Կ, հայերեն այբուբենի տասնհինգերորդ տառը: Անունն է կեն: Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը՝ տառակերտման սեփական սկզբունքով: Կազմված է երեք ուղղաձիգ՝ երկու երկար և մեկ լայն տարրերից, ընդ որում, երկու երկար գծերը իրար են միանում ստորին ծայրերից, իսկ լայնը, գտնվելով ձախ կողմի երկարի տակ, միանում է զուգահեռ երկարի ստորին մասին: Գրվում է երկու տողագծերի միջև, իսկ լայնը իջնում է ստորին տողագծից ցած՝ Ӌ: Գրչագիր Կ–ի երկարները իրար են միանում ուղիղ նուրբով, ժամանակի ընթացքում աջ երկարը տողագծից մի փոքր ցած է իջնում, լայնը նուրբով զիգզագաձև ձգվում է ներքև, իսկ հետագայում ուղղվում:
Երկաթագիր Կ-ի երկու երկարները իրար են միանում կոր նուրբով Կ: Ժամանակի ընթացքում աջ երկարը փոքր–ինչ ցած է իջնում, լայնը զիգզագաձև ձգվում է ներքև կամ, կորցնելով այն, մի քիչ հակվում դեպի ձախ, իսկ գլխագրում ավելի է ձգվում ներքև և սրվում՝ կ:
Բոլորգիր Կ նույնպես ստեղծվել է գրչագրի հենքից, անցել զարգացման նույն փուլերը՝ կ, սակայն միանգամից անցել է ուղիղ գծի: Շղագիրը՝ կ, և նոտրգիրը՝ ձևվել են բոլորգրի վրա:
Կ նշանակում է ժամանակակից արևելահայ գրական լեզվի ետնալեզվային պարզ պայթական խուլ բաղաձայն հնչյունը (հնչույթը), արևմտահայ գրական լեզվում՝ ետնալեզվային պարզ պայթական ձայնեղ բաղաձայն հնչյունը (հնչույթը)՝ կարմիր–գարմիր, բակ-փագ: Բարբառներում հաճախ քմայնանում է կամ ենթարկվում այլ փոփոխությունների:
Կ նշանակել է վաթսուն և վաթսուներորդ, բյուրի նշանով (Կ՞)՝ վեց հարյուր հազար: Արաբ․թվանշանների գործածությունից հետո էլ օգտագործվել է որպես քանակական և դասական թվական: Այժմ
օգտագործվում է միայն դասական թվականի նշանակությամբ (Գլուխ Կ= Գլուխ վաթսուներորդ):
ԿԱԲԱԼԱ (< եբր. Kabbala – ստացում, ավանդաբար ստացված), հրեական շրջաններում առաջացած գաղտնուսույց թեոսոֆիական համակարգ: Ձևավորվել է X դ.: Տերմինը հրեական հին գրականության մեջ վերաբերում էր հուդայականությանը: X–XI դդ. այն օգտագործվում էր որպես թեոսոֆիական նոր համակարգի
անվանում: Կ. համակցել է գնոսաիցիզմի, պյութագորասականության և նեոպլատոնականության գաղափարները: Կ-ում քննարկված է աստծո էության, աստվածային էմանացիաների (սֆիրաների), աշխարհի, հրեշտակների, մարդու ստեղծման, նրանց ճակատագրի հարցը: Ըստ Կ–ի, այս ուսմունքն ամբողջությամբ շարադրված է Աստվածաշնչում, սակայն միայն Կ–ի գաղտնի տեսությանը տեղյակ ընթերցողը կարող է բառերի, տառերի և դրանց թվային նշանակությունների բարդ համակցումների միջոցով հասկանալ այն: Կ–ի հիմնական դրույթները արտացոլված են «Սեֆեր Ցեցիրա»-ում («Արարչագործության գիրք», III–VIII դդ.) և «Զոհար»-ում («Լույս», XIII դ.): Լինելով մեսիական ուսմունք, Կ. մեծ դեր է խաղացել քրիստոնեական աստվածաբանական գրականության մեջ, հատկապես Վերածննդի դարաշրջանում:
ԿԱԲԱԼԵՎՍԿԻ Դմիտրի Բորիսովիչ [ծն. 17(30).12.1904, Պետերբուրգ], ռուս սովետական կոմպոզիտոր, մանկավարժ, հասարակական գործիչ: ԱՍՀՄ ժող. արտիստ (1963): Արվեստագիտության դ–ր (1965), ՍՍՀՄ ՄԳԱ իսկական անդամ (1971-ից): ԱՄԿԿ անդամ 1940-ից: 1929-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ստեղծագործական, 1930-ին՝ դաշնամուրի բաժինները, 1939-ից՝ նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր: 1952-ից ՍՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար է: Գրել է օպերաներ («Կոլա Բրյունոն», 1937, 2-րդ խմբ.՝ 1968, լենինյան մրցանակ, 1972, «Տարասի ընտանիքը», 1950, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1951, «Կրակի մեջ», 1943, «Նիկիտա Վերշինին», 1955, «Քույրեր», 1969), 4 սիմֆոնիա (1932, 1933, 1934, 1956), կոնցերտներ, սյուիտներ, կանտատներ, «Ռեքվիեմ» մենակատարների, 2 երգչախմբի և նվագախմբի համար (Ռ. Ռոժդեստվենսկու խոսքերով, 1963, Գլինկայի անվ. ՌՍՖՍՀ պետ. մրցանակ, 1966), 2 լարային կվարտետ (№ 2, 1945, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1946), դաշնամուրային պրելյուդներ, կինոնկարների և դրամատիկական ներկայացումների երաժշտություն:
Գրկ. Пожидаев Г. А., Д. Б. Кабалевский. Рассказы о жизни и творчестве, М., 1970