Բարի խրատ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ի հրաժեշտ Իզմիրյանց պարոնին Բարի խրատ

Ռափայել Պատկանյան

Բռնի պսակ
ԲԱՐԻ ԽՐԱՏ

Նվեր Գաբրիել Պատկանյանին



   Դեռ չի գըրած՝ առաջ դու լա՛վ միտք արա,
Ո՞վ է խեղճիդ գըրվածները առնողը.
Հետո՝ և այն մասին փոքր ինչ հո՛գս արա,
Որ քեզ սիրե քու հարգելի կարդողը։

    Դու այս երկու հանգամանքը լա՛վ հիշե,
Քու քանքարի վըրա շատ հույս մի՛ դընիլ,
Եղի՛ր թեկուզ Խորենացի, Եղիշե,
Չըսիրելով քեզ՝ գըրքերըդ չեն գընիլ։

   Գըրքիդ մեջը պարսավանք մի՛ տալ հային,

Հայը խըրատ (թեև խելոք) ատում է.
Մի՛ ծիծաղիլ նորա տխմար գործերին,
Որ նա ավանդ հորենական կարծում է։

   Մի՛ դու Հային իր խոր քընեն արթնացնիլ,
Բարոյական քունը նորա անուշ է.

Կամ անցյալը նորա առջև մի՛ հիշիլ,
Այդ անցյալը նորա աչքին սուր փուշ է։

   Գովե՛ նորա այն սըխրալի արարքը,
Որ խեղճ հայը երազումն էլ չի արել,
Նորա ամոք բնությունը ու բարքը,

(Սուտ պարծանքը Հայերի խելքն է տարել)։

   Գրե՛, թեկուզ լեզուդ լինի սանսկրիտին,
Հայը շատ ուշք կարդացածին չի դընում.
Նա լըսում է մի քանիսի դատմունքին,
Թե ի՞նչ կերպով պարոն Օհանն է դատում։

    Օհաններն են Հայոց դատմաց փորձաքար,
Որոնց խոսքը ու վըճիռը անփոփոխ
Միշտ մընում են նոցա համար դարեդար.
Օհաններին քեզ սիրել տո՛ւր, խե՜ղճ գըրող։

   Այդ երկնաձիր քու քանքարը ի՞նչ օգուտ,

Թե խոսածըդ անապատի բարբառ է.
Հայի համար քու ասածը խիստ է մութ,
Նորա սիրտն էլ քու զգացմանցը սառ է։

   Սո՛ւտ ըսփոփանք, թե դու կասես, որ մի օր
Նա կըսթափի իր դարևոր խոր քընեն,

Թարմ զորություն հոգու մեջեն ու կյանք նոր
Պիտի վազին երբեք նորա երակեն։

   Եվ դո՜ւ, պովետ, ընկճըվել ես, վըհատել,
Երկինք թողած՝ երկըրումն ես քարշ գալի.
Սիրել գիտես, գիտցի՚ր, գիտցի՛ր դու ատել,

Ինչ որ հոգիդ վըկայում է ատելի։

   Դու նըմանի՛ր ազատախոս թըռչնակին,
Որ երգում է անանձնասեր հույսերով.
Ինչո՞ւ ձիրքը քու երկնային ու հոգին,
Զբաղեցնում ես երկրի չընչին գործերով...