Jump to content

Արդի հայ դրամատուրգիան (1991-2008) ― Կառուցվածքային խնդիրներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

Կառուցվածքային խնդիրներ

Ամբողջ աշխարհում գրական ձևերն ու մեթոդներն անընդհատ նորացվում-թարմացվում են: Թեմաների սահմանափակ լինելը հանգեցրել է այն բանին, որ ստեղծագործողների համար ինչ գրելուց առավել կարևոր է դառնում ինչպես գրելը: Անշուշտ, միշտ էլ ինչպես գրելու խնդիրը կարևոր է եղել, սակայն այսօր «ինչպես»-ի խնդիրը գրողներին հանգեցրել է գրական երկերում անընդհատ նոր ձևերի որոնումների ու փորձարարությունների:

Ժամանակակից համաշխարհային գրականությունը հատկանշվում է կառուցվածքային տարատեսակ ձևերի զուգորդումներով: Գեղարվեստական մտածողության ու մեթոդի յուրահատկություններով է պայմանավորված գրական երկի կառուցվածքը:

Արդի հայ դրամատուրգիան, ինչպես մյուս սեռերին է բնորոշ, փնտրտուքների մեջ է և զարգացման ճանապարհին կառուցվածքային նորանոր ձևեր է յուրացնում: Թատերագիրները ջանք չեն խնայում, որպեսզի ժամանակակից հայ դրամատուրգիան համարժեք լինի, կամ գոնե մոտենա համաշխարհային դրամատուրգիայի գեղարվեստական չափանիշներին, իր հետաքրքիր նորաոճ կառուցումներով բեմադրելի լինի և ընդունվի հասարակության կողմից, միևնույն ժամանակ` որպես գրականություն հարուստ լինի իր բովանդակային-գաղափարական` ժամանակի ռիթմերին համահունչ հարցադրումներով: Սա, անշուշտ, ողջունելի է, սակայն մտավախություն կա, որ փնտրտուքների այսպիսի երկարատև ընթացքը գուցե անընդհատ շարունակվի, և ուրվագծված հետաքրքիր ձևերը չհամակարգվեն ու չամբողջանան:

Կառուցվածքային բազմաթիվ ձևեր կան, որոնք դրսևորվել են արդի հայ դրամատուրգիայում, սակայն դրանցից մի քանիսը ընդհանրական են դարձել շատ դրամատուրգների ստեղծաբանական համակարգում: Փորձենք այդ ընդհանրական որոշ գծերը համակարգել և ընդհանուրի մեջ դիտարկել կառուցվածքային մի քանի կարևոր գործոններ: