Jump to content

Բաբելոնյան գետափներին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բաբելոնյան գետափներին

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի

Բաբելոնյան գետափներին


Բաբելոնյան գետափներին նստած տխուր, վշտագին,
Լալիս էինք և անցյալն էր պատկերանում մեր աչքին.
Հիշում էինք այն սև օրեր, երբ թշնամին մեր վայրագ
Քարքանդ արեց մեր Սալեմը, դարձրեց տխուր ավերակ.
Եվ Սիոնի մատղաշ կույսեր դառն արտասուքն աչքերում,
Իրանց տեսան վտարանդի, հեռու, օտար վայրերում։

Եվ երբ լքյալ, երբ անձնատուր շա՜տ անուրախ մտքերին
Մենք ակնապիշ նայում էինք արագ վազող ջրերին,
Մեզ սպառնացին մեր թշնամիք. «երգե՛ք, երգե՛ք, նվագե՛ք».
Զուր սպառնալիք… Նոցա երգել մեր սուրբ երգերն—օ՜, երբե՛ք։
Թո՛ղ չորանան մեր ձեռքերը, թո՛ղ մեր լեզուն դառնա քար,
Թե խնդության մի երգ հնչենք, շարժենք տավղի գեթ մի լար։

Սիո՜ն, ահա՛ քո տավիղներն մենք կախել ենք ափերում
Թարմ ոստերից։— Ազատ երգը պահել ազատ լարերում—
Մենք ուխտեցինք ա՛յն ժամանակ, մեր ա՛յն թշվառ վիճակում,
Երբ, մա՛յր-Սիոն, տեսանք վերջին փառապսակ քո անկում։
Ո՛չ, չենք երգի քո երգերը և չենք խառնիլ մենք հավետ
Նոցա ձայնը մեր թշնամու հյուսած անմիտ երգի հետ…