Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ալբերտ Մեծ և Թովմա Աքվինացի) վրա:
ՄԱՅՆ (Main), գետ ԳՖՀ–ում, Հռենոսի աջ վտակը: Երկարությունը 524 կմ է, ավազանը՝ 27,2 հզ. կմ²: Կազմվում է Ռոտեր–Մայն (սկիզբ է առնում Ֆրանկոնյան Ալբից) և Վեյսեր–Մայն (Ֆիխտել լեռներից) գետերի միախառնումից: Մեծ մասամբ հոսում է նեղ հովտով, ապա՝ հարթավայրով: Ջրառատ է փետրվար–մարտին: Տարեկան միջին ծախսը գետաբերանում 170 մ³/վրկ է: Նավարկելի է գետաբերանից 400 կմ: Մ–ի ավազանը Լյուդվիգս ջրանցքով միացած է Դանուբի ջրային ուղիների համակարգին: Մ–ի ափին են Մայնի Ֆրանկֆուրտ և Վյուրցբուրգ քաղաքները:
ՄԱՅՆԻՆԳԵՆԻ ԹԱՏՐՈՆ, գերմանական թատրոն: Ստեղծվել է XVIII դ. վերջին, Մայնինգենում: Սկզբում գործել են օպերային և դրամատիկ խմբեր, 1861-ից՝ միայն դրամատիկական թատերախումբ: Համաշխարհային հռչակ է վայելել XIX դ. 60-90-ական թթ.: Թատրոնի ստեղծագործական կյանքի բարձրակետը կապված է հերցոգ Գեորգ II-ի (զբաղվել է հիմնականում ներկայացումների ձևավորմամբ) և հատկապես ռեժիսոր Լ. Կրոնեկի գործունեության հետ: Նրանց օգնել է դերասանուհի Է. Ֆրանցը: 1874-90-ին թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Ավստրո–Հունգարիայում, Լեհաստանում, սկանդինավյան երկրներում, Եգիպտոսում, Ռուսաստանում (1885, 1890): Խաղացանկը (41 պիես) հատկապես կազմված էր դասական դրամատուրգիայի երկերից՝ Շիլլերի «Օռլեանի կույսը», «Մարի Ստյուարտ», «Ավազակներ», «Վալլենշտայնի ճամբարը», Շեքսպիրի «Հուլիոս Կեսար», «Համլետ», «Մակբեթ», «Վենետիկի վաճառականը»: Ներկայացվել են նաև Գ. Է. Լեսինգի, Ֆ. Գրիլպարցերի, Մոլիերի, Ջ. Բայրոնի, Յո. Գյոթեի, Հ. Իբսենի պիեսները: Մ. թ. զարգացրել է Ֆ. Դինգելշտեդի և Է. Դերիենտի, այսպես կոչված, «գեղանկարչական ռեժիսուրայի» ավանդույթները»՝ առաջնակարգ նշանակություն տալով ներկայացման բեմադրական կուլտուրային, պատմական, ազգագրական և կենցաղային հավաստիությանը: Թատրոնը հետևել է դերասանական անսամբլային խաղի սկզբունքին, բոլոր բաղադրատարրերը ենթարկել միասնական մտահղացմանը, մասսայական տեսարաններին հաղորդել արտահայտիչ մշակվածություն:
ՄԱՅՈԼ (Maillol), Արիստիդ, Ժոզեֆ Բոնավենտյուր (1861-1944), ֆրանսիացի քանդակագործ: 1882-86-ին սովորել է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցում: Ազդվել է Պ. Գոգենից, հարել «նաբի» խմբակցությանը, կատարել գոբելենների էսքիզներ: 1890-ական թթ. 2-րդ կեսից ստեղծել է «մոդեռն» ոճի հաստոցային ոչ մեծ քանդակներ: Ստեղծագործական հասուն շրջանում (1900-ական թթ.) ձգտել է զանգվածների ծավալապլաստիկական կառուցիկության և ընդհանրականության, ուրվագծի սահունության («Գիշեր», 1902-1909, բրոնզ, մասնավոր հավաքածու, Փարիզ, «Մանյակով Վեներան», 1930, Թյուիլրի պարտեզ, Փարիզ): Հիմնականում պատկերելով կանանց մարմիններ (մարմար, քար, բրոնզ), դրանցում մարմնավորելով գեղեցիկ մարդու իր իդեալը, միաժամանակ հաղորդել է կամ հայեցողական հանգստի զգացողություն («Միջերկրածով», 1902-05, բրոնզ, մասնավոր հավաքածու, ԱՄՆ), կամ դինամիզմ («Իլդե–Ֆրանս», բրոնզ, 1920-25, Պտի–Պալե թանգարան, Փարիզ): Մ. կերպարների խորհրդանշական բովանդակությունը համադրել է արդիականության, իսկ գեղարվեստական լուծումը՝ միջավայրի հետ (առաջին համաշխարհային պատերազմում ընկածների հիշատակին կանգնեցված հուշարձաններ, XIX դ. վերջի նշանավոր մարդկանց մոնումենտներ): «Կաշկանդված գործողություն» քանդակի (բրոնզ, 1906, ժամանակակից արվեստի ազգային թանգարան, Փարիզ) կնոջ հզոր մարմինը բացահայտում է Լ. Օ. Բլանկիի կյանքի պաթոսը, ներդաշնակության գաղափարը մարմնավորող նիմֆան՝ Պ. Սեզանի ստեղծագործական որոնումների նպատակը (Հուշարձան՝ Պ. Սեզանին, քար, 1912-1925, Թուիլրի պարտեզ): Դեկորատիվ բնույթի աշխատանքներում («Պոմոնա», բրոնզ, 1910, Ա. Ս. Պուշկինի անվ. կերպարվեստի թանգարան, Մոսկվա) կարևորված են զգայականությունը, մարդու և բնության միասնության բացահայտումը: Մ. հայտնի է նաև մանրաքանդակներով, գծանկարներով, փորագրություններով և վիմագրություններով: Խորը ռեալիզմով նրա մարդասիրական արվեստը մեծ ազդեցություն է ունեցել XX դ. նշանավոր քանդակագործների վրա:
Գրկ. Терновец Б., Майоль, М., 1935.
