Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կապի բաժանմունք: Գյուղում հայտնաբերվել են կավից պատրաստած գինու հին կարասներ, խաչքարեր են: Խ–ի հայերի նախնիները 1830-ին գաղթելով Էրզրումից, Կարսից, Մուշից՝ սկզբում բնակվել են Շիրակում, 1872-ին՝ վերաբնակվել Մրագվալում (Խ–ից 5 կմ արմ.), իսկ 1945-ից՝ Խ–ում:


ԽԱՎԵՆ8, Հավենց ց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմար գավառում: 1909-ին ուներ 95 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:


ԽԱՎՈՏՈՒՄ, գործվածքի կամ տրիկոտաժի մեկ կամ երկու երեսների վրա թելիկների վերջավորությունները դուրս քաշելու տեխնոլոգիական պրոցես: Խ–ից առաջանում է ցից կամ փռած սանդերքվածք՝ երկարախավ: խ. կատարվում է խավոտման մեքենայով, որի աշխատանքային օրգանը պտտվող գլանաձև թմբուկն է: Վերջինիս ամրացված են խավոտման ելունդներով կամ ասեղնավոր ժապավենով պատված գլանիկներ: Խ. մեծացնում է գործվածքների մաշակայունությունը և ջերմապաշտպան հատկությունները:


ԽԱՏԱՆԳԱ, գետ ՌՄՖՄՀ Կրասնոյարսկի երկրամասում: Առաջանում է Կոտույ և խետա գետերի միախառնումից, թափվում Լապտևների ծովի խատանգայի ծոցը՝ գոյացնելով էստուար: Երկարությունը 227 կմ է: Սառցակալում է սեպտեմբերից, սառցազերծվում՝ հունիսին: Գետաբերանի մոտ, աջից, նրան է միանում Պոպիգայ գետը: Խ. նավարկելի է, հարուստ՝ ձկներով:


ԽԱՏԻՊՍԿ, հայաբնակ գյուղ ՌՄՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ափշերոնսկի շրջանում, շրջկենտրոնից 50 կմ հարավ–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտագործությամբ, այգեգործությամբ: Ունի տարրական դպրոց: Գյուղը հիմնել են Սամսունից եկած հայերը, 1870-ին: Ա. Զեյթունյան


ԽԱՏԻՍՅԱՆ Ալեքսանդր (17.2.1874, Թիֆլիս –10.3.1945, Փարիզ), ցարական, բուրժուական աստիճանավոր, կադետ և դաշնակցական գործիչ: Ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, ապա սովորել Մոսկվայի ու Խարկովի համալսարաններում՝ ստանալով բժշկի մասնագիտություն: 1902-ին ընտրվել է Թիֆլիսի քաղաքային վարչության խորհրդական, 1906-ին՝ քաղաքապետի օգնական, 1909–17-ին եղել է քաղաքապետը, 1914–17-ին՝ Կովկասյան քաղաքների միության նախագահ, միաժամանակ, 1915–17-ին՝ հայոց Ազգային բյուրոյի փոխնախագահ: 1917-ի վերջին տեղափոխվել է Հայաստան, ընտրվել Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ: Նույն թվականին պաշտոնապես դարձել է դաշնակցական կուսակցության անդամ: Անդրկովկասյան սեյմում 1918-ին ստանձնել է ֆինանսների մինիստրի պաշտոնը և մասնակցել Թուրքիայի հետ Տրապիզոնում և Բաթումում կայացած հաշտության բանակցություններին: Սեյմի ցրումից հետո, 1918-ի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարության կազմում նշանակվել է արտաքին գործերի նախարար, իսկ 1919-ի հուլիսից մինչև 1920-ի Մայիսյան ապստամբության նախօրեին տված իր հրաժարականը եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Որպես դաշնակցական կառավարության պատվիրակության նախագահ, 1920-ի դեկտ. 2-ին ստորագրել է Ալեքսանդրապոլի ստորացուցիչ պայմանագիրը (տես Աչեըսանդրապուի պայմանագիր 1920): Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո՝ սպիտակվտարանդի. սերտ կապերի մեջ է եղել Գերմանիայի ֆաշիստական պարագլուխների, Վիշիի ֆրանս. կառավարության հետ: Նրա «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» (1930) հուշագրությունը ներծծված է հակասովետիզմով:


ԽԱՏԻՍՅԱՆ (Մարիսյան) Մարիամ (1845–9.2.1914, Թիֆլիս), հայ գրող, հասարակական գործիչ: Եղել է Կովկասի հայուհյաց բարեգործական ընկերության վարչության նախագահ (1882–1907): Հրատարակել է «Հեղինե» (1890), «Փեսա որոնողներ» (1894), «Նոր ճանապարհի վրա» (1894), «Դժբախտ կին» (1899) վեպերը, որոնց հերոսները հայ բուրժուականացող վերնախավի ներկայացուցիչներ են: Վեպերում խ. անդրադարձել է կանանց սոցիայական դրությանը և հասարակական դերին: Դավթյան


ԽԱՏՏՈՒՍԱ, խատտուշաշ, հնագույն քաղաք Փոքր Ասիայում: Մ. թ. ա. XVIII – XII դդ.՝ խեթական պետության մայրաքաղաքը: Հայտնի է մ. թ. ա. III հազարամյակի 2-րդ կեսից: Մ. թ. ա. XXIII դ. Խ–ի կառավարիչ Պամբասը մասնակցեյ է Աքքադի թագավոր Նարամսինի դեմ դաշինքին: Մ. թ. ա. II հազարամյակի սկզբին Փոքր Ասիայի առևտրական կարևոր կենտրոններից էր: Մ. թ. ա. XII դ. 2-րդ քառորդին ավերել են փռյուգիական ցեղերը: Ավերակները գտնվում են Անկարայից 150 կմ արլ., Բողազքյոյի մոտ: Խ. պեղել են 1861-ից: Խ–ից հայտնաբերած նյութական մշակույթի մնացորդները կարևոր են խեթական պետության պատմությունը ուսումնասիրելու համար:


ԽԱՏՈՒՏԻԿ (Taraxacum), բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ: Տերևներն արմատամերձ են, նշտարաձև կամ փետրաձև կտրտված: Ծաղիկները երկսեռ, են, խոշոր, դեղնավուն, հավաքված միայնակ զամբյուղներում: Պտուղը սերմիկ է, երկարավուն սեպաձև փուփուլներով: Ցողունը և տերևները պարունակում են կաթնահյութ: Խ–ի շատ տեսակների բնորոշ Էապոմիքսիսի երևույթը: Հայտնի է մոտ 1000 տեսակ՝ տարածված բարեխառն և ցուրտ գոտում, որից 203-ը՝ ՍՍՀՄ–ում, 8-ը՝ Հայաստանում (Արարատյան հարթավայրի անապատային և կիսաանապատային գոտուց մինչև ալպյան մարգագետինները): Խ. աճում է բնակավայրերին մոտ, ճանապարհի եզրերին, գետերի ափին: Մեղրատու է, որակյալ կերաբույս: Չորացած տերևները բժշկության մեջ օգտագործում են որպես ախորժաբեր, լեղամուղ միջոց:


ԽԱՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, նախկին Կարսի մարզում, Կաղզվանից հյուսիս: XX դ. սկզբին ուներ 382 (55 տուն) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Խ. հին պատմական գյուղ է: Նրա մասին հիշատակում են Անանիա Շիրակացին (VII դ.) և Ղևոնդ պատմիչը (VIII դ.): Խ. 1878-ին անցել է Ռուսաստանին, իսկ 1920-ին զավթել են թուրքերը: Նրա բնակիչները ենթարկվել են ջարդերի, մի մասին հաջողվել է գաղթել Սովետական Հայաստան:


ԽԱՐԱ, գյուղ Արևմտյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի օկրուգում, Կաղզվան քաղաքից 8 կմ հյուսիս, լեռան ստորոտին: XIX դ. վերջին ուներ 342 (45 տուն) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստվածածին): Խ–ի շրջակայքում կային հին գերեզման, եկեղեցու, վանքի և ուխտատեղիի ավերակներ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ:


ԽԱՐԱԲԱԲԱԶԱՐԻ ԼԵՌՆԱՆՑՔ, գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Հայկական պար լեռնաշղթայի և Արարատ լեռնազանգվածի միջև, 1671 մ բարձրության վրա: Խ. լ–ով է անցնում Բայազետ–Իգդիր ճանապարհը:


ԽԱՐԱԲԱՇԱՀԱՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխ գավառում: 1909-ին ուներ 30 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:


ԽԱՐԱԲՈՎՔ, Խարապորք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալու գավառում: 1915-ին ուներ 30 տուն (240 անձ) հայ բնակիչ: Զբաղվում էին արհեստներով և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստվածածին): Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:


«ԽԱՐԱԶԱՆ», երգիծական և քաղաքական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1909-ին, Կ. Պոլսում: խմբագիր՝ Ա. Անտոնյան: Քննադատել է երիտթուրքերի քաղաքականությունը և հայահալած գործելակերպը: Արտացոլել և խրախուսել է արևմտահայ մշակութային և հասարակական կյանքի առաջադիմական միտումները, կոչ արել զբաղվել հայ գաղթականների ճակատագրով: Տպագրել է Ե. Օտյանի, Մ. Կյուրճյանի, Մ. Նաթանյանի երգիծական գործերը: «Խ.»-ին զուգահեռ հրատարակվել է նաև «Խարազան» օրաթերթը:


ԽԱՐԱԶՅԱՆ Ամո (Համազասպ) Ղևոնդի [8(20).4.1880, Թիֆլիս – 6.8.1957, Երևան], հայ թատերական գործիչ, ռեժիսոր, դերասան: ՀՄՍՀ ժող. արտիստ (1933): 1896–98-ին սովորել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության ուսումնարանում, Վ. Ի. Նեմիրովիչ–Դանչենկոյի մոտ: Բեմական գործունեությունն սկսել է 1898-ին, Թիֆլիսում: 1904-ին ղեկավարել է Բաքվի հայ դրաման: Ներկայացումներ