Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վենաների դեմ մղված մարտերին։ 1918-ին Ուկրսփնայում կազմակերպել է պարտիզանական ջոկատներ, եղել է Առաջին ուկրաինական սովետական դիվիզիայի Տարասչանսկի գնդի հրամանատար։


ԲՈԺԻ Միխայիլ Միխայլովիչ [ծն․ 7(20)․9․ 1911, Նիկոլաև], ուկրաինացի սովետական նկարիչ։ ՍՍՀՄ ժող․ նկարիչ (1963)։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1962)։ 1933-ին ավարտել է Նիկոլաևի գեղարվեստական տեխնիկումը։ Նկարում է դիմանկարներ և ժանրային պատկերներ՝ «Սովետական Միության հերոս Ռ․ Կուշլյանսկու դիմանկարը» (1945), «Գերազանցիկ Սվետլանա Շիպունովան» (1950), «Բուժքույրը» (1955), «Վ․ Ի․ Լենին» (1959–61), «Քսաներորդ դար» (1964–67)։


ԲՈԺՈԺ, թրթուրների հյուսած պաշտպանական պատյան։ Սովորաբար հյուսվում է մետաքսաթելից, որ անջատում են թրթուրները՝ հարսնյակ դառնալուց առաջ։ Շերամորդի բոժոժ Այդպես են շատ թիթեռների, ցեցերի և շերամորդի, ինչպես նաև որոշ մրջյունների Բ–ները։ Շերամորդինը բնական մետաքսաթելի ստացման հումք է։ Առավել արդյունաբերական նշանակություն ունի թթենու շերամորդինը։ Բ․ հյուսվում է բնական կամ արհեստական բոժոժակալների վրա։ Հյուսումը տևում է 2–3 օր։ Թրթուրը կատարում է մինչե 300 հզ․ ութաձև շարժում՝ հյուսելով 300–1500 մ մետաքսաթել։ Բ–ներից մետաքսաթելը հանվում է ավտոմատացված հաստոցներով (տես Բոժոժամանում)՝․ Բ–ի որակը որոշվում է մետաքսաթելի նրբությամբ, պարունակությամբ և մանվողականությամբ։ Մետաքսաթելի պարունակությունը կազմում է 15–30%, իսկ մանվողականությունը՝ 80–85%։ Բ․ լինում է գնդաձև, ձվաձև, գոտիավոր, երկարավուն։ Կշիռը տարբեր է՝ 1,2-3,5 գ։ Ս․ Սարգսյան


ԲՈԺՈԺԱՀՅՈՒՍՆԵՐ, մետաքսագործներ (Lasiocampidae), թիթեռների ընտանիք։ էգերը արուներից խոշոր են, թևերի բացվածքը՝ մոտ 8 սմ՝․ Մարմինը մազածածկ է։ Արուների բեղիկները երկար են, սանրակերպ, էգերինը՝ կարճ։ Բերանային օրգանները զարգացած չեն։ Ձվադրում են (սովորաբար կույտերով) փշատերև ու սաղարթավոր ծառերի բարակ ճյուղերի և տերևների վրա։ Հարսնեկավորման ժամանակ բոժոժ են հյուսում այն մետաքսաթելից, որն արտադրվում է ներքին շրթունքի հյուսող գեղձից (այստեղից՝ Բ․ անունը)։ Հայտնի է մոտ 1000 տեսակ՝ տարածված ամենուրեք։ ՍՍՀՄ–ում կա մոտ 50, իսկ ՀՍՍՀ–ում՝ 17 տեսակ։ Թրթուրների մեծ մասը սնվում է թթենու, կաղնու, հաճարենու, կեչու բողբոջներով ու տերևներով, մնացածը՝ միայն փշատերևներով։ Շատ տեսակներ անտառների և պտղատու այգիների վնասատուներ են։ Բ․ Բաղդասարյան


