Jump to content

Արի, ինձ անգաճ կալ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
բնագիր
Ա՛րի ինձ ա՛նգաճ կալ, ա՛յ դիվանա սիրտ

Ա՛րի ինձ ա՛նգաճ կալ, ա՛յ դիվանա սիրտ,
Հա՛յա սիրէ, ա՛դաբ սիրէ, ա՛ր սիրէ.
Աշխարհքըս քունն ըլի, ի՞նչ պիտիս տանի՝
Ա՛ստուաձ սիրէ, հո՛գի սիրէ, եա՛ր սիրէ:

Էն բանն արա, վուր Աստըձու շարքումն է,
Խըրատնիրըն գըրած Հարանց վարքումն է.
Յիրիք բան կայ՝ հոգու, մարմնու կարգումն է՝
Գի՛ր սիրէ, ղա՛լամ սիրէ, դա՛վթար սիրէ:

Ե՛կ, ա՛րի սի՛րտ, մընա՛ դուն մէ դամաղի,
Հա՛լալ մըտիկ արա հացի ու աղի.
Հէնց բա՛ն արա՝ մարդ վըրէդ չըծիծաղի.
Խըրա՛տ սիրէ, սա՛բըր սիրէ, շար սիրէ:

Հըպարտութին չանիս՝ դուր գուքաս Տէրիդ,
Խոնարհո՛ւթին արա կանց քիզ դէվէրիդ,
Աստուաձ դիփունանցըն մին հոգի էրիտ.
Ա՛ղքատ սիրէ, ղօ՛նաղ սիրէ, տա՛ր սիրէ:

Սայա՛թ-Նովա, է՛րնէկ քիզ, թէ է՛ս անիս՝
Հոգուդ խաթրի մարմնուդ ումբրըն կէս անիս.
Թէ գուզիս, վուր դադաստան չըտեսանիս՝
Վա՛նք սիրէ, անա՛պատ սիրէ, քա՛ր սիրէ:


Ուչլամա. Արութինի ասած, մայիսի 1-ին, քրոնիկոնի 441-ին (1753):

թարգմանություն
Ա՛րի ինձ ունկնդրի, այ դիվահար սիրտ

Ա՛րի ինձ ունկնդրի, այ դիվահար սիրտ,
Պատկառանք, ամոթ, համեստություն սիրե,
Աշխարհը քոնը լինի, ի՞նչ կտանես՝
Աստված սիրե, հո՛գի սիրե, յա՛ր[1] սիրե:

Է՛ն բանն արա, որ Աստըծո շարքում է,
Խրատներն գրած Հարանց վարքում է[2],
Երեք բան կա՝ հոգու, մարմնի կարգում է՝
Մատյա՛ն սիրե, գրի՛չ սիրե, գի՛ր սիրե:

Ե՛կ, ա՛րի, սիրտ. մնա՛ դու մի ձևի մեջ,
Արդար հայացք գցի աղ ու հացի մեջ,
Էնպես արա որ չընկնես ծաղրի մեջ,
Խրա՛տ, համբերությո՛ւն ու օ՛րենք սիրե:

Հպարտություն չանես, դուր կգաս Տերին,
Խոնարհություն արա հանց քեզ դևերին,
Աստված մեկ հոգի տվեց բոլորին,
Ա՛ղքատ սիրե, հյո՛ւր սիրե, օ՛տար սիրե:

Սայաթ-Նովա, ե՛րնեկ քեզ, թե է՛ս անես,
Հանուն հոգու՝ մարմնիդ կյանքը կես անես,
Թե կուզես, որ դատաստան չտեսանես՝
Վա՛նք սիրե, անապա՛տ սիրե, քա՛ր սիրե:


  1. յար — այստեղ՝ ընկեր
  2. Հարանց վարք — սրբերի վարքի վերաբերյալ կրոնական ժողովածու