Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պասսիվ (հոսքին՝ ալիքի հարվածին դիմադրում են միայն իրենց կոնստրուկցիայի ամրությամբ և կայունությամբ)։ Ակտիվ Ա․ կ․ են ալիքաբեկիչները, ընդլայնական կիսապատնե շները, կարգավորող դամբերը (նկ․ 1), իսկ պասսիվ՝ ալիքահետահար պատերը, խոշոր զանգվածներից լիցքերը, քարալիցքերը (նկ․ 2), ցանցարկդները, բետոնե կամ երկաթբետոնե սալերը։ Ա․ կ–ի համալիրի և նրանց տիպերի ընտրությունը կախված է ափի ռելիեֆից, հիդրոերկրաբանական ռեժիմից, երկրաբանական կառուցվածքից։


ԱՓԵՎԱՆՔ, գյուղ Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի Քղի գավառում։ 1914-ին ուներ 870 հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ և մեղվաբուծությամբ։ Տեղական ճանապարհով կապված էր Քղի գյուղաքաղաքի հետ։ Ավերվել ու ամայացել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։


ԱՓԻՆՅԱՆ Կարապետ Գևորգի (31․10․1870, Ալեքսանդրապոլ– 26․6․1944, Երևան), հրատարակիչ, խմբագիր, մանկավարժ։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1894)։ Զբաղվել է մանկավարժությամբ (1894–1944)։ Հրատարակել է «Շիրակ» պատի և գրպանի օրացույցները՝ 1899–1921-ի համար։ 1902–07-ին հրատարակել է «Ալեքսանդրոպոլսկիե օբյավլենիյա» («Александропольские объявления») ռուս, թերթը։ Խմբագրել և հրատարակել է «Ախուրյան» օրաթերթը (1907–1914)։ Գրել է հրապարակախոսական հոդվածներ, «Ս․ էջմիածնի հիմնարկության 1600-ամյակը» (1902) ուսումնասիրությունը։ Մ․ Նարյան


ԱՓԻՆՅԱՆ Նվարդ Աղաբեկի (ծածկանունը՝ Ոստիկ, 2․ 4․ 1882, Ալեքսանդրապոլ – 2․ 7․ 1958, Երևան), հասարակական–գրական գործիչ, մանկավարժ։ Կըրթությունն ստացել է տեղի ուսում իգական գիմնազիայում։ 1902-ին (1903-ի համար) հրատարակել է հայ կանանց «Ախուրյան» օրացույց–հանդեսը։ Հրապարակախոսական հոդվածներով ու թարգմանություններով հանդես է եկել «Գեղարվեստ», «Հուշարար», «Ախուրյան» և «Շիրակ» պարբերականներում։ Թարգմանել է մանկավարժական հոդվածներ, ու գեղարվեստական ստեղծագործություններ Ն․ Կ․ Կրուպսկայայից, Վ․ Հյուգոյից, Օսկար Ուայլդից, Անդերսենից և ուրիշներից։ Թարգմանել է նաև մանկական պիեսներ ու բեմադրել Լենինականի դպրոցներում։ Մ․ Նարյան


ԱՓՆԱԳՅՈՒՂ, գյուղ Հայկական ՍՍՀ Ապարանի շրջանում, Քասաղ գետի ձախ ափին, շրջկենտրոնից 20 կմ հարավ–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ, բանջարաբուծությամբ։ Ունի Ափնագյուղ Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հուշարձանը Ափնագյուղում ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։


ԱՔԱՅԱՑԻՆԵՐ, հին հունական ցեղեր։ Հիշատակվում են Հոմերոսի «Իլիական»-ում։ Բնակվել են Հունաստանի Թեսալիա երկրամասում, իսկ մ․ թ․ ա․ II հազարամյակի սկզբին՝ նաև Պելոպոնես թերակղզում, էգեյան ծովի կղզիներում։ Մ․ թ․ ա․ XVII – XVI դդ․ Ա․ ստեղծել են պետություններ՝ Միկենք, Պիլոս են։ Մ․ թ․ ա․ XIII դ․ կեսին, տրոյական պատերազմից հետո, Ա․ թուլացել են։ Մ․ թ․ ա․ XII դ․ նրանց երկրամասերն են ներխուժել դորիացիներն ու հուն, ուրիշ ցեղեր։ Ա–ի մի մասը ստիպված հեռացել է Փոքր Ասիա, Կիպրոս և այլ կղզիներ։ Մ․ թ․ ա․ XII դ․ եգիպտական աղբյուրները հիշատակում են այսպես կոչված՝ «ծովի ժողովուրդներին», որոնց մեջ նաև Ա–ին։ Պելոպոնեսում մնացած Ա․ ամփոփվել են թերակղզու հս–ում՝ Կորնթոսի ծոցի ափերին, ուր և հիմնել են Աքայան։ Մ․ թ․ ա․ VIII դ․ այս մարզից գաղթած ցեղերը հվ․ Իտալիայում հիմնել են խոշոր քաղաքներ՝ Սիբարիսը, Կրոտոնը են։ Ա․ վերստին նշանավոր դեր են խաղացել մ․ թ․ ա․ 280-ին, երբ Աքայա մարզի քաղաք–պետությունները միավորվել են Աքայական միության մեջ՝ համատեղ պայքարելով մակեդոնական և հռոմեական նվաճողների դեմ։ Հռոմը մ․ թ․ ա․ 146-ին պարտության է մատնել Աքայական միությանը, իսկ Օգոստոս կայսեր օրոք (մ․ թ․ ա․ 27–մ․ թ․ 14) ստեղծվել է հռոմեական նահանգ՝ Աքայա անունով, որն ընդգրկել է հռոմեացիների նվաճած Հունաստանի ամբողջ տարածքը, բացառյալ Թեսալիան, Ակարնանիան և Ետոլիան։

