Հայ Բ․ սկզբնավորվել է հայ գրի ու գրականության ստեղծման շրջանում։ Մինչև XI դ․ կուտակվել են բառարանային, բառաբացատրական հարուստ նյութեր, որոնց հիման վրա XI-XV դդ․ գրվել են մի շարք բառարաններ (Արիստակես Գրչի ուղղագրական բառարանը, «Բառք քերականին», «Հանդէս բանաստեղծաց», «Բառք քերթողական» ևն)։ Ֆրանչիսկո Ռիվոլայի «Բառագիրք հայ–լատին․․․»-ը (1621) հայերեն առաջին տպագիր բառարանն է։ Այնուհետև լույս են տեսել նաև այլ, մեծ մասամբ երկլեզվյան բառարաններ (Աստվածատուր Ներսեսովիչ, «Բառգիրք լատինացւոց և հայոց․․․», 1695, Երեմիա Մեղրեցի, «Բառգիրք հայոց», 1698 ևն)։ Հայ Բ․ զարգացման լայն թափ է ստացել XVIII դ․։ Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ․ 1-2, 1749-69) բառարանով հիմնադրվել է հայ նոր Բ․, որը հետագայում, հատկապես սովետական շրջանում, հասել է զարգացման բարձր աստիճանի։ Ստեղծվել են հայերեն բացատրական, գավառական, արմատական–ստուգաբանական, հոմանիշների, անձնանունների, մասնագիտական, երկլեզվյան կամ թարգմանական և այլ բառարաններ։ Նշանավոր են հատկապես Գ․ Ավետիքյանի, Խ․ Սյուրմելյանի և Մ․ Ավգերյանի բառարանը («Նոր բառգիրք հայկազեան լեզուի», հ․ 1-2,1836-37), Նորայր Բյուզանդացու «Բառագիրք ի գաղղիերէն լեզուէ ի հայերէն» (1884), Տ․ Դաղբաշյանի «Լիակատար բառարան ռուսերենից հայերեն» (1903), Ս․ Գաբամաճյանի «Նոր բառագիրք հայերեն լեզվի» (1910), Տ․ Աճառյանի «Հայերեն գավառական բառարան» (1913), «Հայերեն արմատական բառարան» (հ․ 1 -7, 1926-35), «Հայոց անձնանունների բառարան» (հ․ 1-5, 1942-62), Ա․ Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարան» (հ․ 1-4, 1944-45), Ա․ Ղարիբյանի ռուս–հայերեն, Ա․ Սուքիասյանի հոմանիշների, Տ․ Աճառյանի անվ․ լեզվի ինստիտուտի հրատարակած «Ռուս–հայերեն բառարան» (հ․ 1-4, 1954-58), «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան» (հ․ 1-3, 1969-74, հրտ․ շարունակվում է), Հ․ Բարսեղյանի «Հայերեն ուղղագրական–ուղդախոսական տերմինաբանական բառարան» (1973) աշխատությունները ևն։ Բ․ իբրև տեսություն բառագիտության վրա հենվելով՝ որոշում է բառարանների տեսակներն ու նպատակները, մշակում նրանց կազմման սկզբունքները, բառահոդվածների կառուցման հիմունքները, պարզում բառերի բնույթը, գործածության ոլորտները, հատուկ քերականական նշումների միջոցով տալիս նրանց ընդհանուր բնութագիրը։
Գրկ․ Ամալյան Հ․ Մ․, Միջնադարյան Հայաստանի բառարանագրական հուշարձանները, հ․ 1-2, Ե․, 1966 - 71։ Գասպարյան Դ․ Կ․, Հայ բառարանագրության պատմություն, Ե․, 1968։ Աճառյան Հ․, Հայերեն արմատական բառարան, հ․ 1, Ե․, 1971 (առաջաբանը)։ Щерба Л․, Опыт общейтеории лексикографии, «Изв․ АН СССР, Отделение литературы и языка», 1940, № 3; Касарес X․, Введение в современную лексикографию, пер․ с исп․, М․, 1958․
Ա․ Մարգարյան
ԲԱՌԱՑԱՆԿ, բառարանների կամ հանրագիտարանների գլխաբառերի այբբենական ընդհանուր կամ թեմատիկ ցանկ։ Լեզվաբանական բառարանների Բ–երի բնույթը պայմանավորվում է նրանց տեսակներով, նպատակներով, ինչպես նաև տվյալ լեզվի բառապաշարի հարստությամբ (տես Բառարան)։ Հանրագիտական Բ․, որ ամենից առաջ ընդգրկում է բոլոր հոդվածների անվանումները, հանրագիտարանի ատաղձն է, հիմքը, տվյալ հրատարակության բնույթը, կառուցվածքը, ծավալը որոշող կարևոր գործոնը։ Բ․ ըստ էության կանխորոշում է հանրագիտարանի գիտական մակարդակը և գաղափարական–քաղաքական բովանդակությունը։ XVIII դ․ 2-րդ կեսից, երբ հիմնադրվեցին ընդհանուր բնույթի ժամանակակից հանրագիտարանները, հանրագիտական միտքը մեծ նվաճումներ է ձեռք բերել Բ–ի կազմման և մշակման ձևերն ու եղանակները բարելավելու ուղղությամբ։ Բ–ի կազմման հարուստ փորձ են կուտակել սովետական հանրագիտակները։ Այն իր դրսևորումն է գտել «Սովետական մեծ հանրագիտարան»-ում («Большая Советская Энциклопедия»), ինչպես նաև գիտաճյուղային հանրագիտական հրատարակությունների և ՍՍՀՄ բոլոր միութենական հանրապետություններում լույս ընծայվող ազգային հանրագիտարանների Բ–երի մեջ։
«Հայկական սովետական հանրագիտարան»-ի («ՀՍՀ») բառացանկը կազմելիս հաշվի է առնվել հրատարակության բնույթը (համընդհանուր), կառուցվածքը (այբբենական), ծավալը (բազմահատոր)։ ՀՍՀ ընդհանուր այբբենական Բ–ին նախորդել է գիտության բոլոր հիմնական բնագավառների գծով թեմատիկ Բ–երի ստեղծումը։ Այդ նպատակով բառ–տերմիններ (հանրագիտական հոդվածի անվանումներ) են ընտրվել հայկական բառարանային հարուստ ֆոնդից, տարբեր լեզուներով հանրագիտական և պարբերական հրատարակություններից, տեղեկագրերից և այլ աղբյուրներից։ Հավաքվել է շուրջ 150․000 հանրագիտական բառ–տերմին, որից և, ՀՍՀ առջև դրված խնդիրներին համապատասխան, ընտրվել է 50․000-ը՝ թեմատիկ Բ–երի համար։ Նախապես հրատարակվել և գիտական–հասարակական քննարկման են ենթարկվել ՀՍՀ հետևյալ թեմատիկ Բ–երը՝ աշխարհագրության և երկրաբանության, արվեստի, բժշկության, գյուղատնտեսության, գրականության, ընդհանուր պատմության, լեզվաբանության, կենսաբանության, հայ ժողովրդի պատմության, Հայաստանի պատմական աշխարհագրության, ՍՍՀՄ ժողովուրդների պատմության, հնագիտության և ազգագրության, ճարտարապետության, մանկավարժության, ժողովրդական կրթության և հոգեբանության, պետության և իրավունքի, ՍՄԿԿ, ՀԿԿ, միջազգային կոմունիստական շարժման պատմության, մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության, տեխնիկայի և շինարարության, տնտեսագիտության, փիլիսոփայության, քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության և մաթեմատիկայի, ֆիզկուլտուրայի և սպորտի։ ՀՍՀ թեմատիկ և ընդհանուր այբբենական Բ–երի կազմմանը և քննարկմանը մասնակցել է շուրջ 5000 մարդ։ Հրատարակության տեսակին և պրոֆիլին համապատասխան Բ․ կազմելիս սահմանվել է հանրագիտարանի նյութն ընդգրկող գլխավոր պրոբլեմների, ընդհանուր և տեղական նյութի, արդի և անցյալ շրջանների, տեսական, տեղեկատու և կենսագրական հոդվածների, հասարակական ու բնատեխնիկական գիտությունների հարաբերակցությունը։ Իր հերթին հաշվի է առնվել, որ ընդհանուր նյութն ընդգրկող տերմինները (հոդվածները) հիմնականում պետք է առնչված լինեն Հայաստանի պատմության հետ, բացահայտեն մի կողմից հայ ժողովրդի, մյուս կողմից սովետական, ինչպես նաև աշխարհի տարբեր ժողովուրդների կապերն ու փոխազդեցությունները։ Բ–ի ամեն մի տերմին ուղեկցվել է համառոտ ծանոթագրությամբ, նշվել է ծավալը (նիշերով), անհրաժեշտ դեպքում՝ պատկերազարդման տեսակը, մատենագիտությունը, վկայակոչումը։ Թեմատիկ Բ–երի հիման վրա կազմվել է ՀՍՀ ընդհանուր այբբենական Բ․, որն իր հերթին բաժանվել է հատորների։ Բ–ի հետ սերտորեն առնչվում են անձնանունների, ինչպես նաև պատկերազարդվող ու վկայակոչվող տերմինների Բ–երը, որոնք փաստորեն նրա բաղկացուցիչ մասերն են։ Բ․ մշտապես թարմացվում է, հարստանում ժողովրդական տնտեսության, գիտությանու մշակույթի նորույթներով։ Աշխատանքը Բ–ի վրա շարունակվում է ընդհուպ մինչև հանրագիտարանի տպագրվելը։ Ընդհանուր այբբենական Բ–ի կարևոր տարր է բաց թողնված կամ նոր ի հայտ եկած բառ–տերմինների Բ․, որի հիման վրակազմվելու է ՀՍՀ լրացուցիչ հատորը։
Բ–ի կազմման և մշակման համար այժմ որոշ հանրագիտարաններ օգտվում են էլեկտրոնային–հաշվիչ մեքենաների ընձեռած հնարավորություններից։
Ե․ Մաշուրյան
ԲԱՌԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, բառի քերականական ձևերի համակարգը կամ նրանց հարացուցային ամբողջությունը։ Հատուկ է բացառապես փոփոխություններ կրող բառերին և ընդգրկում է սովորաբար հոլովման, խոնարհման համակարգերը, ածականների, որոշ մակբայների համեմատության աստիճանները ևն։ Ժամանակակից հայերենում, օրինակ, Բ–յան են ենթարկվում գոյականները [սիրտ(ը), սրտի(ն), սրտից, սրտով, սրտում, սրտեր(ը), սրտերի(ն), սրտերից, սրտերով, սրտերում], դերանունների մի մասը (դու, քո, քեզ․․․,սա, սրա, սրան ևն), բայերը (խոսում եմ, խոսեցի, խոսեմ, խոսիր, խոսում ենք, խոսեցինք, խոսենք, խոսեցեք ևն), որակական ածականներն ըստ համեմատության աստիճանների (մեծ, ավելի մեծ, մեծագույն || ամենամեծ)։ Գրաբարում փոփոխվել են նաև ածականները, թվականները, որոնք (ինչպես և ուրիշ բառեր) ժամանակակից հայերենում Բ–յան են ենթարկվում միայն փոխանվանաբար գործածվելիս։ Ռուսերենում նույնպես Բ․ բնորոշ է գոյականներին, ածականներին, թվականներին, դերանուններին, բայերին, որոշ մակբայների։ Լեզուներում Բ․ կարող է իրագործվել բառափոխական երկրորդական ձևույթների ավելացումով (գործ–գործի, մարդ–մարդու),