տեսել Խ–ի «Տեր Բարսեղ. առակների և եղելությունների ժողովածու»-ն (1930)։
Հ. Դավթյան
ԽՈՄՍԿԻ (Chomsky) Նոեմ (Նաում) Ավրամ (ծն. 7.12.1928, Ֆիլադելֆիա), ամերիկացի լեզվաբան։ Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստ–ի պրոֆեսոր (1961-ից), սերող քերականության հիմնադիր։ Այդ քերականության տեսությանը նվիրել է երկու աշխատություն՝ «Շարահյուսական կառուցվածքներ» (1957) և «Շարահյուսության տեսության հիմունքները» (1965)։ Առաջինում Խ. ելնում է ձևական չափանիշներից։ Ուսումնասիրության առանցքը միջուկային նախադասությունների գաղափարն է, որոնցից զանազան փոխակերպումներով (տեղաշրջում, հավելում և բացառում) ստացվում են մյուս նախադասությունները («Տղան նամակ է գրում»- «Ո՜վ է նամակ գրում» կամ «Նամակը գրվում է տղայի կողմից» ևն)։ Ըստ Խ–ու, լեզուն ստեղծագործական բնույթ ունի (կարող է անթիվ նախադասություններ սերել), իսկ քերականությունը նկարագրում է տվյալ լեզվով խոսող բոլոր անձանց համար ընդհանուր հիմնական գիտելիքները։ Ողջ քերականությունը բաղկացած է նախադասության կառուցվածքի (անմիջական բաղադրիչների) փոխակերպական և ձևահնչույթաբանական կանոններից։ Երկրորդ աշխատության մեջ Խ–ու սկզբունքները նշանակալի փոփոխվել են. տեղ է տրվում իմաստային բաղադրիչին, և միջուկային նախադասություններ հասկացության փոխարեն առաջ է քաշվում խորքային և մակերեսային կառուցվածքների գաղափարը։ Խորքային կառուցվածքը սերում է նախադասության իմաստը, իսկ մակերեսայինը նրան տալիս է հնչյունական տեսք։ Ամբողջ քերականությունն արդեն բաղկացած է իմաստային, շարահյուսական (հիմքային ու փոխակերպական կանոններ) և հնչույթաբանական բաղադրիչներից։ Մեթոդաբանական հարցերում («Կարտեզյան լեզվաբանություն», 1966, «Լեզու և միտք», 1967) Խ. դիրքորոշվում է դեպի դեկարտյան ռացիոնալիստական փիլիսոփայությունը։ Նա գտնում է, որ մարդն ի ծնե օժտված է որոշակի տրամաբանական հատկություններով, որոնք հետագայում զարգացնելով՝ ստեղծում է գիտակցություն և լեզու։ Այդ հատկությունները և զարգացրած օրենքները համընդհանուր են։ Մ. Հալլեի հետ գրած «Անգլերենի հնչյունական կաղապարները» (1968) աշխատությունը նվիրված է հնչույթային բաղադրիչին, որտեղ սահմանված են սերող հնչույթաբանության հիմնական օրենքներն ու դրույթները։ Ս. Ղուկասյան
ԽՈՅ, Հեր, քաղաք Իրանի հյուսիս–արևմուտքում։ 50 հզ. բն. (1970), այդ թվում և հայեր։ ՍՍՀՄ և Թուրքիա տանող ավտոճանապարհների հանգույց է, առևտրական կենտրոն։ Կա տեքստիլ, սննդի արդյունաբերություն, գորգերի և բրդյա գործվածքեղենի տնայնագործական արտադրություն, շաքարի գործարան։
ԽՈՅ (lատ. Aries), Կենդանաշրջանի համաստեղություններից։ Գտնվում է երկնքի իյուսիսային կիսագնդում՝ Կետ, Ձկներ, Եռանկյուն, Պերսեոս, Ցուլ համաստեղությունների միջև։ Հս. միջին լայնություններից երևում է ամռանն ու ձմռանը։
ԽՈՅԱԶԱՐԴ, վոլյուտա, տես Գաչարազարդ։
ԽՈՅԱԿ, թակաղակ, սյունագլուխ, ախավեղագես, ճարտարապետական կառուցվածքային տարր, սյունը (մույթը) պսակող պլաստիկ ձևավորմամբ շեշտված մասը։ Որմնասյան վերին մասը անվանվում է «որմնախոյակ»։ Կառույցի վերին մասի բեռը բուն սյանն է հաղորդվում Խ–ի միջոցով։ Տարբերվելով պլաստիկ ձևերի հարուստ բազմազանությամբ՝ Խ–ները, որպես կառուցվածքային տարր, միատիպ են։ Տարբեր ժողովուրդների փայտի և քարի ճարտ. մեջ հնագույն ժամանակներից ստեղծվել են Խ–ների բազմազան տարբերակներ։ Անտիկ դարաշրջանում կերպավորվել են դասական Խ–ների երեք հիմնական (դորիական, հոնիական, կորնթական) և մեկ ածանցյալ (կոմպոզիտ՝ միահյուսում է հոնիականի և կորնթականի պլաստիկ տարրերը) ձևեր։ Դասական Խ–ները լայնորեն կիրառվել և զանազանակերպվել են եվրոպական ճարտ. մեջ։ Յուրօրինակ Խ–ներ են ստեղծվել Եգիպտոսի, Չինաստանի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Բյուզանդիայի, Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի, միջինասիական երկրների ճարտ–յան մեջ։ IV–VII դդ. հայկ. ճարտ. մույթերի և որմնամույթերի Խ–ները ընդհանուր ծավալով ուղղանկյուն բարձր քարեր են, որոնք փորեկի միջոցով փոխարկվում են սալի (տես Բեկվածքներ ճարտարապետական)։ Վաղ ժամանակաշրջանի կառույցներում (Երերույք, Տեկոր, Ծոփք ևն) քանդակազարդվել են բուսական, կենդանական պատկերներով, արմավիկներով ևն։ X դ. և հետագա դարերում Խ–ները հիմնականում կերպավորվում են գլանի և սալի համակցությամբ։ Բազմազան և յուրատիպ են հայկ. պալատների, եկեղեցիների, գավիթների Խ–ները (Դվին, Արուճ, Զվարթնոց, Իշխան, Բանակ, Հաղպատ, Սանահին, Անիի կառույցները ևն)։ Տես նաև Օրդերներ ճարտարապետական։ Ա. Ստեփանյան
ԽՈՅԳԱՆ, հայաբնակ գյուղ Իրանում, Սպահանի նահանգի Փերիա գավառում, Սպահանից 140 կմ հյուսիս–արևմուտք։ 1960-ին ուներ 1365 (220 տուն) բնակիչ։ Հայերը Խ–ում բնակություն են հաստատել
Նկարում` Խոյակների տեսակներ. 1 – 4. եգիպտական ճարտարապետության խոյակներ, 5. դորիական, 6. հոնիական, 7. կորնթական, 8. կոմպոզիտ, 9. ռոմանական, 10. ուշ ռոմանական, 11. վաղ գոթական, 12. գոթական