Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

464 ՄԵՆՇՈՒՏԿԻՆ
ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1953)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1916), 1922-ից՝ պրոֆեսոր նույն տեղում։ Արմատական արդյունքներ է ստացել ֆունկցիաները եռանկյունաչափական շարքերով ներկայացնելու և միակության պրոբլեմների, ընդհանուր օրթոգոնալ շարքերի զուգամիտության և գումարելիության տեսության վերաբերյալ։ Հետազոտություններ ունի նաև կոնֆորմ արտապատկերումների տեսության և կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների մոնոգենության տեսության վերաբերյալ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակի դափնեկիր (1951)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
ՄԵՆՇՈՒՏԿԻՆ Նիկոլայ Ալեքսանդրովիչ (1842–1907), ռուս քիմիկոս։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1862)։ Պետերբուրգի համալսարանի (1869–1902) և պոլիտեխնիկական ինստ–ի (1902–07) պրոֆեսոր։ Մ–ի աշխատանքները վերաբերում են օրգ․ միացությունների քիմ․ փոխարկումների կինետիկային։ Մ․ բացահայտել է (1887–90) լուծիչի, ինչպես նաև նոսրացման ու քիմ․ կառուցվածքի ազդեցությունը քիմ․ փոխազդեցության արագության վրա։ Քիմ․ կինետիկայի բնագավառում կատարած աշխատանքների համար Մ․ արժանացել է Լոմոնոսովի անվ․ մրցանակի (1904)։
Երկ․ Очерк развития химических воззрений, 1888․
ՄԵՆՈՏՏԻ (Menotti) Ջան Կարլո (ծն․ 7․7․1911, Կադելիանո, Իտալիա), ամերիկյան կոմպոզիտոր։ Ազգությամբ՝ իտալացի։ Սովորել է մոր մոտ (10 տարեկանում գրել է առաջին օպերան), այնուհետև՝ Միլանի կոնսերվատորիայում (1923–27)։ 1928-ից ապրում է ԱՄՆ–ում։ Կատարելագործվել (1928–33), իսկ 1941-ից դասավանդում է (կոմպոզիցիա և երաժշտական դրամատուրգիա) Ֆիլադելֆիայի Կյորտիս երաժշտական ինստ–ում։ Մ․ բազմաթիվ օպերաների հեղինակ է (շատերն իր բեմադրությամբ ներկայացվում են ԱՄՆ–ում)։ Մ–ի երաժշտական ոճը էկլեկտիկ է, զուգորդում է իտալ․ վերիզմի ավանդույթները ամերիկյան երաժշտական դրամատուրգիայի ժամանակակից հնարների հետ։ Լավագույն օպերաներից են՝ «Ամելիան գնում է պարահանդես» (1936, Ֆիլադելֆիա), «Մեդիում» (1946, Նյու Յորք), «Հեռախոս» (1947, Նյու Յորք), «Հյուպատոսը» (1950)։ Գրել է նաև բալետ, օրատորիա, սիմֆոնիկ պոեմ, ջութակի և դաշնամուրի կոնցերտներ, դաշնամուրային երկեր։
ՄԵՆՑԵԼ (Menzel) Ադոլֆ ֆոն (1815, Բրեսլաու, այժմ՝ Վրոցլավ, Լեհաստան – 1905, Բեռլին), գերմանացի գեղանկարիչ և գրաֆիկ։ Վիմագրություն է սովորել հոր մոտ, 1830-ին՝ Բեռլինի Գեղարվեստի ակադեմիայում։ Ֆ․ Կուգլերի «Ֆրիդրիխ Մեծի պատմության» լուսաստվերային էֆեկտներով հարուստ նրա նկարազարդումները (1839–42), ինչպես և Ֆրիդրիխ II-ի կյանքի պատկերները («Ֆրիդրիխ II-ի համերգը Սան–Սուսիում», 1852, Ազգային պատկերասրահ, Բեռլին) XVIII դ․ Պրուսիայի առօրյա կյանքի արտացոլումն են։ Լույսով և օդով հագեցած 1840-ական թթ․ նրա նկարները («Պատշգամբով սենյակը», 1845, «Ուռենիներով շինարարական հրապարակը», 1846, երկուսն էլ՝ Ազգային պատկերասրահ, Բեռլին) կանխորոշել են XIX դ․ 2-րդ կեսի եվրոպական ռեալիստական երփնագրի զարգացման ուղիները (մոտիվի ընտրություն, կոմպոզիցիայի հատվածություն, վալյորների հարստություն ևն)։ «Հարգանք մարտյան օրերին զոհվածներին» (1848, Կունստհալլե, Համբուրգ) նկարում Մ․ անդրադարձել է 1848-ի հեղափոխությանը։ Մ–ի արվեստի դեմոկրատիզմը արտահայտվել է նաև ժանրային («Ժիմնազ թատրոնը», 1856, Ազգային պատկերասրահ, Բեռլին), ժողովրդի կյանքն ու աշխատանքը պատկերող գործերում («Շինարարությունում», 1875, մասնավոր հավաքածու, Բեռլին ևն)։ «Երկաթագլանման գործարան»-ը (1875, Ազգային պատկերասրահ, Բեռլին) եվրոպական գեղանկարչությունում ինդուստրիալ լարված աշխատանքի առաջին պատկերումն է։ Մ․ նաև գծանկարների (5 հզ․ ավելի), ջրաներկի, գուաշի, օֆորտի և վիմագրության վարպետ է։
ՄԵՆՈՒԱ, Մինուա (ծն․ թ․ անհտ․ – մ․ թ․ ա․ մոտ 786), Ուրարտուի թագավոր մ․ թ․ ա․ մոտ 810-ից։ Իշփուինիի որդին, գահակիցը և հաջորդը։ Իշփուինիի և Մ–ի համատեղ թագավորության տարիներին Ուրարտուի սահմանները ընդարձակվել են (հվ–արլ–ում հասնելով մինչև Մանա և Բարշուա երկրները, մոտենալով Ասորեստանի արլ․ սահմաններին)։ Մ–ի միանձնյա թագավորության օրոք Ուրարտուն ապրել է ռազմաքաղաքական վերելք։ Կենտրոնական և ծայրամասային մարզերում՝ Վանա լճի շրջակայքում, Արածանիի և Արաքսի վերին հոսանքներում, Կարինի (Էրզրումի) դաշտում Մ․ կառուցել է բազմաթիվ ամրոցներ (ինչպես նաև տաճարներ)։ Դա հնարավորություն է տվել ապահովելու պետության անվտանգությունը, հաստատվելու նվաճված երկրներում և հետագա արշավանքներով գրավելու նոր շրջաններ։ Հս–ում Մ․ հասել է Կարսի շրջան, Ճորոխի ավազան և Արարատի հս․ ստորոտները (որտեղ, Արաքսի աջ ափին, կառուցել է Մենուախինիլի քաղաք–ամրոցը)։ Դիաուխի (հայկ․ Տայք), Էթիունի, Էրիկուախի և այլ երկրների դեմ տարած հաղթանակները զգալիորեն ամրապնդել են Ուրարտուի դիրքերը հս–ում։ Այնուհետև Մ․ ռազմ. գործողություններ է ծավալել արմ–ում և հվ–արմ–ում՝ Ծուփանի–Ծոփքում, Ալզի–Աղձնիքում, անդրեփրատյան Մելիտեա–Մալաթիայում։ Մ․ ստեղծել է ոռոգման լայն ցանց։ Ոչ միայն Ուրարտուում, այլ Հին Արևելքում ուրույն տեղ է գրավելՄ–ի կառուցած վիթխարի ջրանցքը՝ շուրջ 80 կմ երկարությամբ, որը խմելու և ոռոգելու ջուր է մատակարարել (այժմ էլ գործում է) Ուրարտուի մայրաքաղաք Տուշպա–Վանին։ Մ․ ջրանցքներ է անցկացրել նաև Վանա լճի հս., հվ․ ու արլ․ ավազաններում և հարակից շրջաններում։
Գրկ․ Ղափանցյան Գ․, Ուրարտուի պատմությունը, Ե․, 1940։ Меликишвили Г․ А․, Наири-Урарту, Тб․, 1954; Пиотровский Б․ Б., Ванское царство (Урарту), М., 1959; Арутюнян Н. В., Биайнили (Урарту), Е., 1970․Ն. Հարությունյան ՄԵՆՈՒԱԽԻՆԻԼԻ, ուրարտական բերդաքաղաք, ռազմական, վարչատնտեսական և մշակութային կենտրոն։ Կառուցել է Մենուա թագավորը (մ․ թ․ ա․ 810–786) Մեծ Մասսի հս․ ստորոտին, Երասխ (Արաքս) գետի աջ ափին (այժմյան Դաշբուոուն գյուղի մոտակայքում)։
Մ․ դարձել է Հայկական լեռնաշխարհի հս․ շրջանները ուրարտ․ պետության մեջ միավորելու հենակետ։ Մ–ի շրջակայքում գտնված երեք արձանագրությունները պատմում են Էրիկուախի երկրի գրավման, Մ–ի հիմնադրման ու Խալդիի տաճարի կառուցման մասին։ Հուշարձանախումբը ուսումնասիրել են Մ․ Վ․ Նիկոլսկին, Ա․ Ա․ Իվանովսկին։
Համանուն մի այլ քաղաք Մենուան կառուցել է Վանա լճի հվ․ ափին (հիշատակված է Աղթամարի ջրանցքի շինարարության մասին արձանագրության մեջ)։
Գրկ. Ивановский А. А․, По Закавказью, «Материалы по археологии Кавказа», в․ 6, М․, 1911․Ս․ Հմայակյան ՄԵՆՈՒԱՅԻ ՋՐԱՆՑՔ, Մինուայի ջրանցք, Շամիրամի ջրանցք, Ուրարտուի հիդրոտեխնիկական խոշոր կառույց։ Կառուցել է Մենուա թագավորը, հավանաբար, մ․ թ․ ա․ IX դ․ վերջին կամ VIII դ․ սկզբին՝ Տուշպա (Վան) մայրաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարելու համար։ Երկարությունը 80 կմ