Jump to content

Ինձ բացակա չդնեք (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ոչ խոստումներ, ոչ երդում,
Չսպասեք ու չքննեք...
Անվերջ, անշարժ ձեր երթում
Ինձ բացակա չդնեք։
                    Համո ՍԱՀՅԱՆ

Դիմել Սահյանին, նշանակում է ճշմարիտ բանաստեղծությանն անդրադառնալ նորից ու վերստին։ Իսկ մենք որքան մոտենում ենք բանաստեղծությանը (բայց մոտենո՞ւմ ենք), այնքան հեռու ենք մնում նրանից։ Բանաստեղծությանը ես ավելի մոտիկ եմ եղել այն ժամանակ, երբ նրանից անհամեմատ հեռու էի գտնվում, երբ դեռ թոթովանքների մեջ էի, երբ դեռ չէի ծնվել, բայց հայրս ու մայրս արդեն սիրում էին իրար։ ՈՒզում եմ ասել՝ բանաստեղծության մեջ նախնականության մատն է լինում խառը՝ «էն գլխից»։ Միշտ էլ այս համոզմունքին եմ հանգում, երբ Սահյան եմ կարդում։ Իսկական բանաստեղծն իր ամբողջ կյանքն ապրում է այնպես, ասես ձենով ընկած է։ Աստծո ձենն էր միշտ Սահյանի ունկերում։ Գրում, չէ, Համո Սահյանն արարում էր Աստծո ձայնին ունկնդիր։ Ահա թե ինչու նրա բառով ընթացքավորվում է տիեզարական շարժումը, հստակվում լույսը.
Դու սարերի մեջ ու ձորերի մեջ,
Ամենանորը դու նորերի մեջ
Ու խոհերի մեջ ամենահինը,
Դու իմը, իմը, ամենաիմը։
Ես մի բուռ մրկած մամուռը քարիդ
Եվ հետին հյուլեն կենսական ծառիդ,
Ես քո բողբոջը, ծիլը, կոկոնը,
Ես քոնը, քոնը, ամենաքոնը։
... Տերյանից միշտ անբաժան եմ։ Նարեկացին, Քուչակը, Չարենցը, Իսահակյանն ու Շիրազը, Սեւակը իմ սիրած պոետներն են։ Եվ, ահա, ոտքով-գլխով, ինչպես ասում են, ինձ կորցրի Սահյանի մեջ, տարվեցի, հափշտակվեցի ու նորից ինձ վերագտա։ Բաքվի ուսանողական իմ հանրակացարանի սենյակում երեք օր փակված մնացի՝ սոված-ծարավ, ըմբոշխնեցի «Մայրամուտից առաջ» գիրքը։ Այն միանգամից փոխեց իմ ընկալումներն ու մոտեցումները, գեղագիտական ըմբռնումներս հստակվեցին՝ ընդմիշտ փոխելով շատ բաներ իմ հայացքների մեջ։ Ոչ ոք տեսնել չէր կարող, որ Սահյանը ձեռքը դրել է իմ ուսին ու ամենամտերիմի իրավունքով կանգնել կողքիս՝ ինձ նորից տանելով մեր Մռովի ու Մեծ սարի լանջերը, Մեր Եխծուն տակն ու Թառանի աղբյուրը...
Երգիս տունը տատիս տան պես
Հայկական է ու հին,
Ու կապված է սիրտս շան պես
Նրա ամեն քարին։
Բանաստեղծության նոր կերպար։ Նոր պոետ, այո, սակայն՝ մեր սարերից եկած, նույնիսկ՝ տրեխներ հագած երբեւէ։ Դրան ավելանում էր եւ այն, որ Բաքվի հայկական թերթում ու ռադիոյում մարդիկ են գտնվում, որոնք, իրենց պատմածով, աշխատել են Սահյանի հետ հենց այս «սեւ քաղաքում»։ Սահյանի յուրաքանչյուր տող, յուրաքանչյուր բանաստեղծություն ձուլվում է իմ արյանը, դառնում նրա բաղադրատարրերի ամենակարեւոր մասը, իմ էության էությունը։ Ինստիտուտի ուսանողներս՝ Վաղարշակ Գաբրիելյան, Հովիկ Պետրոսյան, Վլադիմիր Ավագյան, Յաշա Բաբալյան, Հայկ Ազատյան, Միքայել Խաչիյան եւ ուրիշներ, հավաքվում ենք հայկական ռադիոյում աշխատող մի անզուգական հայի ու մտավորականի՝ Զարմիկ Դանիելյանի շուրջ եւ ստեղծում գրական խմբակ։ Խմբակը կոչվում է Հովիկի բանաստեղծություններից մեկի մեջ տեղ գտած պատկերով. «Ծիածանը կաթիլի մեջ»։ Ամեն կիրակի հավաքվում էինք մեր ավագ ընկերոջ՝ Վաղոյի մեկ սենյականոց բնակարան-խրճիթում ու ոչ այնքան ճոխ, հաճախ նույնիսկ խեղճության աստիճանի աղքատ սեղանի շուրջ եւ բանաստեղծություններ ընթերցում, քննարկումներ անցկացնում, Սեւակ եւ Սահյան վերլուծում։ Այս ամենին ընթացք էր տալիս անկրկնելի Զարմիկը, որը մեր տողերի մեջ պոետական մի թարմ մտքի, նոր պատկերի հանդիպելիս ուրախությունից ու բավականությունից վեր էր թռչում, իր խորին հրճվանքը հաղորդում բոլորիս, ոգեւորվում ու ոգեւորում։ Նույնքան անհանդուրժող էր նաեւ տափակ, ծամծմված ու մաշված պատկերի, տողի հանդեպ։ Եվ լավի օրինակը մշտապես բերում էր Սեւակից կամ Սահյանից։ Ինչ երանական օրեր էին։ Շատ ժամանակ չանցած, մեր գրական խմբակը ներկայացվեց «Ավանգարդ» թերթում՝ շնորհիվ Զարմիկի ու Երեւանում գտնվող մեր ընկերոջ՝ փիլիսոփայության ասպարեզում նոր ոտք դրած Ալեքսանդր Մանասյանի ջանքերի։ Բոլորիս գործերում նկատելի էր Սահյանի բարերար շունչն ու ազդեցությունը։ Իսկ այդ տարիներին Բաքու ժամանած Սեւակի տված գնահատականը Սահյանի պոեզիայի մասին մեզ ավելի էր գոտեպնդել մեր համոզմունքի ու հավատքի մեջ.
-Սահյանը անկրկնելի է, նորարարության մեջ՝ անմրցակից ավանդապահ։
Տարիներ անցան։ Աշխատանքի անցա Ստեփանակերտում։ Արդեն մի քանի գրքեր էի հրատարակել, բայց եւ այնպես չէի համարձակվում ներկայանալ Սահյանի դատին, նույնիսկ գիրք նվիրելու ուժ չէի գտնում իմ մեջ։ Եվ հանկարծ, օրերից մի օր, Բոգդան Ջանյանը, որի ազնվությանն ու անմիջականությանը աշխարհում ոչ ոք չի կարող կասկածել, ինձ ասում է, որ Սահյանը բանաստեղծություններս կարդացել ու հավանել է։ Ես արմանք-զարմանք դարձած լսում եմ եւ, մեղքս ինչ թաքցնեմ, մտածում եմ, որ, երեւի մի փոքր դրական է արտահայտվել Սահյանը, իսկ Բոգդան Ջանյանը, համաձայն իր անչափ բարի բնավորությանը, ուզում է ինձ ուրախացնել գուցե թե գույների փոքր-ինչ հավելումով։ Բայց եւ այնպես, ո՞վ չէր լավ զգա իրեն նման լուրով։ Պարզվեց, որ իրանահայ մի խումբ ընթերցողներ խնդրել են նամակով Հայաստանի ռադիոյի սփյուռքահայերի համար հաղորդումներ պատրաստող բաժնին, որպեսզի հաղորդեն Համո Սահյանի եւ, ոչ ավել, ոչ պակաս, Վարդան Հակոբյանի բանաստեղծություններից։ Ջանյանն էլ ընտրում է բանաստեղծությունների շարքը եւ Հրաչուհի Ջինանյանի կատարմամբ հաղորդումը եթեր տալիս։ Հետո Ջանյանն ինձ հեռախոսով պատմում է, որ Սահյանն ու Էմինը շատ են հավանել իմ բանաստեղծությունները, ապա նա հորդորում է գրքերիցս ուղարկել նրանց։ Այդպես էլ անում եմ։ Դրանից մի քանի ամիս անց մեկնում եմ Երեւան։ Գրողների միության շենքի չորրորդ հարկում Արտաշես Ղահրիյանի աշխատասենյակն է։ Դուռը բացում եմ եւ տեսնելով շախմատ խաղացող Սահյանին եւ Էմինին, անվստահ քայլերով ներս եմ մտնում։ Նկատելով անհամարձակությունս, Էմինը քաջալերում է.
-Արի, Վարդա՜ն... Արի։
Ապա նա սեղմելով ձեռքս, ինձ ներկայացնում է Սահյանին.
-Համո, ծանոթացիր, Վարդան Հակոբյանն է, Արցախի գրողների միության ղեկավար են նշանակել։
Սահյանը հարյուր տարվա ծանոթի մեղմ ու հանգիստ մի շարժումով շախմատի դաշտը քիչ հեռացնում է իրենից, սեղմում ձեռքս, ապա գլուխը հակելով շախմատի դաշտի վրա, քթի տակ խոսում.
-Այ մարդ, կարգին բանաստեղծ ես, ինչ գործ ունես գրողների միության ղեկավարի հետ։
Այնուհետեւ նրանք ցրում են դաշտում տեղակայված քարերը, սկսում հարցուփորձել։ Ավելի ակտիվ է Էմինը։
-Ի՞նչ կա Արցախում... Ե՞րբ եք մեզ հրավիրելու Արցախ...
Կյանքը ո՞նց է այնտեղ...
Եվ այլն, եւ այլն։
Մինչեւ այսօր էլ, իհարկե, շատ եմ ցավում, որ չկարողացա, ոչ ի՛մ մեղքով, մեր պոեզիայի այդ երկու մեծերին հրավիրել Արցախ, հանդիպումներ կազմակերպել։ Հետո իմացել եմ, որ Սերո Խանզադյանի հետ, շատ թռուցիկ, կես ժամով, Սահյանը եկել է Ստեփանակերտ ու մեկնել։ Իսկ Էմինը այդպես էլ Արցախում չեղավ։ Ավելին, անկեղծ լինելու համար ասեմ, որ դրա համար Էմինն ինձնից «նեղացած» էր, միշտ մեկ ուրիշ բանաստեղծի անուն էր տալիս, որի հետ մոտ հարաբերությունների մեջ էի, ասում՝ գիտեմ, այդ նա չի թողնում... Բայց այդպես չէր ամենեւին։ Քանի անգամ պատրաստվել էի կազմակերպել այցը, միշտ, դժբախտաբար, մի բան խանգարում էր, ինքն էլ այն մարդը չէր, որ վեր կենար մի կանչով, մի հրավերով գար։ Տարիքն արդեն իրենն անում էր։ Ավելի ուշ բախտ ունեցա Էմինի հետ մասնակցել գրողների մոսկովյան համագումարին, մոտիկից շփվել նրա հետ։ Այդ օրերից որպես հիշատակ մնացել է մեր նկարը՝ կողք-կողքի կանգնած, զրուցելիս։
Սահյանի բնավորությունը այլ էր։ Նա միշտ ինքնամփոփ ու լռակյաց էր, անբառ խոսքի մեջ՝ անսահման խորը, հաճախ չասածի մեջ մեծ հումոր ու հեգնանք տեղավորող։ Հիշում եմ, գրողների միության շենքի առաջ, ուր կանգնած էինք մի քանի հոգի, հանկարծ երեւաց Սահյանը, բարեւեց, ուզում էր «ոնց եք, ոնց չեք»-ից հետո գնալ, Երեւանում բնակվող մի բանաստեղծուհի, որ Սահյանի «խախալի ծակից ընկած թեփն էր շուկա հանում», մոտեցավ ու թե.
-Ընկեր Սահյան, միշտ ինձ ասում են, որ ես ու դու իրար շատ նման ենք գրում։
Սահյանը նայեց նրա դեմքին այնպես, ասես կողքի ծառին էր նայում ու անխոս, եթե դա անխոսություն էր, հեռացավ՝ մի ուսը նկատելի կախված։ Ամբարտախոս «բանաստեղծուհին», որ արագ տպագրվողներից էր, գրեթե միանգամից ընկավ «շոգեբաղնիսի» մեջ ու քաշվեց մի կողմ։
Ես շատ էի երազում մոտիկից շփվել մեծ բանաստեղծի հետ, լսել նրան։ Եվ, ահա, կարծես եկավ ժամը։ Լրացել էր Համո Սահյանի ծննդյան 60-ամյակը։ Այն ընդհանրապես նշում էին նրա ծննդավայր Լորում ու Սիսիանում։ Որքան հիշում եմ, այդ գործում մեծ ավանդ ուներ եւ սահյանագետ Շչորս Դավթյանը, որի միջոցով էլ խնդրել-հաղորդել էինք, որ Արցախից եւս պատվիրակություն լինի այնտեղ։ Ուրախությանս չափ ու սահման չկար։ Ինչ անեինք, ինչպես գնայինք։ Որպես Արցախի գրական կազմակերպության ղեկավար, մի քանի ելույթներ էի արդեն պատրաստել, մեքենագրել (մեջբերումների տեղը թողնելով ազատ, քանի որ պիտի արտասանեի), բայց բոլորն էլ թվացին շատ թույլ ու ավելորդ։ Որոշեցի խոսել բանավոր։ Գրողների միությունում հավաքվեցինք եւ ընտրվեց պատվիրակության կազմ՝ երեգ հոգուց, Հրաչյա Բեգլարյան, Սոկրատ Խանյան, Վարդան Հակոբյան։ Վճռեցինք՝ Գորիսով գնալ, Երեւանով ու Ղազախով գալ։
Ճանապարհվեցինք գրողների միության «Վոլգայով»։ Մեզ Սիսիանում դիմավորեցին հատուկ ուշադրությամբ ու սիրով։ Հետո իմացանք, որ դրանում Սահյանի «մատը խառն է»։ Պատվիրակությանը գիշերելու տեղ հատկացրին Բռնակոթ գյուղից անդին, փոքր լճի ափին, բավականին լավ կահավորված առանձնատան սենյակներում։ Սահյանով էին հագեցած օդը, ջուրը, հողը, մեր հոգիները։ Ամեն-ամեն ինչ։ Հաջորդ առավոտյան սկսվեցին արարողությունները։ Սահյանը մեզ դիմավորեց գրկախառնությամբ ու իր տնավարիությամբ մեզ համարձակություն ու անմիջականություն հաղորդեց։ Հոբելյանական ցերեկույթում տեսանք մեր արվեստի մեծերից շատերին։ Առաջին անգամ այստեղ հանդիպեցի եւ «Օգոստոս» գրքի հեղինակ (գիրք, որ Սահյանի «Մայրամուտից առաջ», Սեւակի «Մարդը ափի մեջ» ժողովածուների հետ ուսանողական իմ սեղանին էի միշտ պահում) Հրանտ Մաթեւոսյանին։
Եվ ահա հասավ ելույթ ունենալու իմ հերթը։ Բեմ բարձրացա վախվորած, խոսք ասացի։ Չերեւացող ամոթխածության միջից ուզում էի ներկայանալ համարձակ, ներսից այնպես ասեղնոտվում էի, ճնշում էր ընդգծված հուզմունքս։ Արցախի եւ արցախցիների անունից հոբելյարին հանձնեցինք պղնձի վրա պատկերված մի դրվագում («Տատիկն ու պապիկը»), որը մեզ է տրամադրել բազմաշնորհ դրվագող, երաժիշտ ու նկարիչ Ալբերտ Սաֆարյանը, ապա մի զույգ տրեխ, որն, իբր շատ տարիներ առաջ, Արցախից քաղաք մեկնելիս երիտասարդ Սահյանն էր թողել Ստեփանակերտում, մանկության կածանները մաշած տրեխներ։ Սահյանի հուզումը նկատելի էր դահլիճի համար։ Դա պարզ երեւում էր, որն էլ ինձ սրտապնդեց. Ելույթս ավարտեցի Համո Սահյանին նվիրված բանաստեղծությամբ.
Վազում եմ ամենքիդ ետեւից,
Ձեր ցավով վառվում եմ ես անգամ,
Սակայն դուք ապրում եք առանց ինձ,
Չգիտեք նույնիսկ՝ կամ, թե չկամ։
Տարվում եմ մի փոքրիկ ժպիտով,
Պարզում եմ ձեզ ե՛ւ սիրտ, ե՛ւ հոգի...
Խնդում եք, խաբում եք ինձ հերթով,
Նման եք ամենքդ ամենքիդ։
Գնում եմ իմ ճամփով անհատնում՝
Չպարզած գաղտնիքն աշխարհքի...
Եվ էլի գալիս եմ, ձեզ գտնում,
Եվ էլի՝ հավատում ամենքիդ։
Տարիներ շարունակ Արցախը զրկված էր Հայաստանում անցկացվող գրական-մշակութային միջոցառումներին մասնակցելու հնարավորությունից ու իրավունքից։ Առանց չափազանցության խոստովանեմ, որ Արցախի գրողների միությունում աշխատանքի անցնելու առաջին իսկ օրից իմ նպատակը, ձգտումը այն էր, որ հոգեւոր Արցախի ուշքն ուղղվի դեպի մայր հայրենիք. չէ՞ որ մի ազգ ու գրականություն, մի մշակույթ է։ Եվ դա հաջողվեց մեզ։ Հայաստանի մեր գրչակիցները եւ ցերեկույթի բոլոր մասնակիցները մեզ վերաբերվում էին ընդգծված սիրով ու գորովանքով, առավել եւս՝ ըմբռնումով։
Իսկ երբ արդեն հոբելյանական երեկոյի երկրորդ՝ «գեղարվեստական» մասն սկսվեց, ինչպես ասում են, բոլորս տեղ գրավեցինք մեծ դահլիճում տեղադրված կլոր սեղանների մոտ։ Անընդհատ պտտվում էի Հրանտ Մաթեւոսյանի շուրջն ու չէի համարձակվում խոսք ասել։ Դա երեւի զգացել էր ինքը եւ ուղղակի բռնեց ձեռքս.
-Տեսնում եմ, որ ոչ մեկը շնորհք չունեցավ ծանոթացնելու, մենք ծանոթանանք։ Լավ բանաստեղծություն էր։
Թվում է՝ թեւեր չունեի, ունեցա միանգամից եւ, ուր-որ է, պիտի թռչեի։ Բայց՝ ո՞ւր։ Ամենալավ տեղն այն դահլիճն է հենց, ուր գտնվում ենք։ Հրանտ Մաթեւոսյանը եւս մեր պատվիրակության հետ տեղավորվեց նույն սեղանի մոտ։ Գիտեի, որ Հրանտ Մաթեւոսյանը շատ բարձր է գնահատում Սահյանի պոեզիան, խոսեցինք այդ մասին։ Մաթեւոսյանը վերհիշեց Սահյանի տողերը.
Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը։
Անընդհատ մեր սեղանին էր մոտենում Սահյանի երիտասարդ կինը՝ Սվետան, նստում մեր կողքին, հարցնում՝ ամեն ինչ նորմալ է, հո բա՞ն չի հարկավոր... Զգում էինք, որ Սահյանն է նրան «ուղարկում», նրա մեծ, անհուն սրտից է բխում այդ հոգատարությունը, որ ես նկատում էի անգամ հեռվից հեռու՝ նրան նայելիս։ Իսկ երբ դեռ դահլիճ չէինք հասել, մեկ էլ կտեսնեիր, բազմաթիվ մարդկանց մեջ գտնում էր մեր պատվիրակության անդամներին, մեկ անգամ եւս հիշեցնում, թե ուր ենք գնում, մանավանդ՝ ճաշկերույթի մեկնելիս։ Այնպես էր մտերմաբար բռնում մեր ձեռքից, որ կարծես թե երեխաներ էինք եւ պիտի կորչեինք։
Նրա ամեն տողը մի առու է՝ զուլալ, մաքուր։ Եվ եթե առվի տուտը բռնենք ու գնանք, երբեք չենք կորչի, չենք մոլորվի, քանզի առվի ճամփին միշտ մարդ է սպասում... Խիստ ինքնատիպ է Սահյանն իր հակասությունների ներդաշնակության մեջ, նրանում մի ամբողջ դարաշրջան է ապրում, նրանում հազար մարդ ու հազար սիրտ կա՝ բոլորն էլ հայոց քար ու հողից, անկրկնելի, նոր, թարմ, ինքնատիպ։ Բոլորն էլ ինքն է։
Մթնած մեգ եմ ոտից գլուխ,
Բայց այդ մեգը ես չեմ։
Այսքան տարվա ճամփորդ եմ հեգ,
Բայց այդ հեգը ես չեմ։
Շատ եմ փորձում ինձ հանդիպել,
Փորձս փորձ է մնում...
Հազար մարդ է մեջս նստած,
Բայց ոչ մեկը ես չեմ։
Ցավոք, մեր պատվիրակությունը Լոր չգնաց։ Դա մեր սխալն էր աններելի։ Երեւանի ճանապարհին մեքենայի արգելակները հրաժարվեցին աշխատել։ Վարորդը՝ Վիտալին, սփրթնել էր։ Ես, իբրեւ ավելի փորձ ունեցող վարորդ (Վիտալիին նոր էինք աշխատանքի վերցրել), նստեցի ղեկի մոտ. բոլորս էլ մի քիչ խմած էինք։ Եվ հանկարծ մի ոլորանում ավտոտեսուչը շվվացնում է ու կանգնեցնում մեքենան։ Արագ դուրս եմ գալիս։ Ավտոտեսուչը ձեռքը քունքին է դնում ու պատիվ տալիս, բարձր ասելով իր պաշտոնը եւ ազգանունը՝ ավտոտեսուչ Սարգսյան։ Ինչ անեի։ Ես էլ ձեռքս նույն արագությամբ տանում եմ իմ քունքին, նույնակերպ պատիվ տալիս՝ բանաստեղծ Հակոբյան։ Մեքենայում նստած ընկերներս բարձրաձայն ծիծաղում են։ Ավտոտեսուչը կռահում է, թե որտեղից ենք գալիս։
-Համո Սահյանի հոբելյանին էիք մասնակցո՞ւմ, շատ բարի,- ասաց նա,- մենակ թե զգույշ վարեք մեքենան։
Ես նորից նստեցի ղեկի մոտ, մեքենայի պատուհանով ավտոտեսուչը հայացքը ներս բերեց ու մտերմաբար ասաց, «Տղերք, դուք, երեւում է, կուշտ կերած-խմած եք։ Առաջարկում եմ այսօր մնալ մեզ մոտ, ձեզ համար լավ տեղ կապահովենք մնալու՝ քեֆն էլ վրան։ Հը՞, մանավանդ՝ իրիկունն է վրա հասնում ուր-որ է»... Ապա նա տեսնելով մեր անհամաձայնությունը, արտասանեց.
Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի։
Ամբողջ ճանապարհին Սահյան էինք արտասանում, Սահյան էինք վերլուծում ու հոբելյանական արարողության այս կամ այն մանրամասն իրար հիշեցնում, մինչեւ որ... ինքներս էլ չիմացանք, թե առանց արգելակի ոնց հասանք Երեւան։ Իսկ հաջորդ օրը՝ Արցախ։
Արցախը Սահյանի համար նույն Հայաստանն էր միշտ, նույն Սիսիանն ու նույն Լորը։
Որտեղից այսքան ցավ ու թախիծ,
Քարեր են փշրվում սրտիս վրա...
Գույժեր են գալիս Ղարաբաղից,
Սարեր են փշրվում սրտիս վրա,
Կռվում են այնտեղ քաջերն ազգի...
Եվ, ահա, նախերգը նրանց ասքի
Ողբի է փոխվում եւ մահազդի,
Դարեր են փլվում սրտիս վրա։
Ինչպես բանաստեղծություններում, այնպես էլ այսօրվա կյանքում արած ամեն մի քայլով ասես ջուր էր խմում իրեն փափագած սրտից։ Իմաստուն, վեհ, պարզ ու անհուն, միշտ այսպիսին տեսա բանաստեղծին, որին, խոստովանում եմ, սիրում եմ այն սիրով միայն, որով անբաժան եմ Տերյանից։
Եվ այսպես, տարիներ են անցել, հոսում են ժամանակները։ Կյանքի, բանաստեղծության խոհ ու խոկումի մեջ հաճախակի եմ անդրադառնում Սահյանին, նրա մեծ եւ խորը փիլիսոփայությանը, երգին բարձրարվեստ, վերջին տարիներին գրած, համազգային շարժմանն ու արցախյան գոյամարտին նվիրված նրա տողերը վերընթերցում ու մխիթարվում եմ հավերժ նոր ու մնայուն անվան խորհուրդների մեջ։ Ասել է թե՝ մարգարեական էր նրա գուշակումը. մեր բոլոր երթերում նա կա որպես... ամենաներկա, սիրված ամենուրական։ Եվ հայրենի սարերն անգամ ասես խունկ են ծխում Սահյանի երգերով։ Հավերժության շուրթերից չեն իջնում բառերը՝ մի հայրեն ասեմ ես էլ... ասեմ, գնամ։ Եվ գնա՛ց։ Եվ գնում է։ Ինչքան հեռանում, նույնքան մոտենում է։ Եվ հեռանալով այնքան մոտեցավ, որ բաժանվելու էլ հնար չկա...