Jump to content

Ամենահայը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Սիրելի ընթերցող։ Ինչ ներկայացնում եմ քո դատին, խորհրդածություններ անվանել չի կարելի, առավել եւս՝ հեռու է հուշագրություն լինելուց, բնականաբար։ Ես պարզապես փորձում եմ մեզանից յուրաքանչյուրի մեջ միշտ ապրող Անդրանիկ զորավարին տեսնել այնպես, ինչպես նա կա, մանավանդ հիմա, երբ մեծ զորավարի աճյունը, ի վերջո, տեղափոխվել ու ամփոփվել է մայր հողում, այն էլ հայոց համազգային շարժման տասներկուերորդ տարեդարձի օրը՝ փետրվարի 20-ին, արցախյան պատերազմի սուրբ նահատակների մոտ՝ Եռաբլուրում։ Դրանում ես տեսնում եմ խորհրդանշական մեծ իմաստ եւ, կարծում եմ, զորավարի հոգին պիտի նորից ու վերստին հայոց երկրում զորավոր դարձնի ազգային միաբանության ամենաբերրի ու ժողովրդապահպան զգացումը։

Անդրանիկ զորավարի մասին առաջին անգամ լսել եմ նրա մի զինվորից, որն իմ պապն էր։ Խաչի պապս։ Նա չէր սիրում գլխովն անցածը վերհիշել, ծավալվել, շատ ժլատ էր խոսքի մեջ, ինքնամփոփ մարդ էր՝ նահապետական նիստ ու կացի, ավանդույթի սովոր։ Այո, ավանդապահության մեջ շատ էր ինքն իրեն հավատարիմ։ Կուլակաթափ արվելուց հետո էլ միշտ ունեւոր էր, աշխատում էր գիշեր-ցերեկ, ամեն ինչ ձեռքով գալիս էր՝ ժողովրդական բժշկությունից մինչեւ զանազան արհեստներ, մաճ բռնելուց մինչեւ պատշար ու հյուսն, կալի կամնը քաշելը ու ցախավել կապելը։ Եվ ինչ էլ աներ՝ քթի տակ միայն իրեն լսելի բառերով ֆիդայական հին երգ էր դնդնացնում, որի բառերից ոչ ոք ոչինչ չէր հասկանում, միայն մեկ-մեկ ձայնի մեջ ընդգծված բարձրանում էր Անդրանիկի անունը, այն էլ այն ժամանակ, երբ քեֆը մի քիչ տեղն էր լինում։ Ասեմ նաեւ, որ ոչ միայն մեր, այլ նաեւ շրջակա գյուղերում սիրում էին Խաչի պապիս, պատկառում նրանից, որի երկհարկանի տունը՝ իր տնամերձով, այգիներով ու օժանդակ հարմարանքներով վերածվել էր յուրօրինակ հյուրատան։
-Ժողովրդական մարդիկ էին մեր տունը գալիս,- հպարտությամբ վերհիշում էր Սաթենիկ մեծ տատս,- իմ էս ձեռքերով քանի՜-քանի՜ անգամ եմ հաց դրել Թեւանի առաջ։ Հետո, որ սկսեցին հալածել նրան՝ քանի՜ անգամ ենք մեր տանը փրտակել...
Լսում էի ու նորից ինչ-որ բան հարցնում, բայց ամենաշատն ինձ հետաքրքրում էր Սիմոն մեծ պապիս սպանությունը։ Իսկ երբ այդ անունը տալիս էի, մեծ տատս քեթկալը բարձրացնում էր, բերանը ծածկում, աղջիկ օրերից պահված ամոթխածության կարմիրով դեմքը պատում ու իմ շատ թախանձանքներից հետո ասում էր.
-Դե, մեր հայի (այդպես էր կոչում ամուսնուն) ճակատին դա էր գրված։ Թուրքերը եկել էին, որ Խաչի պապիդ սպանեն, իմանում էին, որ Անդրանիկի զինվորներից է ու մուռ ունեին, բայց Սիմոնին սպանեցին, կռացել էր աղբյուրի վրա, որ ջուր խմի, նախիրն այդ օրը շիլ ընկած, նա է Խաչու տեղակ հանդ տարել, կրակեցին-սպանեցին։ Է՜էհ...
