Հայրենի կարգավ
← Ծովածաղկի աչքեր | Արիս Արսենի |
Մատս՝ ձգանին → |
ՀԱՅՐԵՆԻ ԿԱՐԳԱՎ 2001-2010
- Մի հայրեն ասեմ ես էլ,
- Իմ անցած օրերին ասեմ...
- Համո ՍԱՀՅԱՆ
- Ալեհույզ, լուսեղ աչքերում
- Հմայք է՝ մաքուր կանացի...
- 16.11.00
Այնպե՜ս է անուշ գերում՝
- նազանքով քնքուշ-առնացի,
Ալեհույզ-հուր աչքերում
- հիացք է, սեր-կիրք կանացի,
Իսկ ի՞նչ է բախտն ինձ բերում՝
- տանջամահ լինելուց բացի,
Տանջահար իմ այս... դերում
- վախենամ սի՜րտը չբացի։
16.02.01, Ստեփանակերտ
- Վարդաբույր շուրթերդ կեզ
- Այրվում են շուրթերիս վրա։
- 24.09.01
Անունդ՝ երազ տխուր,
- լուսեղեն թախի՜ծ է անկեզ,
Վարդաբույր շուրթերդ տուր,
- այրվո՜ւմ են շուրթերս հրկեզ,
Ապրո՜ւմ եմ աղոթքով լուռ՝
- դողդոջուն հույսի՜կ տա մի հեզ,
Օտար մի՜ ձևանա զուր,
- սիրո՜ւնս, սիրո՜ւմ եմ ես քեզ...
24.09.01, Ստեփանակերտ
(«Ծովածաղկի աչքեր»-ից)
- Մի անծանոթի
- Քեզ բարևեց այդ աղջիկը,
- Իսկ ինձ՝ անգամ չնայեց...
- 29.09.01
Բարևեց աղջիկն այդ քեզ,
- իսկ իմ կողմն անգամ չնայեց,
Հասկացա՞ր գոնե մի պահ՝
- նա քե՞զ էր, թե՞ ինձ հմայեց,
Հասկացա՞վ աղջիկն այդ, որ
- մոլորված թողեց մի հայացք,
Դու հասի՜ր նրան, գնա՜,
- մի՜ թող, որ ետ նայի հանկարծ...
(«Ծովածաղկի աչքեր»-ից)
- -Ես միշտ ժպտա՜մ քեզ,-
- դո՜ւ ասացիր...
- -Ես միշտ ժպտա՜մ քեզ,-
- 28.09.00
Ինձ այնպես լա՜վ ես ժպտում,
- թվում է՝ դու ես իմ... կի՜նը,
Կործանվե՜մ թող քո գրկում,
- կլինե՞ս դու իմ գրկինը,
Հուզո՜ւմ ես համակ ու սեր,
- կարոտիս ցա՜վն է քո... գինը,
Որքա՜ն եմ, գիտե՞ս, ուզում՝
- դու՜ լինես միշտ իմ մտքինը։
09.10.00, Ստեփանակերտ
- Քո թախծոտ աչքերում երազ կա վայրի,
- Ես ինչպե՞ս թողնեմ քո թախիծն ինձ այրի...
- 17.07.01
Կարոտ կա աչքերիդ մեջ,
- աչքերիդ ցոլանքը վայրի
Ես ինչպե՞ս ներս թողնեմ գա,
- բա որ գա ու սիրտս այրի՞,
Իսկ հետո՞, ինչպե՞ս ապրեմ։
- Մի՜ ստիպիր, որ սիրտս զայրի...
...Ի՜նչ հեշտ ես դու մարսում, թո՜ւղթ,
- գովեստն ու... հեգնանքը սայրի։
17.07.01, Ստեփանակերտ
- Ասա՜, ինչո՞ւ ես ի՜նձ աչք ածում,
- Երբ ժպտում ես ու... աղոթք հայցում...
- 24.08.03
Դո՜ւր եկար կնոջս դու՝
- հարցնո՜ւմ էր անվերջ քո մասին։
-Ո՞վ էր այդ աղջիկն,-ասաց,-
- որ ժպտում էիք միասին,
Թե՞ ուրիշ աչքով նայող
- չունի, որ քեզ է աչք ածում...
