որոնք ծածկվում նն վերին կավճի և երրորդական հասակի կրաքարերով, կրաքարային թերթաքարերով ու ավազաքարերով: Ապարների այդ համալիրը հատվում է երրորդական հասակի քվարց–դիորիտային–գրանոդիորիտային ինտրուզիվով, որի ազդեցության ներքո ներփակող ապարները ենթարկվել են սկառնացման, եղջրաքարացման, քվարցացման: Հանքամարմինները ներկայացված են մագնիսային երկաթաքարի ոսպնյակներով, բներով, երականման, շերտաձև կուտակումներով և ներփակումներով՝ էպիդոտ–նռնաքար–քլորիտային սկառների, սկառնացած տուֆավազաքարերի և եղջրաքարերի մեջ: Հանքայնացված սկառնային զոնայի ընդհանուր հզորությունը 150–200 մ է: Հանքանյութը կազմված է հոծ մագնետիտի և նռնաքարի ու էպիդոտի խառնուրդից. ոչ հանքային միներալներից, էպիդոտից ու նռնաքարից բացի հանդիպում են նաև քլորիտ, պլագիոկլազ, քվարց, կալցիտ: Հրազդանի երկաթի հանքայնացումը ծագմամբ դասվում է տիպիկ կոնտակտ–մետասոմատիկ հանքավայրերի խմբին: Հանքաքարը հարստացվում է հեշտությամբ, ստացված հարստանյութը բավարարում է արդյունաբերության պահանջները: Մագնիսային հանքաքարի պաշարները կազմում են 75 մլն տ, երկաթի 27% միջին պարունակությամբ: Հանքավայրի հեռանկարները կապված են թևերի և նոր տեղամասերի ուսումնասիրության հետ, որոնց հաշվին հնարավոր է պաշարները կրկնապատկել:
ՀՐԱԶԴԱՆԻ ՇՐՋԱՆ (մինչև 1959-ը՝ Ա խ տ ա յ ի շ ր ջ ա ն), վարչական շրջան Հայկական ՍՍՀ–ում: Կազմավորվել է 1930-ի սեպտ. 9-ին: Սահմանակից է Աբովյանի, Կամոյի, Սևանի, Իջևանի, Գուգարքի, Արագածի, Ապարանի և Նաիրիի շրջաններին: Տարածությունը 900 կմ2 է, բնակչությունը՝ 46464 մարդ (1979, առանց Հրազդան քաղաքի), վարչական կենտրոնը՝ Հրազդան:
Քարտեզը տես 521-րդ էջից առաջ՝ ներդիրում:
Բնական պայմանները: Հ. շ. գտնվում է Հրազդան գետի վերին և միջին հոսանքների ավազանում: Տարածքի մեծ մասն ունի 1500 – 2400 մ բարձրություն: Առավելագույն բարձրությունը 3101 մ է (Թեժլեռ): Շրջանի տարածքին բնորոշ են բարձրադիր լեռները, ռելիեֆի հրաբխային ու էրոզիոն ձևերը, սարավանդներն ու գետահովիտները: Հս–ում ձգվում են Մարմարիկի վտակներով խիստ մասնատված Փամբակի լեռնաշղթայի հվ. լանջերը, արլ–ում՝ Գեղամա լեռնաշղթայի հս–արմ. լեռնաճյուղերն ու լավային հոսքերը: Հվ–արլ–ում բարձրանում են Գութանասար, Մենակսար հրաբխային կոները: Գեղամա լեռներից արտավիժած լավաները շրջանի հվ–արլ. մասում առաջացրել են 1700– 1850 մ բարձրությամբ մեղմ ալիքավոր սարավանդ, որը վերջանում է Հրազդանի կիրճի առափնյա ուղղորդ լանջերով: Շրջանի արմ. մասում տարածվում է էրոզիոն, խիստ կտրտված լանջերով և լավային սարավանդներով Ծաղկունյաց լեռնաշղթան, որից սկսվում և դեպի արլ. ձգվում է Թեղենիսի լեռնաբազուկը:
Ռելիեֆի բնորոշ տարրերից են Հրազդանի և Մարմարիկի հովիտները: Շրջանի ցածրադիր մասերը ծածկված են գետային բերվածքներով ու հրաբխային նյութերով: Հ. շ–ի կլիման չափավոր ցամաքային է, բարձրադիր վայրերում՝ ցուրտ լեռնային: Տարեկան միջին ջերմաստիճանը բարձրադիր վայրերում – 2°C է, ցածրադիր վայրերում՝ 6°C, համապատասխանաբար հունվարինը՝ –12°C, –7°C, հուլիսինը՝ 10°C, 20°C: Նվազագույն ջերմաստիճանը –40°C է, առավելագույնը՝ 38°C, տարեկան տեղումները՝ 600–800 մմ: Ձմեռը երկարատև է՝ կայուն ձյունածածկույթով, ամառը մեղմ է, զով: Շրջանի տարածքով հոսում է Հրազդան գետը՝ Մարմարիկ, Մեղրաձոր, Դալար, Ծաղկաձոր վտակներով: Գետերը (բացի Հրազդանից) ունեն ձնաանձրևային սնում և օգտագործվում են ոռոգման նպատակներով: Շրջանում բնա– կան լճեր չկան: Նախատեսվում է կառուցել ջրամբարներ, արհեստական լճեր և ջրհան կայաններ: Տիրապետում են տափաստանային բուսածածկույթով (տարա–խոտահացազգիներ, փետրախոտ, շյուղախոտ ևն) լեռնային սևահողերը: Փամբակի և Ծաղկունյաց լեռների լանջերին, լեռնաշագանակագույն հողերի վրա տարածված են թղկու, կաղնու, արոսենու և այլ ծառատեսակներով անտառները:Բարձրադիր վայրերում, ճմակալած հողերի վրա լեռնամարգագետնային բուսածածկույթ է: Կենդանական աշխարհին բնորոշ են եղջերուն, գայլը, աղվեսը, նապաստակը, արջը: Բազմազան է թռչնաշխարհը, կան միջատներ ու սողուններ: Հ. շ. հարուստ է օ գ տ ա կ ա ր հ ա ն ա ծ ո ն ե ր ո վ: Կան նեֆելինային սիենիտների (Մեղրաձոր, Հանքավան), մարմարի (Արզական), գրանիտի (Աղավնաձոր, Արզական, Հրազդան), երկաթի (Հրազդան քաղաքի մոտ) հանքավայրեր, Բջնի, Հանքավան և Արզական բնակավայրերի մոտ՝ հանքային ջրեր: Հայտնաբերված է ոսկի (Մեղրաձոր, Աղավնաձոր) և պղինձ (Մեղրաձոր):
Բնակչությունը: 92%-ը հայեր են, բնակվում են նաև ադրբեջանցիներ, ռուսներ, հույներ, ասորիներ և այլք: Միջին խտությունը 1 կմ2 վրա 50,6 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ մոտ 55% (1979, առանց Հրազդան քաղաքի): Խիտ են բնակեցված Հրազդան և Մարմարիկ գետերի հովիտները: Հ. շ–ում կա 17 բնակավայր. այդ թվում մեկ քաղաք (Չարենցավան) և մեկ քտա (Ծաղկաձոր), 11 գյուղսովետ, մեկ քաղսովետ և մեկ ավանային սովետ: Հ. շ–ի բնակավայրերն են՝ Ալափարս, Ախունդով, Աղավնաձոր, Արզական, Բջնի, Գյումուշ, Թաքյառլու, Լեռնանիստ, Ծաղկաձոր, Կոռչլու, Հանքավան, Մարմարիկ, Մեղրաձոր, Չարենցավան, Սոլակ, Քաղսի, Ֆանտան:
Պատմական ակնարկ: Հ. շ–ի տարածքը հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ և կազմում էր նրա Նիգ և Կոտայք գավառների մասը: Հայկական պետականության անկումից հետո պարսկական և թուրք, տիրապետողների կողմից այն օգտագործվել է որպես ամառանոց և արոտավայր: XIII– XV դդ. շրջանի տարածքում ստեղծվել են հայկական իշխանություններ (Զաքարյաններ, Պահլավունիներ, Պռոշյաններ): Մինչև 1828-ը Հ. շ–ի տարածքը հանդիսանում էր Երևանի խանության մահալներից մեկը: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, մինչև ՀՍՍՀ վարչատերիտորիալ բաժանումը (1930), մտնում էր Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի մեջ: 1826–28-ի ռուս–պարսկական և 1828–1829-ի ռուս–թուրքական պատերազմներից հետո Սալմաստ, Խոյ, Ալաշկերտ և Բայազետ գավառներից գաղթած շատ հայ ընտանիքներ բնակություն հաստատեցին Հ. շ–ի տարածքում: 1840-ական թթ. ցարական կառավարությունը, հենարաններ ստեղծելու նպատակով, Հայաստանի ռազմա–ստրատեգիական կարևորագույն բնակավայրերում (այդ թվում՝ Հրազդանում, Ծաղկաձորում, Ֆանտանում) և գլխավոր մայրուղիների վրա բնակեցրեց ռուս բողոքականների:
Շրջանի սոցիալ–քաղաքական զարգացումը սկսվեց Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո: