Մահվան քայլերգ (Լենինի հիշատակին)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երկու սոնետ Արփիկի հիշատակին Մահվան քայլերգ (Լենինի հիշատակին)

Եղիշե Չարենց

Ձմեռային պալատի ներքնահարկում

[ 54 ]

ՄԱՀՎԱՆ ՔԱՅԼԵՐԳ
        (Հերոսական)
ԼԵՆԻՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ


Ո՛չ փող զարկինք...
Մ. ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆ


Մենք փող զարկինք և արձագանքն ահավոր
Երկրից—երկիր որոտաձայն շառաչեց,
Եվ սրտերում միլիոնավոր, բյուրավոր
Ըմբստությունն ահագնացավ ու աճեց։

Զնդաններում, խրճիթներում, հանքերում,
Ուր տառապած մա՛րդն է հարթում իր ուղին,—
Ոտքի ելան ահազանգի զանգերով
Գնդերն անդուլ գործարանի ու հողի։

Եվ ոտնաձայնը գնդերի ընթացող

Եվ շառաչյունը զենքերի մահահոտ —
Խրճիթներում հնչեց, որպես մարտակոչ,
Պալատներում պայթեց, իբրև մահվան բոթ․

Եվ թափորի ելած բո՛լոր գնդերի,
Բոլոր ըմբոստ բանակների առաջում —

Արդեն ննջած առաջնորդի պանծալի,
Անձեռագործ դիակառքն էր շառաչում...

[ 55 ]

Երթը ձգվեց հերոսական, փառավո՜ր,
Եվ կայծակներ շռնդալով շողացին,
Եվ դրոշներ հազարավոր, բյուրավոր

Նրա վերև արնանման դողացին։

Եվ լուռ ննջած Առաջնորդի դագաղի
Երթին ելած բազմություններն այդ անահ
Երդո՛ւմ տվին պայքարելու կատաղի —
Մինչև վերջի՜ն, մինչև վերջի՜ն հաղթանակ...

Մենք փող զարկինք և արձագանքն ահավոր
Երկրից—երկիր որոտաձայն շառաչեց,
Եվ սրտերում միլիոնավոր, բյուրավոր
Ըմբոստությունն ահագնացավ ու աճեց:

1928