է 1776-ին Մոսկվայում։ Ներկայացումները տրվել են կոմս Ռ․ Վորոնցովի տանը։ 1780-ին թատրոնը տեղափոխվել է Պետրովկա փողոցի անկյունում կառուցված շենքը (այժմյան Մ․ թ–ի տեղում) և անվանվել «Պետրովկայի թատրոն»։ 1805-ին հրդեհվել է։ 1806-ից թատրոնը դարձել է պետ․։ 1824-ին կառուցվել է (հնի տեղում) 8-սյունանի շքամուտքով և ճակտոնից վեր Ապոլլոնի քառաձի մրցակառքով (քանդակագործ՝ Պ․ Կլոդտ) թատրոնի նոր, մոնումենտալ շենք (օգտագործվել է Ա․ Միխայլովի նախագիծը, ճարտ․ Օ․ Բովե), որը, լինելով ռուս. ամպիրի ճարտ․ լավագույն հուշարձաններից, իր մեծությամբ (այստեղից՝ անունը) երկրորդն էր Եվրոպայում (Միլանի «Լա Սկալա»-ից հետո)։ Բացվել է 1825-ին։ 1853-ի հրդեհից վնասված շենքը վերականգնվել է ճարտ․ Ա․ Կավոսի նախագծով (1856)։
Մ․ թ․ մեծ դեր է խաղացել ռուս. մինչհեղափոխական, ապա՝ սովետական օպերային և բալետային արվեստի զարգացման գործում։ Մ․ թ–ի բեմում ներկայացվել են ռուս կոմպոզիտորների առաջին օպերաները, ցուցադրվել արևմտաեվրոպական լավագույն օպերաներն ու բալետները։ Սկզբունքային նշանակություն են ունեցել Մ․ Գլինկայի, Ա․ Դարգոմիժսկու, Ա․ Ռուբինշտեյնի, Ա․ Սերովի, Պ․ Չայկովսկու, Մ․ Մուսորգսկու, Ն․ Ռիմսկի–Կորսակովի, Ա․ Բորոդինի օպերաների, Պ․ Չայկովսկու, Ա․ Գլազունովի բալետների բեմադրությունները։ Իբրև դիրիժորներ հանդես են եկել Ա․ Ռուբինշտեյնը, Պ․ Չայկովսկին, Ս․ Ռախմանինովը, Վ․ Սուկը։ XX դ․ սկզբին նրա բեմում փայլել են երգիչներ Ֆ․ Շալյապինը, Ա․ Նեժդանովան, Լ․ Սոբինովը, բալետի մենապարողներ Ե․ Գելցերը, Ս․ Ֆեոդորովան և ուրիշներ, ներկայացումներ են ձևավորել Ա․ Գոլովինը, Կ․ Կորովինը։ Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո Մ․ թ․ մատչելի է դարձել աշխատավորների լայն զանգվածների համար։ 1919-ից կոչվել է ակադեմիական, 1924-ից՝ ունեցել մասնաճյուղ։ Ռուս․ և արևմտաեվրոպական դասական ստեղծագործությունների կողքին Մ․ թ–ում իրականացվել են ռուս սովետական կոմպոզիտորների (Ս․ Պրոկոֆև, Դ․ Շոստակովիչ, Ի․ Ձերժինսկի, Ռ․ Գլիեր, Բ․ Ասաֆև), ՍՍՀՄ եղբայրական ժողովուրդների, սոցիալիստական երկրների և ժամանակակից արևմտաեվրոպական կոմպոզիտորների երկերի բեմադրությունները։ Մ․ թ․ հետևողականորեն իրականացնում է ժողովրդականության և ռեալիզմի սկզբունքները։ Մ․ թ–ի հետ անխզելիորեն կապված է աչքի ընկնող դիրիժորներ Ն․ Գոլովանովի, Ս․ Սամոսուդի, Բ․ Խայկինի, Դ․ Ռոժդեստվենսկու, Ա․ Մելիք–Փաշաևի, երգիչներ Ն․ Օբուխովայի, Ք․ Դերժինսկայայի, Ս․ Լեմեշևի, Վ․ Բարսովայի, Ի․ Կոզլովսկու, Ա․ Պիրոգովի, Մ․ Միխայլովի, Պ․ Լիսիցյանի, Ի․ Արխիպովայի, Ե․ Օբրազցովայի, Ե․ Նեստերենկոյի, մենապարողներ Մ․ Սեմյոնովայի, Ա․ Երմոլաևի, Օ․ Լեպեշինսկայայի, Գ, Ուլանովայի, Մ․ Պլիսեցկայայի, Վ․ Վասիլեի, Ե․ Մաքսիմովայի, Մ․ Լիեպայի, թատերական նկարիչներ Ֆ․ Ֆեդորովսկու, Ս․ Վիրսալաձեի, բալետմայստերներ Լ․ Լավրովսկու, Յու․ Գրիգորովիչի, ռեժիսորներ Բ․ Պոկրովսկու, Ի․ Տումանովի արվեստը։ Մ․ թ–ի թատերախումբը համաշխարհային հռչակ է վայելում, ավելի քան 50 անգամ հյուրախաղերի է մեկնել աշխարհի տարբեր երկրներ։ Անգնահատելի է նրա ավանդը սովետական բազմազգ ժողովրդի թատերական–օպերային արվեստի զարգացման գործում։ 1961-ից մասնաճյուղի փոխարեն Մ․ թ–ին է տրամադրվել նաև Կրեմլի Համագումարների պալատի բեմահարթակը։ 1937-ին և 1976-ին Մ․ թ․ պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Մ․ թ–ում անց են կացվում համագումարներ, կոնֆերանսներ, հանդիսավոր նիստեր։
Մ․ թ․ սերտ կապեր ունի հայ արվեստի հետ։ 1924-ի հունվ․ 6-ին և 13-ին Մ․ թ–ում կայացել են Ա․ Սպենդիարյանի հեղինակային համերգները՝ Մ․ թ–ի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ և հեղինակի ղեկավարությամբ։ 1926-ին Կ․ Սարաջևը ղեկավարել է Մ․ թ–ի նվագախմբի համերգը։ 1930-ին Մ․ թ–ի մասնաճյուղում կայացել է Ա․ Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի անդրանիկ բեմադրությունը։ Մ․ թ–ի լավագույն ներկայացումների թվին են պատկանում Ա․ Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ»․ Ս․ Բալասանյանի «Լեյլի և Մեջնուն» բալետները։ 1939-ին և 1956-ին հայ արվեստի և գրականության տասնօրյակներին Մ․ թ–ի բեմում ցուցադրվել են Երևանի օպերայի և բալետի թատրոնի լավագույն ներկայացումներից՝ Ա․ Սպենդիարյանի «Ալմաստ», Ա․ Տիգրանյանի «Անուշ» և «Դավիթ Բեկ», Տ․ Չուխաճյանի «Արշակ Բ», Հ․ Ստեփանյանի «Լուսաբացին», Պ․ Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերաները, Ա․ Խաչատրյանի «Երջանկություն» և Գ․ Եղիազարյանի «Սևան» բալետները, տասնօրյակների եզրափակիչ համերգները։ Մ․ թ–ում տեղի են ունեցել Հ․ Թումանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգներ և Երևանի օպերային թատրոնի ներկայացումների ցուցադրում (1969), նշվել են Կոմիտասի, Ա․ Սպենդիարյանի, Մ․ Սարյանի և հայ մշակույթի այլ մեծ գործիչների հոբելյանները։ Կրեմլի Համագումարների պալատի բեմում կայացել են Երևանի օպերային թատրոնի հյուրախաղերը (1976)։ Երկար տարիներ Մ․ թ–ի դիրիժոր (նաև՝ գլխավոր դիրիժոր) է եղել Ա․ Մելիք–Փաշաևը, առաջատար երգիչ՝ Պ․ Լիսիցյանը։ Մ․ թ–ի եռանդուն գործիչների թվում տարբեր տարիներ եղել են Ա․ Կոպիլովը (դիրիժոր), Դ․ Բեդրոսյանը (մեներգիչ), Գ․ և Ե․ Ֆարմանյանցները (բալետի մենապարողներ), Հ․ Մեսիայանը (փող, կոռնետ–ա–պիստոն), Ս․ Ամեդյանը (հոբոյ), Ռ․ Բաղդասարյանը (կլառնետ), Ռ․ Մատիկյանը (գալարափող), Գ․ Տերպողոսովը (ջութակ), Գ․ Վարդապետովը (թավջութակ), Ա․ Էլդարովա–Սարաջևան և Կ․ Սարաջևան (տավիղ), Ա․ Գրիգորյանը (փող), Ա․ Գալստյանը (ֆագոտ), Ա․ Գրիգորյանը (հարվածային գործիքներ) և ուրիշներ։ Հայ գործիչներից Մ․ թ–ի բեմադրություններին մասնակցելու են հրավիրվել ռեժիսոր Ռ․ Սիմոնովը, դիրիժորներ Մ․ Թավրիզյանը, Ցոլ․ Դավթյանը, երգիչներ Հ․ Դանիելյանը, Գ․ Գասպարյանը, Մ․ Երկաթը, Գ․ Գալաչյանը, հայ երիտասարդ դիրիժորներ և երգիչներ եղել են Մ․ թ–ի ստաժորներ։
Գրկ․ Шавердян А․ И․, Большой театр Союза ССР, М․, 1952; Государственный ордена Ленина академический Большой театр Союза ССР․ (Сб․ ст․), М․, 1947; Большой театр Союза ССР․ (Опера․ Балет), М․, 1958; Большому театру СССР 200 лет․ 1776–1976, М․, 1976; Грошева Е․А․, Большой театр Союза ССР, М․, 1978․
ՄԵԾ ԹՎԵՐԻ ՕՐԵՆՔ մաթեմատիկայում, հավանականությունների տեսության ընդհանուր սկզբունք, ըստ որի՝ մեծ թվով պատահական գործոնների համատեղ արդյունքը, որոշ, բավականաչափ ընդհանուր դեպքերում, ըստ էության պատահական չէ (համարյա կախված չէ դիպվածից)։ Մ․ թ․ օ-ի ճշգրիտ մաթեմատիկական ձևակերպումը և կիրառման պայմանները, որ տրվում են հավանականությունների տեսության մեջ, արտահայտվում է մի շարք թեորեմների ձևով։ Առաջին խստիվ ապացուցված թեորեմը պատկանում է Յա․ Բեռնուլիին։ Այն ձևակերպվում է այսպես․
Եթե ունենք անկախ փորձերի հաջորդականություն, որոնցից յուրաքանչյուրում պատահույթի հանդես գալու հավանականությունը միևնույն թիվն է, ապա ցանկացած թվի համար այստեղ -ը առաջին փորձերում -ի հանդես գալու թիվն է ( հաճախությունը)։
Այս թեորեմը հետագայում ընդհանրացրել է Ս․ Պուասոնը, որի աշխատություններից մեկում և առաջին անգամ հանդես է եկել «Մ․ թ․ օ․» տերմինը։ Պ․ Չեբիշևը տվել է ինչպես «Մ․ թ․ օ․» տերմինի ավելի ընդհանուր ըմբռնումը, այնպես էլ՝ Պուասոնի ստացած թեորեմի, ինչպես նաև՝ ավելի ընդհանուր թեորեմի ապացուցումը։ Մ․ թ․ օ–ին վերաբերող այդպիսի թեորեմներից մեկը կարելի է ձևակերպել այսպես․
Եթե ունենք , ... ,․․․ անկախ պատահական մեծություններ, որոնք ունեն սահմանափակ դիսպերսիա , ապա նրանց
թվաբանական միջինը 1-ին մոտ հավանականությամբ ցանկացած չափով քիչ է