Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ները, Հովհաննես Կամենացին, Ստեփանոս Ռոշքան և այլք: Հայերը Կ–Պ–ում ու շրջակայքում կառուցել են 10 հայկ. եկեղեցի. Խութլուբեյի որղի Սինանի միջոցներով 1398-ին՝ Ս. Նիկողայոսը (շենքը կանգուն է), հետագայում՝ նույնանուն ավելի մեծ եկեղեցին (կիսաբոլոր աբսիդով սրահ, քանդվել է XX դ.), Ս. Աստվածածինը (1598), Ս. Ստեփանոս Նախավըկան [ավերվել է թուրքերի հարձակման (1672) ժամանակ, մնացել է քառահարկ մատուռ–զանգակատունը (XVI դ.)], Ս. Գրիգոր Լուսավորիչը (այրվել է հրդեհից), Ս. Խաչը (հրդեհել են թաթարները 1613-ին) ևն: Կ–Պ–ում պահպանվում են նաև 1368-ին կառուցված խաչաձև–գմբեթավոր տիպի հայոց տաճարի ավերակները: Կ–Պ–ում կար հայկ. կուսանոց, որի համար 1600-ին Գրիգոր Վարագեցի եպիսկոպոսը կառուցել էր առանձին շինություն: Կար հատուկ շենք նաև Լվովի հայոց եպիսկոպոսի համար, որը տարվա մի մասն անցկացնում էր Կ–Պ–ում: Կ–Պ. հայկ. հոգեոր–եկեղեցական խոշոր կենտրոն էր. ունեցել է մեծ ազդեցություն լեհահայոց կյանքում և անվանվել ՝ «Լեհական էջմիածին»: Ինքնատիպ էին նաև հայերի բնակելի տները, արտաքուստ՝ պարզ, ներքուստ՝ զարդարուն: ժամանակի ընթացքում Լեհաստանում հայությունը կորցնում է իր ազգային դեմքը, ձուլվում տեղացիների հետ: XVII դ. վերջին ապազգայնացումն արդեն ընդհանուր երևույթ էր: Մայր հայրենիքի, հայաշատ այլ կենտրոնների հետ ունեցած կապերի շնորհիվ Կ–Պ–ի հայությունը համեմատաբար ուշ ձուլվեց: Բռնի կաթոլիկացումն է՛լ ավելի ուշ կատարվեց (1666), քան այլ վայրերում: Երբ 1672-ին թուրքերը գրավեցին Կ–Պ., հայերի մի մասը հեռացավ լեհերի հետ: Մնացածներից 600 հոգի, չդիմանալով թուրքերի բռնություններին, 1673-ին փորձեցին անցնել Հայաստան: Հասնելով Սև ծովի ափ՝ վարձեցին երեք նավ և դուրս եկան բաց ծով: Փոթորիկը խորտակեց նավերից մեկը: Ափ դուրս եկած հայերը բնակություն հաստատեցին Մակեդոնիայում, բայց հետո փոխադրվեցին Ֆիլիպե (Պլովդիվ), հիմնեցին Ս. Գևորգ եկեղեցին: Հետագայում նրանց մի մասը կրկին անցավ Կ–Պ., երբ այն արդեն ազատագրվել էր (1699) թուրք․ տիրապետությունից: Կ–Պ. են վերադառնում նաև Գալիցիա և այլուր գաղթած հայերից ոմանք և աստիճանաբար նորոգում իրենց տներն ու եկեղեցիները: Հայկ. մագիստրատը վերականգնում է իր գործունեությունը: Սակայն հայերի թիվը Կ–Պ–ում հետզհետե նվազում է հատկապես ժանտախտի հետևանքով: 1790-ին լեհ. իշխողները վերացնում են Կ–Պ–ի հայոց ինքնավարությունը՝ հայկ. դատարանն ու վարչությունը կենտրոնացնելով լեհ. մագիստրատում: Հոգևոր հարցերում Կ–Պ–ի հայերը 1793–1810-ին ենթարկվում էին Մոգիլյով–Պոդոլսկի կաթոլիկ եպիսկոպոսին, այնուհետև՝ Պոդոլյեի հայոց եպիսկոպոսին, որի կենտրոնը Մոգիլյով–Պոդոլսկն էր: 1820-ին Կ–Պ–ում 70 տուն հայ էր մնացել, 1863-ին՝ 63 հայ: Նրանք էլ աստիճանաբար ձուլվել են լեհերի հետ:

Գրկ. Բժշկյան Մ., ճանապարհորդութիւն ի Լեհաստան, Վնտ., 1830:Կամենից. Տարեգիրք Հայոց Լեհաստանի եւ Ռումենիոյ…, հրտ. Ղ. Ալիշան, Վնտ., 1896: Կամենեց Պոդոլսկ քաղաքի հայկական դատարանի արձանագրությունները (XVI դ.), աշփւատասիր. Վ. Ռ. Գրիգորյանի, Ե., 1969: Дикументы на половецком языке XVI в., M., 1967.

Վ. Գրիգորյան

«ԿԱՄԵՆԻՑ ՏԱՐԵԳԻՐՔ», հայ միջնադարյան տարեգրություն: Ատեղծվել է Կամենեց–Պոդոլսկում (այժմ՝ Ուկր. ՍՍՀ–ում): Ընդգրկում է 1410–1652-ի իրադարձությունները: Գրված է հայերեն (1410–1610 և 1648–52) և հայ–ղփչաղերեն (1611 – 23): Հեղինակներն են դեպքերին ականատես Հովհաննես ավագերեցը (1560–1605-ի անցքերը, խմբագրել է նաև նախորդ գվածքները), նրա որդին՝ Գրիգոր ավագե– րեցը (1605–10), վերջինիս որդիներ Հակոբն ու Օգսենը (1611 – 21) և ուրիշ անանուն ժամանակագիրներ (հետագա գրվածքները): «Կ. տ.» արժեքավոր սկզբնաղբյուր է Կամենեց–Պոդոլսկի հայ գաղութի, լեհահայոց այլ գաղթավայրերի և Հայաստանի հետ նրա ունեցած կապերի, թուրք-թաթարական զավթիչների դեմ հայ, ուկրաինացի ու լեհ ժողովուրդների համատեղ պայքարի մասին ևն: «Կ. ա.»-ի բնագիրը գտնվում է Վենետիկի Մխիթարյան մատենադարանում, XVII դ. թերի ընդօրինակությունը՝ Փարիզի ազգային գրադարանում: «Կ. տ.» առաջին անգամ հրատարակվել է 1896-ին, առանձին մասեր թարգմանվել են նաև ուկր., ֆրանս., անգլ. և ռումին.:

Գրկ .Ալիշան Ղ., Կամենից. Տարեգիրք հայոց Լեհաստանի և Ռումենիոյ հաւաստչեայ յաւելուածովք, Վնտ., 1896: Հակոբյան Վ., Հայկական աղբյուրները Ուկրաինայի քաղաքների մասին, «Տեղեկագիր ՀՍՍՀ Գ.Ա., հաս. գիտ.», 1963, N° 2: Дашкевич Я.Р., Армянские колони на Украине в источниках и литературе XV–XIX веков, Е., 1962.

Յա.Դաշկևիչ

ԿԱՄԵՆԿԱ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Սոչիի Ադլերի շրջանում, շրջկենտրոնից 18 կմ արևելք: Բնակվում են հայեր, ռուսներ: Սովետական տնտեսությունն զբաղվում է թեյի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ: Գյուղը հիմնել են ռուսները, 1910-ին: Հայերը եկել են Աբխազիայից 1920-ին:

ԿԱՄԵՆՍԿԻ (Kamieński) Մացեյ [13.10.1734, Շոպրոն (Հունգարիայում) – 25.1. 1821, Վարշավա], լեհ կոմպոզիտոր: Ազգությամբ սլովակ: Լեհ ժողովրդի կյանքին նվիրված «Երջանկացած աղքատություն» (բեմ.՝ 1778) առաջին օպերայի հեղինակն է:

ԿԱՄԵՆՍԿ–ՈՒՐԱԼՍԿԻ, քաղաք ՌՍՖՍՀ Սվերդլովսկի մարզում: Երկաթուղային հանգույց է: 187 հզ. բն. (1979):

ԿԱՄԵՐ (գերմ., եզակի թվով՝ Kamm, բառացի՝ կատար), անթրոպոգենի սառցապատման շրջաններում տարածված թմբեր և բլրաշարեր: Ունեն 2–30 մ բարձրություն: Կազմված են ավազներից, կավային շերտերից, ավազաքարերից: Հաճախ ծածկված են լինում մորեններով,երբեմն՝ վալուններով: Տարածված են ՍՍՀՄ, եվրոպական մասի հս–արմ–ում:

ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ (< ուշ լատ. camera – սենյակ), երաժշտական արվեստի տարատեսակ, գործիքային կամ վոկալ ստեղծագործություն՝ գրված կատարողների ոչ մեծ կազմի համար (մենակատար, դուետ, տրիո, կվարտետ, կամերային անսամբլ ևն): Նախապես սահմանված էր ունկնդիրների նեղ շրջանի համար (կատարվում էր սենյակում, այստեղից էլ՝ անունը): Մինչև XVI դ. վերջը վերաբերում էր միայն վոկալ ժանրերին, սկսած XVII դարից՝ նաև գործիքային երաժշտությանը: XVI–XVIII դդ. «Կ. ե.» տերմինը օգտագործվում էր վոկալ աշխարհիկ երաժշտության առնչությամբ՝ եկեղեցականից առանձնացնելու համար: Կ. ե–յան ձևավորմանը նպաստել է նրա սերտ կապը կենցաղային պարային երաժշտությանը և ժող. երաժշտ. ստեղծագործությանը: Կամերային գործիքային անսամբլների դասական ձևերը (սոնատ, տրիո, կվարտետ, կվինտետ ևն) երևան են եկել ու բարձր զարգացման հասել Յո. Հայդնի, Վ. Մոցարտի, Լ. Բեթհովենի ստեղծագործություններում: Ռոմանտիկ կոմպոզիտորներին (Ֆ. Շուբերտ, Ֆ. Մենդելսոն, Ռ. Շուման) հատկանշական են դաշնամուրային մանրանվագները, պիեսների շարքը, նոր գեղարվեստական արտահայտչամիջոցներով օժտված երգի ժանրը, նաև գործիքային ու վոկալ անսամբլները: Դաշնամուրի համար Կ. ե–յան ընտիր երկեր են ստեղծել Ֆ. Շոպենը, Ֆ. Լիստը: Վոկալ և գործիքային Կ. ե–յան զարգացման ասպարեզում նշանակալից ներդրում ունեն ռուս կոմպոզիտորներ Մ. Գլինկան, Ա. Դարգոմիժսկին, Ա. Բորոդինը, Պ. Չայկովսկին, Մ. Մուսորգսկին, Ն. Ռիմսկի–Կորսակովը, Ա. Տանեևը, Ա. Ռախմանինովը: Բարձրարժեք նմուշներ են ստեղծել 6ո. Բրամսը, Է. Գրիգը, Ա. Դվորժակը, Կ. Դեբյուսին, Մ. Ռավելը, Ա. Շյոնբերգը, Ա. Բերգը, Ա. Վեբեռնը և ուրիշներ: Կ. ե–յանը բնորոշ է արտահայտչամիջոցների նուրբ մանրամասնումը, այն տիրապետում է քնարական հույզեր, հոգեկան վիճակների նրբին փոփոխություններ հաղորդելու մեծ հնարավորությունների: Գեղարվեստական բարձր արժեքով առանձնանում են Ս. Ս. Պրոկոֆևի, Դ. Դ. Շոստակովիչի կամերային երկերը: Հայաստանում դաշնամուրի և լարային* գործիքների համար երկեր են ստեղծվել դեռևս նախասովետական շրջանում: Կ. ե–յան ձևավորման համար մեծ ավանդ ներդրեցին Կոմիտասը, Ա. Սպենդիարյանը, Ն. Տիգրանյանը: 1920-ական թթ. սկսած երևան եկան Կ. ե–յան բոլոր