...Ի՞նչ ասեմ, որ ճիշտ դուրս գամ,
- հարցո՜ւմն է պատասխան հայցում։
16.03.03, Ստեփանակերտ
- Դու ի՞նչ ես ուզում ինձանից,
- Բաց թող ինձ՝ գնամ ես, թախի՜ծ...
- 17.07.01
Դավեր ես նյութում, թախի՜ծ,
- բայց էլի գոհ եմ քեզանից,
Քեզ ե՞րբ եմ վատ խոսք ասել,
- խիղճ ունե՞ս դու գոնե մի քիչ։
Սիրտս քեզ երգ է տալիս,
- իսկ դու միշտ ցա՜վ ես բերում ինձ,
Հոգնել եմ, բայց թող՝ գնամ,
- տարփածու-տնավե՜ր թախիծ...
27.07.01, Ստեփանակերտ
- Ես ուզում եմ ցմրուր
- Քո թովչանքը ճաշակել...
- 19.07.01
Ոչի՞նչ, որ սիրագարված
- աչքերի ցոլանք տվեցի,
Ժպտա՜, թող աշխարհը քեզ
- չթվա դատարկ մի խեցի,
Թե՞ իզուր երազս ես
- քո առաջ այսպես խնկեցի,
Ե՞րբ սիրո վայելք տեսա,
- այսքան շուտ ինչո՞ւ ծնկեցի։
21.04.01, Ստեփանակերտ
- Ո՞ւր ես հիմա՝ չգիտեմ,
- Արի՜, լա՞վս, քեզ գգվեմ...
- 07.07.01
Անվե՜րջ եմ քեզ սիրելու,
- գալո՞ւ ես ինձ մոտ դու նորից,
Որ փնտրեմ աչքերիդ մեջ
- երազներ, կարոտ ու թախիծ,
Գրկեմ քո ուսերը մերկ
- ու քամեմ գինին շուրթերիդ,
Արի՛, քեզ սիրո՜ւմ եմ ես,
- աչքերդ թող միշտ ժպտա՜ն, ի՛նձ։
28.09.01, Ստեփանակերտ
- Կնացի՜ր ինձ, իմ լա՜վս,
- Ես պաշտո՜ւմ եմ քեզ...
- 01.08.01
Խայտո՜ւմ ես նորից, սիրո՜ւն,
- ամա՜ռ ես, ա՜լ ես դու ու կեզ,
Ուզո՜ւմ եմ քո ժպիտը,
- ափսո՞ս է, որ ինձ նվիրես,
Աչքերդ հուր են ցայում,
- օրերդ խինդ են ու հրկե՜զ,
Կնացի՜ր, լա՜վս, դու ինձ,
- սիրո՞ւմ եմ՝ պաշտո՜ւմ եմ ես քեզ...
26.05.04, Ստեփանակերտ
- Երազը՝ սուրբ, նաև սուտ է, նաև՝ խաբկանք,
- Այնպես արա, որ չդառնա՜ս... երազախաբ...
- 24.08.03
Մենության ուշ գիշեր էր,
- երբ նրան այցի գնացի,
Ուզեցի շուտ ետ դառնալ,
- բայց գիշերն այնտեղ մնացի,
Եվ հետո... այնպե՜ս լավ էր,
- որ, անկեղծ ասած, զղջացի,
Թե ինչո՞ւ մինչ այդ նրան
- չտեսա՜, չճանաչեցի՜...
25.02.03, Ստեփանակերտ
- Ա՜յն Զոյային, ում Շիրազը կոչեց Զվարթ...
- -Դե՞մ ես՝ պահիր անվան երկու ձևերն էլ այդ...
- 22.03.03
Կայտառ է, զվարթ է նա,
- ու այնպես լա՜վ է հիշելում,
Ոչինչ չի կորչի նրա
- պահած ու փայած հուշերում,
Բայց այնպե՜ս շվար է, որ
- պահվելով կյանքի փշերում,
Մի շունչ ու մի տուն է, և
- հուշերի հետ է գիշերում...
16.02.01, Ստեփանակերտ
- Եղե՞լ եմ ես դրախտում...
