Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղում կար եկեղեցի (Ս. Հուսիկ)։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է։

ԽՈԶՈՒԿ, համաճարակային պարօտիտ (հուն, παρωτίς; – ուռուցք ականջի մոտ, παρά – մոտ և ωτός – ականջ), սուր վարակիչ վիրուսային հիվանդություն. բնորոշվում է հարականջային, հազվադեպ՝ ենթածնոտային ու ենթալեզվային թքագեղձերի, ինչպես նաև կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումով։ Առավել հաճախ հիվանդանում են 5–15 տարեկան երեխաները։ Վարակը տարածվում է օդա–կաթիլային ճանապարհով։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է։ Գաղտնի շրջանը 18 օր է։ Հիվանդությունն արտահայտվում է ջերմության բարձրացումով, ընդհանուր թուլությամբ, թքագեղձերի ուռածությամբ ու ցավերով։ Երբեմն ախտահարվում են նաև մյուս գեղձային օրգանները, երեխաների ենթաստամոքսային գեղձը, դեռահասների ու երիտասարդ տղամարդկանց ամորձիները, աղջիկների ու երիտասարդ կանանց ձվարանները։ Բորբոքային պրոցեսը տևում է 5–10 օր։ Վտանգավոր բարդություններն են՝ սուր ուղեղաբորբը, մենինգոէնցեֆալիտները և ներքին ականջի ախտահարումը՝ կայուն խլության առաջացմամբ։ Հիվանդության ելքը բարենպաստ է։ Բուժումը. անկողնային ռեժիմ, հեղուկների առատ օգտագործում, ախտահարված գեղձերի վրա տաք պրոցեդուրներ, ախտանշանային բուժում։ Հիվանդի մեկուսացում մինչև հիվանդության 9-րղ օրը։ Հիվանդի հետ շփված երեխաներին 11 –12 օր արգելվում է մանկական հիմնարկներ (մանկամսուր, մանկապարտեզ, ղպրոց) հաճախելը։

ԽՈԶՈՒԿՆԵՐ, մացառախոզեր, վայրենակերպեր (Hystricidae), կրծողների կարգի կաթնասունների ընտանիք։ Մարմնի երկարությունը՝ 38–90 սմ, քաշը՝ մինչև 27 կգ։ Մեջքը և կողքերը պատված են փշերով, որոնք որոշ տեսակների (Hystrix) մոտ երկար են, մյուսների մոտ (Trichys)՝ հազիվ նկատելի։ Հայտնի է 5 սեռ, 20 տեսակ։ Տարածված են Աֆրիկայում, Հարավային Եվրոպայում, Առաջավոր, Հարավային և Միջին Ասիայում։ ՍՍՀՄ–ում ապրում է 1 տեսակ՝ հնդկակական խոզուկը, որի արմ. ենթատեսակը հանդիպում է նաև ՀՍԱՀ Մեղրու, Ղափանի, Գորիսի շրջաններում։ Խ. գիշերային կյանք են վարում։ Ամռանը սնվում են խոտաբույսերով, արմատապտուղներով, ձմռանը՝ ծառերի ու թփերի ընձյուղներով։ Բազմանում են տարեկան 1–2 անգամ, ունենում՝ 1–4 ձագ։ Հղիությունը 6–16 շաբաթ է։ Կյանքի տևողությունը՝ 10–15 տարի։

ԽՈԹԱՆԼԻ, Խափանլի, գյուղ Արևմտյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի համանուն գավառում։ 1913-ի հունվ. 1-ի տվյալներով ուներ 430 (51 ընտանիք) բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ 1878-ին միացվել է Ռուսաստանին։ Խ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ և բնակություն հաստատել Սովետական Հայաստանում։

ԽՈԹԱՆԼՈՒ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտ գավառում։ 1909-ին ուներ 60 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է։

ԽՈԺՈՌՆԻ, միջնադարյան բերդ–բնակավայր Գուգարքի Ծոբոփոր գավառում, այժմյան Խոժորնի (Վրացական ՍՍՀ, Մառնեուլի շրջանում) հայաբնակ գյուղի տեղում, Բրդաձորից հյուսիս։ XI դարից պատկանել է Զաքարյաններին, եղել նրանց տոհմական և հոգևոր կենտրոնը։ Պահպանվել են միանավ (բլրի վրա) և խաչաձև՝ զույգ ավանդատներով գմբեթավոր (XI դ.) եկեղեցիները։ Գմբեթավոր եկեղեցին գտնվում է բնակատեղիում, կառուցված է խոշոր, կիսամշակ բազալտ քարերով։ Պատերի շարվածքում օգտագործվել են վաղ միջնադարի բարձրարվեստ քանդակազարդ կոթողներ։ Արլ. ճակատին, բեմի լուսամուտի վերևում, կա կտիտորական բարձրաքանդակ՝ եկեղեցու մանրակերտը ձեռքերին բռնած իշխանի և եպիսկոպոսի պատկերով։ Խ–ի մոտ պահպանվել են նաև հին խաչքարեր։

Գրկ. Հովսեփյան Գ., Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության, պրակ 2, Նյու Յորք, 1944, էջ 71 – 72։ Մ. Հասրաթյան

ԽՈԼԵՍԹԵՐԻՆ (< հուն. χαλη – լեղի և սթերին), C27H46O, սթերինների խմբի օրգանական միացություն։ Առաջին անգամ անջատել են լեղաքարերից։ Անգույն բյուրեղներ են, ջրում անլուծելի, լավ լուծվում են օրգ. լուծիչներում։ Սինթեզվում է կենդանի օրգանիզմում, մասնակցում սեռական, մակերիկամների հորմոնների, լեղաթթուների, D խմբի վիտամինների կենսասինթեզին, ինչպես նաև թաղանթային թափանցելիության պրոցեսների կարգավորմանը։ Մարդու օրգանիզմում Խ–ի քանակությունը նորմայում 150–200 մգ% է, այն նկատելիորեն կարող է աճել 30–60 տարեկանում (հատկապես ճարպային դիետայի դեպքում)։ Սթերինային փոխանակության խանգարումը կարող է հասցնել խոլեսթերինային քարերի առաջացման, լեղածորանների խցանման և նպաստել աթերոսկչերոզի զարգացմանը։ Խ–ով հարուստ են ուղեղի, լյարդի, մակերիկամների հյուսվածքները։

ԽՈԼԵՐԱ (Cholera asiatica), մարդկանց հատկապես վտանգավոր, կարանտինային, կոնվենցիոն, աղիքային սուր վարակիչ հիվանդություն. բնորոշվում է ուժեղ արտահայտված լուծով, սրտխառնոցով, ջղաձգումներով, օրգանիզմի ջրազրկմամբ և սուր թունավորման երևույթներով։ Անցյալում Խ. կրել է ամայացնող համաճարակի բնույթ։ Խ–ի մշտական օջախը հնուց ի վեր Ներքին Բենգալիան է (Գանգես և Բրահմապուտրա գետերի ավազանը)։ Այստեղից Խ. տարածվել է Աֆղանստան, Իրան, Հվ–Արլ. Ասիայի և Հեռավոր Արևելքի երկրները։ Բռնկումներ են նկատվել նաև տեղաճարակային օջախներից դուրս (Եվրոպայում, Աֆրիկայում, Ամերիկայում)։ 1817–1977-ը եղել է Խ–ի 7 համաճարակ, որոնք ընդգրկել են մի շարք երկրներ ու մայր ցամաքներ (պանդեմիա), տվել տասնյակ միլիոնավոր զոհեր։ Հարուցիչը Vibrio cholerae աոորակետանման ցուպիկներն են, որոնք բաժանվում են երկու խմբի՝ դասական Խ–ի վիբրիոններ և Էլ–Տոր բիոտիպ։ Վերջին տարիներին համաճարակների ժամանակ Էլ–Տոր բիոսփպը համարվել է հիմնական հարուցիչը։ Վիբրիոններն արտաքին միջավայրում քիչ կայուն են, սակայն լավ են պահպանվում ցածր ջերմաստիճանի պայմաններում և ջրում։ Քլորակրի, քլորամինի, աղաթթվի ազդեցությունից արագ ոչնչանում են։ Վարակի աղբյուրը Խ–ով հիվանդ, առողջացած կամ վիբրիոնակիր մարդն է։ Վարակը տարածվում է ջրի, սննդամթերքների (միրգ, բանջարեղեն, կաթ), հիվանդի արտաթորանքներով կեղտոտված կենցաղային առարկաների և բացիլակիրների միջոցով։ Հարուցիչներն օրգանիզմ են թափանցում բերանի խոռոչով։ Ստամոքսահյութի աղաթթվի ազդեցության ներքո դրանց մի մասը ոչնչանում է, մյուս մասն անցնում բարակ աղիքներ, ուր, արագ բազմանալով, անջատում է տոքսիններ։ «Խոլերոգեն» տոքսինով է պայմանավորված օրգանիզմի ջրազրկումը, ընդհանուր թունավորումը, ջրա–աղային փոխանակության խանգարումը և արյան անոթների թափանցելիության բարձրացումը։ Հիվանդության գաղտնի շրջանը մի քանի ժամից 5 օր է, հաճախ՝ 2–3 օր։ Ընթանում է կլինիկական մի քանի ձևերով, աղիքային, ստամոքս–աղիքային, ալհիդ։ Գոյություն ունի նաև ստամոքսային ձևը, որի դեպքում լուծին նախորդում են փսխումները։ Աղիքային ձևը (խոլերային լուծ) կամ առաջին փուլն սկսվում է հանկարծակի, սկգբում լինում է ջրիկ կղանքային առատ լուծ, հետագայում կղանքի գույնը փոխվում է, դառնում բրնձաջրի նման, երբեմն՝ լորձի, չմարսված սննդի մնացորդների և արյան պարունակությամբ։ Տևում է մի քանի ժամից 1–2 օր, և հիվանդությունը երբեմն կարող է սահմանափակվել վերոհիշյալ երևույթներով։ Ստամոքս–աղիքային ձևի կամ երկրորդ փուլի դեպքում առաջանում են անզուսպ փսխումներ, առանց սրտխառնոցի, լուծը շարունակվում է։ Հիվանդը կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ (կշռի 10%-ի չափով), որի հետևանքով օրգանիզմը ջրազրկվում է, պակասում են կալիումի և նատրիումի աղերի քանակությունը, խանգարվում է ջրա–աղային փոխանակությունը։ Հիվանդի դրությունը սաստիկ ծանրանում է, զգում է տանջող ծարավ։ Զարգանում են ծանր թունավորման երևույթներ։ Սրտի տոները խլանում են, արյան ճնշումը խիստ ընկնում, ծայրանդամները կապտում, միզարտադրությունը դադարում է, առաջանում են ցավոտ և տանջող ջղաձգումներ։ Ալհիդ ձև (երրորդ փուլ), հիվանդն ընդարմանում է, զգում է տանջող ծարավ, ձայնը խզվում է (հետագայում՝ անձայնություն), դիմագծերը սրվում են, մաշկի առաձգականությունն ընկնում է, կնճռոտվում։ Մարմնի ջերմաստիճանն իջնում է (35–34°C և ավելի ցածր)։