Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲԵՐԻՆԳԻ ԾՈՎ Վ. Բերինգի անունով Խաղաղ օվկիանոսի կիսափակ ծով Ասիա և Հյուսիսային Ամերիկա մայր ցամաքների, Ալեության ու Կոմանդորյան կղզիների միջե։ Բերինգի նեղուցով միացած է Չուկոտի ծովին։ Մակերեսը 2304 հզ. կմ է, միջին խորությունը՝ 1598 մ, առավելագույնը՝ 4191 մ։ Ափերը բարձր են, ժայռոտ, կտրտված բազմաթիվ ծովախորշերով և Անադիրի, Օլյուտորի, Բրիստոլի, Նորտոնի ծոցերով։ Բ. ծ. են թափվում Անադիր, Ապուկա, Յուկոն, Կուսկոկվիմ և այլ գետեր։ Կղզիները՝ Կարագինյան, Ս. Լավրենտիոսի, Նունիվակի, Պրիբիլովի, Ս. Մաթեոսի, ունեն մայրցամաքային ծագում։ Բնորոշ են մեծ ամպամածությունները, ձմեռային ուժեղ փոթորիկները, օրգանական աշխարհի արկտիկական և բորիալ ձևերի առկայությունը։ Ծովային հոսանքներն ունեն ժամացույցի սլաքի շարժմանը հակառակ ուղղություն։ Տարվա մեծ մասը ծածկված է լողացող սառույցներով։ Հարուստ է ձկներով, կաթնասուններից հայտնի են ծովաշունը, կամչատկյան կուղբը, փոկը, երկարականջ փոկը, գորշ կետը, կաշալոտը։ Հարուստ է «թռչնաշուկաներով»: Զարգացած է ինտենսիվ կետորսությունը, ձկնորսությունը և ծովային գազանորսությունը։ Բ. ծ. Հյուսիսային ծովային ուղու մի մասն է։ Ունի տրանսպորտային կարևոր նշանակություն։ Գլխավոր նավահանգիստներն են Պրովիդենիան (ՍՍՀՄ) և Նոմը (ԱՄՆ):

ԲԵՐԻՆԳԻ ԿՂԶԻ ամենամեծը Կոմանդորյան կղզիների խմբում (Կամչատկայի մարզ, ՌՍՖՍՀ): Տարածությունը 1660 կմ է։ Կղզու հվ-արլ. մասը լեռնային է (բարձրությունը՝ մինչև 751 մ): Հայտնագործել է Վ. Բերինգը 1741-ին, որի անունով էլ կոչվել է։ Տես նաև Կոմանդորյան կղզիներ։

ԲԵՐԻՆԳԻ ՆԵՂՈՒՑ Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի միջև, միացնում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը Խաղաղ օվկիանոսի հետ։ Լայնությունը 35-86 կմ է, խորությունը՝ մինչև 42 մ։ Դիոմիդի կղզիներով բաժանվում է 3 ծովանցքերի։ Հոկտեմբեր-օգոստոսին ծածկվում է լողացող սառույցներով։ Բ. ն. 1648-ին առաջին անգամ անցել են Ս. Դեժնևը և Ֆ. Պոպովը, ապա 1728-ին՝ Վ. Բերինգի արշավախումբը, որի անունով և կոչվել է։ Նեղուցի միջին մասով, Դիոմիդա կղզիներով, անցնում է ՍՍՀՄ-ի և ԱՄՆ-ի պետական սահմանը։

ԲԵՐԻՈ Beriot Շառլ Օգյուստ 20. 2. 1802 Լուվեն 8. 4. 1870 Բրյուսել բելգիացի ջութակահար, կոմպոզիտոր և մանկավարժ։ 1843-52-ին՝ Բրյուսելի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ XIX դ. 1-ին կեսի խոշորագույն երաժիշտներից էր, բելգիական ջութակի դպրոցի հիմնադիրը։ Գրել է ջութակի կոնցերտներ, սոնատներ, վարիացիաներ։ 1858-ին կուրացել է։

ԲԵՐԻՏԱՇՎԻԼԻ Բերիտով Իվան Սոլոմոնի 29. 12. 1884 10. 1. 1885 գ. Վերջինի Թիֆլիսի նահանգ 29. 12. 1974 Թբիլիսի վրացի սովետական ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիական դպրոցի հիմնադիրն ու ղեկավարը Վրաստանում։ ՍՍՀՄ ԳԱ (1939), ՍՍՀՄ ԲԳԱ (1944) և Վրաց. ՍՍՀ ԳԱ (1941) ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի հերոս (1964): Կադր «Մորու բացատը» ֆիլմից (1957, ռեժ. Ի. Բերգման) 1910-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանը։ 1915-19-ին եղել է Օդեսայի համալսարանի պրիվատ-դոցենտ, 1919-ից՝ Թիֆլիսի համալսարանի պրոֆեսոր, 1935-ից՝ այդ համալսարանին կից ֆիզիոլոգիայի ինստ-ի դիրեկտոր, 1941-ից՝ Վրաց. ՍՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստ-ի դիրեկտոր, 1951-ից՝ գիտական ղեկավար։ Գիտական աշխատանքները վերաբերում են նյարդային և մկանային համակարգերի ֆիզիոլոգիային։ Բ. հաստատել է, որ վերջույթների յուրաքանչյուր ռեֆլեկտոր շարժման համար գոյություն ունեն կոորդինացնող ապարատներ ողնուղեղի այն հատվածներում, որտեղ տվյալ վերջույթից զգացող նյարդային թելիկներ են գալիս։ Ուսումնասիրել է մարդկանց և ողնաշարավոր կենդանիների հոգեկան գործունեության ոլորտներից մեկը՝ տարածության մեջ կողմնորոշվելը, և հաստատել, որ կողմնորոշման համար էական նշանակություն ունեն լաբիրինթային ռեցեպտորները՝ տեսողականի հետ միասին։ 1959-ից՝ Բ. ֆիլոգենեզի տեսանկյունով (ձկներից մինչև կապիկը) զբաղվում է պատկերային և հուզական (էմոցիոնալ) հիշողության հարցերով։ Բ. ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է (1941): Երկ. Нервные механизмы поведения высших позвоночных животных, М., 1961; Память позвоночных животных, ее характеристика и происхождение, Тб., 1968; Структура и функции коры большого мозга, М., 1969. Հ Գևորգյան

ԲԵՐԿԼԻ Berkeley Ջորջ 12.3.1685 Կիլկենի մոտ Իռլանդիա 14. 1. 1753 Օքսֆորդ անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ։ 1734-ից՝ եպիսկոպոս։ Իր ուսմունքը Բ. գիտակցաբար ուղղել է անգլիական լուսավորության սոցիալական, բարոյական և կրոնական ազատամտության գաղափարների դեմ՝ քննադատելով նաև դրանց զարգացման համար նշանակալից դեր խաղացած Լոկկի փիլիսոփայական և Նյուտոնի բնագիտական հայացքները։ Նկատելով, որ մատերիալիզմի և աթեիզմի համակարգերն անհրաժեշտաբար հենվում են մատերիայի կամ «մարմնական սուբստանցի» գաղափարի վրա, Բ. գտնում էր, որ «հենց որ հանվի այդ անկյունաքարը, ամբողջ շենքն անխուսափելիորեն պետք է փլուզվի» (Трактат о началах человеческого знания, СПБ, 1905, с. 129): Մատերիայի՝ որպես առարկայական բացարձակ բնության գաղափարը քննադատելիս Բ. ելնում էր այն բանից, որ մարդկային իմացության առարկաները ներկայացնում են «իդեաներ» (գաղափար, պատկերացում ունենալու իմաստով), որ ընկալող հոգին ունի որպես զգայություններ և դրանց վերարտադրություններ։ Սուբյեկտի կողմից անմիջականորեն վերապրող այս փորձը, ըստ Բ-ի, միակ իրականությունն է, որ գոյություն ունի, չի կարելի խոսել դրանից դուրս առարկաների մեկ ուրիշ՝ անվերապահ, բացարձակ գոյության մասին, այսինքն, առարկաներին վերագրել «երկակի գոյություն», ոգու մեջ՝ մտածվող, իսկ ոգուց դուրս՝ իրական։ Չընկալելի հատկություններով օժտված առարկաներ գոյություն չունեն։ Esse est periipi-առարկաների գոյությունն ընկալելի լինելն է։ Իդեալիստական սենսուալիզմի այս ելակետից Բ. գտնում էր, որ առաջնային հատկությունները (ձևի, թանձրության, շարժման ևն) ամբողջովին հանգում են տեսողական, լսողական և մյուս երկրորդային հատկություններին, որոնք չեն կարող գոյություն ունենալ ինքնին՝ ընկալվող սուբյեկտից անկախ։ Մատերիայի վերացական ընդհանուր գաղափարը մերժելու համար Բ. քննադատում էր նրա գոյացման մեթոդը՝ Լոկկի վերացարկման տեսությունը. իրական (ընկալելի) հատկություններից զերծ մատերիայի և առհասարակ ամեն մի ընդհանուր-վերացական գաղափար անհնարին է, քանի որ վերացարկել, այսինքն՝ առարկայից մեկուսացված մտապատկերել, կարելի է միայն այն, ինչը բաժանելի է ընկալման մեջ։ Եզակի գաղափարն ընդհանուրի դեր կարող է ստանձնել՝ տեղակայելով կամ ներկայացնելով առանձին առարկաները, այսուհանդերձ ինքը մնալով եզակի։ Իդեալիստական սենսուալիզմի և ծայրահեղ նոմինալիզմի նույն դիրքերից «Անալիստը» պամֆլետում Բ. հատկապես քննության է առել Նյուտոնի և Լայբնիցի ստեղծած անվերջ փոքրերի հաշիվը և, նշելով դրա ելակետային հասկացությունների ու կիրառած մեթոդի մեջ առկա անորոշությունները, դրանով իսկ «բացասական խթանիչ» է հանդիսացել XVIII դ. անգլիացի մաթեմատիկոսների առաջադրած անվերջ փոքրի, սահմանի, ֆլյուքսիայի և այլ գաղափարների ճշգրտման համար։ Բ-ի գլխավոր աշխատությունն է՝ «Տրակտատ մարդկային իմացության սկզբունքների վերաբերյալ» (1710): Գրկ. Լենին Վ. Ի., Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ, երկ., հ. 14: Быховский Б. Э., Беркли, М., 1970. Հ Գևորգյան

ԲԵՐԿԼԻՈՒՄ բերկելիում, Bk, ակսփնիդների ընտանիքի արհեստական ռադիոակտիվ քիմիական տարր, կարգահամարը՝ 97: Անվանվել է ի պատիվ հայտնաբերման վայրի՝ Բերկլի քաղաքի (Կալիֆոռնիա, ԱՄՆ): Ստացվել են 243-250 զանգվածների թվեր ունեցող իզոտոպներ, որոնցից ամենակայուններն են իզոտոպը ռմբակոծելով α-մասնիկներով (Ս. Թոմպսոն, Ա. Գիորսո, Գ. Սիբորգ, 1949): Հատկությունները, որոնցով նման է կյուրիումին, վատ են ուսումնասիրված։ Ստացվել են եռարժեք Բ-ի միացությունները։ Հետուրանային մյուս տար․