ԲՈԺՈԺԱՄԱՆՈՒՄ, կծկման եղանակով բոժոժաթելերից հում մետաքսի ստացման տեխնոլոգիական պրոցես։ Տեսակավորված բոժոժները շոգեհարում են՝ բոժոժաթելը սոսնձող սերիցինը (օրգանական նյութ) փափկացնելու նպատակով, ապա գտնում թելի ծայրերը։ Տեքստիլային գործվածքների պատրաստման համար բոժոժաթելը շատ բարակ է, դրա համար էլ միաժամանակ կծկում են մի քանի (3-ից մինչև 10) բոժոժներ և թելերը սերիցինով միացնում իրար։ Բ․ աշխատատար պրոցես է, կատարվում է ավտոմատ հաստոցներով։ Բոժոժի մշակմամբ զբաղվել են դեռևս միջնադարյան Հայաստանում։ Տնայնագործական եղանակով մշակվել է Մեղրիում, Գողթնում, Իջևան–Տաուշում, Աշտարակում, Շամախիում, Նուխիամ, այլ վայրերում։ Բոժոժաթելն օգտագործվում էր գուլպա, սռնապան, գլխաշոր ևն գործելու համար։ Բոժոժը ծաղկաթերթիկների և այլ զարդանախշերի ձևով կտրատում էին՝ ասեղնագործ ծածկոցներ, նկարի շրջանակներ ևն պատրաստելու նպատակով։


ԲՈԼ (Balle) Զոն (ծն․ թ․ անհտ․– 15․7․ 1381, Սենտ–Օլբանս), յորքցի հոգևորական, ժողովրդական քարոզիչ Անգլիայում, 1381-ի գյուղացիական ապստամբության առաջնորդներից, գյուղացիական պլեբեյական լոլարդների հերձվածի գաղափարախոս։ Բ․ իր քարոզների մեջ պահանջել է եկեղեցական գույքի բռնագրավում, եկեղեցական տասանորդի նվիրապետության և ճորտատիրության վերացում, դասերի հավասարեցում, գույքի ընդհանրություն։ Գյուղացիությանը ապստամբելու կոչ է արել, որի համար 1381-ին բանտարկվել է։ Ապստամբ գյուղացիները Բ–ին ազատել են բանտից, և նա Ու․ Թայլերի հետ մեկտեղ ղեկավարել է ապստամբությունը, որի ճնշումից հետո մահապատժի է ենթարկվել։


ԲՈԼԱՏ ՂԱԶԱՐ (12․5․1861, Կ․ Պոլիս – 3․4․1927, Կահիրե), հայ գյուղատնտես, հրատարակիչ–խմբագիր։ Սովորել է տեղի Մեսրոպյան, ապա Ղալաթիայի Ամենափրկչյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Ֆրանսիայի Մյոզ գավառի Մեռլինեի հողագործական վարժարանում (1878–81)։ Հայ բնակչության մեջ երկրագործական գիտելիքներ տարածելու նպատակով 1896-ին հիմնադրել և մինչև 1899-ը խմբագրել է «Հանրագիտակ» շաբաթաթերթը։ 1899–1900-ին խմբագրել է Կ․ Պոլսի «Ծաղիկ» հանդեսը։ 1905-ից բնակություն է հաստատել Եգիպտոսում։ Վ․ Դարյան


ԲՈԼԴՈՒԻՆ (Baldwin) Սթենլի (1867–1947), անգլիական պետական գործիչ, պահպանողական կուսակցության պարագլուխ։ «Բոլդուինս լիմիթիդ» պողպատաձուլական ֆիրմայի համատեր։ 1908-ից՝ պառլամենտի անդամ։ 1921–22-ին՝ առևտրի, 1922–23-ին՝ ֆինանսների մինիստր։ 1923-ի մայիսից 1924-ի հունվարը և 1924-ի նոյեմբերից 1929-ի հունիսը՝ պրեմիեր–մինիստր։ Բ–ի կառավարությունը ճնշեց անգլ․ բանվորների ընդհանուր գործադուլը (1926-ի մայիս), ռազմական ինտերվենցիա ձեռնարկեց չինական հեղափոխության դեմ, խզեց դիվանագիտական հարաբերությունները ՍՍՀՄ–ի հետ (1927-ի մայիս)։ Մակդոնալդի «ազգային կառավարությունում» (1931–35) Բ․ Խորհրդի լորդ–նախագահն էր, 1935–37-ին՝ նորից պրեմիեր–մինիստր։ Բ–ի կառավարությունը վարում էր ֆաշիստական ագրեսիայի թողտվության քաղաքականություն։