- Հիշե՜լ եմ քեզ դրախտում։
- 17.07.04
Մի՜ գոցիր, բա՜ց արա, թող
- արևի շողն ընկնի վրան,
Չե՜մ տեսել երբեք կյանքում
- այդքան մեծ հատիկներ նռան,
Բա՜ց արա դրախտդ գոց՝
- մրգերիդ բույրով արբենամ,
Եղե՜լ եմ, գուցե կասեմ,
- դրախտում ես էլ մի անգամ։
17.07.04, Ստեփանակերտ
- Ծոցիդ մեջ մի զույգ գերված
- սևկտուց ճերմակ աղավնի
- Ուզում են դուրս պրծնել, որ
- վայելեն համբո՜ւյրն արևի...
- Ծոցիդ մեջ մի զույգ գերված
- 27.07.04
Վանդակված-գերված մի զույգ
- սևկտուց ճերմակ աղավնի
Ուզում են դուրս թռչել, բայց
- ամուր են կապանքներն էլի,
Սեղմվել են պատերի մեջ՝
- քնքշանքի՜ կարոտ, արևի՜...
...Կրծկալիդ պայթյունը լոկ
- կփրկի նրանց երևի։
13.07.04, Ստեփանակերտ
- Ինչ ասես-չասես՝ մեկ է,
- ուրագն իր արածն է անում...
- Ինչ ասես-չասես՝ մեկ է,
- 16.09.03
-Մի՜ եղիր ուրագի պես,-
- հին առածն այսպես է հուշում,-
Դու մեկ՝ այս, մեկ՝ այն, իսկ նա
- միշտ դեպի իրեն է տաշում...
...Կորել են հույզ, անրջանք՝
- թախիծն ո՞ւմ կարոտն է քաշում,
Երբևէ կհասկանա՞նք,
- թե այս ի՜նչ օրեր ենք մաշում։
29.09.01, Ստեփանակերտ
- Տխո՛ւր եմ բաժանման օրից,
- Հույս չունեմ, թե կգաս նորից։
- 16.03.10
Գնացել ու չես գալիս,
- հեռու ենք արդեն իրարից,
Մոռանալ չեմ կարող քեզ՝
- չես հիշում երևի էլ ինձ,
Ուրա՞խ ես, անհո՞գ, իսկ ե՞ս՝
- տխուր եմ բաժանման օրից,
Թախիծն է սիրտս պատել՝
- հույս չունեմ, թե կգաս նորից։
16.03.10, Ստեփանակերտ
- Արևը սարի ուսին
- կրակն իր մարեց ու գնաց,
- Արևից սարի ուսին
- շողերի մի խրձիկ մնաց...
- Արևը սարի ուսին
- 30.03.03
Եկել եմ, նստել այստեղ,
- նստել եմ լուռ ու մնացել,
Արևն էլ սարի ուսին
- կրակն է մարել-գնացել,
Իսկ սարի ուսից կարմիր
- շողերի մի փունջ է կառչել...
...Նստել եմ լուռ ու մենակ,
- չգիտեմ, թե ինչ մտածել։
12.09.05, Ստեփանակերտ
Չեմ ձգտել, կյանքում երբեք
- չեմ ընկնել փառքի հետևից,
Երեսին չեմ ասել թե`
- չեմ ասել երբեք հետևից,
Իմ գործն եմ առաջ տարել`
- տքնել եմ` օր-օրի հետևից,
Առջևում չեմ եղել թե`
- չեմ քայլել մարդկանց հետևից:
01.08.2021 թ. (ժ. 13:22) Ստեփանակերտ-Մարտակերտ
- Արի՜, մի՜ գնա,
- Եկել ես՝ մնա՜...
- Ժող. երգից
Չգիտեմ՝ գնա՞մ, մնա՞մ,
- ո՞րն է ճիշտ և որը՝ սխալ,
Մնալս՝ անհեռատես,
- գնալս՝ անհեռանկա՞ր,
Անիմաստ ու անտեղի՞,
- մնա՞լս՝ մշուշվել-մխա՞լ...
Ի՞նչ ասեմ... Բայց մարդ ենք, չէ՞,
- գալուն էլ... գնա՜լն է ախար...
30.05.03, Ստեփանակերտ