Jump to content

Այգիիս փշենին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՅԳԻԻՍ ՓՇԵՆԻՆ

Բոլոր գեղին բերանը ծամ ձութի պես կտրորվի Մըյրեի անունը, որի մասին գեղովին ալ առտվան, իրիկվան խել խոլ մտածությունն է թե՝ ծովերու ձկտիքն ալ եթե օր մը լեզու ելլեն ու մարդու հետ կամ մարդու վրա խոսիլ փորձեն, անոնք ալ անտարակույս, առաջին թոթովումով մը, այդ գիժ քածին միսը պիտի խածկռտեն իրավամբ։

Խորթ մայր մը՝ Մըյրե, գլխուն մազերեն մինչև ոտվներուն ըղունգը կարիճի պատմություն ունի։ Առջի էրիկը հող գերեզման ընելեն ետքը, տարի չի բոլորիր, նոր մը կգտնե, ու այս վերջինին խաղաղիկ երդիքին տակ ալ նույն արինբերան կնիկը կմնա։

Խրատ, թելադրութլուն չի բռներ այնպես, ինչպես հուլիսի կատղած օձերը տըլըսում չեն բռներ, ու փրփուրով ժանիքավորված շրթունքով մը գիշերի, ցորեկի պահանջն է որ՝ էրիկը առջի կնկանեն ունեցած որբ աղջիկը՝ հազիվ ութը-տասը տարեկան՝ տունեն դուրս վռնդե մեկ անգամ, տունեն դուրս հորերն ու ջուրերը, որպեսզի իրենք էրիկ կնիկ՝ միսի ըղունգի պես իրարու փակչին, իրար ճանչընան, ու երկուքը, ո՛չ երրորդ մը, մեկ մեկու դունչ ու շողինք լզելով՝ համտերտ կյանքը ապրին։ Հակառակ պարագային կըսե. «Հա, հա՛, երդում քեզի ան արևուն ու կանանչներուն վրա, որ տուն տեղ գլուխդ կհոսիմ, ու բուտիտ ալ կռնակը արընե շապիկ կհագցնիմ»։

Գըլեին ու Մըյրեին մեջ երկար, շատ երկար օրերով այս կռիվը միշտ լսողին ականջը կայրե թեև ու սիրտերու մեջ խըշխիշ ջուր մը վազցնե, բայց ո՞վ սիրտ կրնա ընել անոնց հասցեին բանաձև մը ապըսպրելու։ Մըյրեն կա բանին մեջ, շատերուն վախն է թե՝ այդ գեշ կնկան, այդ կովռծուծին շուքին վրա կոխողն անգամ յոթ տարի կդողցնե։ Աղջիկն ըսես, Կուլիկ, խելոքիք մրջյուն մըն է, մորուին ունքն ի վեր ալ չիշխեր հայիլ, ընկույզի պես կգլվի անոր ցցուցած բանտեղին ետևեն, ու նորեն կկոցի արագությունով, այդ մայր ըսված Քամոսուհիին դարձած, անոր նոր-նոր հրամանները կհասկնա։ Միշտ գերի ու գետնի հավասար, բայց Մըյրեն ամեն բանե ավելի լման ողջակեզի պահանջը կընե, իր հոեն, որբուկի հորմեն. «Դո՛ւրս, աղջիկդ դո՛ւրս ըրե, համառ մարդ, եթե լեռը չէր հավներ, դաշտը կար, դաշտը չէր հավներ, գերեզմանոցներն հերտկեր, ու եթե տակավին ատ տեղվանքներեն ալ ողջ տուն դառնա, ան ատեն իր մազերը իրեն կախաղանը կընեմ»։

Տատասկի մխոցներով այս սուր՝ ածելիի մը չափ սուր հայհուչներուն սպառնալիքներուն պատասխան, քարերը գետնեն վեր–վեր կթռչկոտեին, ծառերն իրենց տերևները կթոթվեն, ինքը սակայն գեղի այս դժբախտ մարդուկը, անվրդով կմնա․ գոցած է ականջը, ու լեզուն իր բոլոր երկայնությունով ի վար հրելով, ձայն հանելու անճրկության մեջ կգտնե ինքզինք, և կամ ավելցուցեք ըսել որ՝ նա այդ կնոջական պոռչտուքներուն, որոտումներուն դիմացը այնքան հեգնոտ ականջ մը վարժեցուցեր է, որքան դարբինին ականջը իր մուրճին հանած շառաչներուն վարժված։ Կամաց-կամաց ինքն իր հոգիին մեջ մտիկ կընե հիմա ու կհասկնա վճիտ մանրամասնություններով թե՝ այդ կարմիր ձյունը իր իսկ ձեռքով բերավ իր գլխուն, ու օր մը, ի՜նչ ծիծաղելի հիմարություն, հավկուրի աչքով մը ծակ հլուններուն մեջ, թանկագին մարգարիտ գտնողի բախտավորության մը տիրանալը կհռչակեր դեմը ելլողին․ ցատկտելու ատենն ալ ագը կռնակին կզարներ։

Հիմա ալ կցատկտե, կպոռթկատա թեև, բայց ադ վիճակը ավելի ոտքերուն տակ կրակ կոխկռտող դատապարտյալի մը ցավատանջ գալարումները կմատնե, ուրկե պահ-պահ ազատելու մտքով, դուրս կուգա բըրշակեն ու դաշտին հեռավոր եզերքներուն վրա թափառկոտ ինքն իր շուքին հետ խոսող ու լացող ոճրագործի մը ստրջանքները կորոճա։

Տարիները կանցնին այսպես շփոթ ու փոթորկոտ։ Գըլեյի բույնին վրա շարունակ ձյունին կարմիրն ու կարկուտին քարը տեղալով, Մըյրե իր փեշերուն տակ ցըկնած ուրիշ աղջիկ մը կմեծցնե։ Մեծցած հասունցած շուտիկ մը, որը եթե այսօր չհնձվի, վաղը ատենն անցուցած ըլլիլը պիտի ըսեք։ Կուլիկին համար այս աղջիկը, այն մայրը, դժոխքեն արձկված գրողներ կդառնան։

Ցորեկը մօրուն է իր մորթը խարանողը, գիշերն ալ, պակաս մնացածը, անոր նորընծա որձակը կլմընցնե։

Տարին տասներկու ամիս, տանը մեջ ու տունեն դուրս ելած ծանր գործերը որբին քամակը կկապվին․ ձյուն քերել, ջուր կրել, գիշերանց հաց թխել, առտվընե մինչև մթնշաղ ճախրակ դարձնել, եկող գացողին դեմն ելլել, ամառը՝ գլխիբաց արևուն տակ, ձմեռը՝ բոբիկ սառույցներուն վրա, որբ աղջկան բաժին հանված չարչարանքները կըլլան։ Գերեզմանը հազար անգամ հեշտ վիճակ մը կհավտա իրեն համար․ բայց ի՞նչ կրնա ընել։

Ի՞նչ կրնա ընել որ՝ Մըյրեի հարազատ ձեռքը հինայով նախշած՝ անգին թոնիրին տաքուկ դումեն թիզ մը հեռուն չապրիր. ավելն ուսկե կբռնվի չի գիտեր, փորը կուշտ, կռնակը թանձր, հացը ուտելեն վերջը, սեղանն ալ ոտվըներովը դեն կհրե որ՝ մնացած փշրանքները Կուլիկին ճաշը ըլլի։

Ու դեռ այս պզտիկ Մըյրեին վրա խոսքերնիս՝ նստուկ հանգստուկ դիրքի մը մեջ միշտ, փետուրներուն տակ ձեռք զգացող էգ հնդկահավի մը քթուրտուքները կընե ատեն-ատեն, ու շատ անգամ ալ մեղկորեն քով վրա ընկած՝ իր բոլորքը վազվռտող մծղոտած կատուներուն մռըլտուքները կունկնդրե ան հաճույքով, որ մինչև մազերուն արմատը անդիմադրելի հոսանք մը կելեքտրացնե։