ԲՈԼԵՐՈ (իսպ․ bolero), իսպանական ժողովրդական պար, եռամաս չափով։ Պարում են (մենապար, զուգապար ևն) կիթառի ու թմբուկի նվագակցությամբ, երգելով՝ բարդ ռիթմերով կափկափելով կաստանիետները։ Ստեղծվել է մոտ 1780-ին, XIX դ․ սկզբից մուտք է գործել նաև թատրոն։ Բ–ի ձևով գրվել են օպերաների (Լ․ Ֆ․ Օբեր, Հ․ Բեռլիոզ, Կ․ Մ․ Վեբեր), բալետների (Պ․ Ի․ Չայկովսկի, Լ․ Դելիբ) առանձին համարներ, ռոմանսներ (Մ․ Ի․ Գլինկա, Ա․ Ա․ Դարգոմիժսկի, Լ․ Դելիբ), գործիքային պիեսներ (Ֆ․ Շոպեն, Ի, Ալբենիս, Մ․ Ռավեք)։


ԲՈԼԻԴ (<հուն․ (βολίδος – նետողական զենք), խոշոր ասուպ, կազմված է կորիզից, գլխից և պոչից։ Պայծառությամբ Բ–ները գերազանցում են նույնիսկ Վեներային։ Երևույթը սովորաբար ուղեկցվում է դղրդյունով, պայթյունով և թողնում լուսավոր հետք, հաճախ ավարտվում է երկնաքարի անկումով։ Հայաստանում Բ–ի անկման (1641, սեպտ․ 22) հետաքրքրական նկարագրություն է տվել Զաքարիա Սարկավագը (XVII դ․)։


ԲՈԼԻՎԱՐ (Bolivar)-ի–Պոնտե Սիմոն (24․7․1783, Կարակաս, Վենեսուելա – 17․12․1830, Սանտա Մարտա, Կոլումբիա), լատինա–ամերիկյան զինվորական և պետական գործիչ, Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի (տես Իսպանական գաղութների անկախության պատերազմ Ամերիկայում 1810–1826) ղեկավարներից։ Ազնվական։ 1810-ի մասնակցել է Վենեսուելայի և Նոր Գրենադայի ազատագրական շարժմանը, ստացել գեներալի աստիճան։ 1813-ին Վենեսուելյան երկրորդ հանրապետության ստեղծումից հետո արժանացավ «ազատարարի» պատվավոր կոչման։ Սակայն 1814-ին պարտվեց և տարագրվեց Ճամայկա։ Վերադառնալով հայրենիք (1816)՝ նա միավորեց երկրի ազատագրական ուժերը։ Նրա ժողովրդականությանը մեծապես նպաստեցին ստրկության վերացումն (1816) ու ազատագրական բանակի զինվորներին հող տրամադրելը (1817)։ 1819-ին ազգային կոնգրեսը Բ–ին նշանակեց Մեծ Կոլումբիա միացյալ հանրապետության պրեզիդենտ։ 1819–22-ին Բոյակայի, Կարաբոբոյի և Պիչինչայի ճակատամարտերում, ջախջախելով իսպանացիներին, Բ–ի բանակը ազատագրեց հանրապետության տերիտորիաները (այժմյան Վենեսուելա, Կոլումբիա, էկվադոր), իսկ 1824-ին՝ Պերուն։ Վերին Պերուում ստեղծված հանրապետությունը, ի պատիվ Բ–ի, կոչվեց Բոլիվիա։ Փորձելով միավորել լատինա–ամե-