Կապը
ԿԱՊԸ
Ժողովը դեռ չէր սկսվել: Խորհրդի նախագահը հաճախակի կանչում էր միլիցիոներին, պատվիրում, որ ձայն տա վերի թաղին, կամ մոտիկ կանգնած մի երիտասարդի ճանապարհում այս ինչի տունը, որտեղ պետք է լինեն խորհրդի երկու անդամը, մի քանի գյուղացի: Գյուղի ծուռ ու մուռ փողոցներով գալիս էին մեկ-մեկ, խումբ-խումբ, ոմանք լուռ, ոմանք բարձր կանչելով: Եկողները տեղավորվում էին հենց փողոցում, նստոտում քարերի վրա, պատերի տակ:
Մեկը կարդում էր նոր ստացած լրագիրը, գիրկապ անելով ասում այն ամենը, ինչ տպված է, նույնիսկ փակագծի մեջ շարած «Զակտագ»-ը:
— Գյանջայի գավառի Բանանց գյուղում անհայտ չարագործները գողացել են Մովսես Սահակյանի մի զույգ եզը...
— Է՛, բան կարդա, բան լսենք...Եզինք են էլի, կգողանան էլ, կգտնեն էլ: Տես Անգլիայի կողմերից ինչ կա...
Ընթերցողը շուռ է տալիս լրագիրը, կարդում «Արտաքին աշխարհից» ...Եվ մի քիչ հետո, նույն տոնով ասում.
— Բա՛, գազեթի լավ տեղը կերել են...
Խոսքը պատռած անկյունի մասին էր:
— Մուքունց տանը պապիրոս քաշող չկա, բա էս ո՞վ արած կլինի, — հարցնում է ունկնդիրներից մեկը: Ընթերցողը մի ուրիշ սյունակի է անցնում:
Մի քիչ հեռու, մի ուրիշ խումբ տաք-տաք վիճում է ժողովի օրակարգի, հողերի բաժանքի մասին: Մի կողմը՝ արձակուրդով գյուղ եկած բանվորներ են, մյուսը՝ գյուղացիք:
— Համ ժալով ստանաս, համ էլ գաս էստեղ հող ստանա՞ս: Էդ ո՞նց կլինի...Դե քու կյանքդ ինձ տուր, իմ հողերը քեզ տամ, — ասում է մեկը և շուրջը նայում, կարծես ուզում է իմանալ, թե ինչ կարծիքի են մյուսները:
— Դե քու երեսիդ ռանգը տուր, իմ ժալովը քեզ տամ: Գիշեր ցերեկ նավթի մեջ եմ թաթախ, քեզ ի՞նչ կա, փափախդ ծուռ դրած ոչխար ես պահում: Եկար էլի Բաքու, բա ինչո՞ւ չկացիր. սարի արաժանը միտդ եկավ հա՛...
— Դու ամեն շաբաթ բաղնիս չգնաս, կնկանդ հետ կլուբ չգնաս, կապրե՞ս...փափախս որ վեր ունեմ, քրտինքի հոտից կխեղդվես: Կնիկդ 10 դեյրա ունի, իմ երեխան մի հալավ էլ չունի...
— Տո՛ւր է, տո՛ւր, երեսիդ ռանգը տուր, — իր խոսքն է կրկնում բանվորը, ակնարկելով գյուղացու ուռած կարմիր թշերին:
— Հագիդ սապոգը տուր, երեսիս ռանգը տամ...
Բանվորն արագ շարժումով քաշում, հանում է հաստ սապոգը և մոտեցնում նրա քթին:
— Դ՜ե տուր:
— Է՛, ի՞նչ եք յավա-յավա խոսում, — մեջ է մտնում մի գյուղացի, — արաբոչին իրա տեղում, ռանչպարն իրա: Խոսք ունեք, խոսք ասեք...
— Բա սա արաբոչի է՞, — վրա է պրծնում մի ուրիշը: — Հրեն է՛, էն կտուրը ժեշտած տունը սրանը չի՞...Էդպես արաբոչի կլինի՞: Ա՛յ ռուսին արաբոչի ասի, որ օրն անում է, օրը ուտում, մի տոպրակ էլ ծակած, վիզը քցած: Արաբոչին ռուսին կասեն...
— Սրանք էլ են ասում, է՛, թե ապրուստը դժվար է: Ութ ժամ բանում են, երկու սուտկա քնում, ամսեկան մի կովի գին ստանում: Ձմեռը ոչխարը տար արանում պահի, կիմանաս մեր հալը, — ասում է նա, ով համաձայնվում էր կարմիր թշերը բանվորի հնամաշ սապոգի հետ փոխելու:
— Դե արի մի օր իմ տեղը բանի, — վրա է տալիս մի երիտասարդ, որ մի տարի առաջ է գյուղից կտրվել, վերադարձել գյուղ և ծալը չկոտրած շորերը հագին, շուտ-շուտ ձեռքը տանում է կրծքից կախած էժանագին ժամացույցի շղթային:
— Կնիժկադ տուր ինձ, քո տեղն էլ բանեմ, ընկերիդ տեղն էլ, — պատասխանում է մի գյուղացի:
— Ո՞ր կնիժկաս...
— Սավուզի:
— Արի ապրանքիդ հետ փոխենք, — տաքանում է երիտասարդը: — Միանգամից ձեռք քաշի քու տնտեսությունից, իմ տեղը քեզ տամ: Վրասեյսկի խոզ ես դառել, վզիդ հաստոցին տես, դու կարող ե՞ս Բաքու ապրես...
Վեճն ավելի է թնդում: Խառնվում են ուրիշները: Ոմանք լուռ են, միայն ծիծաղում են այս կամ այն կողմի սրամիտ պատասխանի վրա: Մի քանիսը վիճողներին տաքացնում են: Մի կոնտր, որ անխոս կանգնել է վիճողների մեջ, ներքին հրճվանքով ժպտում է և սրան-նրան աչքով անում, երբեմն էլ բեղը մատին փաթաթում, ոլորում:
— Հագիս շորին նայի, — ասում է մի հին բանվոր, — տասը տարի առաջ եմ առել: Թե մի պարադ լինի կամ միտինգ, կհագնեմ, թե չէ էն քու ասած տոպրակն եմ հագնում: Իսկ դու գիտե՞ս ինչ ունես:
— Օդի մաքրություն...
Բոլորը ծիծաղում են սրամիտ պատասխանի համար, բացի ծեր բանվորից, որ մեկնում է կոշտուկներով պատած ձեռքերը և ասում.
— 50 հատ ոչխար ունես, իմ՞ս էլ էս ձեռքերն են:
— Մի ոչխար էլ ունենաս, ո՞վ պիտի պահի, առավոտն ո՞վ դեն անի: Ոչխարն ի՞նչ ես անում: Ես ոչխար եմ պահում, պանիրը դու ես ուտում, միսը դու ես ուտում: Իմ կերածս ի՞նչ է, — դառնում է չորս կողմ, նայում: Կոնտրն է պատասխանում.
— Չորաթան, — և բեղը ոլորում:
— Մի չորաթան ուտողն էլ դու ես, — վրա է տալիս երիտասարդ բանվորը: Կամացուկ զրնգում է կրծքից կախ շղթան: — Ատամներիդ տակ երկու փութ յուղ կլինի հիմա: Տարին մի անգամ գալիս ես Բաքվա վակզալը, վեցհարյուր մանեթի առուտուր անում: Քու էդ կարկատած չուխայի աստառի տակ էլ չերվոն կլինես պահած: Ինչ քոռ գայլն ե՛ս...
Բեղը դադարում է ոլորելուց, ուզում է խոսի, բայց նրան հրում են, շրջանից դուրս անում:
— Նա եկավ վակզալը տեսավ, բա ե՞ս. հենց էսպես կարոտ մեռնե՞մ...Ի՞նչ ունեմ որ, մի մանգաղ, մի գոգնոց:
— Դու էլ ձմեռը կնկանդ ճիտ արա, քնի, — պատասխանում է մեկը, մյուսները հռհռում են:
— Մի վերմակ էլ չլինի, քցենք, տակը քնե՞նք: Կարպետի տակ ենք քնում, իսկ քաղաքում դու աբրեշումի վերմակ ունես:
— Դու հանգիստ արջաքուն ես տալիս, ես քնիս մեջ էլ եմ տորմոզ անում:
— Տնաշեն, բա վար անելիս որ կարկուտը տալիս է, գլուխդ ուռչում: Տորմոզ անելուց էլ հեշտ բա՞ն...
— Կարկուտից գլուխդ ուռչում է, գլուխդ հո տե՞ղն է մնում: Բա որ շտանգը գլխիդ տա, սողանի պես կլպի՞...
Վեճին խառնվում է գյուղական դպրոցի ծառան:
— Ես էլ մեր երկրի բանվորն եմ էլի՛ ...Ուսումնարանում տասը ամիս ծառայել եմ, մինչև էսօր մի կոպեկ չեմ ստացել: Մեր երկիրն է մեղավոր:
— Բանվորն իր տեղը, գյուղացին` իր: Երկիրը չի բերքատու, — հայտարարում է մեկը: Խոսակցությունը հանդարտում է: Մի ծերունի ձայն է տալիս իր որդուն՝ շղթան կրծքից կախ երիտասարդ բանվորին:
— Վերին հանդի գարին չորացավ, ի՞նչ ես պարապ կանգնել...Էս ժողովը ո՞րտեղից բերին բանի էս վատ ժամանակ:
Նրա կողքին նստած մի ուրիշ ծերունի ավելացնում է.
— Է՛հ, երկուսիդ վերջն էլ հողն է, — և սկսում պատմել մի առակ արծվի, ցինի և կաքավի մասին:
Սակայն ծերունու առակը մնում է թերի: Հավաքվածները շարվում են պատերի տակ: Քիչ հետո բացվում է ժողովը:
Նախագահը պատմում է.
— Ընկերնե՛ր, նախ և առաջ ստացված գրության մասին, որն որ ուղարկված է Բաքվի մեր գյուղական բանվորների միության կողմանից: Արդեն գյուղիս աղբյուրները շինելու համար հայրենակցությունից ստացված են 40 հատ վեց արշինանոց տուրուբաներ...
— Այ թե հա՛, — ձայն են տալիս այս ու այն կողմից:
— Ոչինչ, ջուրը խմեցինք...
— Էլի թե մի օգնություն լինի, Բաքվից է լինելու...
— Ընկերներ, լռություն պահպանեցեք, — սաստում է նախագահը, — օրակարգը չի պրծել: Նաև հայրենակցությունից ստացված է մի նամակ, որում որ գրված է տրակտորի ընկերության մասին, թե ինչպես պետք է կազմենք և թե ինչ մեծամեծ օգուտներ կլինի գյուղիս այդ կողմանից և թե ինչ խոսքեր է ասված Լենինից տրակտորի մաշինի ընկերության մասին:
Եվ լռության մեջ գիրկապ անելով նախագահը կարդում է Բաքվի բանվորների շեֆ հանձնաժողովից ստացված նամակն այն մասին, թե անհրաժեշտ է գյուղում մեքենագործական ընկերություն կազմել և ձեռք բերել տրակտոր:
— Նաև չքավոր տնտեսություններից բոլորովին չվերցնեք անդամավճար: Մենք մեր կողմանից հավաքել ենք և տրակտորի ընկերության անունով բանկում քցել ենք յոթ հարյուր ռուբլի և կնիշկան ստացել...
Լսվում են ուրախության բացականչություններ:
Կանգնած ու նստոտած Ժողովականներին հրելով, մի կերպ անցնելով երիտասարդ բանվորը մոտենում է աչքերը նախագահի թղթին ուղղած, բերանը կիսաբաց գյուղացուն, որը քիչ թեքվել է մահակի վրա և այդպես էլ մնացել:
Երիտասարդը քաշում է նրա թևը:
— Հը՞, ո՞նց ես...
Գյուղացին սթափվում է, գլխի ընկնում, թե ինչի մասին է նա ակնարկում:
— Դե խոսք էր էլի՛, ասեցինք... ի՞նչ ես խորքերն ընկնում:
Նախագահը շարունակում է նամակի ընթերցումը:
▲ Վեր ▲ |