Խորթ մայրը այդ բոլորեն ետքը նենգ փորձ մըն ալ կպահե, հետևանքը այս անգամ բաբախուն կուրծքով մը ան ավելորդ աղջկան կորուստն ըլլալը կհուսա վերջապես։— «Վե՛ր ել, աղջիկ, կըսե, առ սա կորեկ հացն ու բամպակը, կովը դաշտը տար, հոն արծե կուշտ մը, բամպակը մանե, իրիկունն ալ կովն առաջքդ ու բանտը (մանածին կարժը կամ կծիկը) փեշդ՝ տուն դարձիր»։

Կուլիկին համար դժվար բան չէ համակերպիլը․ ատ իսկ պահուն անմիջապես, կովն առաջքը՝ գեղեն դուրս կելլե հանցավորի քայլերով։ Կկոխե դժվար առապարները, լեռները կանցնի ու թուփերը ետև կթողու. բայց թե ո՞ւր պիտի ըլլի իրապես գնալիք տեղն ու գտնելիք արոտավայրը, մեկ մը սա է չգիտցածը, մեկն ալ այն՝ որ կխորհի, թե հացը հատնելե ետք ի՞նչ պիտի գտնի ուտելու․ փեշը ծրարված պատառը հավի կտնամպարն չի կրնար լեցնել․ ու հետո բամպակն ինչո՞վ վերածե թելի, ինչպե՞ս, ո՛չ ճաղ կա, ո՛չ ճախրակ։ Այս դժվար մտմտուքներով բեռցված՝ արյուն կուգա քիթեն կարծես, ու ողջ-ողջ ակռաներուն վրա՝ մեյ մեկ պողպատ աքցանի ծանրանալը կզգա։

Տրտում ու խռովիչ մենության մեջ, որբ հովվուհին իր անլեզու ընկերեն, անոր ստվերեն չի բաժնվիր, ծունկերը կթոտին, կծալվին, ինչպես մաշած զմելիի շեղբ մը, որ իր կոթին վրա կիյնա ինքնիրեն․ ալ անկարելի է առաջ երթալ․ բամպակին ծրարիկը գետին կնետե, ձեռքին ճոկանն ալ, կնստի փուլի մը վրա, ուր աչքը շեշտ դեպի կովը, անոր գործունի ու շողոտ ցռուկը կգիտե, որ մեկ չանչելով մը տեղի խոտերը կհնձե։ Հոս Կուլիկին իր ալ ախորժակը շատ պահանջ կիմացնե իրեն, ու պահ մը կհամաձայնի ինքնիրեն հետ, որ վայրի բանջար ծամե հացին վերջին փշուրեն ետքը, բայց սա բամպակին համար ինչ կրնար ողջն ձևել. ինչո՞ւ Մըյրի տանը ճախրակը չտվավ։

Խեղճ որբուկին համար հոգ ընող շնչավորը ով պիտի ըլլա. գետնեն պիտի բուսնի այն թե երկինքեն սպասե։ Ոտքերուն տակը ոսկի բզեզներ, մեղուներ, գլխուն վերևը՝ չիլ ճնճղուկներն ու կարմրալանջը իրավ որ հարսնիքի երգեր կպոռացնեն, և որոնք իրեն կարծես ճախրակի մելամաղձոտ ճռինչներ ալ լսեցնելու զգայություն մը կբերեն․ մտիկ կընե, կհուզվի, կուլա, որի՞ ինչ փույթ. օր մը այդ ապուշ փետրավորներուն կարավանները այսպես ու այսչափ զվարթ՝ ճագարի դժբախտ ընկեցիկին վրայեն ալ անցան, ու սակայն կարեկցողի արցունք մը՝ պուտ մը գոնե չկաթեցուցին գլխուն։

Լքված աղջկան ճակատագիրը այս աստիճան շփոթ ու անայլայլ՝ կրանիթի մը չափ պինդ կերևի ըլլալ։ Գլուխը ան հողկուռ փուլին վրա ու օրհասի հուսահատ խրումով՝ անգամ մըն ալ կմրմընջե.— «Ինչպես անիմ, ինչպես մանիմ, ինչպես կարծեմ, իրիկունը Մըյրեն զիս անոթի ծարավ՝ հավբունին մեջ կթաղե»։


Բաղամի իշուկեն առաջ թե վերջը, կով չորքոտանիին խոսիլն ալ լսվա՞ծ էր.— «Մի՛ լար, հեգ աղջիկ, մի՛ հուսահատիր, ոտքի ել, բամպակը բերանս տուր, ու պահե մը վերջ առաջքս անցիր որ՝ քթիս ծակտիքներեն մանված թել կարծես»։

