Աստծո էգուցը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ուժեղը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Աստծո էգուցը)

Վարդան Հակոբյան

Շան ոսկորը

Պուղին պարտք է վերցնում հարեւանից։ Օրեր են անցնում, անցնում են ամիսներ, պարտքը չի փակում։ Պարտքատերը քանի անգամ գալիս, գնում է, Պուղին մի պատասխան է տալիս.

-Էսօր ուշ է, էգուց արի, պարտքդ տար...

Եվ այսպես՝ տարին լրանում է։ Բայց պատահում է այնպես, որ Պուղին Մելիք Շահնազարի հետ մի ամսով մեկնում է ուրիշ երկիր։ Պարտքատերը գալիս է, տեսնում Պուղու տղան այգում մուշկետ խաղողի շիվեր է տնկում։

-Բարի օր,- ասում է,- Աստված ձեռքիդ ուժն անպակաս անի...

-Բարով տեսանք,- պատասխանում է Պուղու որդին,- ուր գնաս, ճամփիդ «չէ» չբուսնի։

Պարտքատերը, նման օրհնանքից ոգեւորված, բացատրում է, որ Պուղին իրեն փող է պարտք, եկել է տանելու։ Որդին միտք է անում, միտք, թե.

-Քո արեւը, հայրս տանը մի քոռ կոպեկ չի թողել, մնում է սպասես, մի երեք տարի հետո էս մուշկետը բերք կտա, խաղողի գինի քամեմ, ծախեմ, պարտքդ տամ։

Պարտքատերը ուրախացած գնում է։ Մի ամիս չանցած Պուղին գալիս է, տղան պատմում է, թե՝ էսպես ու էնպես։ Այստեղ Պուղին ջղայնանում է որդու վրա.

-Էդ ինչ խակ գործ ես բռնել, բա որ երեք տարին անցավ, պարտքատերը եկավ, ի՞նչ ենք ասելու, որտեղից ենք պարտքը տալու։

-Բա ի՞նչ ասեի,- զարմանում է որդին,- պարտքն ուզում էր։

-Ասեիր՝ էգուց կգաս... կվերջանար-կգնար։ Աստծո էգուցը վերջ չունի։