Գրկ․ Томсон Дж․, Исследования по истории древнегреческого общества, [т․ 1], М․, 1958․


ԱՔԱՐՆԵՐ, Pterocletes կամ Pterocletiformes, թռչունների կարգ։ Հայտնի են 14 տեսակ։ Տարածված են Հարավային Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում։ Աղավնու մեծության թռչուններ են, քաշը 200–600 գ է։ Թեերը երկար են, նեղ ու սուր, պոչը սեպաձև է, ոտքերը կարճ են՝ փետրավորված կրնկաթաթային բաժնով։ Կտուցը կարճ է, գույնը՝ ավազագույն կամ դեղնավուն։ Ապրում են տափաստաններում, կիսաանապատներում, անապատներում։ Բնադրում են հողի վրա, մեծ գաղութներով։ Դնում են 2–4 խայտաբղետ Սևափոր աքար ձու։ Սնվում են բույսերի սերմերով, մասամբ՝ միջատներով։ Նստակյաց են, հս–ում ապրողները՝ քոչվոր։ Թռչում են արագ, լավ քայլում են, երբեմն՝ լողում։ Արարատյան դաշտում հանդիպում են սևափոր և սպիտակափոր Ա․։ Օգտագործում են միսը, փետուրները։


ԱՔԲԱՐ Զելալ–ադ–դին (1542–1605), Մողոլական կայսրության տիրակալ Հնդկաստանում (1556-ից)։ Վարել է պետ․ իշխանությունն ամրապնդելու, երկրի սահմաններն ընդարձակելու քաղաքականություն։ Խոշոր հողատիրությունը սահմանափակելու նպատակով, զինվորական ծառայության դիմաց հողեր պարգևելու փոխարեն, ռոճիկ է նշանակել պետ․ գանձարանից, իսկ հողահարկի գանձումը հանձնարարել պետ․ աստիճանավորներին՝ հարուցելով մահմեդական ֆեոդալների դժգոհությունը։ Հնդիկներին ներգրավել է պետ․ և զինվորական ծառայության մեջ։

Ա․ մտցրել է նոր կրոն («Աստվածային հավատ»), որը իսլամի, հինդուիզմի և ար կրոնների խառնուրդ էր։ Ա․ ճանաչվել է նոր կրոնի առաջնորդ։ Նրա օրոք կառուցվել է «Ագրա–ֆորտ» ամրոցը (1564–1574), որի ներսում՝ Զհանգիրի–Մահալ պալատը (1570)։ Ա․ հովանավորել է հայ արհեստավորներին, իսկ վաճառականներին շնորհել ազատ առևտրի իրավունք՝ նպաստելով Հնդկաստանում հայ գաղութների առաջացմանը։ Հնդկաստանի Ագրա (Աքբարաբադ) քաղաքի հայ նակիչներին հատկացրել է հողամաս և արտոնել ազատ գործունեություն։ 1562-ին պետ․ ծախսերով կառուցվել է հայկ․ եկեղեցի։ Պետական բարձր մարմիններում նա տեղ է տվել հայերին։ Ա–ի կանանցից մեկը՝ հայուհի Մարիամ Զագանի Բեկումը, զգալի ազդեցություն է ունեցել ամուսնու վրա։

Գրկ․ Ալպոյաճյան Ա․, Պատմություն հայ գաղթականության, հ․ 3, մ․ 1, Կահիրե, 1961։ Антонова К․ А․, Очерки общественных отношений и политического строя Могольской Индии времен Акбара (1556-1605), М․, 1952․


ԱՔԵՄԵՆՅԱՆՆԵՐ, պարսկական թագավորական հարստություն մ․ թ․ ա․ 550–330-ին։ Կոչվել են նախնու՝ Աքեմենի (հին պարսկ․ Հաքամանիշ) անունով։ Աքեմենը և նրա սերունդներ Չիշպիշը (Թեիսպիս), Կյուրոս I, Կամբյուսես I և Կյուրոս II Մեծը եղել են Պարսուա և Անշան երկըրների թագավորներ, վասալական կախման մեջ գտնվել Ասորեստանի, ապա Մարաստանի թագավորներից։ Կյուրոս II Մեծը 550-ին տապալել է Մարաստանի թագավոր Աժդահակին և նվաճողական արշավանքներով հիմնել ծավալուն աշխարհակալություն (տես ԱքեմենյաԱ պետություն)։ Աքեմենյանների արքայացանկը Կյուրոս II Մեծ՝ 550–530 (558-ից Պարսուայի և Անշանի թագավոր), Կամբյուսես՝ 530–522, Դարեհ I՝ 522-486, Քսերքսես I՝ 486-465, Արտաքսերքսես I՝ 465–424, Քսերքսես II՝ 424, Սոգղիանոս՝ 424–423, Դարեհ II 423 – 404, Արտաքսերքսես II՝ 404–358, Արտաքսերքսես III՝ 358 – 338, Արշես՝ 338 – 336, Դարեհ III Կոդոմանոս՝ 336–330։

Գրկ․ Olmstead A․, History of the Persian Empire, Chicago, [1948]; Parker