Jump to content

Աւետարան ըստ Մատթէոսի/Գլուխ 2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
<<< Գլուխ 1 Մոգերին Երուսաղէմ ժամանումը: Հերովդէսը: Քրիստոսը Եգիպտոսում: Գլուխ 3 >>>


1 Եւ երբոր Յիսոււսը ծնուեց Հրէաստանի Բեթլէհէմումը Հերովդէս թագաւորի օրերումը, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղէմ, 2 և ասեցին. Ո՞րտեղ է Հրէաների ծնուած թագաւորը. որովհետև մենք տեսանք նորա աստղը արևելքումը, և եկանք նորան երկրպագելու: 3 Եւ երբոր Հերովդէս թագաւորը լսեց` շփոթուցաւ, և բոլոր Երուսաղէմը նորա հետ: 4 Եւ նա բոլոր քահանայապետներին և ժողովրդի դպիրներին ժողովելով` նորանցից հարցրեց, թե ո՞րտեղ պիտի ծնուի Քրիստոսը: 5 Եւ նորանք ասեցին նորան. Հրէաստանի Բեթլէհեմումը, որովհետև այսպես է գրուած մարգարէի ձեռովը. 6 Եվ դու, Բեթլէհեմ` Յուդայի երկիր, բնաւ փոքրագոյն չես Յուդայի իշխանների մեջ, որովհետև քեզանից իշխան պիտի դուրս գայ, որ իմ Իսրայէլ ժողովուրդին հովուէ: 7 Այն ժամանակ Հերովդէսը մոգերին թագուն կանչելով, նորանցից ստուգեց այն երևող աստղի ժամանակը: 8 Եւ նորանց Բեթլէհէմ ուղարկելով ասեց. Գնացէք ստոյգ իմացէք այն երեխայի համար, և որբոր գտնեէք, ինձ իմացրէք, որ ես էլ գամ երկրպագեմ նորան: 9 Եւ նորանք` երբոր լսեցին թագաւորիցը` գնացին. և ահա այն աստղւ, որ տեսան արևելքումը, նորանց առաջին գնում էր, մինչև որ եկաւ կանգնեց այն տեղի վերայ, ուր էր երեխան: 10 Եւ երբոր նորանք տեսան այն աստղը, մեծ ուրախութիւնով ուրախացան շատ: 11 Եւ երբոր տունը մտան, գտան երեխային իր մայր Մարիամի հետ, և ընկնելով երկրպագեցին նորան, և իրանց գանձերը բացին` ընծայ տուին նորան` ոսկի և կնդրուկ և զմուռս: 12 Եւ երազում հրաման առան յետ չ’դառնալ Հերովդէսի մօտ, և ուրիշ ճանապարհով գնացին իրանց երկիրը:

13 Եւ երբոր նորանք այն տեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակն երևեցաւ երազում Յովսէփին և ասաց. Վեր կաց` վեր առա երեխային և նորա մօրը, և փախիր Եգիպտոս, և մնա այնտեղ մինչև որ ասեմ քեզ. որովհետև Հերովդէսը որոնելու է երեխային որ կորցնէ նորան: 14 Եւ նա վերկացաւ վեր առաւ երեխային և նորա մօրը գիշերով, և տեղափոխուեցաւ գնաց Եգիպտոս, և այնտեղ էր մինչև Հերովդէսի վախճանը. 15 Որ կատարուի Տէրիցն ասուածը մարգարէի ձեռովը, որ ասում է. Եգիպտոսից կանչեցի իմ որդիին: 16 Այն ժամանակ Հերովդէսը տեսնելով թե խաբուեցաւ մոգերիցը, շատ բարկացաւ. եւ ուղարկեց կոտորեց այն ամեն երեխանեին, որ Բեթլէհէմումը և նորա չորս կողմերումն էին երկու տարեկաններին և նորանց ցածերին, այն ժամանակին նայելով, որ ստուգեց մոգերիցը: 17 Ահն ժամանակ կատարուցաւ Երեմիա մարգարեի ձեռովն ասուածն, որ ասում է. 18 Ձայն լսուեցաւ Ռամայի մէջ` ողբ և լաց և կոծ. Ռաքէլը իր որդկանց վերայ լաց էր լինում, և չէր կամենում մխիթարուիլ, որովհետև չ’կան:

19 Եւ երբոր Հերովդէսը մեռաւ, ահա Տիրոջ հրեշտակն երազում երևեցաւ Յովսէփին Եգիպտոսումը, 20 Եւ ասեց. Վեր կաց` վեր առ երեխային և նորա մօրը և գնա Իսրայէլի երկիրը. որովհետև երեխայի կեանքը որոնողները մեռել են: 21 Եւ նա վերկացավ` վեր առաւ երեխային և նորա մօրը և եկավ Իսրայէլի երկիրը: 22 Եւ լսելով թե Արքեղայոսն է թագաւորում Հրէաստանի վերայ իր հայր Հերովդէսի տեղ, վախեցաւ գնալ այնտեղ, և երազում պատգամ առնելով` գնաց Գալիլեայի կողմերը. 23 Եւ եկավ բնակուեց այն քաղաքումը որ Նազարէթ է ասվում. որ կատարուի մարգարէների ձեռով ասուածը թէ` Նազովրեցի կ’կոչուի: