Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արևմտյան ճյուղի ղփչաղյան խմբին։ Խոսում են Բաշկիրական ԻՍՍՀ–ում (մասամբ նաև՝ հարակից մարզերում)։ Խոսողների թիվը՝ 818 հզ․ (1970)։ Համեմատաբար ավելի մոտ է թաթարերենին՝ մանավանդ քերականական կառուցվածքով։ Հիմնական բարբառներն են՝ հարավային (յուրմատինյան) և արևելյան (կուվականյան)։ Ունի 13 ձայնավոր և 28 բաղաձայն հնչյուններ, ընդ որում՝ շըրթնայնացած ա[А], միջատամնային շփականներ [Ç], [3], կոկորդային շփական [Н]։ Բացի ռուսական փոխառություններում եղած ձայնավորներից մնացածները դրանց համեմատությամբ ունեն նվազ (թույլ) և ետահար արտասանություն։ Գոյականն ունի հոլովի (6), թվի կարգեր։ Հարուստ է բայական կարգերով, մանավանդ՝ եղանակներով։ Այբուբենը մինչև 1929-ը՝ արաբագիր, մինչև 1939-ը՝ լատինագիր, ապա՝ ռուսագիր։ Բ․, իբրև գրական լեզու, սկսել է զարգանալ սովետական շրջանում։

Գրկ․ Дмитриев Н․ К․, Грамматика башкирского языка, М․–Л․, 1948; Юлдашев А․ А․, Башкирский язык, в кн․։ Языки народов СССР, т․ 2, М․, 1966․

Հ․ Պետրոսյան

ԲԱՇԿԻՐՆԵՐ (ինքնանվանումը՝ բաշկորտ), ազգ։ Բաշկիրական ԻՍՍՀ հիմնական բնակչությունը։ Ապրում են նաև ՌՍՖՍՀ Օրենբուրգի, Չելյաբինսկի, Սարատովի, Կույբիշևի, Պերմի, Կուրգանի մարզերում և Թաթարական ԻՍՍՀ–ում։ Ընդհանուր թիվը՝ 1240 հզ․ (1970)։ Բ․ Հարավային Ուրալի հնագույն բնակիչներն են։ Բ–ի կազմի մեջ են մտել Ուրալի անտառային շրջանների ուգրո–ֆիննական, թյուրք, և մասամբ՝ միջինասիական անապատների մոնղոլական քոչվոր անասնապահ ցեղերը։ Լեզուն բաշկիրերենն է։ Գյուղական բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն են։ Բ–ի մեծ մասն աշխատում է արդյունաբերության մեջ։ Հավատացյալ Բ․ սունի մահմեդականներ են։ Բ․ ունեն ինքնատիպ ազգային մշակույթ (գրականություն, երաժշտություն, կերպարվեստ, գորգագործություն)։

ԲԱՇՆԵՂ, գյուղ Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի վիլայեթում։ XX դ․ սկզբին ուներ 70 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակչությունը տեղահանվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

ԲԱՇ–ՇՈՐԱԳՅԱԼ, գյուղ, Կարսից 40 կմ հյուսիս–արևմուտք։ Բ–շ–ի տեղում միջին դարերում գտնվում էր Երազգավորս ավանը՝ Բագրատունիների առաջին մայրաքաղաքը։ XIX դ․ վերջին ուներ 730 (86 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գործում էր Սահակյան վարժարանը՝ 25 աշակերտով (բացվել է 1877-ին)։ Ս․ Հովհաննես եկեղեցին կառուցվել է 826-ին։ Շրջակայքում կային հին շենքերի, եկեղեցիների, վանքերի ավերակներ, գերեզմաններ։ Բնակչությունը տեղահանվել է 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։

ԲԱՇՔԵՆԴ, գյուղ Հայկական ՍՍՀ Կրասնոսելսկի շրջանում, շրջկենտրոնից 25 կմ հյուսիս–արևելք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, կարտոֆիլի, ծխախոտի, հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։ Բ–ում գործում են Երևանի «Հայգորգ» ֆիրմայի, ուրիշ գործարանների մասնաճյուղեր, 2 միջնակարգ դպրոց, արհեստագործական ուսումնարանի մասնաճյուղ, գրադարան, հիվանդանոց, դեղատուն, մանկապարտեզ, կինո, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար։ Գյուղը հիմնադրվել է 1845-ին։ Բ–ում է ծնվել Սովետական Միության հերոս Ս․ Չիլինգարյանը։

