Jump to content

Ասրա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի

Ասրա


Ամենայն օր իրիկվան դեմ
Չքնաղ դուստրը թագավորի
Շատրվանի մոտ է գնում,
Որից ջուր է ցայտում վճիտ։

Մատաղ ըստրուկն ամենայն օր
Շատրվանի մոտն է լինում,
Որից ջուր է ցայտում վճիտ.
Ու թոշնում է նա օրեցօր։

Մի երեկո դիմեց նորան
Եվ ըշտապով կույսը ասաց.
«Ես անունըդ կուզեմ գիտնալ,
Քո հայրենիքն ու քո ծագումը».

Եվ ստրուկն ասաց. «Մուհամմեդ է
Իմ անունը, Եմենցի եմ
Եվ սերված եմ Ասրա ցեղից,
Որոնք սիրուց մեռանում են»։

Թարգմանության տարի՝ 1908