Ու աշխարհի ամենաբարի կինն աշխարհից դժգոհ թափ էր տալիս ձեռքը։ Մեծ տատս սիրում էր պատմել Անդրանիկ զորավարից, հայի ու թուրքի կռիվներից։ Մինչեւ հիմա էլ սրտիս մեջ անասելի ցավ եմ զգում, երբ հիշում եմ նրա պատմությունն այն մասին, թե ինչպես թուրքերը սպանեցին «իմ հասակի» (այն ժամանակվա, երբ շատ փոքր էի) մի տղայի։ Մայրը երեք զավակներին չէր կարողանում ծմակով տանել, փոքր էին, մեկ-մեկ տանում, գալիս էր։ Երեխաներից մեկը լաց էր լինում, մայրը ձեռքի միակ զենքը՝ դանակը, տվեց նրան, որ ձեն չհանի, ձենը չլսվի, մինչեւ կգա իրեն էլ կտանի... Գալիս է եւ... ինչ է տեսնում՝ թուրքը երեխայից դանակը վերցրել նրանով մորթել է երեխային։ Մեծ տատս եւ երեխայի մոր անունն էր տալիս, եւ երեխայի, եւ սպանող թուրքի, հիմա ես դրանք չեմ հիշում։ Մենակ թե զրույցի վերջում, լացս խեղդելով, հարցնում էի.
-Բա էդ ժամանակ Խաչի պապը որտե՞ղ էր, ինչի էր թողնում...
-Է՜, բալա ջան, Խաչի պապը կռիվ էր գնացել։ Անդրանիկի բանակում էր։ Ցավը, կրակը մի դռնով էին գալի՞ս, որ դեմն առնեին...
Եվ այսպես, Անդրանիկ զորավարը ապրում է ամեն հայի օջախում։ Ամեն հայի մեջ։ Նկարը բազմացնում ու բոլոր օջախներում կախում էին՝ տան ապահովության համար։ Իսկ նրա մասին երգերն ամեն տեղ դղրդացնում էին սար ու ձոր։
Ընդամենը մի անգամ կարողացա Խաչի պապից մի պատմություն լսել, այն էլ՝ տարիներ հետո, երբ նա ծերացել էր։ Հանդում սայթաքեց, ընկավ ու տղաները քաղաքից եկան, տարանք բժշկի մոտ։ Պարզվեց, որ Սարիղամիշի ազատագրման ժամանակ ստացած վերքն իրեն զգացնել էր տալիս։ Ես անզգուշաբար դիտողություն արի.
-Խաչի պապ, մի քիչ զգույշ լինեիր, էլի... Ի՜նչ գործ ունես Ղաշխա քարի մոտ, որ սայթաքես...
Մինչեւ հիմա էլ ցավում եմ այս խոսքերիս համար։ Խաչի պապս տխրեց, քննքի (իր բառն է, միտք ասելն է նշանակում) մեջ ընկավ ու թե.
-Տղերք, Խեչոն սարը գրավել է...
Չիմացանք, թե դա ինչ է նշանակում։ Միշա քեռիս իր հոր աչքի առաջ պատմեց հետեւյալը։ Ուրեմն, Անդրանիկ զորավարը մի խմբի հանձնարարություն է տալիս, որ Սարիղամիշի մոտ գտնվող մի կարեւոր դիրք գրավեն, ազատագրեն թուրքից։ Այդ խմբում է լինում եւ Խաչի պապս, որն իրեն դրսեւորում է գերազանց։ Պարզվում է, որ սարը պաշարած թուրքերի բանակն այնքան էլ մեծակազմ չէ։ Մի ոչ մեծ խումբ։ Մերոնք կոտորում են թուրքերին, բայց սարի գագաթին գտնվող «դիրքը» չի դադարում կրակելուց։ Այդ ժամանակ խմբի ղեկավարը հանձնարարություն է տալիս Խաչի պապիս, որ գաղտնի սար բարձրանա՝ հետախուզության։ Առաջադրանքը կատարվում է։ Խաչի պապս սարի գագաթին է հասնում ու, քերծի տակ պահված, սկսում դիտել չորս կողմը՝ պարզելու, թե ինչն ինչոց է։ Այդ պահին քերծի վրայից նկատում է մի քանի «սեխանման, քաչալ գլուխներ», երկար կրակահերթ է բացում եւ պահ մտնում։ Որոշ ժամանակ է անցնում՝ տեսնում է ձեն ու ձուն չկա։ Կամաց, զգուշանալով ծուղակներից, անանցանելի շավիղները հաղթահարելով, բարձրանում է սարի ուղիղ գագաթը, ձեռքերը վեր տնկած, նշան տալիս ընկերներին, որ դիրքը գրավված է։ Ու լսում է ընկերների գոռում-գոչյունները.
-Տղերք, Խեչոն (Խաչի պապիս Խեչո էին ասում ընկերները) սարը գրավել է... Խեչոն սարը գրավել է։
Ծեր ու հիվանդ պապս դա էր ուզում հիշեցնել։ Սար գրավող Խեչոյին տարիքն ի՞նչ է արել, որ իր երեխա-թոռնիկն էլ դիտողություն է անում։
Այսպես, սկսած մանկության ամենաքաղցր օրերից, Անդրանիկը միշտ ինձ հետ է։ Նրա ոգին սերնդե-սերունդ փոխանցվում է ու հայոց հողը դարձնում անպարտելի։ Մինչեւ հիմա էլ Խաչի պապիս բառերն ունկերիս մեջ են.
-Անդրանիկին գյուլլա չէր կպչում... Որ կռվից տուն էր գնում, շորերը հանում, թափ տալիս, ղիրմայով տունը լցնում էր... Ասում էր՝ էս ղիրմանները թուրքի պատրաստածն են, դրանցով էլ նրանց պիտի ջնջենք...
Այո, հազար անգամ ճիշտ են ասել, որ մեր ժողովուրդն իր իղձերին, ձգտումներին, ցավի մեջ աճող երազանքներին համապատասխան կերտել է իր ամենաժողովրդական հերոսին՝ Անդրանիկ զորավարին՝ իրականությունը եւ առասպելը ներդաշնակելով մի մարդու մեջ ու մի գծի վրա։ Եվ, խոստովանեմ, որ իմ անդրանիկասիրությունը, որ վերածվեց պաշտամունքի ի վերջո, ձեւավորվել է հենց վաղ մանկությունից եկող զրույցներով։
Տարիներ հետո, երբ մի օր Երեւանի պատմության թանգարան այցելեցի, մտնելով այն սրահը, ուր դեռ խորհրդային կարգերի օրոք տեղադրված էր մեծ հերոսի անկյունը, ինձանից անկախ չոքեցի նրա նկարի առաջ, երդվեցի. «Անդրանիկ զորավարի ոգու զինվոր լինել միշտ»։ Այնքան էի հուզված, որ չնկատեցի ինձ մոտեցող այցելուներից մեկին։ Ջահել մի կին էր, ձեռքը դրեց ուսիս եւ հարցրեց.
-Ամերիկայե՞ն եկած ես.. թե Բեյրութե՞ն...
Ես լռեցի։ Երբ երկրորդ անգամ կրկնեց հարցը, ասացի. «Ղարաբաղցի եմ»։ Սա ութսունական թվականներն էր։ Այդ տարիներին Երեւանում տպագրված իմ գրքերից մեկում տեղ էին գտել եւ ֆիդայիներին նվիրված բանաստեղծություններ։
Ամեն մի աղբյուր օրոցք է սիրո,-
Դռան բռնակն իմ ձեռքում բողբոջեց,
Անդրանիկի ձին ծովն անց կացավ,
Մեջքս զարկի մեջ շտկում է իրեն.
Արցախ, անունդ թեւ է աղավնու...
Ավագ ընկերներս գիտեին ժողովրդական հերոսի նկատմամբ իմ խորը սիրո մասին։ Եվ երբ լրացավ 35-ամյակս, Գուրգեն Գաբրիելյանն ասաց.
-Վարդան, քեզ ուզում եմ նվիրել իմ սրտի ամենամոտ մարդու պատկերով մի գործ՝ համոզված լինելով, որ այն սրբորեն պիտի պահես ու երկրպագես... Այն միայն քեզ կարող եմ վստահել... Ուրիշ՝ ոչ ոքի։
Վատ ժամանակներ էին։ Խիստ վտանգավոր էր Անդրանիկի անունը տալն անգամ։ Ես Գուրգեն Գաբրիելյանից ստացա Անդրանիկ զորավարի պղնձաձույլ պատկերաքանդակը, որը մինչեւ հիմա զարդարում է (հայոց այբուբենի հետ) իմ աշխատասենյակի խորանամասը՝ Վազգեն Առաջինի նկարի (երջանկահիշատակ կաթողիկոսի կողմից ինձ ընծայագրված) կողքին։ Սակայն, մինչեւ այդտեղ տեղադրելն Անդրանիկի պատկերաքանդակը, սիրում էի մեկ-մեկ, պետհամալսարանում դասավանդելու ժամանակ, հանել եւ ցույց տալ ընկերներիս, ուսանողներին։ Այդ մասին լսել էր այն ժամանակվա պրոռեկտոր, ընդգծված հայատյացությամբ մի թուրք՝ Կուլիեւ ազգանունով։ Մի օր ինձ հրավիրեց իր մոտ։ Գնացի եւ ինչ տեսա։ Պատուհանի գոգին դրել էր Սասունցի Դավթի հարթաքանդակը՝ առանց գլխի։ Արյունս եռ եկավ։ Իսկույն վերցրի արձանը եւ խիստ կոպտեցի.
-Ի՞նչ է նշանակում սա...
Նա, իհարկե, շատ վատ զգաց, քրտնեց։ Փորձեց բացատրել, թե ինքը չէր տեսել եւ այլն, եւ այլն։
Այս մասին տեղեկացրի կուսակցության մարզկոմին։ Եվ, ահա, մարզկոմի միամտության արդյունքում գրանցվեց իմ հաստիքի կրճատումը պետական համալսարանում։ Վերականգնվեցի մեկ-երկու տարի անց։
... Արցախի հարցով մի խումբ մտավորականներ մեկնել էինք Մոսկվա։ Այստեղ մեզ անօրինակ օգնություն էր ցույց տալիս գեներալ Հարությունովը, որը միշտ անպակաս էր մեզանից՝ մոսկովյան իր բոլոր կապերով, ընկերներով, ազդեցիկ շրջապատով։ Իսկ եթե հանկարծ բացակայում էր, նրա դերը (բառի բուն իմաստով) ստանձնում եւ անկրկնելիորեն տանում էր երեւանաբնակ դերասան Վաչե Սարուխանյանը՝ ազգային խնդիրներին նվիրված մի հետաքրքիր անհատականություն, որը շատ բան էր անում պատվիրակության գործունեությունը կոորդինացնելու, նպատակամետ դարձնելու համար։ Հիշում եմ՝ մի անգամ էլ լսեցինք, որ Ստեփանակերտում «նեղում» են իշխանությունները մեր ընկերներից մեկին։ Վաչեն իսկույն զանգեց Ստեփանակերտ։ Ներկայացավ որպես գեներալ Հարությունով։ Խոսում էր ընդգծված, մաքուր ռուսերենով։
-Նկատի ունեցեք,- «գեներալական» իր հրաման-հորդորն այսպես ավարտեց Վաչեն՝ Մոսկվայից նեղելով ստեփանակերտցի իշխանավորին (վերջինս հետագայում էլ շատ լավ գործեր կատարեց մեր ազգի համար),- ես խոսում եմ ոչ միայն որպես գեներալ Հարությունով... Ես խոսում եմ գեներալ Անդրանիկի անունից, ամբողջ հայ ժողովուրդի անունից։
Վաչեի իմպրովիզացիայից մնացինք զարմացած ու, իհարկե, նաեւ հիացած։ Նեղ պահին Անդրանիկ զորավարն էլի փրկության եկավ ժողովրդին։
Անդրանիկյան մասունքներից, սակայն, ինձ համար առանձնակի նշանակություն ունի հայ նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նվերը, որը մշտապես իմ աշխատասենյակում է, իմ գրադարակի ճակատային մասում։ Ինչպես է դա եղել։ Որոշ ժամանակով Արցախում էր գտնվում նկարիչը, մեկ-մեկ տուն էի հրավիրում, լսում նրա զրույցները (Լենինականից էր) Իսահակյանի եւ արվեստի մեր մյուս մեծերի մասին, որոնց նա նկարել էր ժամանակին, հանդիպել էր։ Եվ նա, տեսնելով Անդրանիկի պղնձաձույլ պատկերաքանդակը, խոստացավ մի անակնկալ մատուցել ինձ։ Ու մի քանի օր հետո Անդրանիկի՝ իր ձեռքով կատարած գծանկարի բնօրինակը նվիրեց ինձ։ Տարիներ անց «Գարունի» խմբագրությունից մի մեծ խումբ աշխատողների հրավիրում եմ Արցախ։ Մեր տանը ճաշում էինք։ Մերուժան Տեր-Գուլանյանը հուսո խոսքեր էր ասում, երգչուհի Մանիկ Գրիգորյանը եւ կինս՝ Բելան, իրենց ֆիդայական ամեն երգի կատարումից հետո գովում-մեծարում էին իրար։ Հանկարծ Ռոլանդ Շառոյանը վեր կացավ, թե՝ ուզում եմ աշխատասենյակդ տեսնել... Մեկ-երկու րոպե հետո ինձ էլ կանչեց այնտեղ, ձեռքը դրեց ուսիս.
-Վարդան ջան, ապրե՜ս, էս ինչ լավ նկար է... Գիտե՞ս, ուրախությունից լացս գալիս է... Ուրեմն, Արցախը չի կորչի... Միայն թե՝ մի քիչ զգույշ, ախպեր։ Էս ի՜նչ լավ եղավ...
Մի անմոռաց դեպք էլ իմ մեջ տպավորվել է արցախյան համազգային շարժման առաջին օրերից։
Երբ պատմական նստաշրջանն ավարտեցինք՝ հաղթած, մեզանից գոհ, փորձում էինք գյուղերից, շրջաններից ձյունի, բքի ու թուրքի արգելքները հաղթահարելով՝ Ստեփանակերտ հասած պատգամավորներին ապահով ետ ուղարկել։
Ռազմիկ Պետրոսյանն էր կազմակերպում այդ գործը։ (Ի դեպ, Ռազմիկին եւս ժամանակին հալածել էին, երբ նա դեռեւս բժշկական ուսումնարանում էր աշխատում՝ իր ազգանվեր ձեռնարկումների համար)։ Մեզ մոտեցավ մի կին պատգամավոր, Քարին տակից էր։ Ռազմիկը նրան ասաց.
-Լավ կլինի՝ մի քիչ մնաս, տղաները քեզ ուղեկցեն։
Նա կտրուկ պատասխանեց.
-Մեր մեքենայով էլ ետ կգնամ։
-Բայց եթե հանկարծ թուրքերը կտրե՞ն ճանապարհը,- փորձեցինք համոզել։
Նա մեր այդ խոսքերի վրա հանկարծ վերարկուի փեշը բարձրացրեց («կոզի անհարմար էլ ինի») ու ցույց տվեց գոտու տակ խրված փոքրիկ թուրը.
-Անդրանիկի թուրն ինձ հետ է...
-Ուրեմն՝ Անդրանիկի թուրն էլ մեր նստաշրջանին մասնակցել է, էլ Բագիրովը ո՞նց չփախչեր,- կատակով վրա բերեց Ռազմիկը։
Մեր ապրումներն ու հուզմունքն այդ պահին աննկարագրելի էին, բառերով չեն ասվի։
Իհարկե, ամեն հայի կյանքում էլ Անդրանիկը ներկա է՝ որպես անմեռ ոգի, որպես հաղթանակի ու ազատության խորհրդանիշ, որպես ազգասիրության կոչ ու հորդոր։ Այո՜, բոլորի մեջ, բոլորի կյանքում, բոլորի մեջ, նաեւ իմ։ Մեր ժողովուրդը ոգու եւ դպրության, արվեստի եւ գիտության ժողովուրդ է, ամենավաղ շրջանից մինչեւ հիմա վանք, եկեղեցի, համալսարաններ շատ ենք կառուցել եւ անթիվ են դրանք։ Բայց ամենամեծ համալսարանը, որը պիտի անցնի ամեն հայ, Անդրանիկ զորավարի այս խոսքն է. «Երբ գլուխներդ կդնեք բարձին քնելու, մի պահ մտածեք, թե ինչ եք արել այսօր մեր ազգի համար»։
Ազգային հերոսը շարունակում է իր ժողովրդի ազատագրական պայքարի էջերում նոր հաղթանակներ գրանցել։ Եվ մենք անհաղթ ենք հենց դրանով։
Անդրանիկ զորավար, այսինքն՝ ամենաժողովրդական։ Ամենամերը։ Ամենահայը։