Jump to content

Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Խորհրդային Ադրբեջանի գաղութային քաղաքականությունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Խորհրդային Ադրբեջանի գաղութային քաղաքականությունը։ Արցախահայության պայքարը ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին վերամիավորելու համար
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԱՂՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԼՂԻՄ-Ը ՀԽՍՀ-ԻՆ ՎԵՐԱՄԻԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԼՂԻՄ կազմավորման հենց սկզբից, Ադրբեջանի ղեկավարու­թյունը կոպտորեն ոտնահարել է ԼՂԻՄ հայ բնակչության իրավունքներն ու շահերը։ Դա արտահայտվել է մարզի սոցիալ-տնտեսական զարգացումն արհեստականորեն կասեցնելու, ԼՂԻՄ-ը Ադրբեջանի հումքային կցուկը դարձնելու, ԼՂԻՄ-ի և իր իսկ միութենական հանրապետության միջև արտադրանքի ոչ համարժեք փո­խանակում իրականացնելու, ԼՂԻՄ-ը Նախիջևանի օրինակով հայազրկելու նպատակով ժողովրդագրական ակտիվ էքսպանսիա վարելու, հայազգի բնակչության նկատմամբ խտրական կադրային քաղաքականություն վարելու, ԼՂԻՄ-ին հարող հայկական շրջանների վարչատարածքային կառուցվածքը մասնակիորեն վերափո­խելու, հայոց լեզուն և մշակույթը սահմանափակելու, հայկական հուշարձանները և մշակութային արժեքները ոչնչացնելու և դրանք յուրացնելու փորձերի մեջ։

Մարզը զրկված էր ամեն տեսակ տնտեսական ինքնուրույնու­թյունից։ Գործնականորեն վերացված էին բոլոր կապերը Հայաստանի հետ։ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը, գիտակցե­լով, որ բռնակցված տարածքներում հայ ազգաբնակչությունը չի հաշտվի ստեղծված իրավիճակի հետ, սկսեց միջոցներ ձեռնարկել այդ տարածքների ժողովրդագրական վիճակը փոփոխությունների ենթարկելու ուղղությամբ։ Աղրբեջանի քաղաքական ղեկավարությունը հասկանում էր, որ առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել անմիջական սահմանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև։ Դա անշրջելի դարձնելու նպատակով խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը շարունակեց շահ Աբասի ժամանակներից սկսած Արաքսի ափերից մինչև Ջերմուկի փեշերը մահմեդական ցե­ղերով բնակեցնելու քաղաքականությունը։ Այդ նպատակով Աղրբե­ջանի Կ(բ)Կ Կենտկոմի նախագահության 1923թ. հուլիսի 16-ի նիստում որոշվեց «քրդերի զբաղեցրած տարածքից կազմել Քուրդիստանի գավառը»։ Դրա հիման վրա 1923թ. օգոստոսի 6-ին խորհր­դային Աղրբեջանի կառավարության որոշմամբ կազմավորվեց Կարմիր Քուրիստան ինքնավար քրդական շրջան՝ Լաչին կենտրոնով։ Կարճ ժամանակահատվածում քրդերին թուրքացնելուց հետո, 1930թ. վերացվեց Քուրդիստանի տարբերակիչը, և ստեղծվեցին Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Ջանզելանի շրջանները։ Քրդերի ուծացման հախուռն մի նոր ժամանակաշրջան սկսվեց։ 1926թ. Ադրբեջանում ապրում էր 44139 քուրդ, 1936թ.՝ 6000, իսկ 1979թ. մարդահամարի տվյալներով հարևան հանրապետությունում արդեն քուրդ չկար։ Այնուհետև ԼՂԻՄ-ի տարածքում գտնվող մի շարք բնակավայրեր պոկեցին ինքնավար մարզից և նվիրաբերեցին ադրբեջանական շրջաններին։ Այսպես, Անդրֆեդերացիայի վերացումից հե­տո Հադրութի շրջանից Հողեր ու Հարար գյուղերը կցվեցին աղրբեջանական Ֆիզուլու և Լաչինի շրջաններին։

Դրանով էլ չբավարարվելով՝ 1950-1970-ական թվականներին տնտեսությունները խոշորացնելու առիթով հայկական գյուղերից խլվեցին ընդարձակ հողահանդակներ և հանձնվեցին ադրբեջանցիներին։ Միաժամանակ հայկական բնակավայրերը ենթարկեցրին ադրբեջանական գյուղերին։ Այդ ամենից հետո մարզի խաչմերուկային ճանապարհների վրա և բարեբեր գետահովիտներում՝ հայ­կական բնակավայրերի արանքում, ստեղծվեցին ադրեջանական նոր գյուղեր։ Արղյունքում տասնյակ հայկական գյուղեր վերացան։ Դրանց մի մասը՝ Ջամիլլուն, Կրկժանը, Խոջալլուն և այլ գյուղեր, բնակեցվեցին ադրբեջանցիներով։

1920-ական թվականներից մինչև 1950-ական թվականների վերջը Լեռնային Ղարաբաղից ամեն տարի հազարավոր երիտասարդ­ներ էին հավաքագրում և ուղարկում հանրապետության արդյունաբերական կենտրոնները՝ կառուցապատելու, ինչպես նաև Միլլի ու Մուղանի անջրդի հողահանդակները յուրացնելու։

Մշակովի հողահանդակների պակասը, ցածր բերքատվությունը, ոռոգման համակարգերի բացակայությունը Լեռնային Ղարաբաղի հայությանը ստիպում էին հարևան ադրբեջանական շրջաններում զբաղվել արտագնա աշխատանքով։ Ծանր աշխատանքը, կլիմայական պայմանների կտրուկ փոփոխությունը մասսայական հիվանդությունների և մահացության պատճառ էին դառնում։ «Տարեց-տարի բնակչության նոր հավաք է կազմակերպվում. ընտանիքների առավել եռանդուն և գործունյա անդամները ստիպված լքում են իրենց հայրենիքը։ ... ԼՂ-ում տուն չկար, որ մեկ անդամի չուղարկեին արտագնա աշխատանքի»։

Միլլի տափաստանում հայ գյուղացիներին հողեր էր հատկաց­վում, պայմանով, որ նրանք պիտի ապրեին Ադջաբեդիի շրջանում։ Հայ բանվորների ջանքերի շնորհիվ կառուցվեց Միլլի հայտնի ջրանցքը, որը կոչվեց «գյավուր արխ»։

Խորհրդային իշխանության տարիներին ԼՂԻՄ-ում զարգացած էր կանանց աշխատանքի պահանջ ունեցող արդյունաբերությունը, և դա գիտակցաբար էր արվում Ադրբեջանի ղեկավարության կող­մից, որպեսզի տղամարդիկ հեռանան մարզից։

Լեռնային Ղարաբաղը մայր Հայաստանից կտրելուց հետո Ադրբեջանի ղեկավարությունը երկրամասից հայ բնակչության արտահոսքը արագացնելու նպատակով արհեստականորեն արգելակում էր մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացքը։

Դա առանձնապես արտահայտվել է բարձր որակավորման մասնագետ կադրերին աշխատանքով չապահովելու հարցում։ Առանձնապես Հայաստանում կրթություն ստացած մասնագետները մարզում աշխատելու ոչ մի հնարավորություն չունեին։ Հայկական կրթություն ունեցող երիտասարդներին վարչա-կառավարչական մարմիններում աշխատելը արգելված էր։

Հայ բնակչության արտագաղթին ուղղակի նպաստել է դպրոց­ներում սովորելու համար տարրական պայմանների բացակայությունը: Մինչև 1970-ական թվականները, մարզի հայկական շրջաններում պետական բյուջեի հաշվին չի կառուցվել ոչ մի դպրոցական շենք, ակումբ, մշակույթի տուն։

ադրբեջանի հայկական դպրոցներում արգելվում էր հայոց պատմության դասավանդումը։ Դրան հակառակ, Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում ադրբեջանի պատմության դասավանդումը պարտադիր էր։