ԲԱՇՔՅՈՅ, Բաշ, Պաշ, գյուղ Արևմտյան Հայաստանի Կարսի մարզի, Կաղզվանի օկրուգում, Կաղզվանից 40 կմ արևմուտք։ XIX դ․ վերջերին ուներ 803 հայ բնակիչ (126 տուն)։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Տեղական ճանապարհներով կապված էր Կաղզվանի և Կարսի հետ։ Ուներ եկեղեցի (Ս․ Աստվածածին՝ կառուցված 1842-ին) և վարժարան։ Շրջակայքում (Մաչիթլու) կային վանքի ավերակներ։ Եկեղեցում պահվում էր ձեռագիր մի Հայսմավուրք՝ գրված 1667-ին։ Բնակիչները տեղահանվել են 1920-ի հայ-թուրքական պատերազմի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները գաղթել են և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։

ԲԱՈԲԱԲ (Adansonia digitata), Bombacaceae ընտանիքի ծառ․։ Բնորոշ է աֆրիկյան սավաննաներին։ Բնի շրջագիծը հասնում է 25 մ, բարձրությունը՝ 18–25 մ։ Տերևները մատնաձև են, ամռանը թափվում են։ Ծաղիկները սպիտակ են, պտուղները՝ խոշոր, պարունակում են հյութալի միջուկ, որն ուտելի է։ Բ․ ապրում է 4–5 հզ․ տարի։ Կեղևից ստացվող թելն օգտագործվում է կոպիտ գործվածքներ և պարաններ հյուսելու համար։ Adansonia ցեղի մյուս 10 տեսակները տարածված են Աֆրիկայում, Մադագասկարում, Հյուսիսային Ավստրալիայում։

ԲԱՊՏԻՍՏԵՐԻԱ (հուն․ βαπτιστήρίου < βαπτίαω − մկրտում եմ, բառացի՝ ընկղմում եմ), տես Մկրտարան։

ԲԱՊՏԻՍՏՆԵՐ (հուն․ βαπτίξω − մկրտում եմ), բողոքականության տարատեսակներից մեկի կողմնակիցները։ Բ–ի շարժումն սկսվել է Հոլանդիայում (1609), անգլ․ վտարանդիների շրջանում, այնուհետև տարածվել Անգլիայում, ԱՄՆ–ում, Ռուսաստանում և այլուր։ ՍՍՀՄ Բ–ին գլխավորում է Համամիութենական խորհուրդը, որը 1945-ից Մոսկվայում հրատարակում է «Բրատսկի վեստնիկ» («Братский вестник») ամսագիրը։ Բ․ հավատի միակ աղբյուր են համարում «Սուրբ գիրքը»։ Առաջ են քաշում հավատի գիտակցական (անհատական) ընդունումը՝ առանց եկեղեցու և հոգևորականության միջնորդության։ Մերժում են եկեղեցական հիերարխիան, սրբապատկերները, մասունքները, եկեղեցական խորհուրդները, շատ ծեսեր ու տոներ։ Սակայն նրանք էլ ունեն իրենց ծեսերը (օրինակ, չափահասների մկրտումը)։ Բ–ի համաշխարհային խորհուրդը գտնվում է Վաշինգտոնում, Եվրոպական ֆեդերացիան (1950)՝ Փարիզում։ 1966-ին աշխարհում եղել են մոտ 27 մլն Բ․, որոնցից 24 մլն–ը՝ ԱՄՆ–ում։ Որպես բուրժուական գաղափարախոսության կրոնական տարատեսակ բապտիզմը սկզբունքորեն թշնամի է սոցիալիստական աշխարհայացքին, մարդու առողջ բանականությանը։ Բ․ նիհիլիստական վերաբերմունք ունեն հասարակական շահերի, գիտության ու մշակույթի նկատմամբ։

Վ․ Բդոյան

ԲԱՌ, գյուղ Արևմտյան Հայաստանի, Վանի վիլայեթի Մոկս գավառում։ Գավառի յոթ շրջաններից («գյալիներից») մեկը կոչվում էր Բ–ի անունով («Բառա գյալին»)։ 1909-ին ուներ 15 տուն հայ բնակիչ (բնակվում էին նաև քրդեր)։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Գևորգ)։ Հայերը տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկըրներ։

ԲԱՌ, լեզվի նվազագույն հիմնական միավորը, որն իր հնչյունական կազմով արտահայտում է հասկացություն առարկայի, գործողության, իրականության երևույթների, նրանց կառուցվածքի կամ փոխհարաբերությունների մասին։ Բ–ի մեջ զուգորդվում են հնչյունական, բառիմաստային և քերականական հատկանիշները։ Բ–ի վերջնական սահմանումը լեզվաբանությունը մինչև այսօր չի տվել, բայց այն գիտականորեն ճանաչելու, որոշելու համար բացահայտել է մի շարք էական հատկանիշներ, կարևոր համարել հատկապես իմաստի որոշակիությունը, ամբողջականությունը, ձևի կայունությունը, արտասանական միավորվածությունը՝ բաղադրիչների համադրությամբ կամ հարադրությամբ։ Այդ հատկանիշներով Բ․ հակադրվում է լեզվական այլ միավորների և