Jump to content

Բըլբուլի հիդ լաց իս էլի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
բնագիր
Բըլբուլի հիդ լաց իս էլի

Բըլբուլի հիդ լաց իս էլի,
Վարդի նըման բաց իս էլի,
Վարդաջըրով թաց իս էլի,
Թա՛ց իս էլի:

Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:

Սիրունութինդ էլաւ արբաբ,
Մազիր ունիս սիմ ու շարբաբ,
Քի սազ գուքայ ղուշլու զարբաբ,
Ղո՛ւշլու զարբաբ:

Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:

Էրէսըդ է շամշ ու ղամար,
Ջանըս դուս գուքայ քիզ ամար,
Մէջքիդ ունիս օսկէ քամար,
Օ՛սկէ քամար:

Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:

Հագիդ զարըն ալ իս արի,
Բըլբուլի հիդ լալ իս արի,
Բարգ էրէսիդ խալ իս արի,
Խա՛լ իս արի:

Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:

Դարդըս ասիմ՝ գուլան սարիր,
Էս ի՞նչ բան էր, վուր դուն արիր,
Սայաթ-Նովուն ջունուն արիր,
Ջո՛ւնուն արիր:

Չըկա քիզի նըման,
Չըկա քիզի նըման.
Քիզ նըման,
Քիզ նըման,
Դո՛ւն իս, աննըմա՛ն:


Քրոնիկոնի 440-ին (1752), մարտի վերջին: Էսպէս «Բէլիր ղափի» հանգում թասլիբ՝ օսմանցոց մուղամ:

թարգմանություն
Բլբուլի հետ լաց ես եղել

Բլբուլի հետ լաց ես եղել,
Վարդի նման բաց ես եղել,
Վարդաջրով թաց ես եղել,
Թա՛ց ես եղել:

Չկա քեզի նման,
Չկա քեզի նման,
Քեզ նման,
Քեզ նման,
Դո՛ւ ես, աննմա՛ն:

Սիրունությունդ եղավ տանջանք,
Մազեր ունես արծաթ-հինվածք,
Քեզ կսազի նախշած գործվածք[1],
Նա՛խշած գործվածք:

Չկա քեզի նման,
Չկա քեզի նման,
Քեզ նման,
Քեզ նման,
Դո՛ւ ես, աննմա՛ն:

Երեսդ արև՝ լուսնի կամար,
Հոգիս դուրս կգա քեզ համար,
Մեջքիդ ունես ոսկե քամար[2],
Ո՛սկե քամար:

Չկա քեզի նման,
Չկա քեզի նման,
Քեզ նման,
Քեզ նման,
Դո՛ւ ես, աննմա՛ն:

Հագիդ զուքսն ալ ես արել,
Բլբուլի հետ լալ ես արել,
Բարկ երեսիդ խալ ես արել,
Խա՛լ ես արել:

Չկա քեզի նման,
Չկա քեզի նման,
Քեզ նման,
Քեզ նման,
Դո՛ւ ես, աննմա՛ն:

Դարդս ասեմ՝ լացեն սարեր,
Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Սայաթ-Նովուն խելքից հանիր,
Խելքից հա՛նիր:

Չկա քեզի նման,
Չկա քեզի նման,
Քեզ նման,
Քեզ նման,
Դո՛ւ ես, աննմա՛ն:


  1. Բնագրի՝«Ղուշլու զարբաբ»-ը թռչնազարդ կտոր է նշանակում
  2. Քամար — գոտի