ՄԱՅՈԼԻԿԱ (իտալ. maiolica, < Majolica — Մալիորկա կղզու հին անվանումից, որի վրայով Իտալիա էր բերվում իսպանա–մավրիտանական խեցեղեն), 1. XIV–XVII դդ. գունավոր ծակոտկեն մակերեսով և հում, անթափանցիկ կապարե ջնարակի վրա կատարված, ուղղումներ չվերցնող, սյուժետային զարդանկարով իտալ. խեցեղեն իրեր (Ֆլորենցիայի, Սիենայի, Ուրբինոյի և այլ արվեստանոցների արտադրանքը): 2. Լայն առումով՝ գունավոր թրծված կավե իրեր, ջնարակապատ, խոշոր ծակոտկեն մակերեսով: Տարածված էր Հին Արևելքի երկրներում (Եգիպտոս, Բաբելոն, Իրան, Հայաստան), միջին դարերում՝ Միջին, Կենտրոնական և Առաջավոր Ասիայի երկրներում, XIV-XVIII դդ.՝ Եվրոպայի երկրներում (Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա): Հին Ռուսաստանում հայտնի էր XI դարից: Գեղարվեստական պրակտիկայում Մ. են անվանում նաև գունավոր ջնարակներով պատված հախճապակյա գունավոր կամ սպիտակ խեցեղենը:
ՄԱՅՈՆԵԶ (ֆրանս. mayonnaise). 1.սառը սոուս՝ պատրաստված բարձրորակ բուսական յուղի, ձվի դեղնուցի, քացախի, մանանեխի, շաքարի, երբեմն նաև այլ համեմունքների խառնուրդից: 2. Այդ սոուսով համեմված ձկան, մսի սառը կերակրատեսակ:
ՄԱՅՈՐ (Major) Տամաշ (ծն. 1910, Բուդապեշտ), հունգար դերասան, ռեժիսոր, հասարակական գործիչ: ՀԺՀ ժող. արտիստ (1950): ՀՍԲԿ անդամ 1942-ից: 1957-1966-ին ՀՍԲԿ ԿԿ անդամ: 1945-62-ին՝ Բուդապեշտի Ազգային թատրոնի դիրեկտորը, 1962-ից՝ գլխավոր ռեժիսորը: Մ–ի գործունեությունը նպաստել է հունգ. առաջադիմական ռեալիստական թատերարվեստի ամրապնդմանը: Մ–ի ներկայացումներին բնորոշ է սոցիալական խոր վերլուծությունը: Պրոպագանդել է Կ. Ստանիսլավսկու սիստեմը: Լավագույն դերերից են՝ Իվան Վասիլևիչ (Բուլգակովի «Իվան Վասիլևիչ»), Լյուցիֆեր (Մադաչի «Մարդու ողբերգությունը»): Բեմադրել է Գորկու «Թշնամիներ» (1949), Մադաչի «Մարդու ողբերգությունը» (1955, 1960, 1964), Բրեխտի «Բարի մարդը Սեգուանից» (1972): 1941-ից նկարահանվում է կինոյում. 1947-ից Հունգ. թատերական և կինոարվեստի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր: Արժանացել է Կոշուտի անվ. մրցանակների (1948, 1955):
ՄԱՅՈՐ (լատ.major — ավելի մեծ, ավագ), ավագ սպայի զինվորական կոչում ՍՍՀՄ–ի և այլ երկրների զինված ուժերում: ՍՍՀՄ զինված ուժերում Մ. կոչումը հաստատվել է 1935-ի սեպտ. 22-ին: ՍՍՀՄ ռազմածովային նավատորմում Մ–ի կոչմանը համապատասխանում է III կարգի կապիտանի կոչումը (տես Կոչումներ զինվորական):
ՄԱՅՈՐԱՏ (ուշ լատ. majoratus, < լատ. major — ավագ), ավագության իրավունք, ըստ որի ընտանիքի (տոհմի, նահապետության) անշարժ գույքի (հող, տանուտիրություն ևն) ժառանգման իրավունքը արտոնվում է ավագ որդուն: Առաջին անգամ վավերագրվել է ստրկատիրական իրավունքում (Հնդկաստանում, Հին Հունաստանում ևն)՝ ազնվական ընտանիքների հզորությունը պահպանելու նպատակով: Ֆեոդալիզմի դարաշրջանում Մ. տարածվել է Անգլիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում (XI-XIII դդ.): Ռուսաստանում պահպանվել է մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը: Ըստ Մ–ի, կրտսեր որդիները ավատը ժառանգելու