ, կինո) ստեղծագործող մարդ՝ նկարիչ, երաժիշտ ևն:

Արտխոնք, Արդխոնք, գյուղ Արևմտյան Հայաստանի Տարոն գավառում, Մշո դաշտում։ Համանուն գյուղ կար նաև Սասունի Տալվորիկի գավառում։ 1914-ին Ա․ ուներ 40 տուն հայ (178 մարդ) և 18 տուն քուրդ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի։ Ա–ի հայերը տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։

Թ․ Հակոբյան