66 ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՆԵՐԻ
հյուրատների ի հայտ գալուն։ Հնագույն ժամանակներից սկսած Ճ–ի մեծ մասը ցեխաշաղախով խճապատվում էր, գետաքարով երեսապատվում կամ սալարկվում, ճահճուտ վայրերում՝ փայտամածվում։ Երբեմն Ճ․ ունենում էին հեռավորության, ուղիների ցուցանշաններ ևն։ XIX դ․ սկզբից արհեստական խճով համատարած պատվող ճանապարհածածկույթի կիրառումը մեծ չափով նպաստեց ճանապարհային շինարարության, խճուղիների կառուցման բուռն վերելքին։ Ճանապարհածածկույթի հաստությունը նվազեցվեց՝ հասցվելով մինչև 0,24–0,27 մ։ Կապված ավտոմեքենայի հայտնագործման ու հետագա կատարելագործման հետ՝ սկսեցին առաջանալ նոր և նորագույն կառուցվածքի Ճ․։ Քանի որ խճապատ ճանապարհածածկույթը չէր կարող ապահովել ավտոմոբիլային հարաճուն երթևեկության պայմանները, XX դ․ 20-ական թթ․ սկսվեց ասֆալտապատ ավտոմոբիլային ճանապարհների ու մայրուղիների բուռն շինարարությունը (տես Ասֆալտ, Ասֆալտապատում)։
Ճանապարհացանցի աննախընթաց զարգացումը խթանեց ճանապարհաշինական մեքենաների ու նյութերի արտադրությանը։ Ժամանակակից քաղաքային երթուղիները, ինչպես նաև առանձին քաղաքներ ու պետություններ միմյանց կապող Ճ․ ինժեներական կառույցների համալիրներ են, որոնք ապահովում են շարժման բարձր արագություն և փոխադրամիջոցների մեծ բեռնատարողություն։ XX դ․ 20–30-ական թթ․ Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում, իսկ 1899-ին՝ Հայաստանում (Թիֆլիս–Ալեքսանդրապոլ–Կարս) կառուցվեցին ընդհանուր օգտագործման առաջին երկաթուղիները։ Մայրուղիներով խճողված խոշոր քաղաքների զարգացումը, վերգետնյա հաղորդակցության դժվարությունները հանգեցրին ներգետնյա ռելսային երթուղիների՝ մետրոպոլիտենների և վերգետնյա միառելս երթուղիների ստեղծմանն ու զարգացմանը։ Տես նաև Առևտրական ճանապարհներ Հայաստանում, Երկաթուղի։
Գրկ․ Մանանդյան Հ․ Հ․, Հայաստանի գլխավոր ճանապարհները ըստ Պևտիեգերյան քարտեզի, Ե․, 1936։ Ն ու յ ն ի, О торговле и городах Армении в связи с мировой торговлей древних времен (V в․ до н․ э.– XV в․ н․ э․), 2 изд․, перераб․ и доп․, Е․, 1954; Кудрявцев А․ С․, Очерки истории дорожного строительства в СССР, ч․ 1, Дооктябрьский период, М․, 1951․
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՆԵՐԻ ԾԱՌ (Ravenalamadagascariensis), բանանազգիների ընտանիքի ծառանման բույս։ Բունը բարձր է՝ մինչև 10 մ, տերևները խոշոր են, հովհարաձև դասավորված։ Տերևապատյանները երկար են և մեծ քանակությամբ ջուր են կուտակում, որը երբեմն օգտագործվում է խմելու համար (այստեղից էլ՝ «Ճ․ ծ․» անվանումը)։ Ծաղիկները հավաքված են հասկանման ծաղկաբույլում և փոշոտվում են թռչունների միջոցով։ Պտուղը հատապտուղ է, ձևով նման վարունգի։ Մադագասկար և Ռեյունյոն կղզիների էնդեմիկ բույս է։
ՃԱՆԵՐԵՆ, լազերեն, իբերա–կովկասյան լեզվաընտանիքի քարթվելական խմբի լեզու։ Մեգրելերենի հետ դիտվում է որպես զաներենի բարբառ, գիր չունի։ Այժմ խոսվում է Թուրքիայում (սևծովյան ափամերձ շրջաններում) և Վրաց․ ՍՍՀ-ին առնչվող սահմանամերձ որոշ վայրերում։ Հնչյունական համակարգում առկա է 5 ձայնավոր, 32 բաղաձայն, քերականական համակարգում՝ 7 հոլով, մոտ 14 եղանակա–ժամանակային ձև։ Բառապաշարում կան ծավալուն թուրքաբանություններ, ինչպես նաև վրաց․ և հուն. փոխառություններ։
ՃԱՆԻԿՅԱՆ Հովսեփ [1840, գ․ Ակն (Երզնկայի վիլայեթ) – 14․2․1902, Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին)], հայ բանահավաք–ազգագրագետ։ 1847-ին տեղափոխվել է Թիֆլիս, ավարտել Ներսիսյան դպրոցը։ Այնուհետև ծննդավայրում զբաղվել է մանկավարժությամբ ու բանահավաքությամբ։ Կյանքի վերջին տարիներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Երկարամյա հավաքչական գործունեության արդյունք է 1895-ին լույս տեսած «Տնությունք Ակնա» ժողովածուն, որը հարուստ նյութ է պարունակում Ակնա ազգագրության (գաղթականության պատմություն, տեղագրություն, վիճակագրություն, տնտ․ և հասարակական կենցաղ, սովորույթներ, հավատք), բանահյուսության (երգ, առած–ասացվածք, զրույց) և բարբառի վերաբերյալ։ Ժողովածուին կցված է Կոմիտասի ձայնագրած և հայկ․ ձայնանիշերով նոտագրած Ակնա 25 ժող․ երգ (օրոր, անտունի, հարսանեկան, համբարձման, պանդխտության, թաղման մեղեդիներ ու պարեղանակներ); Ճ․ հրատարակել է նաև «Դժոխք» (1897, 1900) խորագրով երկհատոր մի գիրք, որտեղ Միլտոնի «Դրախտ կորուսյալ»-ի և Դանթեի «Դժոխք»–ի հետևությամբ իրապատում և բանահյուսական խառը դրվագներով այլաբանորեն ներկայացրել է հայ ժողովրդի կյանքը, արտահայտել բարոյախոսական գաղափարներ։
Գրկ. Երեմյան Ս․, Ազգային դեմքեր։ Գրագետ հայեր (երկրորդ շարք), Վնտ․, 1913, էջ 179 – 219։
ՃԱՆՃ (լատ․ Musca), համաստեղություն երկնքի հարավային կիսագնդում։ Գտնվում է Քամելեոն, Ողնուց, Կենտավրոս, Խաչ, Կարկին, Դրախտային թռչուն համաստեղությունների միջև։ Ամենապայծառ աստղերը երրորդ աստղային մեծության են։ ՍՍՀՄ տարածքից չի երևում։
ՃԱՆՃԵՐ (Brachycera), կարճաբեղիկ երկթևանիներ, երկթևանիների կարգի միջատների ենթակարգ։ Մարմնի երկարությունը 1–55 մմ է։ Բերանային ապարատը չհատվածավորված կնճիթիկ է։ Թաթերի ծայրերին ունեն 2-ական ծծիչներ, թևերը թաղանթային են՝ թույլ ջղավորված։ Զարգանում են լրիվ կերպարանափոխությամբ։ Թրթուրը անոտ է, հարսնյակը ծածկված է կամ ամփոփված է կեղծ բոժոժում։ Լայնորեն տարածված են ամբողջ աշխարհում (շուրջ 80 հզ․ տեսակ, որից 20 հզ․՝ ՍՍՀՄ–ում)։ Որոշ Ճ․ սնվում են ծաղիկների նեկտարով, մյուսները՝ քայքայվող օրգ․ նյութերով, գոմաղբով ևն։ Կան նաև արյունածուծ տեսակներ։ Բազմանում են գլխավորապես ձվերով, հազվադեպ հանդիպում է թրթուրների կենդանածնություն։ Թրթուրները բուսակեր են կամ կենդանիների հյուսվածքների և օրգանների մակաբույծներ, սնվում են նաև քայքայվող նյութերով։ Ճ–ի բազմաթիվ սինանթրոպ տեսակներ (տնային Ճ․, սենյակային Ճ․, մսային Ճ․ ևն) վարակիչ հիվանդությունների (խոլերա, դիզենտերիա, սիբիրյան խոց, տուլարեմիա ևն) հարուցիչների, նախակենդանիների ցիստերի, հելմինթների ձվերի տարածողներ են, մթերքների վնասատուներ։ Ճ–ի մակաբույծ թրթուրներն առաջացնում են կենդանիների, երբեմն՝ մարդու միազներ (վոլֆարտյան Ճ․)։ Բուսակեր Ճ․ վնասում են մշակովի բույսերին։ ՍՍՀՄ–ում, որպես գյուղատնտ․ կուլտուրաների վնասատուներ, հայտնի են բալի, կաղամբի, սեխի, շվեդական Ճ․։ Կան օգտակար տեսակներ, որոնք նպաստում են բույսերի փոշոտմանը, ոչնչացնում վնասատու միջատներին։
Պայքարի միջոցները. գյուղատնտեսության վնասատուների դեմ՝ ագրոտեխնիկական և քիմ․ միջոցառումներ, սինանթրոպ տեսակների դեմ՝ սանհիգիենային կանոնների պահպանում, ինսեկտիցիդներ։
ՃԱՆՃԻ, Ճանճիկ, բերդ Լեռնային Կիլիկիայում։ Սմբատ Գունդստաբլը Ճ․ հիշատւսկել է Լևոն Բ–ի թագադրության (1198) հանդեսի առնչությամբ։ Այդ ժամանակներում Ճ–ի տերն էր Կոստանդին իշխանը։ 1260-ին Ճ–ի տեր է հիշվում Վասակ իշխանը, որը պատանդ էր ուղարկվել Եգիպտոս՝ Խեթում Ա թագավորի որդի Լևոնին գերությունից ազատելու համար։ Ղ․ Ալիշանը ենթադրաբար Ճ․ նույնացնում է Կոկիսոն և Կապան բերդերի մոտակայքում հիշատակվող Մարիանչիլ–կալեսի կամ Չինչին–կալեի հետ։
Գրկ․ Ալիշան Ղ․, Սիսուան, Վնտ․, 1885։ Տեր–Ղազարյան Հ., Հայկական Կիլիկիա, Անթիլիաս, 1966։
ՃԱՆՃԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սվազի վիլայեթում։ XIX դ․ վերջին ուներ 450 բն․, որոնցից 140-ը՝ հայ, մնացածը՝ թուրք։ Զբաղվում էին երկրագործությամբ,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/66
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