Jump to content

Սիրելի ընկեր, որ պատահեցիր...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Սիրելի ընկեր, որ պատահեցիր...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 380,
տ. ― էջ 505, ծ. ― էջ 659



* * *


Սիրելի ընկեր, որ պատահեցիր
Իմ և մուսայիս վեճի ժամանակ,
Զգայուն հոգով այնքան ցավեցիր,
Այնքան ջանացիր, որ մենք հաշտ մնանք,
5 Քեզ եմ նվիրում այս տրտում՝ (?) էջը
Քե՜զ, որ հասկացար այն ծանր վեճը։

[Այսպիսի] ծանըր ու լուռ վեճերով
Մաշվում է մեր կյանքն.... սպառվում,
Հոգնում    .    .    .    .    .    .    .    .    .    .
10 Հոգու սրբազան կրակը մարում,
Անպտուղ դառնում կյանքը բեղմնավոր,
Թարշամում, ինչպես ծաղիկ մենավոր։

Այսպես է մեր մեջ գրողի կյանքը...
Եվ մեր աշխարհքում խավար (?) ու մթին,
15 Ո՞վ է հասկանում այս վեհ տանջանքը
Ո՞վ է թափանցում գրողի հոգին.
[Եվ ո՞վ է առնում իր սրտին մոտիկ...
Ո՞ւր է այն մարդը, ո՞ւր են այն մարդիկ։]

Ես ևս առած քնար գրողի,
20 Թեև շատ անշուք, երերուն (?) ու կարճ,
Անցել եմ կյանքում մի դժվար ուղի,
Կանգնել եմ անթիվ փորձության առաջ.
Վիճել եմ— անցել... և այժմ գրում,
Քե՜զ, որ իմացար, քեզ եմ նվիրում։

1890-ական թվականներ