Վաղ առավոտ զարթեցա
Ես անհանգիստ իմ քնից,
Աղախինս մոտ եկավ
Տխուր դեմքով հայտնեց:
— Աղա, էսօր մենք չունենք
Ո՜չ վառելու ածխաքար,
Դուք կըմնաք առանց թեյ,
Ո՜չ չայ ունենք, ո՜չ շաքար:
Այդ բոթաբեր խաբարը
Ինձ պատճառեց վրդովմունք,
Եվ խռոված իմ սրտի
Սաստիկ եղավ խիստ հուզմունք:
Քանզի այսօր իմ գրպան
Փողից փարատ էր իսպառ,
Եվ չունեի ոչ մի բան
Ուղարկելու ես բազար:
Փայփայելով աղախնուս
Փափկիկ գիսակ շիկահեր,
Եվ գրկեցի նորա մեջք,
Համբուրեցի զույգ թշեր:
―Առանց թեյի, ա՛խ, Մաշա,
Չէ կարելի, գնա՜ բազար,
Դու ծանոթներ շատ ունես,
Մի տեղից առ անվճար:
— Վատ է, աղա, ժամանակ,
Հիմա անփող ի՞նչ կըտան,
Այժմ առանց գրավի
Հազիվ մարդի կըհավատան:
Ի՞նչ էր մնացել, էլ ի՞նչ կար,
Որ Մաշան բազար տանի,
Գրավված էին բոլորը՝
Ժամացույց, թանկ մատանին:
— Ահա՜, Մաշա, իմ կայքից
Մնացորդն այդ վերջին,
Տա՜ր փողոցում վաճառե,
Թեև գին տան խիստ չնչին:
Այս ասելով տվեցի
Երգերիս ժողովածուն,
Գնաց շաքար գնելու
Իմ պայմանյալ հարսնացուն:
Բայց մեծ եղավ իմ զարմանք,
Երբ որ գիրքը թևքի տակ,
Առանց ոչինչ գնելու`
Մաշան ետ դարձավ դատարկ:
— Ողջ բազարը ման եկա,
Ասաց նա ինձ վշտագին,
Գիրքդ ամենին ցույց տվի,
Մարդ չը տըվավ գրոշ գին:
Տարա մանդրուք ծախողին,
Ասաց՝ «Ինձ չէ պետքական,
Այդ մրոտած թղթերից
Ինձ մոտ այժմ խիստ շատ կան:
Թե թերթերը լինեին
Մի փոքր լայն և երկար,
Լոբի, փըլփիլ փաթթելու
Մեզի համար պետք կըգար:
— Ասացի, հին դավթար չէ,
Այլ տաղեր են՝ կոկ, քնքուշ,
Հայոց անբախտ պոետի
Դոքա երգեր են անուշ:
Թըթվեցրուց ռեխը,
Պատասխանեց դուքանչին`
«Այժմ այդպիսի գրքերը
Անարգ լաթեր են չնչին»:
Կատաղության արյունը
Բորբոքվեցավ իմ գլխում,
Ես մոռացա իմ թեյը,
Նախաճաշիկ, կերուխում:
— Ուղիղ է ասել, Մաշա,
Այն խելացի դուքանչին,
Այժմ մեր գրվածքներն
Այո՜, լաթեր են չնչին...
Քան թե շինել նրանց ջնջոց,
Լավ է վառել մեզ կրակ,
Գիտեմ, փայտդ էլ պրծել է,
Թող տաքանա գեթ սենյակ: —
Ես ձգեցի անխնա
Բոցերումը կրակին,
Իմ անքուն գիշերների
Ճգնաց ծնունդն անգին:
Եվ ես, նստած սառնասիրտ,
Նայում էի խարույկին,
Որտեղ ոսկի կայծերով
Խորովվում էր իմ հոգին…
Խե՛ղճ, աուտո-դա-ֆե.
Ահա՜ մեր գործր, հայե՜ր,
Օղակ-օղակ ծուխի հետ,
Վերցնդում են դեպի այեր:
Երկար մարած մոխիրին
Նայում էի տխրագին,
Հանկարծ ինձ թեյ ներս բերավ
Սիրուն Մաշան իմ անգին:
— Ուսկի՞ց բերար դու թեյը, —
Հարց արի ես, — Մաշա ջան,
Ասաց՝ — «Գրավ դրեցի
Իմ ոսկի ապարանջան՚: