Jump to content

Օսան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Օսան

Ինձ ասում են — Օսան,
Գոհ չեն մարդիք քո վարքից,
Թե դու քարշ ես ընկնում
Ջեհիլ տղորց շըլինքից:
Էդպես մ’արա, — ասում են,
Կոտրած աման կըդառնաս,
Ո՜չ ուրիշը կառնե քեզ,
Ո՜չ ձեր տանում պետք կըգաս:
Հողե՜մ գլուխն ասողին,
Միթե չե՞ս գիտում, աստված
Ջեհիլ տղեն ու աղջիկ
Միմյանց համար է ստեղծած:
Ման եմ գալիս բուլվարով,
«Օսան, — ասում է դեդեն,
Ամո՜թ է, ինչո՞ւ էդքան
Մտիկ կըտաս դես ու դեն:
Ուղիղ գնա քու ճամփան,
Դեմքդ ցույց տուր ամոթխած,
Որ նայողի աչքերուն
Պարկեշտ աղջիկ ձևանաս:
Ա՛խ, ի՞նչ անի Օսանը,
Նա ո՞ր ջուրն ընկընի,
Որ իր սրտի դարդերեն
Շուտով մեռնի, պրծնի...
Երբ որ ջեհիլ մի տղա
Անց է կենում իմ մոտեն,
Ո՞նց համբերի Օսանը,
Մտիկ չըտա դես ու դեն:
Չէ՜, քանի ես կյանք ունեմ,
Ջեհիլ տղա կըսիրեմ,
Առանց քեփի ո՞նց ապրեմ,
Ո՞նց իմ դարդին համբերեմ:
Թո՜ղ ողջ լինի իմ հերը,
Նըրա փողի սընդուկը,
Կը կատարե իմ սրտի
Խիստ ցանկալի փափագը.
Նա կըտա իմ օժիտը՝
Մանեթներ հազար քսան,
Ու կըգնե ինձ համար
Սրտիս ուզած լավ փեսան:
Աչքը տրաքի՜ Սոփոյին,
Նըրա հերը վաղ չունի,
Թող մոր տանումը պառավի,
Առանց սիրուն փեսայի:
Չէ՜, քանի ես կյանք ունեմ,
Ջեհիլ տղա կըսիրեմ,
Առանց քեփի ո՞նց ապրեմ,
Ո՞նց իմ դարդին համբերեմ:
Ջեհիլ տղա կըսիրե,
Ու քեֆ կանե միշտ Օսան,
Գլուխ քարին, որ մարդիք
Յու վերա վատ կըխոսան..