Վատթար վիճակում էր մարզի առողջապահական համակարգը։ 1986թ. Լեռնային Ղարաբաղում բնակչության 10 հազար շնչին ընկ­նում էր 28,7, իսկ ադրբեջանում՝ 38,4 բժիշկ։ Այն դեպքում, երբ բժիշկների մի զգալի մասը ազգությամբ ադրբեջանցիներ էին։

Տարեցտարի բնակարանային շինարարության ծավալները զգալիորեն կրճատվում էր։ Եթե 1966-70թթ. կառուցվել է 262,0 հազ–քառ. մետր բնակտարածություն, ապա 1976-80թթ.՝ 242,6 հազ-քառ. մետր։ 1966-1986թթ. մարզում շահագործման հանձնված ընդհանուր օգտակար բնակտարածության 58,3 տոկոսը բաժին էր ընկնում անհատական շինարարությանը, իսկ հանրապետությունում, ամբողջությամբ վերցրած, այն կազմում էր 41,6 տոկոս։

Ստեփանակերտում բնակարան ստանալու համար մարդիկ սպասում էին տասնյակ տարիներ։

ԼՂԻՄ-ը ադրբեջանին զիջում էր մեկ շնչին ընկնող համախառն հանրային արդյունքով, արդյունաբերության, գյուղատնտեսության մեքենայացմամբ և կապիտալ ներդրումներով։ Այսպես, 1986թ. ադրբեջանում մեկ բնակչին ընկնող կապիտալ ներդրումները կազմել են 473, Նախիջևանում՝ 342, ԼՂ ԻՄ-ում՝ 181 ռուբլի։

Վատթար վիճակում էր հաղորդակցության ցանցը։ Հաղորդակցու­թյան միջոցների բացակայության կամ էլ անմխիթար վիճաի հետևանքով տասնյակ գյուղեր անմարդաբնակ են դարձել։ Մարզի արդյունաբերությունը ներկայացնում են ընդամենը մի քանի տասնյակ ձեռնարկություններ, որոնց մի մասը հիմնադրվել է դեռևս մինչև հեղափոխությունը։ Արդյունաբերական ձեռնարկություններում մեծ մա­սամբ գերիշխում էր իր դարն ապրած հին տեխնիկան և ձեռքի աշխատանքը, դրանք զուրկ էր ժամանակակից արտադրական շենքերից։

ԼՂԻՄ-ում չկար համակցված կերերի, երկաթբետոնե իրերի գործարաններ, ալրաղաց, տնաշինական կոմբինատ։

Գերազանցապես գյուղատնտեսական մարզ հանդիսացող Լեռ­նային Ղարաբաղում խորհրդային իշխանության տարիներին ոռոգ­ման համակարգեր չեն ստեղծվել։ Դրա փոխարեն Ղարաբաղի լեռ­նային գետերի ջրերի հաշվին ջրարբի էին դարձվել հարևան ադրբեջանական շրջանների տասնյակ հազարավոր հեկտար հողահանդակներ։ Ջրառատ երկրամասում լուծված չի եղել նաև խմելու ջրի հիմնահարցը։ Չնայած այս ամենին հայ բնակչության աշխատանքային եռանդի շնորհիվ, մարզը գյուղատնտեսական մի շարք մթերքների արտադրությամբ հանրապետությունում առաջնային տեղ էր գրավում։ Այսպես, 1986թ. ԼՂԻՄ-ը բնակչության մեկ շնչին ընկնող մսի (անասունների և թռչունների միսը կենդանի քաշով) գնումներով Նախիջևանին գերազանցում էր 4,6, կաթով՝ 2,7, ցորենով՝ 1,4 անգամ, խաղողով՝ 1,6 անգամ։ Միավոր հողատարածության հաշվով այստեղ 1,2 անգամ ավելի շատ անասնագլխաքանակ է պահվում, քան հանրապետության միջինն է և 1,7 անգամ ավելի շատ, քան Նախիջևանը։ Մարզը տալիս էր ավելի շատ գյու­ղատնտեսական մթերքներ, քան ստանում էր, այդ պատճառով էլ աշխատավորությունը մսամթերքների ու կաթնամթերքների մշտական կարիքի մեջ էր։ Վերոհիշյալ մթերքների վաճառքը կատարվում էր կտրոններով։ 70 տարիների ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը հնարավոր և անհնարին միջոցներով մարզը մղել է փակուղի, նրա հայ բնակչությանը քաշել ստրկական ու զաղութարարական լծի տակ։ Իրավացի է ԽՄԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ, ԼՂԻՄ-ի հատուկ կառավարման Կոմիտեի ղեկավար՝ Ա.Վոլսկին. «Երկրում շրջելիս,- ասել էր նա,- ես չեմ հանդիպել այնպիսի ավերածության, մարդկանց ճակատագրերի հանդեպ այնպիսի արհամարհանքի, ինչպես Լեռնային Ղարաբաղում»։ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ազգային իրավունքները ոտնահարելու և նրա նկատմամբ խտրական քաղաքականություն կիրառելու իմաստը Արցախը հայաթափ անելու և մարզը ադրբեջանականացնելու մեջ է։

Մարզի հայ բնակչության տարրական իրավունքների ամեն մի պաշտպանություն գնահատվում էր որպես ազգայնականության արտահայտություն։ Երկրամասը զրկված էր ամեն տեսակ ինքնու­րույնությունից։ Այդ ամենը հանգեցրել է ԼՂԻՄ հայազգի բնակչու­թյան մեծամասնության համար անտանելի պայմանների ստեղծմանը և համապատասխանաբար՝ հայերի զանգվածային արտագաղթին։ Բոլորից շատ հիասթափվել էր հայ մտավորականությունը, որը հասկանում էր բռնակցված տարածքներում իրականացվող քաղաքականությունը։

Նմանօրինակ քաղաքականությունը հանգեցրել էր մարզի հայ բնակչության տեսակարար կշռի անընդհատ նվազմանը։ Ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մեծ արտահոսքը մինչև երկրորդ աշխարհամարտը ուղեկցվում էր բնական բարձր աճով։ Վերջինիս շնորհիվ հայ բնակչության աճի որոշ միտում նկատվեց։ 1926թ. և1939թ. մարդահամարների ընթացքում, մարզի հայ բնակչության ընդհանուր թիվը 111,7 հազարից հասավ 132,8 հազարի, նույն տարիներին մարզի բնակչության ընդհանուր թիվը 125,3 հազարից հասավ 159,8 հազարի կամ ավելացավ 20,4 տոկոսով։ Փաստորեն, հայերի տեսակարար կշիռը մարզի ընդհանուր բնակչության թվակազմում կրճատվեց ի օգուտ ադրբեջանցիների։

Դրանով չբավարարվելով՝ 1949 թվականի հունիսի 14-ին դաշ­նակցականի, ռազմագերու կամ հակախորհրդային տարրի պիտակներով 24,5 հազար արցախահայեր աքսորվեցին Ալթայի երկ­րամասը։ Դրա, ինչպես նաև անընդհատ ավելացող արտահոսքի հետևանքով մարզի հայ բնակչությունը զգալիորեն կրճատվեց և 1959թ. կազմեց 110,1 հազար (ավելի քիչ, քան 1926թ.)։ Հետագա տարիներին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության արտահոսքը ավելի ուժեղացավ։ 1926-1979 թվականներին Լեռնային Ղարաբաղից միջին հաշվով տարեկան արտագաղթում էին մինչև 2 հազար հայեր, դրա փոխարեն 1959-1979 թվականներին միջին հաշվով ավելանում էին հազար ադրբեջանցիներ։

Խորհրդային իշխանության տարիներին Լեռնային Ղարաբաղում ապրում էին, այստեղ ծնված ամեն տասերորդ քաղաքացին, իսկ մնացած իննը արտագաղթում էին։ Այդ ամենի հետևանքով մարզի հայ բնակչությունը 111,7 հազարից 1979թ. հասավ 123,1 հազարի, իսկ ադրբեջանցիները համապատասխանաբար 12,6 հազարից հասավ 37,2 հազարի։ Ադրբեջանցի բնակչությունը շարունակում էր ավելանալ ինչպես բնական աճի, այնպես էլ դեպի Լեռնային Ղարաբաղ կատարվող ներհոսքի շնորհիվ։

Ամբողջությամբ վերցրած՝ 1939 և 1979 թվականների մարդահամարների միջև ընկած 40 տարիների ընթացքում ԼՂԻՄ-ում հայերի թիվը կրճատվել է 7,3 տոկոս, իսկ ադրբեջանցիների թիվը աճել է 2,6 անգամ։

Հայերին ԼՂԻՄ-ից և ընդհանրապես Ադրբեջանից դուրս մղելու գործընթացը ուժեղացավ հատկապես 50-ական թվականներից։ Դրան հակառակ, ադրբեջանցիների թիվը աճում էր Հայաստանում։ Ասվածի մասին են վկայում ստորև տրված աղյուսակները: Ադրբեջանական ԽՍՀ գյուղական շրջաններում հայ բնակչության թվի շարժը 1959-1979 թվականներին


Հայկական ԽՍՀ գյուղական շրջաններում ադրբեջանական բնակչության թվի շարժը 1959-1979 թվականներին

Երիտասարդության արտահոսքը հանգեցրել է մարզի հայ բնակչության «ծերացմանը», որը մի կողմից իջեցրել է ծնունդը և մյուս կողմից՝ բարձրացրել մահացությունը։ Եթե 1970-1986թթ. Ադր­բեջանական ԽՍՀ-ում բնակչության 1000 շնչի հաշվով մահացել է 6-7 մարդ, ապա ԼՂԻՄ-ում այդ ընթացքում այն կազմել է 7,5-8 մարդ։ 1970-80-ական թվականներին ԼՂԻՄ-ի հայ բնակչության բնական աճը դրսևորվում է խիստ նվազման միտումով։ Նկատենք, որ 1989թ., 1979թ. համեմատ, մարզի հայ բնակչությունը 123,1 հազա­րից աճեց 145,5 հազարի, երկրամասի հայ բնակչությունը 75,9 տո­կոսից հասավ 76,9 տոկոսի, այսինքն 1 տոկոսի չափով աճ, իսկ ադրբեջանցիները՝ 37,3 տոկոսից հասան 40,6 տոկոսի։

այսպիսով, նպատակաուղղված ժողովրդագրական քաղաքականության միջոցով ադրբեջանի իշխանությունները փորձում էին մարզը լիովին հայաթափել, դրանով իսկ մեկընդմիշտ լուծել ղարաբադյան հիմնահարցը։

Հայակուլ այդ քաղաքականությանը դիմակայելու նպատակով Արցախը Ադրբեջանին բռնակցվելուց անմիջապես հետո, առաջին իսկ օրերից կանգնեց ազատագրական պայքարի վրա։ Aրցախի գավառներում անընդհատ եղել են ընդվզումներ ու ապստամբական պոռթկումներ ադրբեջանական պաշտոնեության դեմ, մարզն Ադրեջանական ստրկությունից ազատագրելու համար։ Այդ կապակ­ցությամբ Ռուբեն Տեր-Մինասյանը գրել է. «ՀՀ Դաշնակցությունը, իբրև հայ ժողովրդի հույսի և հավատի խտացումը, չի դավաճանած Գանձակ-ղարաբաղցիին, ընդառաջ է գացած անոր բաղձանքին և ամենեն տագնապալի վայրկյանին իսկ չէ մոռացած զայն։ Այսօր ալ իր հալածական վիճակին մեջ, իր ծրագրին մեջ ունի հին Արցախ գավառներուն ազատագրումը։ Այդ ծրագիրն ինքը չէ հղացած, այլ քաղած է Ղարաբաղի ժողովրդեն կամքեն»։

1920-ական թվականներին Արցախում հակաադրբեջանական շարժումը ղեկավարելու նպատկով ստեղծվել է «Ղարաբաղը Հայաստանին» միությունը։ Այն իր բջիջներն ուներ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Գանձակի հայկական շրջաններում։ Միությունը անկուսակցական էր, որի մեջ մտնում էին դաշնակցականներ, հնչակյաններ, էսեռներ, մենշևիկներ և բոլշևիկներ։ 1927թ. նոյեմբերի սկզբներին միությունը հազարավոր թռուցիկներ է ցրել «Ղարաբաղը Հայաստանին» նշանաբանով։ Այդ ամենին հետևել են բազմաթիվ ձերբակալություններ, որոնց թիվը անցնում էր 500-ից։ «Հարյուրներով լցնում են երկաթուղին,- պատմում է ականատեսը,- և ճանապարհում դեպի Ռուսաստան։ Իսկ սարերում և անտառներում էլ անհամար փախստականներ կան։ Գիշերը հինգով-տասով անցնում են սահմանը։ Մարդիկ են ուղարկված, որ նրանց էլ հավաքեն բերեն։ Եթե Արաքսը չլինի, մի մարդ չի մնա, բոլորն էլ կանցնեն Պարսկաստան։ Շատ խիստ բռնագրավումներ կան։

Ղարաբաղի ժողովրդից գրավված են 9800 փութ ցորեն, 5900 եղ­ջյուրավոր անասուններ։ Հավաքում են պետական տուրքի ապառիկները ամենախիստ միջոցներով, դրամի փոխարեն գրավում են տնային բոլոր տեսակի իրեղենները։ Այս բոլորը պատմողն ինքը «նաչալնիկ միլիցիան» է, որ իր ձեռքով է գանձել տված։ Պարծենում է, որ Զանգեզուրի շրջանում հարյուրներով վերմակներ կան դիզ­ված։ ժողովուրդը թողած իր տունը, ընտանիքը, զավակները, ով որ կարողանում է, իր գլուխն է ազատում։

Բաքվից գալիս է հայտնի Բագիրովը մի քանի հարյուր ռուսական զինվորներով և ճառախոսում է.-Պրոլետար ընկերներ խորհրդային իշխանության անունից եմ խոսում ձեզ հետ։ Նրանք, որ ձերբակալված կամ փախած են, մեր թշնամիներն են, դեռ շատերը կան, որ պիտի ձերբեակալվեն։ ...Ամբողջ լեռնահայաստանի սարերը դարձել են փախս­տականների բնակավայրեր։ Երբ մութը վրա է հասնում, կարծես թե աստղազարդ երկինք լինի սարերը՝ ամեն կողմերում լույսեր են երևում և ամեն կողմից երբեմն-երբեմն համազարկերի ձայներ են լսվում»։

Ազատագրական շարժման գործիչները Շուշիի շրջանում պահեստ-արհեստանոց էին կազմակերպել։ 1930թ. արտակարգ հանձ­նաժողովի կողմից ձերբակալվել են 17 զինագործ վարպետներ։ Առգրավվել է 6 թնդանոթ, 30 գնդացիրներ և այլ տեսակի զենքեր ու զինամթերք։ Ապստամբել էին Խծաբերդի բնակիչները։ Զորքերը փորձել են ճնշել այն, բայց սկզբում չի հաջողվել։ Լեռնային Ղարաբաղում համաժողովրդական հուզումները ճնշելու համար Բաքվից մեծ քանակությամբ զորքեր են տեղափոխել։

1931 թվականին մարզկոմի ղեկավարությունը մեղադրվեց նացիոնալիզմի, նացիոնալ-ուկլոնիզմի, Լեռնային Ղարաբաղը Հայաս­տանին վերամիավորելու փորձերի և դաշնակցական գաղափարների դեմ չպայքարելու մեջ։ Մարզային և շրջանային մի շարք գոր­ծիչների անհիմն բռնադատել են։ Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմը բազմիցս քննարկել է ղարաբաղյան շարժման հետ կապված հարցեր Շատ կոմունիստներ են հանվել կուսակցության շարքերից, լու­ծարվել են առանձին շրջանային կուսկազմակերպություններ։

Մարզում ստեղծված սոցիալ-տնտեսական, ինչպես նաև քաղաքական ծանր իրավիճակից արցախահայությանը փրկելու համար Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը և մանավանդ մտավո­րականությունը բազմիցս դիմել են կենտրոնական իշխանություններին։

Դեռևս 1945թ. Խորհրդային Հայաստանի՝ Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար՝ Գ.Հարությունյանը նամակով դիմել է Ստալինին՝ խնդրելով վերանայել Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու մասին հարցը։ Այդ նամակով Գ.Հարությունյանը փաստերով ընդգ­ծում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու անհրաժեշտությունն ու կարևորությունը։

Վերոհիշյալ նամակը ՀամԿ(բ)Կ Կենտկոմի քարտուղար Մալենկովը ուղարկում է Ադրբեջանի Կ(բ)Կ Կենտկոմի առաջին քար­տուղար՝ Մ.Ջ. Բաղիրովին՝ ծանոթանալու և առաջարկություն անե­լու։ Բաղիրովն իր պատասխան նամակում մերժել է Գ.Հարությու­նյանի բոլոր փաստարկները, սակայն միաժամանակ տվել է իր համաձայնությունը Հայկական ԽՍՀ-ին միացնելու ԼՂԻՄ-ը առանց Շուշվա շրջանի՝ միայն պայմանով, որ Ադրբեջանի կազմի մեջ մտց­վեն Հայկական ԽՍՀ երեք շրջանները, որոնք հարակից են Ադրբեջանին և ունեն նաև ադրբեջանցի բնակչություն։

Ըստ էության, հարցը նորից մտցվեց փակուղի։

Դեռ ավելին, առաջանցիկ նոր քայլեր նախաձեռնվեցին մարզի ազգագրական դեմքը փոխելու ուղղությամբ։ 1949թ. մեծ քանակությամբ ադրբեջանցիների Հայաստանից տեղափոխելով՝ բնակեց­րին Լեռնային Ղարաբաղի հայկական գյուղերում։ Ամեն մի հայի ընտանիք պարտավոր էր իր հարկի տակ օթևանել մեկ երկու ադր­բեջանցի ընտանիքների։ Նորից ալեկոծվեց ու խռովվեց արցախահայության անդորրը։ Ծեծկռտոցն ու մասսայական տուրուդմփոց­ները սովորական երևույթներ էին։ Վաչկատուի առօրյայով ապրող վերաբնակները կարճ ժամանակահատվածում մարզի ծաղկավետ դաշտերն ու այգիները վերածեցին ամայի տափաստանի։ Եկվորները, արցախահայության անկոտրում, անհաշտ կամքին չհամակերպվելով, մեկ տարի անց՝ 1950թ., տեղափոխվեցին Խանլարի, Շամխորի, Շահումյանի, Քարհատի շրջանների հարթավայրային հատվածները՝ նոր պատուհաս դառնալով տեղի հայության համար։

Նմանօրինակ գործելակերպով չկարողանալով հասնել ցանկալի հաջողության՝ Ադրբեջանի իշխանությունները երբեմն պաշտո­նամոլ ու հաճակատար հայ ղեկավարների միջոցով են փորձում իրագործել իրենց ծրագրերը։

Այդ նպատակով 1958թ. կուսակցության մարզկոմի առաջին քարտուղար նշանակեցին Նիկոլայ Շահնազարյանին, որի հայատյաց գործելակերպը նոր բողոքի ու դժգոհությունների ալիք բարձ­րացրեց։

1962թ. Ստեփանակերտի ավտոշարասյան 300 աշխատավորներ բողոք-նամակ գրեցին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահություն, կուսակցության Կենտկոմ և Մինիստրների խորհուրդ։ Նամակում ներկայացվեց մարզի գաղութային վիճակը և առաջարկվեց ԼՂԻՄ-ը վերամիավորել ՀԽՍՀ-ին։

1962թ. մի շարք մտավորականներ նմանօրինակ նամակով դի­մեցին ԽՄԿԿ Կենտկոմին։

1965թ. հունիսի սկզբին Լեռնային Ղարաբաղի 13 ղեկավար աշ­խատողներ՝ Գրողների միության մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար՝ Բագրատ Ուլուբաբյանի գլխավորու­թյամբ, նամակ են հղել ԽՍՀՄ կուսակցական ու պետական ղեկավարությանը։ Նամակում հանգամանորեն շարադրվել է մարզի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի վիճակը, հատկապես ցույց է տրվել Ադրբեջանի ղեկավարության շովունիստական վերաբերմունքը ԼՂԻՄ-ի նկատմամբ։

Սույն դիմումին հետևեցին համանման համախոսականներ Երևանից ու երկրի հայաբնակ տարբեր շրջաններից։

