Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաշվառման և պահպանման (1921 թ.-ի հունվարի 8) մասին և այլն: 1920–1930-ական թթ. ընթացքում մեծ աշխատանք կատարվեց անգրագիտության վերացման ուղղությամբ (դեկրետն ընդունվեց 1931 թ.-ի սեպտեմբերի 21-ին): 1921 թ.-ին ստեղծվեց «Կորչի անգրագիտությունը» ընկերությունը: 1920 թ.-ին անգրագետ էր հանրապետության բնակչության 83%-ը, 1926 թ.-ին՝ 61,3%-ը, 1939 թ.-ին՝ 16%-ը: Անցման շրջանի վերջում անգրագիտության վերացման խնդիրը հանրապետությունում գործնականապես լուծվեց: Կուլտուրական հեղափոխության ընթացքում ստեղծվեց դպրոցական կրթական սովետական համակարգ: Արմատապես փոխվեց ուսուցման պրոցեսի բովանդակությունը, ստեղծվեցին դպրոցական նոր ծրագրեր ու դասագրքեր: Արագ տեմպերով աճում էր դպրոցների ու սովորողների թիվը: 1919 թ.-ին Հայաստանում գործում էին 166 դպրոց (18,6 հազ. աշակերտ), 1922 թ.-ին՝ 545 դպրոց (67,4 հազ. աշակերտ), 1936 թ.-ին՝ 1147 դպրոց (213,5 հազ. աշակերտ), 1940 թ.-ին՝ 1155 դպրոց (326,6 հազ. աշակերտ): Ուսուցիչների թիվն աճեց 670-ից (1919 թ.) մինչև 11,9 հազ. (1940 թ.): 1930-ական թթ. սկզբին հանրապետությունում իրականացվեց ընդհանուր տարրական պարտադիր ուսուցումը, իսկ 30-ական թթ. 2-րդ կեսից՝ յոթնամյա պարտադիր ուսուցումը: Ժողովրդական կրթության բնագավառում ձեռք բերված նվաճումները հիմք հանդիսացան սովետահայ դպրոցի հետագա զարգացման համար: ՀՍՍՀ–ում գործում են 1337 դպրոց (նրանցից 907-ը՝ միջնակարգ), որոնցում սովորում են 680,0 հազ. աշակերտ և աշխատում են 44,0 հզ. մանկավարժ (1978 թ.-ի տվյալներով): Հանրապետությունում հիմնականում ավարտված է անցումը պարտադիր միջնակարգ կրթության:

Կուլտուրական հեղափոխության ընթացքում ձևավորվեց սովետահայ մտավորականությունը: Սովետական իշխանության առաջին տարիներին նոր մտավորականության ձևավորման հիմնական եղանակներն էին հին մտավորականության դաստիարակումը, առաջավոր բանվորների առաջքաշումը ղեկավար աշխատանքի: Բարձրագույն կրթության զարգացմանը զուգընթաց աճում էր բարձր որակավորում ունեցող մտավորականությունը: 1940 թ.-ին Հայաստանում գործում էին 9 բուհ (11 հազ. ուսանող), 62 տեխնիկում (9 հազ. սովորող): 1939 թ.-ին ժողովրդական տնտեսության ճյուղերում ընդգրկված 1000 մարդուց բարձրագույն ու միջնակարգ կրթություն ունեին 135-ը, իսկ 1959 թ.-ին՝ 527-ը: Այս ցուցանիշով ՀՍՍՀ գրավում էր միության մեջ առաջին տեղը: Արագ տեմպերով զարգացավ նաև գիտական միտքը: Նախասովետական Հայաստանում չկար ոչ մի գիտական հիմնարկություն: Անցման շրջանի վերջում Սովետական Հայաստանում գիտահետազոտական հիմնարկների թիվը հասավ շուրջ 40-ի (մոտ 1500 գիտաշխատող): 1935 թ.-ին կազմակերպվեց ՍՍՀՄ ԳԱ–ի հայկական մասնաճյուղը (Արմֆան), որը շուտով դարձավ երկրի ճանաչված գիտական կենտրոններից: Մեծ աշխատանք կատարվեց հայ գրականության ու արվեստի ստեղծագործական ուժերը գաղափարական նոր սկզբունքի՝ սոցիալիստական ռեալիզմի հիմքի վրա միավորելու ուղղությամբ: 1930-ական թթ. սկզբին ստեղծվեցին գրողների, նկարիչների, կոմպոզիտորների միասնական ստեղծագործական կազմակերպություններ:

Հայաստանում կուլտուրական շինարարության հաջողությունները դրական ազդեցություն գործեցին սփյուռքահայ առաջադիմական շրջանների վրա, նպաստեցին սփյուռքահայ մշակույթի դեմոկրատական զարգացմանը, մայր հայրենիքի հետ սփյուռքահայության կապերի ամրապնդմանը: Կուլտուրական հեղափոխության հիմնական արդյունքն էր հայ սոցիալիստական մշակույթի ստեղծումը, որը զարգացավ երկրի պատմության հաջորդ փուլում: Տես նաև Գիտատեխնիկական հեղափոխություն:

Գրականություն՝ Մարքս Կ., Էնգելս Ֆ., Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Ե., 1973: Նույնի, Գերմանական գաղափարախոսություն, Ընտիր երկ., հ. 1, Ե., 1972: Լենին Վ. Ի., Պրոլետարական կուլտուրայի մասին, Երկ., հ. 31: Նույնի, Մեր ռևոլյուցիայի մասին, Երկ., հ. 33: Նույնի, Կոոպերացիայի մասին, Երկ., հ. 33: ՍՄԿԿ 25-րդ համագումարի նյութերը, Ե., 1976: Բրեժնև Լ. Ի., Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության հիսնամյակի մասին, տես նրա «Լենինյան կուրսով», հ. 4, Ե., 1974: Ким M.П., Кoммyнистическая партия – организатор культурной революции в CCCP, M., 1955; Xудавердян К.С. Культурная революция в Советской Армении, 1920–1940, E., 1966; КПСС во главе культурной революции в CCCP, M., 1972. Կ. Խուդավերդյան

ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐ, կուլտուր–լուսավորական հիմնարկներ ՍՍՀՄ–ում նպաստում են աշխատավորության կոմունիստական դաստիարակությանը, բարձրացնում նրանց հասարակական և արտադրական ակտիվությունը, ձևավորում գեղագիտական ճաշակը: Կուլտուրայի և հանգստի զբոսայգիներին հատկացվում են զբոսայգի–պարտեզներ, ջրային և անտառային տարածություններ: Խոշոր Կուլտուրայի և հանգստի զբոսայգիներում կան թատերական բեմահարթակներ, ընթերցարաններ, զվարճանալու հարմարանքներ, պարահրապարակներ, սահադաշտեր, հրաձգարաններ, մարզական կառույցներ և խաղահրապարակներ, նավակների կայաններ, դահուկային բազաներ, մեկօրյա հանգստյան տներ, մանկական հրապարակներ: Անց են կացվում մասսայական–քաղաքական, կուլտուր–լուսավորական, ֆիզկուլտ–առողջապահական տարբեր աշխատանքներ, թատերականացված տոներ, ժողովրդական զբոսանքներ, դասախոսություններ և զրույցներ, հանդիպումներ գիտության և մշակույթի գործիչների հետ, հանգստի երեկոներ, պարահանդեսներ, դիմակահանդեսներ, մարզական տոներ ու մրցույթներ: Կազմակերպվում են ներկայացումներ, համերգներ, կինոդիտումներ, թեմատիկ ցուցահանդեսներ: Առաջին կուլտուրայի և հանգստի զբոսայգիներ ստեղծվել են Մոսկվայում, ռուսական գյուղատնտեսական և տնայնագործա–արտադրական ցուցահանդեսի (1923 թ.) տերիտորիայում (այժմ՝ Մ. Գորկու անվ. Լենինի շքանշանակիր կուլտուրայի և հանգստի կենտրոնական զբոսայգի): ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրության համակարգում հաշվվում է (1979 թ.) ավելի քան 1100 կուլտուրայի և հանգստի զբոսայգիներ:

ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, կազմակերպվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության 1953 թ.-ի ապրիլի 17-ի հրամանագրով: Կազմի մեջ են արվեստի գործերի, ակումբային հիմնարկների և ժողստեղծագործության վարչությունները, արտասահմանյան կապերի, ավտոմատացված կառավարման համակարգի, թանգարանների, գրադարանների, ուսումնական հաստատությունների, կադրերի, կապիտալ շինարարության, պլանային–ֆինանսական, վերահսկողության–վերստուգման բաժինները: Կուլտուրայի մինիստրությունն իրականացնում է թատերական, երաժշտական, պարարվեստի, կերպարվեստի, դեկորատիվ–կիրառական, էստրադային արվեստների զարգացման և կուլտուր–լուսավորական աշխատանքի ղեկավարությունը հանրապետությունում: Նրա իրավասությանը ենթակա են հանրապետության բոլոր պետական թատրոնները, «Հայհամերգ» միավորումը, Հայաստանի պատմության, ՀՍՍՀ հեղափոխության, Հայաստանի Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի, Սովետական Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում, Հայաստանի ազգագրության, Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանները, Հայաստանի պետական պատկերասրահը, Խ. Աբովյանի, Հ. Թումանյանի, Ա. Իսահակյանի, Ա. Ապենդիարյանի, Ե. Չարենցի, Մ. Սարյանի, Ա. Խաչատրյանի տուն–թանգարանները, Ա. Մյասնիկյանի անվան հանրային, Խնկո–Ապոր անվան մանկական, Երաժշտական գրականության հանրապետական գրադարանները, ժողստեղծագործության և կուլտ–լուսաշխատանքի հանրապետական գիտամեթոդական կենտրոնը, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը, պարարվեստի ուսումնարանը: Կուլտուրայի մինիստրության օրգանն է «Սովետական արվեստ» ամսագիրը և «Կուլտուր–լուսավորական աշխատանք» հանդեսը:

ՀՍՍՀ կուլտուրայի մինիստր են եղել Զ. Տ. Գրիգորյանը (1953 թ.), Ա. Խ. Շահինյանը (1954–1960 թթ.), Հ. Խ. Մարգարյանը (1960–1964 թթ.), Ռ. Հ. Խաչատրյանը (1964–1966 թթ.), Հ. Մ. Բաղդասարյանը (1966–1967 թթ.), Կ. Բ. Ուդումյանը (1967–1972 թթ.), Ռ. Հ. Պարսամյանը (1972–1979 թթ.): 1980 թ.-ից մինիստր է Գ. Ա. Առաքելյանը: Ա. Աբելյան

ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՊԱԼԱՏՆԵՐ ԵՎ ՏՆԵՐ, տես Մշակույթի պալատներ և տներ:

ԿՈՒԼՏՈՒՐԻԶՄ (ֆրանս. culturisme, անգլ. physical cultur – մարմնի կուլտուրա), տարբեր ծանրություններով ֆիզիկական վարժությունների համակարգ. նպատակը մարդու մկանների զարգացումն է: Կուլտուրիզմը լայն տարածում է ստացել 20-րդ դ. կեսերին: 1901 թ.-ից անցկացվում են տղամարդու մարմնի գեղեցկության մրցույթներ, իսկ 1950-ական թվականներից՝ աշխարհի ամենամյա չեմպիոնատներ: Կուլտուրիզմին բնորոշ է մկանների ակտիվ «լցումը», որը հանգեցնում է դրանց անհամաչափ զարգացմանը: Մարզման հիմքում ընկած է «ֆլյաշինգի» երևույթը, որի դեպքում ավելանում է մկանների ծավալը, սակայն մարդը դրանից չի դառնում ճարպիկ, արագաշարժ, դիմացկուն: Ի տարբերություն մարզիկների, կուլտուրիստները չեն ձգտում