պատկերներով Նեղոս գետի տեսարանները հիշեցնում են Հս․ Աֆրիկայի անտիկ խճանկարները, արձագանքում ալեքսանդրիական մոտիվներին (հելլենիստական Հայաստանում հայտնի է Գառնիի բաղնիքի խճանկար ծովային տեսարանը)։ Երկու նստած և երկու կանգնած ավետարանիչները մատնանշում են նախապատկերամարտյան ակունքները (586-ի ասորական «Ռաբուլայի Ավետարանը»)։ «Մ․ թ․ Ա․»-ի մանրանկարները բացառիկ տեղ են գրավում հայ մանրանկարչության և գրքարվեստի պատմության մեջ՝ իբրև հնագույն պատկերազարդ գրքի փայլուն նմուշ։
Պատկերազարդումը տես 632-րդ էջից հետո՝ ներդիրում։
Գրկ․ Ճանաշյան Մ․, Հայկական մանրանկարչություն, հ․ 1, Վնտ․, 1966։
ՄԽԱՄԵՂՄՈՒՄ, համաձուլվածքների ջերմամշակման տեսակ, կատարվում է մխումից հետո և իրենից ներկայացնում մինչև որոշ ջերմաստիճան տաքացում՝ հաջորդական հովացումով (օդում կամ ջրում)։ «Մ․» տերմինը կիրառում են գլխավորապես պողպատի ջերմամշակման դեպքում։ Գունավոր համաձուլվածքների Մ․ սովորաբար անվանում են արհեստական ծերացում։ Մխման հետևանքով պողպատը ձեռք է բերում ոչ միայն կարծրություն, այլ նաև փխրունություն, որը ցանկալի չէ։ Բացի այդ, մեծ կարծրությունը դժվարացնում է դետալների վերջնական մեխանիկական մշակումը։ Մխված պողպատի փխրունությունը փոքրացնելու և պլաստիկությունը բարձրացնելու համար այն ենթարկում են Մ–ման։ Տարբերում են ցածր (120—250°C), միջին (300—400°C) և բարձր (450—650°C) Մ․։
ՄԽԻԹԱՐ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ ճարտարապետ։ 1263-ին Շնորհավոր Աղբար ճարտարապետի հետ կառուցել է Գոմուր գյուղի (այժմ՝ ՀՍՍՀ Ազիզբեկովի շրջանում) խաչքար–մահարձանը։ Երկթեք ծածկով որմնափակ գեղաքանդակ խաչքարին արլ–ից կից է ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջանաձև փոքրիկ աբսիդով թաղակապ մատուռ–դամբարանը։ Նրա միակ՝ հս․ դռան ճակտոնապատը զարդարված է խաչաձև, ծաղկեհյուս քանդակներով ու ստալակտիտներով։ Արլ․ ճակատի լուսամուտից վեր տեղադրված հարթաքանդակում պատկերված է Պռոշյանների տոհմական զինանշանը՝ թևատարած արծիվ՝ խոյը ճանկերում բռնած։ Խաչքարը և մատուռը ճարտ․ միասնություն են կազմում, հորինվածքով ու կերպարով եզակի՝ միջնադարյան Հայաստանի հուշակոթողների շարքում։ Խաչքար–հուշարձանի շինարարական արձանագրությունում նշվում է, որ նույն ճարտարապետները գյուղում կառուցել են նաև եկեղեցի ու ժամատուն (չեն պահպանվել)։
Գրկ․ Եղիազարյան Հ․, Ազիզբեկովի շրջանի կուլտուրայի հուշարձանները, Ե․, 1955։ Բարխուդարյան Մ․, Միջնադարյան հայ ճարտարապետներ ն քարգործ վարպետներ, Ե․, 1963։
ՄԽԻԹԱՐ Ա ԳՌՆԵՐՑԻ, տեր Մխիկ (ծն․ թ․ անհտ․–1355), Հայոց կաթողիկոս 1341-ից։ Նախապես Կիլիկիայի Բարձրբերդ գավառի Գռների վանքի առաջնորդն էր։ Հակված լինելով Հռոմի պապի հետ հարաբերություններ ունենալուն՝ Մ․ Ա Գ․ դեմ էր Հայոց եկեղեցու մեջ կաթոլիկ ծեսերի գործադրմանը։ Նրա օրոք 1345-ին Սսում գումարված եկեղեցական ժողովը, Եվրոպայից օգնություն ստանալու հույսով, թեև ձևականորեն, ընդունել է կաթոլիկ եկեղեցու հետ միանալու Հռոմի պապի առաջարկը, սակայն ժողովի որոշումները, հանդիպելով հայ ժողովրդի դիմադրությանը, չեն իրագործվել։
ՄԽԻԹԱՐ ԱՅՐԻՎԱՆԵՑԻ, Մխիթար Երևանցի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XIII դարի հայ մատենագիր, պատմիչ, բանաստեղծ, մանկավարժ, եկեղեցական գործիչ, երաժիշտ, գրիչ։ Ծնվել է Երևանում։ 1267–70-ական թթ․ հայտնի է եղել իր գիտա–մանկավարժական գործունեությամբ։ 1279-ից գլխավորել է Այրիվանքի ուսումնագիտական կենտրոնը (տես Այրիվանքի դպրոց), միաժամանակ մասնակցել Պռոշյան իշխանների տիրույթների հոգևոր կենտրոններում (Թանահատ, Սրկղունիք ևն) կատարվող աշխատանքներին։
Մ․ Ա–ու գրական–մատհնագիտական ժառանգության մեջ արժեքավոր է «Նոր պատմություն» խորագրով (պայմանականորեն կոչվել է նաև «Պատմություն Հայոց», «Պատմություն ժամանակագրական») երկասիրությունը (հրատարակվել է հայերեն, ռուս. և ֆրանս․), որտեղ համառոտակի ներկայացված է հայ ժողովրդի պատմությունը՝ մինչև 1289-ը։ Այն մեծ արժեք ունի մի շարք հազվագյուտ տեղեկություններով, որոնց համար հիմք ծառայած սկզբնաղբյուրները մեզ չեն հասել։ Աշխատության առաջին մասում զետեղված են վրացիների, աղվանների, հույների, պարսիկների, սելջուկների, թաթարների, հռոմեացիների պատմությանը վերաբերող կարևոր տեղեկություններ (թագավորների, իշխանների, խաների, կաթողիկոսների, պապերի, պատրիարքների, եպիսկոպոսների ժամանակագրական անվանացանկերը ևն)։ Մ․ Ա–ու պատմագրական կարևոր գործերից են Ալեքսիանոս կրոնավորի և VIII դ․ հայ նշանավոր մատենագիր Ստեփանոս Սյունեցու վարքերը։ Նրա գրական ժառանգության մեջ մեծ տեղ են գրավում չափածո ստեղծագործությունները, որոնցից հայտնի են 21 գանձ, 4 տաղ և աղոթքներ։ Գանձագրության մեջ առաջին անգամ օգտագործել է կանոնավոր տաղաչափություն, հանգավորում։ Մ․ Ա–ու 15 գանձերի աքրոստիքոսները տեղեկություններ են բովանդակում նաև նրա կազմած բանաստեղծությունների ժողովածուի՝ «Գանձարանի» մասին (այն մեզ չի հասել, այլ ընդօրինակությամբ, ցրիվ եկած, պահպանվել է հետագա գանձարաններում)։ Մ․ Ա–ու գանձերն ունեն նաև պատմական սկզբնաղբյուրի նշանակություն։ Դրանցում նկարագրվում են զանազան իրադարձություններ։ Կարևոր է նաև Մ․ Ա–ու կազմած գիտ․ ժողովածուն՝ հայտնի «Ճառընտիր» անունով (գրված է Այրիվանքում, 1283-ին), ուր զետեղված են իր ժամանակի բարձրագույն դպրոցներում սովորողների համար անհրաժեշտ շուրջ 100 գիրք։ Այն միակ ժողովածուն է, ուր տեղ են գտել մայր և թարգմանական գրականությունից հայտնի 13 խոշոր հեղինակի 43 անուն աշխատություն՝ ամբողջական ընդօրինակված բնագրերով։ Մ․ Ա–ու «Տոմարական տեսություն» աշխատությունից պահպանվել են առանձին հատվածներ՝ միահյուսված նրա «Նոր պատմություն» աշխատության բնագրին։ Մ․ Ա․ գրել է նաև ճառեր, քարոզներ և Ստեփանոս Սյունեցուն նվիրված շարական։ Միաժամանակ հորինել է իր գրած գանձերի, տաղերի, օրհնության երգերի և շարականի երաժշտությունը։
Երկ․ Պատմութիւն Հայոց, Մ․, 1860։
Գրկ․ Հովսեփյան Գ․, Մխիթար Այրիվանեցի, Երուսաղեմ, 1931։ Հարությունյան Է․, Մխիթար Այրիվանեցու «Գանձարանը», «ՊԲՀ», 1975, № 3։ Նույնի, Մխիթար Այրիվանեցու «Ճառընտիր» ժողովածուի առնչությունը «Սարկավագյան» ցուցակի հետ, «ԼՀԳ», 1976, № 12։
ՄԽԻԹԱՐ ԱՆԵՑԻ, Երեց (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XII դ․ 2-րդ կեսի հայ պատմիչ։ Եղել է Անի ի Կաթողիկե եկեղեցու (մայր տաճար) ավագերեցը։ Հառիճի վանահայր Գրիգոր վարդապետի խնդրանքով գրել է հայոց պատմություն, որն սկսում է Պարույրի գահակալությունից (մ․ թ․ ա․ VII դ․) և հասցնում մինչև խաչակրաց արշավանքները (XI– XII դդ․)։ Այդ երկը բաղկացած է եղել 3 մասից, բայց մեզ է հասել միայն մի հատված առաջին մասից, որը հայտնաբերել և հրատարակել է Ք․ Պատկանյանը։ Մ․ Ա–ուց պահպանվել է նաև Մուհամմադ (Մահմեդ) մարգարեի մասին մի զրույց, որը նույն բովանդակությամբ կրկնվում է Վանական Վարդապետի և Վարդան Արևելցու երկերում։ Մ․ Ա–ու «Պատմութիւն»-ը թեև հիմնականում քաղված է նախորդ պատմիչների երկերից, զուրկ չէ պատմական արժեքից։ Մ–ի մյուս երկասիրությունները չեն պահպանվել։
Երկ․ Պատմութիւն, ՍՊԲ, 1879:
Գրկ․ Զարբհանալյան Գ․, Հայկական հին դպրության պատմութիւն (Դ–ԺԳ դար), Վնտ․, 1886, էջ 701–707։
ՄԽԻԹԱՐ ԱՆԵՑԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ գրիչ և մանրանկարիչ։ Ապրել և ստեղծագործել է XIII դ․ վերջին և XIV դ․ կեսերին։ Հակոբ քահանայի և Սեդա խաթունի որդին։ Սկզբնական կրթությունն ստացել է Հոռոմոսի վանքում։ Գրչության արվեստով զբաղվել է նախ Հոռոմոսի վանքում, ապա՝ Սուլթանիայում (Իրան)։ Ձեռագրեր է նկարազարդել նաև Սուլթանիա եկած Գլաձորի մանրանկարիչ Ավագի հետ․ ձեռագրերի զարդանկարները կատարել է Մ․ Ա․, իսկ տերունական պատկերները՝ Ավագը (ձեռ․ № 1941, 4429)։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/629
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