տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, հիվանդանոց։ Գ-ի շրջապատում պահպանվել են հին գյուղատեղի, գերեզմանատուն և կիսավեր եկեղեցի (X դ.)։ Գ. հիմնադրվել է X դ.։
ԳԵՂԻ, Քեղի, միջնադարյան բերդ, դղյակ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Մազազ գավառում, Ազատ գետի աջ ափին (այժմյան Արտաշատի շրջանի Իմիրզեկ հնավայրից արևելք)։ Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (IX–X դդ․) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ XI դ․ անցել է Պահլավունիներին, XII –XIII դդ․ այն տիրել են Պռոշյանները։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924-ին Գ–ի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց։ Գ․ վերջին անգամ հիշատակվում է 1224-ին, երբ Գառնիի մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ։ Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Դեպի հս–արլ․ ձգվում են պարիսպները, որոնք ունեն 2–2,5 մ հաստություն, 8–10 մ բարձրություն և աշտարակներ։ Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին, այլ շենքերի ավերակներ։ Նույնանուն բերդ եղել է նաև Սյունիքում, այժմյան Գեղի գյուղի տեղում։ Գ–ի բերդը հիշատակում է նաև Մուրացանը իր «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։
Գրկ․ Հովսեփյան Գ․, Խաղբակյանք կամ Պռոշյանք Հայոց պատմության մեջ, հ․ Ա, Անթիլիաս, 1969։ Հովհտննիսյան Մ․, Հայասաանի բերդերը, Վնտ․, 1970։
ԳԵՂԻՍ, Կեղիս, հայաբնակ գյուղ Արևմտյան Հայաստանում, Մոկաց աշխարհի Ապարկերտ գավառում։ XX դ․ սկզբին ուներ 9 տուն բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Մ․ Քրիստափոր), հվ․ մասում, բլրակի վրա, կառուցված էր Ա․ Հովհանու վանքը, իսկ արլ․ մասում՝ Ս․ Սարգիս զորավարի եկեղեցին։ Գ.-ի մոտակայքում էր նաև Ս․ Կիրակոսի վանքը։
ԳԵՂՀՈՎԻՏ (մինչև 1968-ը՝ Դարանլուղ), գյուղ Հայկական ՍՍՀ Մարտունու շրջանում, Մարտունի–Եղեգնաձոր խճուղու վրա, շրջկենտրոնից 5 կմ հարավ։ Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտի, կարտոֆիլի մշակությամբ։ Ունի միջնակարգ Գեղհովիտ դպրոց, գրադարան, ակումբ, մսուր–մանկապարտեզ, բուժկայան, կինո։ Գործում է տեղական արդյունաբ․ գործարանի մասնաճյուղը։ Գ–ից հվ–արմ․ պահպանվել են կիկլոպյան ամրոցի մնացորդներ, գյուղատեղիներ, խաչքարերով գերեզմանատներ, կարասային թաղումներով դամբարաններ։ Այժմյան բնակիչների նախնիները եկել են Ալաշկերտի շրջանից, 1823-ին։ Հիմնադրվել է XV– XVI դդ․։
ԳԵՂՁԱՆՄԱՆՆԵՐ, ադենոիդներ (հուն, άδήν – գեղձ և είδος – տեսք), քթա–ըմպանային խոռոչում և բկանցքում գտնվող ավշային գոյացությունների գերաճումներ։ Հաճախ նկատվում են 4–8 տարեկան երեխաների օրգանիզմում։ Երբեմն շատ մեծանալով, փակում են քթի խոանները, դժվարացնում քթային շնչառությունը։ Երեխան բերանը միշտ բաց է պահում, որի պատճառով առաջանում է քրոնիկական հարբուխ, ատամների անկանոն աճ։ Փակելով միջին ականջի եվստախյան խողովակի ըմպանային բացվածքները, Գ․ պատճառ են դառնում ականջների հիվանդությունների, լսողության թուլացման, անկանոն քնի։ Երեխաները դառնում են անուշադիր, տուժում են մտավոր ունակությունները, երբեմն լինում է գիշերամիզություն։ Բուժումը՝ վիրահատություն։
ԳԵՂՁԵՐ (Glandulae), մարդու և կենդանիների օրգաններ, որոնք մշակում և արտազատում են օրգանիզմի կենսագործունեությանը մասնակցող յուրահատուկ նյութեր։ Որոշ Գ․ (թքագեղձեր, կաթնագեղձեր, քրտնագեղձեր ևն) ունեն արտատար ծորան և կոչվում են արտազատիչ կամ արտածոր, իսկ արտադրած հյութը՝ սեկրետ (արտազատուկ)։ Մյուս՝ ներզատիչ Գ․ (վահանագեղձ, մակերիկամներ ևն) ծորան չունեն, և նրանց արտադրած հորմոնը՝ ինկրետը (ներզատուկը), անմիջապես անցնում է արյան կամ ավշի մեջ, տարածվում օրգանիզմում։ Կան նաև խառը (օրինակ՝ ենթաստամոքսային, սեռական) Գ․, որոնք ունեն թե՛ արտազատիչ, թե՛ ներզատիչ բաժիններ։ Որոշ խտացնող Գ․ (երիկամներ, քրտնագեղձեր, մասամբ՝ արցունքագեղձեր) արյունից ընտրողաբար կլանում են դիսիմիլյացիայի վերջնական արգասիքները, խտացնում են նրանց և արտազատում դուրս՝ կանխելով օրգանիզմի թունավորումը։ Կան սպիտակուցային կամ շճային Գ․ (հարականջային, ենթաստամոքսային), որոնց արտազատուկներն ունեն սպիտակուցային բնույթ և ջրում լուծվելով արտադրվում են որպես շճային հեղուկներ։ Լորձային Գ․ (կերակրափողի կամ արգանդի Գ․) արտադրում են գլիկոպրոտեիդների շարքին պատկանող մուցին և մուկոիդներ։ Հետերոկրին Գ, միաժամանակ արտադրում են և՛ սպիտակուցային, և՛ լորձային արտազատուկ։ Ճարպային, մասամբ կաթնային Գ–ի արտազատուկներն իրենց բնույթով ճարպանման են, որի հետևանքով ջրում չեն լուծվում։ Գ․ մեծ մասամբ ունեն էպիթելային ծագում։ Էպիթելային որոշ բջիջներում նյութերի արտադրումը և արտազատումը դառնում են գերակշռող և նրանք վեր են ածվում գեղձային բջիջների կամ միաբջիջ Գ–ի։ Վերջիններս բաժականման բջիջներ են՝ տեղակայված շնչական, միզասեռական, մարսողական համակարգի լորձաթաղանթի գլանաձև բջիջների արանքում և արտադրում են լորձ, որը խոնավ է պահում լորձաթաղանթի մակերեսը։ Բազմաբջիջ Գ–ի անատոմիա–ֆիզիոլոգիական միավորը՝ ադենոմերը, կազմված է խոռոչից և ծորանից։ Ըստ ադենոմերի ձևի (երկարավուն կամ կլորավուն) Գ․ լինում են խողովակաձև և բշտիկաձև (ալվեոլային)։ Գնդաձև ադենոմերներին երբեմն անվանում են ացինուսներ։ Ստամոքսաելքի, ստամոքսի հատակի, արգանդի Գ․ կազմված են մեկ ադենոմերից ու չճյուղավորված արտատար ծորանից և կոչվում են պարզ (խողովակաձև կամ բշտիկաձև)։ Բարդ Գ․ կազմված են մեծ քանակությամբ ադենոմերներից, որոնց ծորանները միանալով կազմում են ընդհանուր արտատար ծորան։ Ըստ ադենոմերի ձևի, բարդ Գ․ լինում են խողովակաձև (օրինակ՝ ենթալեզվային թքագեղձը), բշտիկաձև (ենթաստամոքսային, հարականջային Գ․) և բշտիկա–խողովակաձև (ենթածնոտային թքագեղձ)։ Երբեմն խողովակաձև ադենոմերները ճյուղավորվելով միանում են միմյանց և Գ․ դառնում են բարդ ցանցաձև (լյարդ, հիպոֆիզի առաջային բիլթ ևն)։ Պարզ և բարդ Գ․ շրջապատված են․ շարակցական հյուսվածքով, որով անցնում են արյունատար անոթները և նյարդերը։ Գ․ ենթակա են հիվանդությունների (զարգացման արատներ, բորբոքումներ, չարորակ ուռուցքներ, ֆունկցիայի նվազում կամ ուժեղացումը։
ԳԵՂՁՈՒՌՈՒՑՔ, տես Ադենոմա։
ԳԵՂՋԱՎԱԳ, գյուղական համայնքի ավագ, պետ՝ հին և միջնադարյան Հայաստանում։ Ընտրվել է գյուղական համայնքի ընդհանուր ժողովում (սովորաբար ունևոր խավի ներկայացուցիչներից)։ Պարտականությունն է եղել կարգավորել և հսկել համայնքի ներքին գործերը՝ հողաբաժանությունը,