Միայն Լեռնային Ղարաբաղից կենտկոմին հասած դիմումների տակ ստորագրել էին 45 հազար աշխատավորներ։ Այս բոլորի շնորհիվ 1966թ. օգոստոսի 8-ին ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարությունը հատուկ որոշմամբ Ադրբեջանի ու Հայաստանի այն ժամանակվա ղեկավարներին հանձնարարել էր համատեղ քննարկել հարցը և ԽՄԿԿ Կենտկոմ ներկայացնել իրենց առաջարկությունները՝ Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ-ին վերադարձնելու նպատակով։

Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես միշտ, այս անգամ էլ քաղաքական շանտաժի ու ազգամիջյան կոտորածի սպառ­նալիքով կասեցրեց հիմնահարցի հետագա որևէ քննարկում։ Վերոհիշյալ բողոքները պատրվակ դարձան մարզի հայության նկատմամբ նոր բռնությունների։ 13 գործիչների նկատմամբ էլ գործադրվեցին հալածանքների դաժան միջոցառումներ։ Կարճ ժամանակում նրանք ենթարկվեցին կուսակցական տույժերի, զրկվեցին մարզում աշխատելու հնարավորությունից։

Չնայած այդ ամենին՝ շարժումը ապրեց ու ծավալվեց արդեն հայ ժողովրդի ընդերքում՝ հիմք դնելով նոր խմորումների, որոնք պի­տի հասցնեն 70-ականների խուլ ցնցումներին։ 1971 թվականին մի քանի տասնյակ նշանավոր մտավորականներ՝ Մարտիրոս Սարյանը, Պարույր Սևակը, Գոհար Գասպարյանը դիմեցին ՀԽՍՀ և ԽՍՀՄ ղեկավարությանը՝ տագնապով ընդգծելով այն անօրինությունների մասին, որ կատարվում էր ԼՂԻՄ-ում։ «Բաքվից անվերջ եկող միլիցիան և պետական անվտանգության այլազգի զինվորներով,- գրված էր նամակում,- լցվել, պաշարվել է մարզի կենտրոնը։ Չդադարող հարցաքննությունների ու հետապնդումների միջոցով ստորացնում են նրա բնակիչներին։ Ամեն օր բանտ են քշվում ազնիվներն ու համարձակները։ Պաշտոնազրկվում ու հալածվում են կամայականությունների դեմ բողոքողները։ Մարզի հայության ճակատագրի տնօրեններ են կարգվում հին ու նոր դավաճանները, ուրացողներն ու մատնիչները։ Այս բոլորի վեր­ջը չի երևում։ Իսկ եթե երևում է, ապա դա վերջն է ամեն հայկականի, որ կենաց ու մահու գոյամարտերում պաշտպանվել է մինչև այ­սօր»։

1976թ. ԽՍՀՄ նոր սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկման ժամանակ նորից արծարծվեց արցախյան հիմնահարցը։ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահության ար­ձանագրության մեջ ասված է. «Պատմական մի շարք հանգամանք­ների հետևանքով մի քանի տասնամյակ առաջ Լեռնային Ղարաբաղն արհեստականորեն միացվել էր Ադրբեջանին։ Ըստ այդմ, հաշվի չէին առնվել մարզի պատմական անցյալը, նրա ազգային կազմը, ժողովրդի ցանկությունը և տնտեսական շահերը։ Անցել են տասնամյակներ, և Ղարաբաղի հարցը շարունակում է հոլովվել, առաջացնել անհանգստություն և անբարյացակամության պահեր դարավոր բարեկամությամբ իրար հետ կապված երկու ժողովուրդների միջև։ Անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղը (հայերեն՝ «Ար­ցախ») միացնել Հայկական ԽՍՀ հետ։ Այն ժամանակ ամեն ինչ կբռնի իր օրինական տեղը»։

Խորհրդային իշխանության տարիներին արցախահայության վերելքներով ու վայրէջքներով ընթացող պայքարը 1988-ի փետրվարին սկսված համաժողովրդական ու համազգային ազատագրական շարժման հիմքը հանդիսացավ։