Աղջիկը անհունապես շլմորած ու ցնցահույզ ոստումով դեպի կովը կխոյանա, կշոյե, կհամբուրե. խոսքով չեն բացատրվիր իր հոգիեն անցածները։ Քիչ վերջը ահա իրավ ալ նոր լիսեռի մը վրայեն ժողվածի պես գունդ մը թել կկծկե թևերուն վրա։— «Սերկելի Շմես, հոգիս, կհարցնե Կուլիկ, բամպակը մանած եղավ, բարի՛, հիմա ալ ըսեիր, թե ինչպես մինչև իրիկուն կորեկ հացով մը պիտի ապրիմ»։— «Ան ատեն ալ, աղջի՛կ, բերանդ մեկ եղջյուրիս վրա, ուզածիդ չափ մեղր կթե»։

Որբին աղոնը աստված կաղա վերջապես. կփոխվի այս վայրկյանեն աղջկա բախտը, ինչ որ օր մը չէր սպասվեր. ամբողջ գարունը ու ամառը բարի Շմեին եղովն ու մեղրովը հափրացած՝ կգիրնա հետզհետե, ու առջվան կմախք աղջիկը կլորիկ լորամարգիի մը նման աղվոր ձևերը կերևցնե երեսներուն ու ամբողջ մարմինին վրա։ Մըյրեն զայրույթեն մորթին վրա սպի կթավե, գաղտնիք մը հասկնալու շատ ալ փորձեր կընե, բայց բան չի կրնար հոտվըտալ։ Հիմա իր բուն բուտը որսի նիհար շուն մը կլմանի։

Աշունի նոսրկեկ արևով օր մը այս փետրփոխ եղած վառյակը՝ Կուլիկը, նորեն դաշտ կերթա, այս անգամ ինքն իր ստվերին հետ մինակ կքալե ու ինքնիրենը անուշ հովվերգության մը միամիտ սույլերը կպիսմակավորե գլխին վերևը հալող ծիրանի ամպերուն տակ․

Գարնա վրա սիրտս ընկեր էր կուման,
Դառնամ էտիս հայիմ, լեռները տուման,
Մորճիկ մըլ բուսցեր էր աղջկան նման։
Մորճիկը կըյրեցին, կթոց շինեցին,
Կթոցն ի էգին, խավող լեցուցին,
Խավողն ի կարաս գինի շինեցին։
Էլի՛ր, էլի՛ր, քո քնուն, յաման,
Գինուն կարմիրը սիրե, խուրպան,
Աշխընին թուխը սիրե, խուրպան…

Հեռուն, հեռուն, նոր եզերք մը հասած՝ Կուլիկ ձմռան փակցանքի համար չոր բողկեկ ու տոշկուկ կժողվե, կծարվընա հոս, ու մոտի առվակին կողմը շիտկվելով, ջուր խմելու փորձ մը կընե. բայց ի՞նչ առվակ, ի՞նչ ջուր, կաթիլ մըն ալ չկա։ Այս ցամքած առուին կանանչ եզերքին վրա ճիշտ՝ աղջիկ ինքզինք նորանշան դեմքի մը առաջքը կգտնե։ Արթուն, սակայն խառնակ, ահաբեկող երազի մը սարսուռովը աչքերը կոպիճներեն դուրս կպոռթկան։ Առաջին տպավորությունով մը անիկա ստվեր մը ըմբռնելե ետքը, բուն մարմինը կփնտռե, բուն իսկ մարմինն ալ ահա,— մարդ է եղեր։

Մարդ է եղեր, հին մրճոտ պառավ մը, այն չափ չոր ու ոսկրցած, որ կխորհիս թե՝ լուցկիի մը ծայրովը չոր խռիվի մը պես պիտի բռնկի։

Վերեն վար քայքայված է, ու եթե արևը աչքերուն ալ բռնվի, չպիտի խտղըտի։ Առաջին տպավորությամբ մը, ո՛վ որ ալ ըլլա, պիտի մտածե անկասկած, թե այդ ծեր կնկան երեսին միսը, օր մը, երկաթ սանտրով խորունկ մը արորվելե ետքը, այն վիճակին մեջ հանկարծ քարացած ըլլալու սոսկալի դիմագիծը ստեղծեր է, որուն եթե մարդ գիշերը հանդիպի, վախեն ոտքին կաշին ալ ետևը մոռնալով ինքզինք ջրհոր մը պիտի նետե։ Վհուկ մըն է այս, թե պատրանքներե շանթահարված նայատ մը, որ հոս երաշտ առվակի մը խռվացած կողերուն վրա մոլորուն՝ կանաչ հույսերու ծլարձակումին կսպասե։— «Ի՞նչ կընես հոս, մամիկ, կհարցնե աղջիկը, որո՞ւ կնայիս, ո՞վ կխորհիս»։

Մամիկը, հուզված լալկանի երևույթ մը կախելով դեմքեն, իր ջիղ ու չվան պարանոցին վրա տատանվող գլուխը, համր ու բռնազբոս ձգտումով մը, այն ձայն ծնած դին կդարձնե։ Առաջին անգամ չի կրնար խոսիլ ու կհասկցվի,— որ չարչըկված գալարումը իր արդեն ջախջախ էությունը կտոր-կտոր կընե, կամ ավելի ճիշտ, վայրկյան մը ինքզինքը անապատի ծեր օձի մը դիմացը կըմբռնես, որ հինցուցած խորխը վրայեն նետելու ատեն, մահվան չափ դժվար երկունքի մը ցավերուն մեջ կտառապի։

Խուլ ավաչ մը, կռինչ մը մամիկին կոկորդեն, խորունկ գետնադամբանի մը մեջեն պայթող կոծկոծանքի մը փշրանքները կլեցնեն լսողին ականջը ու մեր որբ գեղջկուհիին ալ ականջը, որ իր կեցած տեղեն քար կտրած, վախեն թե՝ զարմանքեն, անգամ մըն ալ կկրկնե.— «Ի՞նչ կընես, մամիկ, որո՞ւ կսպասես, ո՞վ կխորհիս»։

— «Արևուն կտաքնամ, կպատասխանե, ձագուկս, աշունին մեջ ձմեռին կծող ցուրտը կա, որ ոսկորներուս կթափանցե, մի՛ վախնար, առաջ եկուր, կավելցնե պառավը, որբուհիներուն պաշտպանուհին եմ ես, նստիր քովս, բախտիդ սպասե»:

Կուլիկ իր հին մայրը գտած ըլլալու շլացումը կունենա պահ մը, ու անձնատուր ու անձնվեր բոլորովին այս գորովոտ մորը շունչին տակ, անոր հետ ծունկ ծնկի մտիկ կընե.

— «Ես հիմա քնանամ պիտի, աղջիկ, բայց դուն արթուն կեցիր, զիս ու իրեղեններս հսկե. քնացած միջոցիս մեկ քանի տեսակ ջուր պիտի հոսի սա ցամքած առուեն. սև ջուրի երևումին մի՛ արթնացներ, կարմիրը անցնի՝ մի՛ շարժիր, համբերել գիտցիր, վերջը երբ ճերմակն ու դեղինը սկսեն վազել մեկ մեկու ետևե, ան ատեն շուտով ձայն հասցուր ինծի, կարթնանամ ու կտեսնես ըլլվելիքները»:

Շատ զգուշավոր ու շատ արթուն, մեկ-մեկ կգործադրե պառավին թելադրությունները. կարթննա այն ատենին, ու իր իսկ ալքու ճանկերովը աղջիկը սպիտակ ջուրին մեջ լոկցնելով շուշանի գույն մը կհագցնե անոր մորթին, ետքն ալ գլուխը առանձին դեղնորակ ջուրին մեջ լվալով՝ որբին մազերուն ոսկեշող երանգի մը կախարդիչ գեղեցկություն մը կուտա։ Կովին ու կնոջը այս եզական հանդիպումներեն անմիջապես վերջը, աղջկան գլխեն մինչև ոտքերուն մատը հլունի մը չափ տեղ չերևնար, որ առջվան ճղճիմ ու տգեղուկ էակը հիշեցնե։ Կուլիկ ալ բոլորովին ջրածին դիցանույշ մը կրնայիք հասկնալ, արևուն դեմ արևուն հետ կմրցի, մռայլ գիշերներու ծոցը ճրագի մը պես կվառի: Անոր աչվըներեն ինկած հրայրքով այգիներուն ողկույզները կհասունանան ու երեսներուն գիրգ խնձորիկները այդքան շողարձակ ու թովող գիծերով՝ աստվածները կխելագարեն։ Նայեցե՛ք, հեղ մըն ալ նայեցե՛ք, եթե քիչ էր, անգամ մըն ալ խորունկցուցեք նայվածքնիդ այդ դաշտի աղջկանը վրա, որ հասկնայիք թե՝ հին որբեն ոչինչ կմնա անոր մեջը, ու դուք ալ երդումով մը հաստատեք այն թե՝ վերերը պտուտքող ամպերը օր մը, երկրի վրա իջնելու ատենին ադ իրենց ծոցեն ծնած հուրին, այդ ամայի դաշտերուն մեջ մոռցած ըլլալու անխոհեմության համար է որ այդքան զայրացկոտ կորոտան ու կպոռան։

Շատ չանցնիր, հարուստ շահապ մը կճամփորդե այս կողմերեն, որ հարավն ու հյուսիսը ոտքը քաշելե ետքը՝ հեղ մըն ալ աս գեղին ծածքերուն տակ կփնտռե ուզածը։ Ուզած աղջիկը, իր ասպետափառ թագին մեկ վառ գոհարը պիտի ըլլա, ու կուխտե, որ անոր հետ մինչև վերջը ոսկեհուռ բարձի ու գահույքի վրա ապրի կյանքը: Երեք օր իրարու վրա մունետիկ կանչել կուտա, հրավեր տարտղնելով, որ բոլոր աղջիկները մեկտեղ գան ու իր քով եղած ոսկի մուճակը հագնին։ Այդ մուճակը, որ ոտքի մը հարմարվեցավ, վայլեց, ան աղջիկը պիտի ըլլա իր հավնած լուսնթագը ու ինքն ալ անոր անձնվեր վարուժանը։

Երեք օր ու գիշեր աղվոր, փողփողուն թռչուններու հանդիսավոր տողանցում մը կերկարի պերճաշուք երիտասարդին առջևեն, ամենքն ալ մեկ-մեկ կհագնին կոշիկը, բայց մեկուն ալ ոտքին չի կպիր այն ու չի վայլեր։ Կուլիկն ետև մոռցված է, ո՛վ գիտե ինչո՞ւ, քիչ վերջը կարգը անոր կտրվի ու փառքն ալ, իր բոլոր զգլխիչ պերճանքով Կուլիկին կըլլա։ Շահապը հետո ոսկի մուճակին հետ իր ամուսնին ոտքերուն տակ իր սիրտը ու աշխարհք մըն ալ հարստություն կդնե։

Մըյրե ու իր հարազատը անդին իրենց անորակելի ցավեն ու նախանձեն այնքան կհալին ու կսպառին, որ փետուրի մը հովն ալ կրնա զիրենք կործանիլ։ Մայր ու աղջիկ օրեն մեկը ալ տուն չեն կրնար դառնալ դաշտեն, ուր խռիվ հավաքելու գացած կըլլան. այնտեղ սոված գայլի մը ժանիքներուն տակ երկուքն ալ բզիկ-բզիկ կըլլվին միևնույն եղերական վերջով:

Գըլեն որովհետև վաղուց արդեն անհայտ կմնա տունեն, մեկն ալ իրենց հետքը հոտը չի փնտռեր. ինկած տեղերնին հող մոխիր կդառնան:

Կանցնին օրերն ու տարիները, երկրի չորս հովերը կելլան, Մըյերեի ու իր աղջկան աճյունը կցանցընեն լեռ ու սար, դուրին ու դաշտին վրա ամեն կողմ, ամեն ուղղությամբ: Մըյրեի մոխիրին հատիկներրեն գիժ, իժ փշենիները կծնին, աղջկանը ոսկրերուն կտորանքներն ալ սուր, արյունոտ տատասկները կբուսնին:

1898