(1965), պրոֆեսոր (1967): ՍՄԿԿ անդամ 1944-ից: Ավարտել է Թբիլիսիի ինդուստրիալ ինստ–ը (1936): 1939-ից աշխատում է Մոսկվայի էներգետիկական ինստ–ում: Զբաղվում է էներգետիկական վառելիքների այրման պրոցեսների տեսության և բարդ հոսքերի գազադինամիկայի հարցերով: Խ–ի ստեղծած հնոցային սարքավորումների համակարգերը լայնորեն կիրառվում են ՍՍՀՄ–ի ջերմաէլեկտրակայաններում և շոգեգեներատորաշինական գործարաններում: Խ. փոշեկերպ վառելիքի այրման և հնոցային պրոցեսների տեսության դպրոցի հիմնադիրներից է:
ԽԶՈՒՄՆԱՅԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ, տեկտոնական խախտումների բազմաթիվ ձևերի ընդհանուր անվանումը: Խ. խ. խախտում են երկրակեղևի ապարների ամբողջականությունը և ուղեկցվում խզված կողերի հարաբերական տեղաշարժմամբ: Խզման հարթությունները հիմնականում արտահայտված են լինում սահքի հայելիներով, որոնք ծածկված են ակոսիկներով: Վերջիններիս օգնությամբ որոշում են խախտված կողերի հարաբերական տեղաշարժի ուղղությունը: Ընդունված է Խ. խ–ի մորֆոլոգիական կամ երկրաչափական դասակարգումը: Տարբերում են՝ վարնետվածք, վրաշարժ, վերնետվածք, կողաշարժ, տեկտոնական ծածկույթ, որոնք սովորաբար ըստ անկման և տարածման անցնում են մեկը մյուսին:
ԽԸԼԸՃ, Գըլըճ, հայաբնակ գյուղ Թուրքիայի Իզմիրի վիլայեթում: XX դ. սկզբին ուներ ավելի քան 500 հայ բնակիչ: Գյուղում կային եկեղեցի (Ս. Սարգիս) և վարժարան (Սարգսյան)՝ 20 աշակերտով: Բնակիչներն զբաղվում էին երկրագործությամբ և շերամապահությամբ: Հայերը հեռացել են 1922-ին:
ԽԸՆՋԸՐԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջան գավառում: 1909-ին ուներ 25 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:
ԽԸՆԸԳ, Գընըգ, գյուղաքաղաք Թուրքիայում, Իզմիրի վիլայեթում, Պեշիկթաշ լեռան ստորոտում: XX դ. սկզբին ուներ մոտ 1200 տուն բնակիչ, որից 117-ը՝ հայ, 250-ը՝ հույն, մնացածը՝ մահմեդականներ: Բնակիչները զբաղվում էին բամբակի, ափիոնի, հացահատիկի, բանջարեղենի մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ,առևտրով, արհեստներով: Խ–ում կային բամբակի մշակման երկու գործարան, կամարակապ հայկ. եկեղեցի (Ս. Աստվածածին), արական և իգական վարժարաններ (Հայկազյան և Վարուհյան): Հայերը տեղահանվել են 1922-ին:
ԽԸՐԸՄԽԱՅԱ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խնուս գավառում, Արածանիի ձախ ափին: 1914-ին ուներ 50 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և ձիաբուծությամբ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:
ԽԸՐԹ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուս գավառում: 1909-ին ուներ 40 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է:
ԽԺԻՇԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմար գավառում: 1909-ին ուներ 110 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գյուղում կար եկեղեցի (Ս. Ստեփանոս) և վարժարան: Բնակիչները բռնությամբ տեղահանվել և բնաջնջվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:
ԽԻԲԻՆԻՏ (խիբինների անունով), նեֆելինային սիենիտի խոշորահատիկ տարատեսակը: Հիմնականում կազմված է միկրոկլինպերտիտից (40–45%), նեֆելինից (35–45%) և ալկալային գունավոր միներալներից՝ էգիրինից, արֆվեդսոնիտից (20%): Փոքր քանակությունները պարունակում են էվդիալիտ և այլ միներալներ:
ԽԻԲԻՆՆԵՐ, լեռնազանգված ՌԱՖՍՀ Մուրմանսկի մարգում, Կոլա թերակղզում: Բարձրությունը մինչև 1191 մ է: Սարավանդանման գագաթնային մակերևույթը զառիվայր իջնում է դեպի թույլ բլրապատ ու ճահճային հարթությունը: Ծածկված է փշատերև անտառներով, ցածրահասակ կեչուտներով: Ապատիտային հանքի հսկայական պաշարների բազայի վրա Կիրովսկ քաղաքում ստեղծված է ապատիտանեֆելինային արդյունաբերություն:
ԽԻԴՈՅԱՏՈՎ Աբրար (14.8.1900, Տաշքենդ –3.10.1958, Տաշքենդ), ուզբեկ սովետական դերասան: ՍՍՀՄ ժող. արտիստ (1945): ՍՄԿԿ անդամ 1922-ից: Խ–ի լավագույն դերերից են՝ Գաֆուր (Համզայի «Բեկը և բատրակը»), Գայ (Պոգոդինի «Իմ բարեկամը»), Մուկաննա (Ալիմժանի «Մուկաննա»), Ալիշեր Նավոի (Ույգունի և Սուլթանովի «Ալիշեր Նավոի», ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1949), Համլետ, Օթելլո (Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո»):
ԽԻԶԱՆ, Հիզան, քաղաք Մեծ Հայքի Մոկք նահանգի Մյուս Իշայր գավառում, Բաղեշ քաղաքից 35 կմ հարավ–արևելք: Վիեննայում պահվող ձեռագիր Հայսմավուրքի վկայությամբ, 1021-ին Վասպուրականի թագավորությունից Բյուզանդիային է անցել նաև Խ.: XIII դ. արաբ մատենագիր Յակուտը Խ. հիշում է Հայզան ձևով՝ որպես «Արմինայի քաղաքներից մեկը»: Քաղաքն ուներ բերդ, եկեղեցի: Խ. հաճախ հիշատակվում է XIV–XV դդ. ձեռագիր հիշատակարաններում, որպես հայկ. գրչության կենտրոն: 1514-ից Խ. բռնատիրել է օսմանյան Թուրքիան: Խ. դարձել է համանուն գավառի կառավարչի նստատեղի և մտել Վանի փաշայության (էյալեթի) մեջ՝ կազմելով Շերեֆների քրդական տոհմի տիրույթը: XVIII դ. Խ. ունեցել է ավելի քան 1200 տուն հայ բնակիչ: 1896-ի հայերի ջարդից (Խ–ում կոտորվեց ավելի քան 400 հայ) հետո Խ–ի հայ բնակչությունը գաղթել է, մասամբ՝ կրոնափոխվել: XIX դ. պահպանվում էր Խ–ի բերդը՝ լեռան վրա: Բերդում կար եկեղեցի (Ս. Հարություն): XIX դ. վերջին Խ. անշուք գյուղ էր, ուր նստում էր գավառապետը: 1896-ից հետո Խ. գավառը մտնում էր Վանի վիլայեթի Խլաթի սանջակի մեջ և Աղթամարի կաթողիկոսության վիճակներից մեկն էր: Այն հարուստ էր երկրագործական բերրի դաշտերով: Մշակում էին հացագգիներ (ցորեն, գարի, կորեկ), խաղող, բամբակ, պտղատու ծառեր (շագանակենի, կաղնի ևն): Խ–ի գավառակում 1909-ին կար 23 հայաբնակ գյուղ՝ 489 տուն հայ բնակչությամբ:
Ցուցակ Խիզանի գավառակի հայաբնակ գյուղերի Աղյան (3 տուն), Անապատ (22 տուն), Անտյանց (42), Դարոնց (38), Խածուս (12), Խարխոց (24), Խարկե (36), Խուփ (9), Կատինոք (18), Կարասու Վերին (25), Կարասու Ներքին (18), Հեղին (21), Մահմըտենք (30), Մանտենց (22), Նամ (9), Նորաշեն (10), Շեն (18), Պախոր (17), Պռոշենց (15), Պրյունս (34), Ս. Խաչ գյուղ (20), Տի (38), Փալսատ (8):
Գրկ. Նաթանյան Պ. Վ., Արտոսր Հայաստանի կամ տեղեկագիր Բալուայ, Քարբերդու, Չարսանճագի, ճապաղջուրի և Երզնկայու, ԿՊ, 1883: Ա–Դ ո, Վանի, Բիթլիսի և Էրգրումի վիլայեթները, Ե., 1912:
ԽԻԶԱՆԻ ԼԵՌՆԱՆՑՔ, գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Կորդվաց լեռներում (բարձրությունը՝ 1050 մ), Վանա լճից հարավ–արևմուտք: Խ. լ. ջրբաժան է Արևելյան Տիգրիսի Թաթիկ և Կարասու գետերի միջև: Խ. լ–ով է անցնում Խիզան–Վերվան–Կոտում–Դադվան խճուղին:
ԽԻԹ, կոլիկա (հուն. κωλικη – աղիային ցավ), սուր կծկանքանման ցավերի նոպա, որը ծագում է որովայնի և ետորոայնամզային տարածության օրգաննեում: Խ. լինում է լյարդային և երիկամային (տես Լեղաքարային հիվանդություն և Միզաքարային հիվանդություն), ապենդիկուլյար (տես Որդանման ելունի բորբոքում), աղիքային (կղանքային քարերի դեպքում), պանկրեասային (ենթաստամոքսային գեղձի բորբոքում և քարեր): Կարող է առաջանալ նաև աղիքներում գազերի կուտակումից: Նոպան կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ: Բուժումը. հիմնական պատճառի վերացում, ցավազրկող դեղամիջոցներ:
ԽԻԺ, դալ, մարդու և կաթնասուն կենդանիների կաթնագեղձերի արտազատուկ, որն արտադրվում է հղիության վերջին և ծննդաբերությունից հետո առաջին օրերին: Խ. դեղնավուն, թանձր, կպչուն, աղի և բնորոշ հոտով հեղուկ է: Կաթից տարբերվում է բարձր թթվայնությամբ, չոր նյութերի, հատկապես սպիտակուցների (ալբումին, գլոբուլին), ճարպերի, հանքային նյութերի և վիտամինների առավել քանակով, շաքարի ցածր տոկոսով: Խ. անփոխարինելի սնունդ է նորածինների և գյուղատնտ. կենդանիների մատղաշի համար: Պարունակում է իմուն մարմիններ և հակաթույներ, որոնք նորածնի օրգանիզմը պաշտպանում են ախտածին մանրէներից, խթանում է մարսողական ուղիների բնականոն գործունեությունը: Արդ. մշակման համար պիտանի չէ: