ԳԵՆՏ, Գան (ֆլամանդերեն՝ Gant, ֆրանս․ Gand), քաղաք և նավահանգիստ Բելգիայում, Շելդա գետի ափին։ Արևելյան Ֆլանդրիայի վարչական կենտրոնը։ Ջրանցքով կապվում է Հյուսիսային ծովի Օստենդի և Տերնյոզեն նավահանգիստների հետ։ Արդ․ և ֆլամանդական մշակույթի խոշոր կենտրոնն է, տրանսպորտային հանգույց։ 152 հզ․ բն․ (1970)։ Ունի համալսարան (1817-ից)։ Առաջին անգամ հիշատակվում է VII դ․։ Միջնադարյան հատակագծումը, ճարտ․ հուշարձանների առատությունը, հրապարակների ու առափնյակների հնադարյան կառուցապատումը Գ․ կենտրոնին տալիս են քաղաք-թանգարանի տեսք։ Ռոմանական ոճի կառույցներից նշանավոր է ֆլանդրական կոմսերի դղյակը (1180–1200), գոթականներից՝ Բավոնի տաճարը (մոտ 1228– 1559, Վան Էյք եղբայրների «Գենտի խորանով»), 91 մ բարձրությամբ քաղաքային աշտարակը (1183–1339), ռատուշան (1518–35), իսկ ավելի ուշ շրջանից՝ Արդարադատության պալատը (1836–46), համալսարանի գրադարանը (1935–40)։ Գ․–ի համալսարանում 1905–09-ին սովորել է Գ․ Վարուժանը։
ԳԵՇՏԱԼԴ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, XX դարի առաջին կեսի արտասահմանյան հոգեբանության խոշորագույն դպրոցներից մեկը, որի հիմքում դրված է հոգեկան երևույթի, հոգեկան պրոցեսների ուսումնասիրությունն իր ամբողջության մեջ։ Սկիզբ է առել Գերմանիայում։ Գեշտալդ (գերմ․ Gestalt) նշանակում է ամբողջական ձև, պատկեր, կառուցվածք։ Ներկայացուցիչներն էին Մ․ Վերդհայմերը, Վ․ Քյոլերը, Կ․ Կոֆկան, Կ․ Լևինը։ Գ․ հ․ առաջացավ մեխանիստական բնագիտության ու բուրժ․ հոգեբանության ընդհանուր ճգնաժամի ֆոնի վրա, ընդդեմ մեխանիստական ասոցիատիվ հոգեբանության (տես Ասոցիատիվ հոգեբանություն)։ Ընդունում է ամբողջի հոգեբանությունը, ի հակակշիռ «էլեմենտի հոգեբանության»։ Ամբողջականի կառուցվածքի գաղափարը Գ․ հ․–յան ներկայացուցիչները կիրառեցին ըմբըռնման հոգեբանության մեջ, փորձելով այն հիմնավորել փորձառական միջոցներով։ Ըմբռնման կառուցվածքային տեսությունը տարածեցին հոգե–ֆիզիկական, ապա հոգեբանության բոլոր պրոբլեմների վրա։ Գ․ հ․ մերժում է հոգեբանական տարրական պրոցեսների՝ զգայության տեսակների ու որակների առանձին ինքնուրույն ուսումնասիրությունը։ Ըստ Գ․ հ–յան, ըմբռնման կառուցվածքը ոչ թե առարկայի նյութական հատկանիշներով է որոշվում, այլ յուրահատուկ օրենքներով, այսինքն մարդու սուբյեկտիվ վերաբերմունքով և ընկալումներով, որը իդեալիզմի և մեխանիզմի արտահայտության մի նոր ձև էր։ Գ․ հ․ պնդում էր, որ արտաքին գրգռիչների հետևանքով առաջացած գրգիռները գլխուղեղում գոյացնում են բնախոսական «կառուցվածքներ», որոնք համապատասխանում են հոգեկան երևույթների «կառուցվածքներին»։ Չնայած բուրժ․ հոգեբանության վրա իր ժամանակին ունեցած մեծ ազդեցությանը, Գ․ հ․ հոգեբանության ոլորտի ոչ պատմական ըմբռնման, ձևի, դերի գերագնահատման և մեթոդոլոգիական արատների հետևանքով չդիմացավ ժամանակի փորձությանը։ Գրկ, Анцыферова Л․ И․, Гештальтпсихология, в кн․։ Современная психология в капиталистических странах, М», 1963․
ԳԵՈ․․․ (<հուն․ – երկիր), երկրա–բանությանը վերաբերող բարդ բառերի սկզբնամաս (օրինակ՝ գեոսինկլինալ, գեոմորֆոլոգիա ևն)։
ԳԵՈԱՆՏԻԿԼԻՆԱԼ (գեո․․․ և անտիկլինալ), երկրակեղևի մասնակի, նեղ կամարաձև բարձրացում գեոսինկլինալային համակարգի սահմաններում։ Գ․-ները մի քանի տասնյակ կմ լայնություն և հարյուրավոր կմ երկարություն ունեցող գալարուն գոտիներ են։ Գոյություն են ունենում մի քանի երկրաբանական դարաշրջանների ընթացքում։ Գեոսինկլինալային համակարգերի ընդհանուր ինվերսիայից հետո ինտրագեոանտիկլինալները վեր են ածվում սինկլինորիումների, իսկ ինտրագեոսինկլինալները՝ անտիկ լինորիումների։ Զարգացման ավարտի փուլերում Գ․–ները դառնում են ծալքավոր կառուցվածքների միջուկներ։ Գեոմորֆոլոգիական հատկանիշներով Գ․–ին զգալի չափով նմանվում են ստորջրյա ներօվկիանոսային լեռնաշղթաները (ռիֆտոգենալները), որոնք հանդես են գալիս իբրև ճկուն շառնիրներ և ձգվում են մոտավորապես մայրցամաքների ափերին զուգահեռ։ Ստորջրյա Գ․-ային լեռնաշղթաների ընդհանուր երկարությունը կազմում է 65000 կմ։ Դրանց բնորոշ օրինակ է Ներատլանտյան լեռնաշղթան։ «Գ․» տերմինն առաջին անգամ օգտագործել է Ջ․ Դանան (1873-ին), հակադրելով այն գեոսինկլինալին։ Վերջին տարիներին որոշ հեղինակներ օգտագործում են նաև էվգեոանտիկլինալ հասկացությունը այն Գ․–ների նկատմամբ, որոնք կազմված են առավելապես ծալքավոր հրաբխածին շերտախմբերից և ինտրուզիվ զանգվածներից։ Գ․–ի օրինակ են Կուրիլյան կղզիների աղեղը, Ուրալի առանցքային մասը կազմող Ուրալտաու լեռնաշղթան։
ԳԵՈԴԵԶԻԱ (հուն․ – երկիր և – բաժանում եմ), գիտություն երկրի ձևը, չափերը և գրավիտացիոն դաշտը որոշելու, ինչպես նաև պլանների ու քարտեզների վրա պատկերելու և գիտա-պրակտիկ նպատակներով երկրի մակերևույթի վրա կատարվող չափումների մեթոդների մասին։ Երկրի ձևը և չափերը որոշելիս Գ․ ելնում է երկրի մակարդակային մակերևույթների հասկացությունից։ Որպես երկրի հիմնական մակարդակային մակերևույթ, Գ․–ում ընդունում են օվկիանոսների ու նրանց հետ կապված ծովերի ջրի մակերևույթը հանգիստ ու հավասարակշռության վիճակում, մտքով շարունակած ցամաքների տակով, այնպես որ այն ուղղահայաց գծերը ամեն տեղ հատի ուղիղ անկյան տակ։ Այդ մակարդակային մակերևույթի ձևը Գ․–ում ընդունում են որպես երկրի հարթված ձև և կոչում գեոիդ։ Գեոիդի ձևը մաթեմատիկորեն որոշելի չէ։ Աստղաբաշխական և գեոդեզիական չափումների արդյունքները և երկրի ձևի տեսությունը ցույց են տալիս,որ գեոիդի ձևը շատ մոտիկ է պտտման էւիպսոիդին։ Այն էլիպսոիդը, որը իր չափերով և երկրի մարմնի մեջ իր դրությամբ ամենից ավելի ճիշտ է ներկայացնում գեոիդի ձևը, կոչվում է երկրային ընդհանուր էլիպսոիդ։ Երկրի ձևի ուսումնասիրությունը կատարվում է գեոիդին մոտ երկրի էլիպսոիդի չափերը, երկրի մարմնի մեջ նրա դրությունը, ինչպես նաև այդ էլիպսոիդից գեոիդի շեղումը որոշելու միջոցով։ Եթե այնուհետև որոշվի երկրի մակերևույթի կետերի փոխադարձ դրությունը և նրանց բարձրությունը գեոիդի մակերևույթի նկատմամբ, ապա այսպիսով ուսումնասիրված կլինի երկրի ֆիզիկական մակերևույթի ձևը։ Երկրային էիպ– սոիդի ձևը և մեծությունը որոշվում են աստղաբաշխական դիտողությունների (Երկրի մակերևույթի որոշակի կետերում ուղղահայաց գծերի ուղղության որոշում) և գեոդևզիական չափումների (հիշյալ կետերի գեոդեզիական լայնության և եր՝ կայնության որոշում) հիման վրա։ Աստղաբաշխական և գեոդեզիական չափումների ամբողջությունը, որի նպատակն է որոշել երկրի ձևը և չափերը, կոչում են աստիճանային չափումներ։ Վերջիններս համարվում են այդ պրոբլեմի լուծման երկրաչափական մեթոդներ։ Երկրի ձևի և գրավիտացիոն դաշտի ուսումնասիրությունը ներկայումս կատարվում է նաև ֆիզիկական և դինամիկ մեթոդներով, որոնք հենվում են ծանրության ուժի արագացման չափումների (որի մեթոդները մշակում է գրավիմետրիան) և երկրի արհեստական արբանյակների ու տիեզերական թռչող ապարատների դիտողությունների վրա։
Գեոդեզիական գիտելիքների բնագավառը բաժանվում է բարձրագույն գեոդեզիայի և Գ․–ի։ Բարձրագույն Գ․–ի հիմնական խնդիրն է երկրի ձևի, չափերի ու գրավիտացիոն դաշտի որոշումը և երկրի մակերևույթի ուսումնասիրության համար գեոդեզիական հիմքի ստեղծումը, այդ նպատակով ճշգրիտ չափումներ կատարելու մեթոդների մշակումը։ Գեոդեզիական հենման կետերը ստեղծվում են մեծ մասամբ տրիանգուլյացիայի մեթոդով։ Այդ մեթոդի էությունը տեղանքում եռանկյունիների ցանցի ստեղծման մեջ է, որտեղ մեծ ճշտությամբ չափված ներքին անկյունների և կողմերից մեկի միջոցով, եռանկյունաչափական սկզբունքով որոշում են մնացած եռանկյունիների կողմերի երկարությունները և եռանկյան գագաթների կոորդինատները։ Պլաններ և քարտեզներ կազմելու համար կետերի բարձրությունները որոշում են գլխավորապես երկրաչափական նիվելիրացման միջոցով։ ՍՍՀՄ–ում կետերի բարձրությունները որոշում են Բալթիկ ծովի Կրոնշտադ կղզու խորաչափի մակարդակից։ Գեոդեզիական հենման կետերը տեղանքում ամրացվում են հատուկ նշաններով։ Պլաններ և քարտեզներ կազմելու նպատակով, Գ․ ուսումնասիրում է տեղանքում չափումներ կատարելու մեթոդներն ու տեխնիկան, որոնց ամբողջությունը կոչվում է տեղագրական հանույթ, իսկ Գ․–ի համապատասխան բաժինը՝ տեղագրություն (տոպոգրաֆիա)։ Ներկայումս տերիտորիայի օգտագործման հետ կապված ոչ մի ինժեներակակ