թյան պատասխանատու քարտուղար (1932–50), «Apxитектypa CCCP» («ՍՍՀՄ ճարտարապետություն») ամսագրի պատասխանատու խմբագիր (1933–48), ճարտարապետների միջազգային միության ստեղծողներից մեկը: ՍՄԿԿ անդամ 1917-ից: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1917), Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա–տեխնիկական ինստ–ը (ՎԽՈԻՏԵԻՆ, 1929): Աշխատել է «Հայկավռոստա»-ում և ՀԿԿ Կենտկոմում (1920–23): Ստեղծել է Կ. Մարքսի, Ս. Շահումյանի, Ս. Տեր–Պետրոսյանի (Կամո) դիմաքանդակները, երգիծական գծանկարների շարք, Եղիշե Չարենցի գործերի նկարազարդումներ: 1924-ին Սունդուկյանի անվ. թատրոնում ձևավորել է (Մ. Մազմանյանի հետ) Լունաչարսկու «Կարմիր դիմակ» («Հրձիգներ»), Դեմիրճյանի «Քաջ Նազար» պիեսների բեմադրությունները: 1929–31-ին գլխավորել է «Պետնախագիծ» ինստ–ը՝ Խորհրդային Հայաստանի առաջին նախագծային հաստատությունը, Մ. Մազմանյանի և Գ. Քոչարի հետ նախագծել բնակելի, վարչական, կուլտուր–լուսավորական և այլ շենքեր (Երևանում՝ Կառուցողների ակումբը, 1926–27, ԵրՀԷԿ–ի բնակելի տունը, 1929–30, Երկրաբանական վարչության շենքը, 1929–30): Հ–ի վաղ շրջանի գործերը կատարված են կոնստրուկտիվիզմի ոգով, ռացիոնալ են իրենց ներքին կառուցվածքով և արտահայտիչ ծավալատարածական հորինվածքով: Դրանցում նշմարելի է նորարարական միտումների և դասական ճարտ. ընդհանուր սկզբունքների ներդաշնակ միասնությունը, որն արտահայտվել է ուշ շրջանի լավագույն աշխատանքներում: 1932-ից Հ–ի ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեությունը ծավալվել է Մոսկվայում: Հ–ի նշանավոր կառույցներից են՝ Սովետական բանակի թատրոնի շենքը Մոսկվայում (1934-40, Վ. Սիմբիրցևի հետ), ուր, սակայն, տուրք է տրված 1930-ական թթ. ռոմանտիկային, ինչ–որ չափով՝ ֆորմալիստական ազդեցությունների (ողջ շենքն ունի հնգաթև աստղի ձև): Բ. Իոֆանի հետ նախագծել է Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսի ՍՍՀՄ տաղավարը (1939), տեղում ղեկավարել է կառուցման աշխատանքները, որի համար արժանացել է Նյու Յորքի պատվավոր քաղաքացու կոչման: Հայ ճարտ. ավանդույթների նորովի բացահայտմամբ առանձնանում է նաև Հայկական ՍՍՀ տաղավարը Մոսկվայի Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսում (1939 և 1954, Ս. Սաֆարյանի հետ): Հայրենական պատերազմի տարիներին Հ. ճարտ. ակադեմիայի և ճարտ. միության ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը: Դեռևս մինչև պատերազմի ավարտը, 1943-ին, Հ–ի ղեկավարությամբ սկսվել է Վոլգոգրադի վերականգնման նախագծի մշակումը (գլխավոր հատակագիծը՝ 1945, Ն. Պոլյակովի և ուրիշների հետ), ինչպես և ետպատերազմյան բնակելի տների նոր տիպերի նախագծումը: Հ. նախագծել է նաև Հայկական ՍՍՀ ԳԱ շենքը (1945–46, ճարտ. Վ. Տաուշկովսկու հետ, չի իրականացվել), Սոչիի ծովային կայարանը (1950–51, Լ. Կարլիկի հետ, իրականացվել է 1954-ին), որտեղ, ինչպես և այլ գործերում, հեղինակը լայնորեն օգտագործել է արվեստների համադրումը: Կյանքի վերջին տարիներին նախագծել է Մոսկվայի Խիմկի–Խովրինո խոշոր բնակելի զանգվածը (կառուցապատվում է 1962-ից): 1936-ին ընտրվել է ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստ–ի պատվավոր թղթակից անդամ: Եղել է ՍՍՀՄ I և II գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է 2 շքանշաններով:
Գրկ. Карлик Л. Б., Каро Алабян, Е., 1966. Լ. Բաբայան
ՀԱԼԱԼԳՈՄ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալու գավառում: 1915-ին ուներ 25 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և խաշնարածությամբ: Բնակիչները տեղահանվել և բնաջնջվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:
ՀԱԼԱՎԱՐ, գյուղ Հայկական ՄՍՀ Գուգարքի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հարավ–արևմուտք: Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան: Հիմնադրվել է XVIII դ. վերջին:
ՀԱԼԱՎԱՐԻ ՋՐԱՄԲԱՐ, Հայկական ՍՍՀ Արագածի շրջանի հարավ–արևելյան մասում, Քասաղ գետի ձախափնյա վտակ Հալավարի հովտում, Միրաք գյուղի մոտ: Շինարարությունը սկսվել է 1979-ին, կավարտվի 1982-ին: Նախատեսվում է հողային պատվար՝ 24 մ բարձրությամբ: Մակերեսը 0,5 կմ2 է, երկարությունը՝ 260 մ, ընդհանուր ծավալը՝ 3,8 մլն մ3, օգտակար ծավալը՝ 3,63 մլն մ3: Սնումը՝ մթնոլորտային տեղումներից և Հալավար գետից: Ջրերն օգտագործվելու են ոռոգման նպատակով: Նախատեսվում է ոռոգել 921 հա հողատարածություն: Հ. Թադևոսյան
ՀԱԼԵ (Halle), քաղաք Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունում, Զաալե գետի ափին: Հալե օկրուգի վարչական կենտրոնը: 278,7 հզ. բն. (1978): Տրանսպորտային հանգույց է, ինդուստրիալ, քիմ. արդյունաբերության և գրահրատարակչական կենտրոն: Զարգացած է բազմատեսակ մեքենաշինությունը, սննդի, քիմիա–դեղագործական, ցեմենտի, փայտամշակման արդյունաբերությունը: Ունի բնական գիտությունների ակադեմիա (1652), համալսարան (1694-ից):