Արևմտահայերենում Մ–ի հոմանիշն է մարաջախտը։
Հայ զորավարներից Մ–ի կոչման արժանացել են Հ․ Բաղրամյանը (Սովետական Միության Մ․), Հ․ Իսակովը (Սովետական Միության նավատորմի ծովակալ), Ս․ Խուդյակովը՝ Ս․ Խանփերյանց (ավիացիայի Մ․), Հ․ Բաբաջանյանը (զրահատանկային զորքերի զլխավոր Մ․), Ս․ Աղանովը (ինժեներական զորքերի Մ․)։
«ՄԱՐՇԱԼԻ ՊԼԱՆ», երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո ԱՄՆ–ի տնտեսական օգնությամբ, այսպես կոչված, Եվրոպայի վերականգնման և զարգացման ծրագիր։ Նպատակն էր՝ ամրապնդել պատերազմի հետևանքով կապիտալիզմի խախտված դիրքերը Արևմտյան Եվրոպայում, խոչընդոտել առաջադիմական սոցիալական փոփոխությունները մայր ցամաքի երկրներում, միասնական իմպերիալիստական ճակատ ստեղծել Սովետական Միության և կազմավորվող սոցիալիստական համաշխարհային սիստեմի դեմ։ «Մ․ պ․» և «Տրումենի դոկտրինան» նախորդեցին և նպաստեցին ՆԱՏՕ–ի ագրեսիվ բլոկի ստեղծմանը (1949)։ «Մ․պ․»-ի գաղափարը առաջ է քաշել ԱՄՆ-ի պետ․ քարտուղար Ջ․ Մարշալը (նրա անունով էլ կոչվել է) 1947-ի հունիսի 5-ին, որը պաշտպանություն գտավ Անգլիայի ու Ֆրանսիայի կողմից։ Չորս տերությունների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ՍՍՀՄ) արտաքին գործերի մինիստրների խորհրդակցությունում (1947-ի հունիս–հուլիս) նրանք առաջարկեցին Եվրոպայում ստեղծել «ղեկավար կոմիտե»՝ եվրոպական երկրների ռեսուրսներն ու կարիքները պարզելու և արդյունաբերության գլխավոր ճյուղերի զարգացման ուղղությունը որոշելու համար, որն իրականում նշանակում էր միջամտություն այդ երկրների ներքին գործերին։ ՍՍՀՄ և ժող․ դեմոկրատիայի երկրները հրաժարվեցին մասնակցել «Մ․ պ․»-ին։ Հուլիսին 16 կապիտալիստական երկրներ (Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ, Շվեդիա, Նորվեգիա, Դանիա, Իռլանդիա, Իսլանդիա, Պորտուգալիա, Ավստրիա, Շվեյցարիա, Հունաստան, Թուրքիա) կնքեցին համաձայնագիր եվրոպական տնտ․ համագործակցության կազմակերպություն (նախապես՝ կոմիտե) ստեղծելու վերաբերյալ, որը պետք է մշակեր «Եվրոպայի վերականգնման ծրագիր»։ «Մ․ պ․» ուժի մեջ մտավ 1948-ի ապրիլին, երբ ԱՄՆ–ում ընդունվեց «օտարերկրյա պետություններին օգնելու» քառամյա ծրագիրը, կնքվեցին երկկողմանի համաձայնագրեր, որոնցով Մ․ պ–ի մասնակիցները պարտավորվում էին նպաստել «ազատ ձեռնարկությանը», խրախուսել ամերիկյան մասնավոր ներդրումները, իջեցնել մաքսերը ևն։ Օգնությունը տրվում էր ԱՄՆ–ի ֆեդերալ բյուջեից՝ անհատույց վարկերի և փոխառությունների ձևով, որը 1948–1951-ին կազմեց 17 մլրդ դոլլար (60%–ը ստացան Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան և ԳՖՀ)։ 1951-ի դեկտ․ 30-ին պաշտոնապես դադարեց «Մ․ պ․»-ի գործողությունը և այն փոխարինվեց «անվտանգության փոխադարձ ապահովման» օրենքով (կոնգրեսն ընդունեց 1951-ի հոկտ․ 10-ին), որը նախատեսում էր ռազմ. և տնտ․ օգնություն։
Գրկ․ Иноземцев Н․ Н․, Внешняя политика США в эпоху империализма, М․, 1960; Аллен Д․, План Маршалла․ План восстановления или военный план?, пер․ с англ․, М․, 1949; Ргiсе Н․ В․, The Marshall Plan and ist [Meaning, [N․ Y․, 1955].
ՄԱՐՇԱԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (Marshall Islands), արշիպելագ Խաղաղ օվկիանոսում, Միկրոնեզիայում։ ՄԱԿ–ի խնամարկյալ տերիտորիաների մի մասն է ԱՄՆ–ի կառավարման ներքո։ Բաղկացած է մի քանի հարյուր կորալային ոչ մեծ կղզիներից, ատոլներից ու խութերից, որոնք կազմում են երկու խումբ․ Ռադակը՝ արլ–ում և Ռալիկը՝ արմ–ում։ Տարածությանը 181 կմ² է, մոտ 18,2 հզ․ բն․ (1978)։ Վարչական կենտրոնը Մաջուրո կղզում է։ Կլիման արևադարձային, մերձհասարակածային է, տարեկան տեղումները՝ 2000–4000 մմ։ Զբաղվում են կոկոսյան արմավենու, հացի ծառի, բատատի մշակությամբ, ձկնորսությամբ։ Արտահանում են կոկոսյան ընկույզի միջուկ։ Մ․ կ․ հայտնագործել է իսպանացի Ա․ Սաավեդրան 1529-ին։
ՄԱՐՇԱԿ Սամուիլ Յակովլևիչ [22․10(3․11) 1887, Վորոնեժ – 4․7․1964, Մոսկվա], ռուս սովետական բանաստեղծ։ 1912–14-ին եղել է Լոնդոնի համալսարանի արվեստի ֆակուլտետի ունկնդիր։ 1915–17-ին ռուս. հանդեսներում տպագրվել են Մ–ի առաջին թարգմանությունները անգլ․ պոեզիայից։ 1920-ին Կրասնոդարում կազմակերպել է երկրի առաջին մանկական թատրոններից մեկը, նրա համար գրել հեքիաթ–պիեսներ։ 1923-ին լույս են տեսել բանաստեղծական առաջին ժողովածուները ամենափոքրիկների համար․ «Այն տունը․ որ մի օր շինեց Ջեկոն» (հայ․ հրտ․ 1946), «Անխելք մկնիկի հեքիաթը» ևն։ 1923–25-ին Մ․ գլխավորել է «Նովի Ռոբինզոն» («Новый Робинзон») հանդեսը։ Երկար տարիներ եղել է Մանկհրատի լենինգրադյան խմբագրության ղեկավարը։ Մ․ երեխաների հետ խոսում է հասկանալի, գրավիչ և կենդանի լեզվով, մանկական խաղի ձևով։ Այս առանձնահատկությունները բնորոշ են նրա ինչպես վաղ («Միստր Թվիստր», 1933, հայ․ հրտ․ 1935 ևն), այնպես էլ պատերազմական ու ետպատերազմյան շրջանի («Զինվորական փոստը», 1944, հայ․ հրտ․ 1947, «Կլոր տարին», 1948 ևն) գործերի համար։ Մ․ ռուս պոեզիան հարստացրել է Ու․ Շեքսպիրի, Ռ․ Բյոռնսի, Ռ․ Կիպլինգի, Հ․ Թումանյանի և ուրիշների գործերի թարգմանություններով։ Հայտնի է նաև «Ընտիր լիրիկա» (1962, լենինյան մրցանակ, 1963) գրքով։ Մ․ արձակագիր է, գրաքննադատ։ Նրա գործերը թարգմանված են ՍՍՀՄ և աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1942, 1946, 1949, 1951)։ Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։
Երկ․ Собр․ соч․» т․ 1–8, М․» 1968–72; Մանուկներին, Ե․, 1953։
ՄԱՐՇԵ (Marchais) Ժորժ (ծն․ 7․ 6․ 1920, Ֆալեզ, Կալվադոս դեպարտամենտում), ֆրանսիական և միջազգային բանվորական շարժման գործիչ։ Ծնվել է բանվորի ընտանիքում։ Աշխատել է խառատ։ 1942-ին հարկադիր աշխատանքի է եղել ֆաշիստական Գերմանիայում։ Պատերազմից հետո աշխատել է ավիացիոն արդյունաբերության ձեռնարկություններում, եղել է արհմիութենական ակտիվիստ։ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության (ՖԿԿ) անդամ 1947-ից։ 1954-61-ին՝ ՖԿԿ Սեն-Սյուդի (Սենի դեպարտամենտ, Փարիզի շրջանում) ֆեդերացիայի քարտուղար։ 1956-ին ընտրվել է ՖԿԿ ԿԿ անդամության թեկնածու, 1959-ին՝ անդամ և ՖԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1961-ից՝ անդամ և ՖԿԿ ԿԿ քարտուղար։ ՖԿԿ XIX համագումարում (1970) ընտրվել է կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ, XX-ում (1972)՝ գլխավոր քարտուղար։ Մ․ 1973-ից Ֆրանսիայի Ազգային ժողովի դեպուտատ է։ Մասնակցել է կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցությանը (Մոսկվա, 1969)։ Բազմիցս այցելել է Սովետական Միություն։ Գրել է «Դեմոկրատական մրցահրավեր» (1973) գիրքը։
ՄԱՐՈ (Marot) Կլեման (1496–1544), ֆրանսիացի բանաստեղծ, ֆրանսիական Վաղ Վերածննդի առավել ականավոր դեմքերից։ Հաջողություն է ունեցել որպես պալատական բանաստեղծ։ Մ–ի պալատական բանաստեղծությունները արտակարգ թեթև են ու նրբագեղ՝ իր ժամանակի համար [«Վանահայրն ու իր ծառան», «Ինքն իր մասին», «Եղերերգ» (1515–38)]։ Նրա գրական ժառանգության մեջ գլխավորը ուղերձներն են, որոնք բազմազան են ժանրային երանգներով։ Եղել է խոշոր երգիծաբան («Դժոխք», պոեմ, 1526)։ Մ․ անցյալի բանաստեղծական ավանդույթները միահյուսել է հումանիստական մշակույթի նորագույն ձեռքբերումների հետ։ Սաղմոսների նրա թարգմանությունները կարևոր դեր են խաղացել ֆրանս․ ներբողների հետագա ծաղկումը նախապատրաստելու գործում։
ՄԱՐՈԿԿԱՑԻՆԵՐ, ազգ, Մարոկկոյի հիմնական բնակչությունը (18,7 մլն, 1978)։ Մեծամասնությունը խոսում է արաբ. լեզվի մարոկկոյական, որոշ մասը՝ նաև բերբերական լեզվի բարբառներով։ Հավատացյալները սուննի ուղղության մահմեդականներ են։ Մ–ի էթնիկական ընդհանրությունը ձևավորվել է բնիկ բերբերների և Հյուսիս–Արևմտյան Աֆրիկա թափանցած (սկսած VII դ․) արաբների միասերման հետևանքով։ Մ–ի ազգային համախմբմանը նպաստել է ազգային–ազատագրական պայքարը ընդդեմ ֆրանս․ և իսպանական գաղութարարների (1912–56)։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/331
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է