Երբ շիշով ազնիվ գինին
Դրած է սեղանիս վերան,
Երբ արծաթով պարարտ է
Իմ փողերի պահապան,
Եվ թանկագին ցիգարը
Իմ բերնումը ծխում է,
Հրաբորբոք իմ սրտեն
Քանի՛ մտքեր բըխում է…
Իմ գրիչը թունդ վազում է
Ոգևորված այդ պահուն,
Եվ երգերս տողվում են
Կոկ, հանգավոր և սահուն:
Բայց երբ որ գինի չըկա,
Երբ դատարկ է իմ գրպան,
Մտածում եմ, մտածում,
Մտքիս չէ գալիս մի բան:
Աշխատում եմ ակամա
Անհամ հանգեր կարկատել,
Իսկ սատանան նույն ժամուն
Սովոր է միշտ ընդհատել:
Դուռը ճռաց, դուքանչին
Պարտքի հաշիվ ներս բերավ,
Բոլոր մտքերս ցնդեցան,
Սրտիս աշխույժը կորավ:
Տեսանում եմ, իմ մուզան
Նա էլ հեռացավ իսկույն,
Երբ որ տեսավ նա ռեխը
Խանութպանին այն տժգույն:
Հա՜, վախեցավ խղճալին,
Չիցե ուզեմ իրմեն պարտք,
Ա՛խ, և քեզ մոտ, է՛յ թշվառ,
Կորուսե՞լ եմ ես իմ վարկ...