XIII–XVIII դդ.» գործում (հ. 1–2, 1951–56) զետեղված են 85 մեծ ու փոքր ժամանակագրություններ, որոնց մեծ մասն առաջին անգամ Հ–ի շնորհիվ է մատչելի դարձել հայագիտությանը: Աղբյուրագիտական կարևոր գործ է «Կանոնագիրք Հայոց»-ի երկու ստվար հատորների կազմումն ու հրատարակումը (1964–71), որ Հ. իրականացրել է ավելի քան 50 գրչագրերի հիման վրա՝ ընդարձակ ուսումնասիրությամբ, ծանոթագրություններով ու ցանկերով (1974-ին արժանացել է մաշտոցյան մրցանակի): Ա. Հովհաննիսյանի հետ Հ. կազմել և հրատարակել է (հ. 1–2, 1974–77) XVII դ. հայերեն ձեռագրերի հիշատակարանները: Մասնակցել է նաև XVIII դ. հայ–ռուս. հարաբերությունների պատմությանը նվիրված փաստաթղթերի և «Մեսրոպ Մաշտոց» (1962) ժողովածուների հրատարակմանը: Երկ. Հեթում պատմիչի նորահայտ հիշատակարանը և նրա պատմական նշանակությունը, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1948, no 10: Անանուն ժամանակագրության աղբյուրների մասին կամ Վարդան Արևելցու «Պատմութիւն Տիեզերական»-ի համառոտ խմբագրությունը, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1949, no 7: Մարտիրոս Երզնկացու ճանապարհորդական նոթերը, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1957, No 6:\
ՀԱԿՈԲՅԱՆ Ցոլակ Գրիգորի [1.2.1916, գ. Ֆանտան (ՀԱԱՀ Հրազդանի շրջանում)– 1.10.1977, Երևան], հայ սովետական երկրաֆիզիկոս: Երկրաբանա–հանքաբանական գիտ. դոկտոր (1967): ՍՄԿԿ անդամ 1944-ից: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը (1941): Աշխատել է ՀԱԱՀ ԳԱ երկրաբանական գիտ. ինստ–ում (1946–61), ապա՝ Լենինականի նորաստեղծ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստ–ում (1961–73), որտեղ ղեկավարել է երկրաֆիզիկայի բնագավառում կատարվող հետազոտությունները: 1973-ից Հ. նույն ինստ–ի Գառնիի երկրաֆիզիկական գիտակայանի ղեկավարն էր: Հ–ի աշխատություններում լուսաբանված են մագնիսաչափական, հնագույն մագնիսական դաշտերին վերաբերող և երկրաֆիզիկական այլ հարցեր:
ՀԱԿՈԲՅԱՆՑ Ալեքսանդր Միքայելի [1.1. 1859, գ. Բարան (Ղազախի գավառում)– 30.8.1931, Բաքու], հայ մաշկավեներոլոգ: Բժշկ. գիտ. դ–ր (1899): 1889-ին ավարտել է Կազանի կայսերական համալսարանի բժշկ. ֆակուլտետը: 1891-ին գործուղվել է Պարսկաստան՝ խոլերայի համաճարակի պատճառները պարզելու և բնակչությանն օգնություն ցույց տալու համար: 1895-ին վերադարձել է և աշխատել Կազանի համալսարանին կից մաշկա–վեներական հիվանդությունների կլինիկայում: 1897-ին, Ա. Ա. Իստամանովի հետ, աշխարհում առաջին անգամ, հատուկ սննդարար միջավայրում ստացել է փափուկ շանկր հիվանդության հարուցիչի մաքուր կուլտուրան, որի շնորհիվ փափուկ շանկրը, որպես ինքնուրույն հիվանդություն, առանձնացվեց սիֆիլիսից: 1900-ից բնակություն է հաստատել Բաքվում և մինչև կյանքի վերջը զբաղվել գործնական մաշկավեներոլոգիայով: Գիտական աշխատությունները նվիրված են սիֆիլիսի և սուր միզուկաբորբի բուժման, Բորժոմի եկատերինյան հանքաղբյուրի ջրի (շշերում գազավորված) քիմ. բաղադրության հարցերին:
ՀԱԿՈԲՅԱՆՑ Գևորգ Թամրազի (1920, Պյատիգորսկ –1977, Երևան), Սովետական Միության հերոս (3.6.1944), գնդապետ (1953): ԱՄԿԿ անդամ 1943-ից: Ավարտել է Կրասնոդարի ռազմահետևակային ուսումնարանը (1941) և Ֆրունզեի անվ. ռազմ, ակադեմիան (1948): Հայրենական պատերազմի առաջին օրերից Հ–ի վաշտը (ապա՝ գումարտակը) Հարավային ռազմաճակատում մասնակցել է Տագանրոգ, Վորոշիլովգրադ և Դոնի Ռոստով քաղաքների պաշտպանական մարտերին, 1943-ի հունվարին՝ Արմավիր, Կրասնոդար, Կրիմսկայա և այլ քաղաքների ու բնակավայրերի ազատագրմանը: Դնեպրի անցման ու խերսոնի ազատագրման ժամանակ ցուցաբերած խիզախության և բարդ իրադրության մեջ գումարտակը հմտորեն ղեկավարելու համար նրան շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում: 1956-ից աշխատել է Երևանի գյուղատնտեսական ինստ–ում: Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2 և այլ շքանշաններով ու մեդալներով:
ՀԱԿՐԱԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառում: 1909-ին ուներ 45 տուն հայ բնակիչ. զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, թուրք, կառավարության կազմակերպած ջարդերի ժամանակ: Փրկվածները ապաստանել են տարբեր երկրներում:
ՀԱԿՈՒԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Աղերդի գավառի Բարվարի գավառակում: 1909-ին ուներ 20 տուն հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, թուրք, կառավարության կազմակերպած ջարդերի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
ՀԱԿՈՒՄ, կենդանի օրգանիզմի որևէ պահանջը բավարարելու ձգտում: Հատուկ է կենդանիներին և մարդկանց: Կենդանու Հ. հիմնականում բնազդային բնույթ ունի (տես Բնազդ): Մարդու Հ. բնածին է (բնազդային) և սոցիոգեն: Ունի որոշ չափով արտահայտված ուղղվածություն այն օբյեկտների նկատմամբ, որոնք կարող են բավարարել նրա պահանջմունքը: Որպես ակտիվության դրդապատճառ, Հ. շարժման մեջ է դնում օրգանիզմի զգայական, շարժողական և բարձրագույն իմացական հնարավորությունները՝ օբյեկտի որոնման և պահանջմունքի բավարարման խնդիրները լուծելիս: Առանձնացվում են Հ–ման ազդեցության տակ կատարվող գործունեության երեք փուլ, օբյեկտի որոնման և ընկալման, օբյեկտի հետ գործողությունների կատարման, պահանջմունքի բավարարման: Հ. խիստ շարժուն հոգեկան երևույթ է: Այն կարող է մեկ օբյեկտից անցնել մյուսին: Միաժամանակ մի շարք Հ–ներ ունենալիս դրանց միջև կոնֆլիկտներ են առաջանում: Կոնֆլիկտների հաղթահարման հնարավոր ուղիներն են. ա. Հ–ների զսպում՝ համաձայն նորմերի, բ. միջավայրի որոշ փոփոխությունների շնորհիվ ներքին լարման թուլացում, գ. Հ–ների բավարարում՝ սոցիալական վարքի նորմերը խախտելու գնով: Նոր իրադրության մեջ հայտնվելիս, մարդը հանդես է բերում իմպուլսային, ինքնաբեր Հ–ներ, որոնք կախված են կենսափորձից և զգալի չափով անհատական են: Մարդկային Հ–ները խորքային և դինամիկական հոգեբանության ուսումնասիրության առարկան են: Կենդանիների Հ–ների ուսումնասիրմամբ զբաղվում է էտոլոգիան: Գրկ Рубиштейн С. Л., Основы общей психологии, М., 1946, гл. XVIII; Шибутани Т., Социальная психология, М., 1969; Хайдн Р., Поведение животных, М., 1975.
ՀԱԿՈՒՄ, տես Երկնային կոորդինատների համակարգեր:
ՀԱՂԱՋՈՒՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խոզաթ (Դեր–սիմ) գավառում: 1915-ին ուներ 85 տուն հայ և 30 տուն հայախոս քուրդ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ: Հ–ի հս. բարձրադիր մասում կար եկեղեցի (Ս. Հրեշտակապետ): Գյուղի հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել և զոհվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:
ՀԱՂԱՐԾԻՆ, գետ Հայկական ԱԱՀ Իջևանի շրջանում, Աղստևի ձախ վտակը: Երկարությունը 10 կմ է, ավազանը՝ 38,7 կմ2: Ակիզբ է առնում Հալաբի լեռնաշղթայի հվ. լանջից, մոտ 2200 մ բարձրությունից: Հոսում է հվ–արլ. ուղղությամբ և Դիլիջանից մոտ 8 կմ արլ. միանում Աղստևին: Ունի խառը սնում: Հորդանում է մայիսին: Միջին հոսանքի ձախ կողմում գտնվում է Հաղարծին վանքային համալիրը:
ՀԱՂԱՐԾԻՆ, ճարտարապետական հուշարձան Դիլիջանից 18 կմ հյուսիս, X– XIII դդ. վանքային համալիր պատմական Զորափոր գավառում: Հ–ի ուսումնագիտական կենտրոնը հիշատակվում է XIII դ. առաջատար մշակութային օջախների շարքում (Կոստանդին Դ Բարձրբերդցի, Ստեփանոս ՕրբեԱան): Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին: Հ. սկսել է ծաղկել XIII դ. 30-ական թվականներից՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ: Մինչ այդ վանքը երկար ժամանակ ամայացած էր: Համալիրը կազմավորվել է տարբեր ժամանակներում կառուցված շենքերից, նրա կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը ավերված է), սեղանատունը, մի քանի աղոթարաններ, խաչքարեր ևն: Ամենահինը Ա. Գրիգոր եկեղեցին է (մոտ X դ.), որը, 8,77 մX8,98 մ արտաքին չափերով, խաչաձև–գմբեթավոր կառույց է, չորս անկյուններին ավանդատներով (արլ. երկուսը առանձնացված չեն աղոթասրահից): Գմբեթային