Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1768-ից բնակվել Հնդկաստանի Մադրաս քաղաքում։ Այնտեղ Շահամիր Շահամիրյանի հետ հիմնադրել է քաղաքական խմբակ (աես Մադրասի խմբակ), մշակել հայրենի երկրի ազատագրման նոր ծրագիր։ Հայաստանի ազատագրման և վերափոխման վերաբերյալ իր հայացքները Բ․ 1772-ին շարադրել է «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» աշխատության մեջ, որը հրատարակվել է 1773-ին (տպագրությունն սկսվել է 1772-ին, որի պատճառով տիտղոսաթերթի վրա նշված է 1772)։ Բ-ի աշխատության համառոտած տարբերակը 1786-ին Պետերբուրգում թարգմանվել և հրատարակվել է ռուսերեն, 2 հզ․ տպաքանակով (բաժանորդների թվում էին ռուս զորավարներ Սուվորովը և Կուտուզովը)։ Հայաստանի անկախությունը վերականգնելու միջոցը Բ․ համարել է հայ ժողովրդի, հատկապես հայ երիտասարդություն զինված պայքարը նվաճողների դեմ։ Ըստ Բ-ի, այդ պայքարում կզոհաբերվի ժողովրդի մի մասը, իսկ ապրող մեծամասնությունը կազատագրվի և կբարգավաճի, մինչդեռ նվաճողների լուծը համբերությամբ կրելով՝ ժողովուրդը աստիճանաբար կդատապարտվի մահվան։ Եվրոպական պետությունների նկատմամբ տածվող հույսերը Բ․ անվանել է մոլորություն, պատրանք՝ ջանալով ապացուցել, որ Հայաստանի քաղաքական կացության պատասխանատուն հայ ժողովուրդն է։ Հայաստանի ազատագրման և զարգացման հեռանկարները Բ․ սերտորեն կապել է ավատատիրական հին կարգերի վերացման և սահմանադրական պետության հաստատման հետ։ Բ-ի կարծիքով միապետական կարգերը հակաբնական են, որովհետև օրենքի պատասխանատվությունից դուրս գտնվող անհատի սխալ վճիռները երբեմն կորստաբեր կարող են լինել երկրի համար։ Հետևաբար պետք է ստեղծել վարչակարգ, ուր գերագույն իշխանությունը կլինի Խորհրդարանը՝ «անխախտելի սահմանադրությամբ և անեղծանելի օրինօք ընտիր և ի մեծամեծ խորհրդականաց և յազգի ազգի խորհրդարանաց»։ Բ-ի այս տեսակետը Լեոն մեկնաբանել է որպես հանրապետականդեմոկրատական կարգերի քարոզ, մինչդեռ այլ պատմաբաններ (Աբ․ Հովհաննիսյան, Ս․ Պողոսյան և ուրիշներ) համարում են սահմանադրական միապետություն ստեղծելու առաջարկ ։ Բ․ գտնում էր, որ ինքնաճանաչման հասնելու և գիտակցված պայքար մղելու համար հայ երիտասարդությունը պետք է կրթվի, լուսավորվի։ XVIII դ․ եվրոպական լուսավորիչների նման Բ․ կարծում էր, թե լուսավորության միջոցով կարելի է մերժել հին կարգերը և ստեղծել նորը։ Խաղաղությամբ նոր իրավակարգ ստեղծելու իր առաջարկը Բ․ հիմնավորել է Հայաստանում հին կարգերի պահապան ուժերի (միապետ, ազնվականություն, վարչական ուժեր ևն) բացակայության փաստով։ Նոր կարգերի ստեղծման ներքին միակ խոչընդոտը Բ․ համարել է հայ եկեղեցին։ Նա խստորեն դատապարտել է հոգևորականությանը, որը վնասակար քարոզներով բթացրել էր ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը՝ նրա ազատագրման հույսը կապելով կամ աստծո նախախնամության, կամ քրիստոնյա որևէ պետության օգնության հետ։ Բ․ առաջարկել է եկեղեցին անջատել պետությունից , դպրոցը՝ եկեղեցուց, զանելով, որ վերջինս այլևս անելիքներ չունի աշխարհիկ գործերում։ «Ազդարարվում հրապարակված հոդվածներում Բ․ պայքարել է ազգային կալվածատիրության դեմ՝ հանուն «երրորդ դասի» իրավունքների։ Բ․ զբաղվել է XVIII դ․ Հայաստանում գոյություն ունեցող հարկերի վերլուծությամբ։ Կղերա՜ավատական խավերը կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցու գլխավորությամբ հետևողականորեն պայքարել են Մադրասի խմբակի և Բ-ի դեմ։ Կաթողիկոսը բանադրել է Բ-ին, նրա աշխատությունը հռչակել «դիվաշունչ» և կարգադրել ոչնչացնել այն։ Սակայն Բ-ի գաղափարները տարածվել են՝ մեծ ազդեցություն թողնելով XIX դ․ հայ հասարակական–քաղաքական մտքի զարգացման վրա։

Գրկ․ Լեո, Երկ․ ժող․, հ․ 3, գիրք 2, Ե․, 1973։ Պողոսյան և․, Ազատագրական գաղափարախոսությունը «Նոր տետրակ որ կոչի յորդորակ* գրքում, «ԲԵՀ», 1972, № 2։ Մ․ Կաավաչյան Բաղրամյան ավանը

Բաղրամյան, ավան Հայկական ՍՍՀ էջմիածնի շրջանում, շրջկենտրոնից 5 կմ հյուսիս-արևելք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ և պտղաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց , մշակույթի տուն, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան։ Հիմնադրվել է 1947-ին։ Բ․ է կոչվել ի պատիվ Սովետական Միության մարշալ Հ․ Բաղրամյանի։

ԲԱՂՐԱՄՅԱՆ (մինչև 1949-ը՝ Բաշնալու), գյուղ Հայկական ՍՍՀ Արտաշատի շրջանում, Երևան–Արտաշատ խճուղու վրա, շրջկենտրոնից 4 կմ հյուսիս–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի աուն, գրադարան, մսուրմանկապարտեզ, ծննդատուն, բուժկայան, կինո։ Բնակիչների նախնիները եկել են Խոյի շրջանից, 1830-ին։

ԲԱՂՔ, գավառ Մեծ Հայքի Մյունիք նահանգում։ Տարածվում էր Ողջի գետի միջին հոսանքի ձախ կողմում։ Համապատասխանում է այժմյան ՀՍՍՀ Ղափան ի շրջանի մի մասին։ Բ․ լեռնային է, զգալի մասն անտառապատ։ Գավառի արևմտյան մասը հարուստ է գունավոր մետաղների, հատկապես՝ պղնձի հանքերով, որոնք արդյունահանվել ու վերամշակվել են տակավին հին ժամանակներից։ X–XII դդ․ ուներ ավելի ընդարձակ տարածք, որի մեջ, բացի բուն Բ–ից, մտնում էին նաև Զորքը, Կովսականը և նույնիսկ Արևիքը։ Բուն Բ․ բաժանված էր երկու մասի՝ արևմտյան և արևելյան։ Առաջինը հայտնի էր Բաղք, Աճեն կամ Աճանան անուններով, իսկ երկրորդը կրել է Մյուս Բաղք, Քաշունիք և Բարկուշատ անունները։ Դրանցից Բարկուշատ (Բարգուշատ) և Աճանան անունները պահպանվել են մինչև մեր օրերը։ IX դ․ P․ շրջակա գավառների հետ միասին պատկանում էր Մյունյաց իշխանական տան ճյուղերից մեկին՝ Զագիկյանների ։ 998-ին անցավ գահագլուխ իշխաններին։ XII դ․ կեսերից Բ–ում սկսեցին իշխել Համտունյաց իշխանները, XI11դ․ սկզբներից՝ Զաքարյանները։ Տաթևի եպիսկոպոսական հին հարկացուցակում Բաղքի տակ հիշատակված է 93 գյուղ, դրանց մի զգալի մասը գոյություն ունի մինչև օրս (Խոտանան, Նորաշենիկ, Տանձավայր, Ագարակ ևն)։ Բ–ում էին գտնվում Անդոկի, Բարկուշատի, Քաշաթաղի, Պահու, Բղենո բերդերը, Երիցա (Արծվանիկ), Կատար, Բղենո վանքերը։ XVI դարից Բ-ում կային հայկ․ մի քանի մանր մելիքություններ, որոնք իրենց գոյությունը պահպաննցին մինչև XIX դ․ կեսերը։

Գրկ․ Ալիշան Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։

ԲԱՃԿՈՆ, տղամարդու և կնոջ կարճ վերնազգեստ։ Հագնում էին շապկի վրայից։ Կարվում էր բրդյա, բամբակյա, թավշյա միագույն կամ գծանախշերով կտորներից։ Կանացի Բ․՝ նաև մետաքսյա կտորից։ Եղել են ամենօրյա աշխատանքային և տոնական Բ–ներ։ Ունենալով միատեսակ ձևվածք՝ Բ–ները տարբերվում էին կտորի որակով և զարդարման ձևով։ Փոքր Բ․ կամ բաճկոնակ կոչվում է անթև վերնազգեստելակը։ Բ․ հագնում էին Հայաստանի գրեթե բոլոր գավառներում՝ մինչև XX դ․ սկիզբը։ Ն․ Ավագյան

ԲԱՄԱԿՈ (Bamako), Մալի Հանրապետության մայրաքաղաքը։ Գտնվում է Նիգեր գետի ձախ ափին։ Մոտ 300 հզ․ բն․ (1970)։ 1920–60-ին եղել է ֆրանսիական Սուդանի վարչական կենտրոնը։ Երկաթուղային կայարան է, խճուղային հանգույց և խոշոր օդանավակայան։ Երկրի արդ․ և առևտրաբաշխիչ կենտրոնն է։ Տալիս է հանրապետության էլեկտրաէներգիայի 85%–ը։ Ունի սննդհամի